1. Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը: Անձամբ ինձ համար սա և՛ անակնկալ էր, և՛ սպասված: Միայն մահմեդական «հորդաների» հետ կապված լինելն ու գոյատևելը մերօրյա Հայաստանի համար չէ: Դեպի Եվրոպա բացող դուռ ու պատուհանը փակելը անշուշտ մեր երկրի շահերից չէր լինելու և ճահճացում ու փակուղի էր ենթադրելու: Վերջապես մենք կովկասցի չենք («лицо кaвказской национальнисти»), այլ` Արևմուտքը Արևելքին կապող Հայկական բարձրավանդակի իրական տերերը, ովքեր պատմականորեն, աշխարհագրորեն, մշակույթով կապված են Եվրոպայի հետ, որքան էլ դա մեր փոքր ու մեծ հարևանների սրտով չլինի: Սա Հայաստանի համար հարաբերականորեն ազատ շնչառության հնարավորություն է: Կարծում եմ, այս համաձայնագիրը մեր դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից է և հույս ունեմ մոտ ապագայում տեսնել մեզ համար շահեկան ու բարենպաստ պտուղներ` մշակույթի, տնտեսության ու քաղաքականության ասպարեզում:
2. 2017թ.-ի կարևոր մշակութային իրադարձություն եմ համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանների ընդգրկումը հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում: Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով:
3. Երբ բանաստեղծություններիս շարքը թարգմանվեց ճապոներեն ու տպագրվեց ճապոնական ամսագրում, ինչ խոսք, ուրախալի էր: Բայց երբեք մտքովս չէր անցնի, որ կարող էի առաջարկություն ստանալ դրանք գրքով տպագրելու: Այն արդեն իրողություն է ` «Շատրվանների զուգերգ» (իրենց դրած վերնագրով): Դրան հաջորդել է նաև երկրորդ գրքի առաջարկությունը` որպես պոետական երկխոսություն: Ուրախ եմ, որ փետրվարին լինելու է շնորհանդես և ընթերցումներ: Արդեն հրավեր եմ ստացել ճապոնական միջազգային գրական ասոցիացիայի կողմից և մեկնելու եմ Կյոտո` մասնակցելու միջոցառմանը: