ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

MagdaՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՄԱԳԴԱ
ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ՀԱՎԱՏԱՄՔ
Լրացավ գրականագետ-թումանյանագետ, թարգմանության տեսության ու թարգմանական արվեստի լավագույն մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բազմամյա դասախոս, 1984-ից ՀԳՄ անդամ, Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Մ. Շոլոխովի անվան շքանշանակիր (2004), ՀԳՄ և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակի դափնեկիր (2010) Մագդա Ջանփոլադյանի ծննդյան 75-ամյակը: 2012-ին նա պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալով, ՌԴ գրողների միության Մ. Լերմոնտովի (2014), Մովսես Խորենացու մեդալով (2014):
Մագդա Ջանփոլադյանը ծնվել է Երևանում, Գևորգ Ջանփոլադյանի ազնվական ընտանիքում, ով մեծահարուստ բարեգործ, հայ մշակութային գործիչ Եսայի Ջանփոլադյանի որդին էր: Վերջինս հիմնել ու տնօրինում էր նշանավոր «Ջանփոլադյանի թատրոնը» Երևանում, ուր ելույթ է ունեցել Կոմիտասի երգչախումբը, իսկ 1913-ին առաջին անգամ այնտեղ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Մագդան իր ընտանիքից էր ժառանգել սերը գրականության ու արվեստի նկատմամբ. նա ընտրեց բանասերի մասնագիտությունը: Նրա թեկնածուական ատենախոսությունը` «Թումանյանը և ժողովրդական էպոսը», լուրջ ավանդ է թումանյանագիտության ասպարեզում: Առաջին անգամ գիտական բարձր մակարդակով վերլուծվել է «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումը: Հեղինակը վստահորեն մուտք գործեց թե՛ թումանյանագիտության, թե՛ էպոսագիտության և թե՛ թարգմանական արվեստի խնդիրների ոլորտ և տասնամյակներ շարունակ մշտապես հավատարիմ մնաց գրականագիտության մեջ իր նախընտրած այդ ուղիներին և թեմաներին:
Էդ. Ջրբաշյանի կարծիքով, 25-ամյա գրականագետը կարողացավ թափանցել «Թումանյանի ստեղծագործական աշխարհի բարդությունների մեջ և իր ինքնուրույն գիտական մտածողությամբ ու էրուդիցիայով», «տեսական խոր պատրաստվածությամբ», «գիտական ծանրակշիռ փաստերով բացահայտեց բանաստեղծի ըմբռնումների խորությունը և արժանի արդյունքների հասավ` «որոշակի ավանդ բերելով թումանյանագիտության մեջ»: Իսկ երբ «Թումանյանը և ժողովրդական էպոսը» աշխատությունը դրվեց ընթերցողի սեղանին, ընդ որում հոբելյանական տարում` 1969 թվականին, միանգամից արժանացավ թումանյանագետների և բանագետների, ինչպես նաև ընթերցող լայն հասարակության ջերմ ու բարձր գնահատականներին: Ուշագրավ է, որ գրքի առաջին գրախոսներից ու ողջունողներից էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ա. Ղանալանյանը, ով բացի մենագրությունն ըստ ամենայնի արժևորելուց` նկատեց «հեղինակի բանավիճելու կուլտուրան»: «Անգամ այնպիսի դեպքերում, երբ նա գործ ունի ուրիշի կողմից թույլ տրված աղաղակող անհեթեթության, փաստերի աղավաղման, անտեղյակության ու կոպիտ սխալի հետ, նրա քննադատական խոսքը չի անցնում պատշաճության սահմանները… Մ. Ջանփոլադյանը ստեղծել է մի նոր ու արժեքավոր աշխատություն» (Բանբեր Երևանի համալսարանի, Եր., 1969, թիվ 3, էջ 244):
