Վարսիկ Գրիգորյանը հայտնի անուն է հայ թատերագիտության բնագավառում: Նրա «…Թատրոնի սիրուց ու տագնապներից» հոդվածների ստվարածավալ ժողովածուն, որը դեռ հեղինակի գործերի առաջին հատորն է, չափազանց խոսուն ներկայացնում է խորհրդահայ թատրոնի անցած ուղու բազմաթիվ դրվագներ:
Գիրքը շահեկան է այնու, որ նրա հեղինակը ականատեսն ու մասնակիցն է իր նկարագրած թատերական կյանքին:
Ժողովածուում կան ինքնակենսագրական բազմաթիվ փաստեր, որոնց միջոցով մեր առաջ կանգնում է կրթված ու նվիրյալ հայուհու կերպարը, որն անմնացորդ իր նվիրումն է բերել հայ թատերագիտությանը: Պատահական չէ, որ նա ունեցել է բեղուն գրիչ և աշխատասիրություն, որն անպայմանորեն ժառանգել է իր «Միչուրին» հորից:
Վարսիկ Գրիգորյանը, որը հիանալի գիտի ինչ է թատրոնը, որոնք են թատրոնի խնդիրները, և ում կարելի է համարել հանճար, ում տաղանդ, և ում շնորհալի` ջերմություն է դնում իր ամեն գրախոսության մեջ` հավասարապես խրախուսելով տարբեր օժտվածություն ունեցող մարդկանց: Սա բնավ չի նշանակում, թե նա չի նկատում առանձին դերասանների թերացումները, ռեժիսորների վրիպումները: Դրանք նույնպես կան հայ թատրոնի վերաբերյալ ստեղծված նրա բոլոր դիտարկումներում, որոնք սակայն մտերմական են ու հոգատար և ոչ թունոտ ու սպանիչ:
Վարսիկ Գրիգորյանի հոդվածները սկսվում են XX դարի 50-ական թվականների սկզբից և հասնում մինչև մեր օրերը` շուրջ 60 տարվա թատերական կյանքի դիտարկումներ:
Այդ դիտարկումներով ընթերցողը իրազեկվում է Հայաստանի ոչ միայն ակադեմիական ու պրոֆեսիոնալ թատերախմբերի, այլև շրջանային տարատեսակ ինքնագործ թատերական խմբերի գործունեությանը:
Երբեմն հոդվածների ներքևում կարդում ենք, որ Վարսիկ Գրիգորյանը իր հոնորարը փոխանցում է Արցախի պաշտպանության ֆոնդին:
«Սովետական արվեստ», «Սովետական Հայաստան» օրաթերթ և ամսագիր, «Գրական թերթ», «Պիոներ կանչ», «Երեկոյան Երևան», «Թատերական Երևան», «Ավանգարդ», «Հայաստան», «Երկիր Նաիրի», «Գարուն», «Հայք», «Ազգ», «Եթեր», «Երկիր», «Ազատամտություն», «Էկրան», «Հայաստանի աշխատավորուհի», «Քրիստոնյա Հայաստան», «Հոգևոր հայրենիք», «Собеседник Армении», «Կուլտ. աշխատանք» պարբերականները բազմիցս տպագրել են գրախոսվող ժողովածուում զետեղված հոդվածները, որոնք, ինչպես պարզ է դառնում վերոհիշյալ թվարկումից, նախատեսված էին հայ հասարակության ամենատարբեր խավերի համար:
Ինչ-որ առումով այս գրքի էջերից պարզ է դառնում, որ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին Հայաստանի հոգևոր կյանքը ոչ միայն կանգ չի առել, այլև արձանագրել է հիշատակի արժանի իրադարձություններ:
1944-ին` Մեծ Հայրենականի օրերին, Երևանում տեղի է ունեցել Շեքսպիրյան փառատոն, որին մասնակցել են Խորհրդային Միության նշանավոր բեմադրիչներ ու թատերական քննադատներ: Բեմադրվել են Շեքսպիրի երկու պիեսները` «Համլետը» և «Օթելլոն»: Համլետի դերում հանդես են եկել Վաղարշ Վաղարշյանը և Գուրգեն Ջանիբեկյանը, Օթելլոյի` Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը: Մասնագետները զարմացել են հայ բեմում միանգամից տեսնելով այդքան օթելլոներ ու համլետներ: Իսկ Վարսիկ Գրիգորյանն այդ փառատոնին մասնակցել է` վաճառելով իր հացի 10 օրվա քարտերը: Հիրավի, հանուն արվեստի կատարված մեծ զոհողություն:
