Մոսկվա, 60-ական թվականներ: Բարեկամության տանը նշում էին Սիլվա Կապուտիկյանի 50-ամյակը: Հայ ուսանողներն ու ասպիրանտները նախասրահում խլխլում էին վերջին հրավիրատոմսերը, իսկ դահլիճում արդեն նստած էին այն բախտավորները, ովքեր կարողացել էին տոմս ճարել: Եվ ահա մտնում է Սիլվա Կապուտիկյանը: Դահլիճը հոտնկայս ծափահարում է նրան, հետո սկսվում են ճանաչված մարդկանց ելույթները` ջերմ ու հիացական բառերով: Բայց իմ մեջ առ այսօր ալիք է տալիս Բելա Ախմադուլինայի ելույթը, որ այնքա՜ն հուզական էր, այնպե՜ս լի սիրով ու հիացմունքով:
– Ես եկա գրողների տուն: Բարձրանում էի աստիճաններով, մեկ էլ զգացի, որ ինձ մի անբացատրելի հուզում է պատել. ինչ-որ անհասկանալի էներգիա սկսեց ողողել ներսս: Չկռահելով ինչ է կատարվում` շրջվեցի և տեսա անծանոթ մի կնոջ: Հարցիս, թե ով է նա, ասացին` հայոց մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն է: Նրա պոեզիան ինձ լավ ծանոթ էր, բայց անձամբ տեսնում էի առաջին անգամ: Հիմա ես ուզում եմ խոնարհել գլուխս նրա տաղանդի, իմաստնության և կանացի անբացատրելի հմայքի առաջ…
Ես աշխատեցի հնարավորինս ճշմարտացի փոխանցել Բելա Ախմադուլինայի ելույթի բովանդակությունը, բայց չեմ կարող նաև չհիշել, թե ինչ էր կատարվում մեր ասպիրանտական, այսպես կոչված, չինական հանրակացարանում: 60-ականները ռուս մեծ տաղանդների դարաշրջան էր` Վոզնեսենսկի, Եվտուշենկո, Ախմադուլինա, բայց ամենազարմանալին այն էր, որ բոլորս տարված էինք Սիլվա Կապուտիկյանով: Նոր տարուն ու Մարտի 8-ին իրար նվիրում էինք Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուները` լավագույն պոետների ու թարգմանիչների թարգմանությամբ: Առ այսօր պահում եմ 1966 թ. տպագրված փոքրիկ նարնջագույն գիրքը` Ռասուլ Համզատովի նախաբանով. «Մեծ սիրո պոեզիան»: Ամեն անգամ այն բացելիս կրկին հայտնվում եմ հրաշալի հուշերի այս հորձանուտում: Շնորհավո՜ր ծնունդդ, մեր անմա՛հ բանաստեղծուհի:
Թաիրա ՊԱՊՈՅԱՆ
ՀՀ ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր
(Նյութը տրամադրել է Սիլվա
Կապուտիկյանի տուն-թանգարանը)