Արդեն կես դար շարունակ Ջանփոլադյանի գիտական գործունեության անբաժան մասն է կազմում պրոֆեսորադասախոսական, մանկավարժական աշխատանքը ԵՊՀ-ում: Եվ այս տարին Մ. Ջանփոլադյանի մանկավարժական գործունեության ԵՊՀ-ում աշխատելու 50-ամյակն է: Դեռ ուսանողական նստարանից ապագա գրականագետի հետ մեծ հույսեր կապեցին նախ Լևոն Մկրտչյանը` նրա ուսանողական տարիների գիտական զեկուցումների և դիպլոմային աշխատանքի ղեկավարը, ապա անվանի թումանյանագետ Էդ. Ջրբաշյանը, ով դարձավ նրա թեկնածուական ատենախոսության ղեկավարը: Նրանք ուսանողուհու մեջ նկատեցին գրականագետի տաղանդը, գրական բարձր ճաշակը և հարթեցին նրա ճանապարհը դեպի գիտության ու մանկավարժության աշխարհ: Լևոն Մկրտչյանը դեռևս 26-ամյա գրականագետի մասին գրեց. «Մագդա Ջանփոլադյանն ունի «բարձր գրականագիտական կուլտուրա, գրականագիտական անվիճարկելի ու աներկբա շնորհ», «ինքնատիպ մտածողություն», իսկ նրա հոդվածները զերծ են «շաբլոն, տարածված, մակերեսային գնահատականներից և դատողություններից»: Իր ասպիրանտի ուժերին անվերապահ հավատում էր նաև ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը: Այնուհետև Լևոն Հախվերդյանն ասաց իր գովասանքի խոսքերը և անմիջապես Թումանյանով սկսված, Իսահակյանով ու Նարեկացիով շարունակվող բարեկամությունը ամրացավ տասնամյակների համատեղ աշխատանքով` վերածվելով գրական ընտանիքի ջերմ հարաբերությունների:
Գրական այդ ընտանիքում կային ոչ միայն գրականագետներ ու գրողներ, այլև նկարիչներ, որոնցից ամենաթանկը Մ. Ջանփոլադյանի համար մեծանուն նկարիչ Հենրիկ Սիրավյանն էր, ում սանիկն էր Մագդան:
Որպես Մագդա Ջանփոլադյանի ուսանող (նա իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարն էր) կարող եմ վկայել, որ թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև գիտնական Մ. Ջանփոլադյանը կես դար շարունակ ուսանողների սերունդներ է կրթել ու դաստիարակել իր մարդկային բարձր նկարագրով, անկաշառությամբ, արդարացիությամբ, վարակիչ սկզբունքայնությամբ: Նա յուրօրինակ կամուրջ է հայ և ռուս մշակույթների ու գրականության միջև և իր լուման է ներդրել նաև Սլավոնական համալսարանի ուսանողության կյանքում: Այստեղ նա 2002-2008 թթ. միաժամանակ Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային կապերի ու նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր:
Մ. Ջանփոլադյանը հեղինակ է մի շարք մենագրությունների և ժողովածուների` «Թումանյանը և ժողովրդական էպոսը» (1969), “Когда строку диктует чувство” (2006), “Давид Сасунский” в русских переводах и критике” (2012), “Книга скорби” Нарекаци в русских переводах и критике” (2012), «Սասունցի Դավթի» ռուսական կյանքը» և 150- ից ավելի գիտական հոդվածների` տպագրված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում ու գիտական ժողովածուներում (“Литературная Россия”, “Вопросы литературы”, “Литературное обозрение”, “Дружба народов” “Кньижевне новине”, “Кньижевност” ամսագրերում, “Памятные книжные даты” ժողովածուում, “Григор Нарекаци и духовная культура Средневековья” գրքում և այլն): Նրա գիտական նախասիրությունների ոլորտում մշտապես առկա է եղել Թումանյանը` ինչպես բանահյուսական ակունքների հետ իր սերտ կապվածությամբ, այնպես էլ` թարգմանական ժառանգությամբ: Շուրջ կես դար Մ. Ջանփոլադյանը զբաղվում է գեղարվեստական թարգմանության տեսության և կոնկրետ թարգմանությունների վերլուծությամբ: Նրա բազմաթիվ ուսումնասիրություններ վերաբերում են հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն գեղարվեստական թարգմանությունների գնահատության հարցերին: Այս բնագավառում գրականագետն ունի բացառիկ կարևոր ու նշանակալից դեր և ստեղծել է մնայուն գիտական արժեքներ: Ուշագրավ է, որ նա անդրադարձել է ռուս այն թարգմանիչներին ու գրողներին, ովքեր առանձնահատուկ սեր են տածել Հայաստանի ու հայ մշակույթի հանդեպ, բանաստեղծություններ են ձոնել մեր երկրին ու ժողովրդին, մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հայ դասականների թարգմանություններին: Այսպես, Ջանփոլադյանը առանձին հետազոտություններ և հոդվածներ է նվիրել Վ. Բրյուսովին, Վերա Զվյագինցևային, Մարիա Պետրովիխին, Ելենա Նիկոլաևսկայային, Միխայիլ Մատուսովսկուն, Միխայիլ Դուդինին, Սամուիլ Մարշակին և այլոց: Ն. Գրեբնևը Մագդային համարում է այն քչերից, որոնց շնորհիվ Հայաստանի հանդեպ իր սերը փոխադարձ եղավ, և եթե Հայաստանում Մագդայից բացի ոչ ոք իրեն չգնահատեր, միայն Մագդայի կարծիքը իր համար ինքնաբավ կլիներ: Նիկոլայ Լյուբիմովը անվերջ պահանջում էր, որ Մագդան գիրք գրի գեղարվեստական թարգմանության մասին: Մ. Ջանփոլադյանը անդրադարձել է հատկապես Ն. Լյուբիմովի, Ն. Գրեբնևի, Ալբերտ Նալբանդյանի և այլ թարգմանիչների` հայ գրողներից, մասնավորապես, Նարեկացուց, Քուչակից, Կ. Երզնկացուց, Թումանյանից, Չարենցից, Տերյանից կատարած թարգմանություններին: Իրենք` ռուս թարգմանիչները, բարձր են գնահատել Մ. Ջանփոլադյանի ներդրումը: Նա կարողացավ մեծ չափով օգտակար լինել ներկա և ապագա թարգմանիչներին մեծ պոետի երկերի փիլիսոփայական ու գեղարվեստական իմաստային խորքն ընկալելու հարցում: Քիչ չեն գրականագետի այն հետազոտությունները, որտեղ հայ գրողները, հատկապես Խ. Աբովյանն ու Թումանյանը ներկայանում են ռուս գրականագիտական մտքի գնահատությամբ: Նրա ուսումնասիրությունների շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացավ ռուս գրականության մեջ հայոց Մեծ Եղեռնի արձագանքներին («Պայքար», 1995, թիվ 67 և այլն), Հայաստանի կերպարին ռուս պոեզիայում և այլն: Հիրավի, Մ. Ջանփոլադյանը ստեղծել է «Հայ գրականագիտության մեջ թարգմանության տեսության և պատմության հարցերին նվիրված լավագույն էջերը» (Լևոն Մկրտչյան): Այս առումով Մ. Ջանփոլադյանի անուրանալի դերը բացառիկ է: Տասնամյակներ շարունակ նա լրացնում է մեզանում մինչ այդ եղած բացը և զբաղեցնում է իր ուրույն տեղը: Նա միաժամանակ Թումանյանի և Իսահակյանի մի շարք հոդվածների ռուսերեն թարգմանիչն է և ռուս ընթերցողի սեփականությունն է դարձրել Թումանյանի հրապարակագրության լավագույն նմուշները: Կազմել և ծանոթագրել է Թումանյանի (“Ованес Туманян. Избранное”, Москва, 1988), Դանիել Վարուժանի ռուսերեն ժողովածուները (1985), Արևմտահայ պոեզիայի ռուսերեն անթոլոգիան (1983) Ա. Շարուրյանի հետ համատեղ:
Առաջինը Մ. Ջանփոլադյանը Բելգրադում լույս տեսնող “Кньижевност” («Գրականություն», Բելգրադ, 1998, թիվ 910) ամսագրում ներկայացրեց Թումանյանի և սերբական էպոսի աղերսները` մեկ անգամ ևս բարձրաձայնելով ընդհանուր թշնամու դեմ պայքարելու հայերի ու սերբերի ազատագրական պայքարի ոգին:
Այսօր էլ Մ. Ջանփոլադյան գիտնականի եռանդն ու ավյունը չեն նվազել: Ստեղծելով “Ованес Туманян и русская литература” ուսումնամեթոդական ձեռնարկը` նա շարունակում է թումանյանագիտության ասպարեզում իր որոնումները, անդրադառնում թումանյանական հանճարեղ թարգմանությունների նոր փորձերին, թումանյանական արվեստի վերստեղծման ամենատարբեր խնդիրներին (Տե՛ս ««Ձմեռվա իրիկունը» մեկ դար անց», «Նորք», Եր., 2011, թիվ 3, էջ 130-140): Մեկ անգամ չէ, որ Մագդա Ջանփոլադյանը հայ և ռուսալեզու ընթերցողին ներկայացրել է հայ-ռուս գրական կապերի պատմության ուշագրավ և ամենավառ էջերը, արծարծել բանագետներին, թարգմանիչներին հուզող արդի խնդիրներ: Այդ է վկայում վերջերս լույս տեսած նրա «Սասունցի Դավթի» ռուսական կյանքը» մենագրությունը (2012)` գրված արդի գիտաքննադատական մտքի մակարդակի, թարգմանության տեսության ժամանակակից խնդիրների հաշվառումով: Հեղինակն իր այս աշխատությամբ նպաստում է ազգային ստեղծագործության միջազգայնացմանը և դրանով իսկ վերահաստատում մեր էպոսի համամարդկային արժեքը:
Մ. Ջանփոլադյանի բոլոր ուսումնասիրությունները նաև ընթերցման հաճույք են պատճառում. ընդ որում` ոչ միայն բանասիրական լիակատար իրացումներով, այլև շարադրանքի պարզությամբ, հստակ, սեղմ ու անսեթևեթ գիտական ոճի գրավչությամբ: Թումանյանի բնորոշմամբ` նա «ջնջելական» է, չի հանդուրժում ոչ մի ավելորդ բառ ու արտահայտություն: Լևոն Մկրտչյանը Մագդային նվիրած գրքի մակագրության մեջ գոհունակություն է հայտնում, որ իր գրքի երիտասարդ խմբագիրը խնայել է իրեն և պահպանել է գրքի գոնե 465 էջերը:
Սրտանց շնորհավորում եմ հայ գրականությունը` «Մեր ազնվության» վկայականը, աշխարհին պարզող անվանի գրականագետին, վաստակաշատ մանկավարժին և ճշմարիտ մտավորականին, իմ ուսուցչին կյանքում և գիտության մեջ: Շնորհակալ եմ նաև նրան, ինչպես Կիմ Բակշին էր ասում, բանաստեղծական մեծ արժեքների նկատմամբ ունեցած իր հավատարմության համար, շնորհակալ եմ նրանից ու բախտից` Մագդա Ջանփոլադյան թումանյանական անարատ մարդ տեսակի գոյության համար:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր

One thought on “ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  1. Շնորհավորում եմ Մագդա Ջանփոլադյանին 75-ամյա հոբելյանի առթիվ: Ուրախ եմ և հպարտ, որ երկար տարիներ անձամբ ծանոթ եմ իմ ավագ կոլեգայի՝ փայլուն գրականագետի, ռուս և հայ գրականության անվանի գիտակի հետ: Գործնական մասնագիտական և ջերմ անձնական շփումները տիկին Մագդայի հետ միայն հարգանք ու բավականություն են առաջացրել իմ մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։