Պաշտելով թատրոնը` թատերագետը աստվածային պաշտամունք ունի հայ թատրոնի որոշ մեծերի նկատմամբ: Դրանցից մեկն է հանճարեղ Վահրամ Փափազյանը` մեծ գեղագետը, արվեստագետն ու գրողը, որը, ըստ Վարսիկ Գրիգորյանի, տիրապետում էր 8 լեզուների և աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերի ժամանակ խաղում էր այդ երկրի ազգային լեզվով: Թատերագետը երկար տարիներ աշխատել է Վահրամ Փափազյանի արխիվային նյութերի վրա և հայտնում է քչերին հայտնի կարևոր տեղեկություններ դերասանի քաղաքացիական նկարագրի մասին. «Տարիներ անց նրա արխիվում գտնելով ամբողջ երկրի կուսլիդերների շնորհակալական նամակները` ուղղված երկրի առաջնորդին` Փափազյանի շրջագայությունների վերաբերյալ, հասկացա ամեն ինչ. «Ձայն բազմացն» իրենն արել էր, մանավանդ որ Փափազյանի պես անհատականությունը, ում ռուս արվեստագետները «օազիս » էին կոչել և որը այն ծանր պատերազմական տարիներին հրաժարվեց թիկունք հեռանալու կառավարության առաջարկից և ընտանիքով մնաց պաշարված Լենինգրադում` իր օրինակով և արվեստով զորավիգ լինելու մարդկանց: Բացի այդ, նա տիրապետում էր բազմաթիվ լեզուների և հատուկ ինքնաթիռով Մոսկվա էր բերվում` աշխարհի ժողովուրդներին կոչ անելու միավորվել` ֆաշիստական ժանտախտին դիմագրավելու համար…»:
Հայրենական Մեծ պատերազմի օրերին` 1944 թվականին է բացվել նաև այն ժամանակ Թատերական կոչվող ինստիտուտը` մի քանի բաժիններով, որոնց մեջ կար նաև թատերագիտությունը: Թատրոնը սիրող հայ երիտասարդներն ու աղջիկները թողեցին իրենց բուհերը և ընդունվեցին նորաբաց թատերականի տարբեր բաժինները: Այդ ուսանողների թվում էր նաև Վարսիկ Գրիգորյանը, որը մինչև հիմա էլ երախտագիտության խոր զգացումով է հիշում իր սիրելի դասախոսներին` Հրաչյա Աճառյանին, Արամ Ղանալանյանին, Էդվարդ Աղայանին, Մկրտիչ Մկրյանին, Ժենյա Միրզախանյանին, Ռուբեն Զարյանին, որոնք գնահատել ու ոգևորել են նրան:
Վարսիկ Գրիգորյանի հոդվածներից իմանում ենք, որ խորհրդային տարիներին որքան էլ որ դժվար էր գնալ «կարմիր գծից անդին», սակայն թատրոնի որոշ գործիչներ եղել են ոչ միայն դեմոկրատական, այլև կապիտալիստական երկրներում` նույնիսկ Ֆրանսիայում և Անգլիայում: Վարսիկ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես է հուզումնալից հանդիպումներ ունեցել Լոնդոնում և Շեքսպիրի ծննդավայրում: Այդ հուշերը միահյուսված են այն պատմություններին, որոնք կապված են Վահրամ Փափազյանի հետ հրաշալի Դեզդեմոնա խաղացած Մետաքսյա Սիմոնյանի հետ, որը յուրօրինակ ձևով էր ընկալում իր այցելությունը Շեքսպիրի ծննդավայր:
Ռուսական թատերական կյանքում անփոխարինելի դեր է կատարել Փոքր թատրոնը: Այդ թատրոնի մասին Վարսիկ Գրիգորյանը տեղեկություններ է հավաքել` կապված վերջինիս 140-ամյա հոբելյանի հետ: Նա իրավացիորեն նկատում է, որ թատրոնի դեմքը բնորոշում է նրա խաղացանկը: «1990 թվականի մարտին ես Մոսկվայում էի և 4 օրվա ընթացքում այցելեցի երեք թատրոններ` Մայակովսկու, Սատիրայի և Փոքր: Փոքր թատրոնում պրեմիերա էր. ներկայացվում էր Չեխովի «Բալենու այգին»: Պիեսի դերակատարներից վեցը Խորհրդային Միության ժողովրդական արտիստներ էին` նրանց թվում նաև Ինոկենտի Սմոկտունովսկին: Չնայած Մոսկվայում արդեն կախված էր Խորհրդային Միությանը սպառնացող դամոկլյան սուրը, սակայն դերասաններն այնքան ձուլվել էին իրենց կերպարներին, որ թվում էր, թե դու զգում ես բեմը շռայլորեն զարդարող ծաղկած բալենիների բույրը»:
Վարսիկ Գրիգորյանը քաջածանոթ է նաև Մոսկվայի Վախթանգովյան թատրոնի պատմությանն ու ավանդներին: Նա դիպուկորեն նկատում է, թե ինչպես Վախթանգովյան թատրոնի հեղափոխական գաղափարներով դաստիարակված Արմեն Գուլակյանն ինչպես և ինչու իր տարբեր տարիներին բեմադրած «Պեպոյի» ներկայացումներում կատարել է փոփոխություններ: 1929 թվականի և 1948-ի բեմադրությունները նույնը չէին` վերջինս առավել էր շեշտում Սունդուկյանի կերտած կերպարների էությունը ողջ խորությամբ:
Թատերագետը հայ թատրոնի որոշ գործիչների մասին երբեմն գրում է մտերմիկ զգացմունքները չթաքցնելով: Այդպիսի հոդվածներից է «Իմ Սվետլանան», որը նվիրված է երկար տարիներ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի աստղ Սվետլանա Գրիգորյանին, որի ներկայացումներին դահլիճը լեփ-լեցում էր:
Մի առանձին սիրով է գրում կյանքից շուտ հեռացած Էդգար Էլբակյանի մասին, որի մարմնավորած Ֆերդինանդը Շիլլերի «Սեր և խարդավանք» պիեսում իսկական գլուխգործոց էր:
Գաբրիել Սունդուկյանի տարբեր պիեսները թատերագետը դիտել է ոչ միայն Հայաստանում, այլև հայաբնակ այլ վայրերում` Կիսլովոդսկ, Ստեփանակերտ, Բաթունի, Ախալքալաք, Ախալցիխե և այլն:
Վ. Գրիգորյանի տեսադաշտում են Սունդուկյանի անվան մայր թատրոնը, Հ. Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Դրամատիկական, Համազգային, Կամերային, Գյումրու, Վանաձորի, Գորիսի և անգամ շրջանային ինքնագործ թատրոնները:
Ուշագրավ է «Հետաքրքիր, համարձակ ներկայացում» խորագրով հոդվածը` նվիրված Երվանդ Ղազանչյանի` Դրամատիկական թատրոնում իրականացրած Եղիշե Չարենցի դարակազմիկ «Երկիր Նաիրի» սատիրավեպի բեմադրությանը: Թատերագետը գրում է. «Երկիր Նաիրին» ակնհայտորեն ռեժիսորական ներկայացում է` երևակայության և հնարների առատությամբ»:
Տարբեր դիտակետերից և տարատեսակ բեմադրություններով ներկայացված են Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության տարբեր բեմադրությունները, և դրանց մեջ իր կատարելությամբ առանձնացված է 1954-ի Վարդան Աճեմյանի իրականացրածը:
Վ. Գրիգորյանը բազմաթիվ հոդվածներ ունի համաշխարհային գրականության նշանավոր այն պիեսների մասին, որոնք բեմադրվել են Հայաստանում: Դրանցից մեկն է «Երկարագուլպա Պեպին» պիեսը, որը հաջողությամբ երկար տարիներ եղել է Պատանի հանդիսատեսի խաղացանկում:
«Ազգ» թերթում նա մի հանգամանալի հոդված է տպագրել` նվիրված հայ բեմի և կինոյի վարպետներից Երվանդ Մանարյանին: Այս թատերագիտական վերլուծականը կարող է հրատարակվել նաև որպես Երվանդ Մանարյան արվեստագետին ներկայացնող առանձին գրքույկ:
Խորհրդային Միության բոլոր ժողովրդական արտիստները, որոնք գործել են հայ թատրոնում, իրենց արժանի գնահատականներն ունեն թատերագետի հոդվածներում: Առանձին անդրադարձներով բնութագրված են Վ. Փափազյանը, Հր. Ներսիսյանը, Վ. Վաղարշյանը, Գ. Ջանիբեկյանը, Հ. Մալյանը, Բ. Ներսիսյանը, Խ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը, Մ. Մկրտչյանը, Մ. Սիմոնյանը, Վ. Վարդերեսյանը, Ա. Ասրյանը:
Վ. Գրիգորյանը գտնում է իր հոդվածների համար հետաքրքիր խորագրեր` «Մեր անհոգնում, շենշող Ժենյան»`նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին, «Երբ թափանցումը հասնում է մարգարեության»` նվիրված, հիրավի, հանճարեղ Մհեր Մկրտչյանին, «Հրաչյայի աչքերի կապույտ բոցը»` նվիրված անմոռանալի Հրաչյա Ներսիսյանին:
Վարսիկ Գրիգորյանի որոշ հոդվածներ հուզումնալի մահախոսականներ են: Ժողովրդական բանահյուսների նման` որպես զգայուն կին, հրաժեշտի խոսքեր է ասում Վլադիմիր Աբաջյանին` տաղանդավոր ասմունքողին և անկրկնելի Սեյրանին, բոլոր տարիքներում տաղանդաշատ ու եզակի Խորեն Աբրահամյանին և էլի ուրիշների:
Իր հոդվածների, էսսեների, դիմանկարների հարուստ ժողովածուի սկզբում հեղինակը «Երախտագիտության խոսք» է ուղղել հատորի լույս աշխարհ գալուն նպաստած հրաշալի բարեկամներին` Սիդնեյից, Սան Ֆրանցիսկոյից, Լոս Անջելեսից և երկուսին Հայաստանից, որոնց ուղղված ջերմ խոսքն է`«Ազգ» թերթի մեծահարգ խմբագիր Հակոբ Ավետիքյանին և բացառիկ հայուհի հայրենասեր Ֆլորա Մինասյանին:
«…Թատրոնի սիրուց ու տագնապներից» գրքի առաջին հատորը հատկապես հանձնարարելի է այն հայորդիներին ու հայուհիներին, որոնք որոշել են նվիրվել հայ թատրոնին: