Հոգիների դաշնությամբ Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու

Երգարվեստի սիրահարներին, երգիչներին ու երաժիշտներին է հասցեագրված «Սիրո ու նվիրումի երգեր» ուշագրավ ժողովածուն, որն իր ուրույն նկարագրով շահեկանորեն առանձնանում է ներկայիս երաժշտական անդաստանը ողողած բազմանդամ ու բազմատեսակ արտադրահոսքից: Ժաննա և Լևոն Բլբուլյանների երգերի այս գրքում ամփոփված է չորս տասնյակ ստեղծագործություն` գրված էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և մենակատար երգիչների համար: Ժաննա Բլբուլյանը իր 70-ամյակը դիմավորել է երգերի այս ամփոփ ժողովածուով:
Հարկ չկա ներկայացնելու Լևոն Բլբուլյանին, որի բանաստեղծական ժողովածուներն ընթերցողական լայն լսարան են նվաճել, հայ անվանի կոմպոզիտորների` նրա տեքստերով գրված շատ երգեր հնչում են մեր բեմերից և ռադիոհեռուստաեթերում:
Իսկ Ժաննային` Լևոն Բլբուլյանի քրոջը, լավ հիշում ենք Երևանի Պարոնյանի անվան երաժշտական պետական թատրոնի բեմում իրականացրած տարբեր դերակատարումներով: Ու թեպետ դերասանուհի էր, նաև երաժշտական կրթությունը (ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան) «հանգիստ» չէր տալիս նրան` մշտապես մղելով դեպի հնչյունների ծով ու անսպառ աշխարհը:
«1990-ականների ցուրտ ու անլույս տարիներին էր, որ ավելի ընկերացա դաշնամուրին, և օրերից մի օր ինքս էլ չիմացա` ինչպես մատներիս տակ ծանոթ-անծանոթ մի մեղեդի ծնվեց…»,- հիշում է Ժաննան: «Մեղեդին ինձ շատ դուր եկավ, և ես առաջարկեցի այն երգ դարձնել»,- ասում է Լևոնը: Դա նրանց համատեղ առաջին երգն էր` «Վերադարձի գարունը»: Այն սկիզբ դարձավ հետաքրքիր ու գեղեցիկ մի համագործակցության, որի արգասաբեր պտուղները մեկը մյուսի ետևից զարդարեցին հայ ժամանակակից հեղինակային ու էստրադային երգերի ժանրը, նորովի վերաիմաստավորեցին և նոր շունչ ու լիցք հաղորդեցին դրանց: Հնչյունի ու բառի, մեղեդու ու խոսքի ներդաշնակություն, իմաստային խորքում թաքնված ագոգիկ շերտերի` երաժշտական ու բանաստեղծական միատարրություն, մետրոռիթմի, չափակշռույթի, լադային առանձնահատկությունների` երգերի տեքստին գեղարվեստական համահնչունություն: Այս հատկանիշներն են, որ «Մայրիկ», «Ես գիտեմ», «Իմ միակ», «Թանկ նվեր», «Հանդիպման տանգո» ու մյուս խորունկ, վարակիչ երգերը դարձնում են գրավիչ կատարողի համար և այնքան ներգործուն` ունկնդրողի: Իսկ «Տուն նաիրյան» երգը սիրտդ լցնում է այս օրերի խաժամուժում գուցեև նահանջող, բայց բոլորիս այնքան թանկ ու հարազատ մեր Երևանի հանդեպ լուսավոր ու հայրենաշունչ ալեկոծումներով.
Քեզ հետ եմ էլի, իմ քաղա՛ք,//Առ քո գիրկը ինձ դու նորից.//Բաց է սիրտն իմ` տրված կրկին//Քո կանչին մտերիմ://Նոր երգ եմ քեզ բերել հեռվից`//Երգն իմ սիրո ու կարոտի,//Որ հնչում անվերջ իմ սրտում`//Կանչում էր տուն:
Ո՞րն է երգարվեստում առաջնայինը. մեղեդի՞ն, թե՞ խոսքը… Ժաննան այդ հարցին պատասխանում է. «Ինձ համար` մեղեդին: Դրանք իմ որոշակի հոգեվիճակի, տրամադրության արտահայտություններ են, և ես մեծ բարեբախտություն եմ համարում համագործակցությունը այնպիսի բանաստեղծի հետ, ինչպիսին Լևոնն է: Նա միշտ անսխալ գտնում է յուրաքանչյուր մեղեդուն հարազատ սյուժե, թեմա, իմաստ, խոսքեր… Եվ հետո լսողի համար դժվար է լինում որոշել, թե ինչն է սկզբից գրվել` երաժշտությո՞ւնը, թե՞ տեքստը»: Իսկ Լևոնը խոստովանում է, որ չնայած շատ կոմպոզիտորների հետ է երգեր գրել, և համագործակցությունը, հաղորդակցությունը նրանցից յուրաքանչյուրի հետ յուրովի հետաքրքիր է, սակայն քրոջ հետ աշխատելը ավելի հեշտ է ու հաճելի: «Մեր համատեղ երգերը մի տեսակ ավելի ինքնաբուխ, մեծ մասամբ սպասված ծնունդ են ունենում, ասես միասնական մի ներշնչումով,- ասում է նա:- Ժաննայի նուրբ, քնարական, զարմանալի պարզ ու հոգեմոտ մեղեդիները հաճախ պարզապես «պահանջում են» իրենց համար բանաստեղծական խոսքեր գտնել»:
Եվ «Հոգու թռչուն» երգում, բնականաբար, թե՛ իր, թե՛ սիրելի քրոջ անունից է բանաստեղծը դիմում երգին.
Սերն է տալիս ճախրանք,//Երգն է բացում ճամփա,//Ու դու տանում ես ինձ//Քո հետքերով անվերջ://Սերն է տալիս ճախրանք,//Երգն է բացում ճամփա,//Ու մենք քեզ հետ պիտի//Ճամփաներ դեռ անցնենք անհայտ:
Ժողովածուի առավելություններից մեկն էլ այն է, որ նրանում տարբեր տրամադրություններ ու հոգեվիճակներ արտահայտող երգեր են ընդգրկված, միօրինակության, միատարրության ո՛չ մի նշան: Իսկ «Հայաստան» ստեղծագործությունը իր ձևակառուցվածքով, մեղեդային շարահյուսությամբ, հնչյունադասային վերընթաց շարժումով, առաձիգ ռիթմով իսկական ձոնե՛րգ է, հի՛մն (վերջինս հատկապես շեշտվում է դրա քայլերգային չափով ու կերպարայնությամբ): Հայրենաշունչ ու ոգեղեն, ազնիվ պաթոսով տոգորված այս լուսավոր ստեղծագործությունը, որ հավանաբար շատերին ծանոթ է Անահիտ Մանուկյանի հրաշալի կատարմամբ, ունկնդրին ակամա մղում է դեպի հույսի ու լույսի հորիզոնները.
Իմ Հայաստա՛ն, //Հավերժի ճամփորդ համառ,//Երթում քո դժվար//Անկումներ դու շատ տեսար://Բայց անհամար//Վիհերից ցուրտ ու խավար//Միշտ վեր հառնեցիր`//Հավատդ` խո՛ր, հույսերդ` վա՛ռ:
Եվ լա՛վ է, որ ամենքս հավատանք մեր Երկրի` հավերժող ճամփորդ լինելու համառությանը: Եվ լա՛վ է` լինենք իսկական արվեստի, ճշմարիտ երգի ու բառի համառ ջատագովներ:

One thought on “Հոգիների դաշնությամբ Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։