ՎՈՆԵԳՈ՜ՒՏ, ՎՈՆԵԳՈ՜ՒՏ (Թե ինչ եղավ հետո, երբ պատմվածքս հասավ Ամերիկա) / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կյանքն ապրելը նման է գիրք գրելուն. երկու դեպքում էլ չգիտես` վերջն ինչ կլինի: Անգամ եթե կռահում ես կամ ներհայաց գուշակում, մեկ է, սրբագրումն ու խմբագրումը քո խելքի բանը չեն: Ու լավ է, երբ կյանքն ու գիրքը անակնկալ ոլորաններ են հորինում և դեմ տալիս քթիդ. տղա ես` հաղթահարիր:
2005-ին, երբ 20-րդ դարավերջի ամերիկյան գրականության երևելիներից մեկի` «սև հումորի» մեծ վարպետ Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի հայերեն թարգմանությունս, մի քանի տարի գզրոցիս խորքում անհուսորեն տապ անելուց հետո, վերջապես լույս աշխարհ եկավ (այդ ժամանակվա Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մեկենասությամբ և «Զանգակ» հրատարակչության պատրաստակամությամբ), ես դեռ չգիտեի «գլխիս գալիքը»: Այսինքն` գիտեի, բայց դեռ չէի համարձակվում ինքս ինձ խոստովանել, որ մեծ գրականության հետ հանդիպումը նոր հորիզոններ բացելով` նորանոր խութեր է գոյացնում ու նոր «փորձությունների տանում»: Եղիցի, ու եղան խութերը, որ հաղթահարելով` հավատայի գնացածս տեղին, որ դեռ չհասած` կանխավայելեի հաջողությունն ու ձախողումը, որ փորձությունը փշե պսակ պարգևելու հետ սիրո ալելուիա հնչեցներ, ու ես մնայի հողին, երկրին կպած:
«Լավություն արա ու ջուրը նետիր, մի օր դեմդ կբերի», – ասում էր մայրս, որ բոլոր մայրերի պես իմաստուն էր: Հիմա ինձ լավություն անողը Կուրտ Վոնեգուտն էր` իր «Կապտամորուսը» վեպով, որ ոչ միայն գրել ու Երևան էր ուղարկել ուսանողիս ձեռամբ` հենց ինձ հասցնելու հեռահար նպատակով, պատահականություն` չիք, այլև «ջուրը նետելիս» իր ու իմ մայրիկի խոստումն էր մտապահել` «մի օր դեմդ կբերի»: Ու բերեց, ինձ բերեց կանգնեցրեց Ղարսից փախեփախ հեռացած Նազո տատիս ու Եղո պապիս, որ դեռ իմ տատն ու պապը չէին, պատմություններին դեմ հանդիման, ու ես զուգահեռներ գծեցի Ռաբո Կարաբեկյանի հոր ու մոր, որ «դեռ իր հայրն ու մայրը չէին», ու մերոնց արանքում, որ քաջությունս ժողովեի ու հայերեն գրեի Վոնեգուտի ստեղծած փակ ամբարի գաղտնիքը` միլիոնատեր հայի վերջին կամքը. զավակներին վերադարձնել իրենց արմատներին, ինքնությանն ու ազգանվանը` նրանց կտակելով կարտոֆիլի ամբարին պահ տված թանկարժեք կտավները` էքսփրեսիոնիստ նկարչական դպրոցի գլուխգործոցները, որոնց սկզբնական արժեքը սահմանափակվել էր ցենթերով:
Ու եղավ լինելին: Երբ «Կապտամորուսը» մեկիկ-մեկիկ ընծայագրում էի արցախյան պատերազմում հերոսացած զինվորների զավակներին, ես դեռ չգիտեի, որ տասներկու տարի անց ճիշտ նույն օրերին հասնելու էի Վոնեգուտի ծննդավայր Ինդիանապոլիս քաղաք, որպեսզի իմ բաժին Սարոյանի ու Վոնեգուտի ու «Կապտամորուսի» պատմությունը նկարեմ ամերիկացի ընթերցող ու գրող բարեկամներիս աչքի առաջ, որ նրանք էլ անկեղծորեն հուզվեն ու ծափ տան Հայաստանի «Արմենիա» անունը լսելիս, հետո ուզեն մտապահել ու կրկնեն վրա-վրա` հայացքների մեջ լույսը շողացնելով: Ես դեռ չգիտեի, որ 2009-ին գրած «Ես և որդիս» պատմվածքս, որ անգլերեն էր թարգմանել նախկին ուսանողուհիս` Անուշ Մկրտչյանը, (տե՛ս «Տասը լավագույն պատմվածք» հայերեն-անգլերեն պատմվածքներիս ժողովածուն, ՀԳՄ, 2011), տարիներ անց տպագրվելու էր Վոնեգուտի թանգարան-գրադարանի հրատարակած գրական ամսագրի` “So It Goes”-ի հոբելյանական համարում, և հասնելու էի աշխարհի ծայրը` Վոնեգուտի Ինդիանապոլիսը, որպեսզի գրողի 95-ամյակի առթիվ կազմակերպված փառատոնում հենց նրա ծննդյան օրը` նոյեմբերի 11-ին, շփշփալով կարդամ պատմվածքս` օտարի ականջը խտղտացնելով անգլերեն հնչող հայկական պատմությամբ: Ես դեռ շատ բան չգիտեի:
Երբ ճանապարհ էի ընկել ու գնում էի` ուր աչքս կտրեր, ես դեռ չգիտեի, որ ճանապարհի ու կեցության ծախսերս հոգալու նպատակով երկրիս Մշակույթի նախարարությանն ու «Յուքոմ» ընկերությանն ուղղված նամակներիս` մի դեպքում քաղաքավարի մերժող, մյուս դեպքում` լռությամբ խուսանավող պատասխանները ճակատագրական էին լինելու, և «երբ մի դուռ փակում է, մի պատուհան բաց է թողնում»-ը քթիս էր բուսնելու: Իսկ պատուհանները լայն էին ու լուսավոր` տերերի նման: Ինդիանապոլիսում 3 օր ինձ հյուրընկալեց Վարդան և Նարինե Վարդանյանների մարդկայնորեն ջերմ ու սրտաբաց ընտանիքը, որ հեռուներում պահել ու պահպանել է սրտի տաքությունն ու նվիրումը` ազգակցի հաջողությունն իրենը համարելով և ուրախությամբ, անշահախնդիր ու պատրաստակամ աջակցելով: Շնորհակալություն, բարեկամներ: Ինդիանապոլիսում հատուկենտ հայ ընտանիքներ են ապրում, և ինձ համար անասելի հուզիչ էր նրանց ներկայությունն այն սրահում, որտեղ խոսք էր հնչում Սարոյանի և Վոնեգուտի առնչության և «Կապտամորուսի» հիմքում ուրվագծվող մեր ցավի` Ցեղասպանության մասին:
Երիտասարդ երկու մայրիկ` Ելիզավետա Բաբայանն ու Սեդա Արզումանյանն իրենց փոքրիկներով ներկա էին նաև իմ պատմվածքի ընթերցմանը, որից հետո Լիզայի` հայերեն գրած սրտառուչ բացիկը երկար-երկար ճամփորդությանս լավագույն արդարացումն էր լինելու: Աշակերտական ձեռագրով շարված այս տողերը, որ տիրոջ մեջ երեխայի անկեղծությունն են վկայում, շատ ու շատ գովեստների ու պարգևների են փոխարինում:

Մեր բաժանման պահին հիշողությանս մեջ մեխվեց օտարի հարազատ այն ժպիտը, որ ցոլցլաց Վոնեգուտի թանգարան-գրադարանի ծրագրերի տնօրեն Մերեդիթ Քամինգզի դեմքին, երբ ինձ մեկնեց շնորհակալական բացիկը, որ մարդկայնորեն նույնքան սրտառուչ էր, որքան ազգակիցներիս գորովը.
«Սիրելի Դիանա, որքան մեծ բավականություն էր քեզ հանդիպելը, փոքրիշատե քեզ ճանաչելը, քո երկրի ու գրի մասին լսելը: Այնքան ուրախ եմ, որ ի վիճակի եղար ճամփորդել ու հասնել այստեղ` մասնակցելու “So It Goes”-ի ընթերցմանը և մեզ բաշխելու Վոնեգուտի մասին քո գիտելիքը` հայկական դիտանկյունից»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍ:
Կյանքի հանկարծաստեղծումները նույնքան որոնելի են, որքան գրականության մեջ անակնկալ, անսպասելի լուծումները: Վերջերս լույս տեսած վեպս` «Փեակների տարաբախտություն»-ը, իր ուրույն կյանքով է ապրում, ու նրա ծննդյան լուրը հավքի թևով, այսինքն` համացանցի շնորհիվ հասել է հեռավոր երկրներ, այդ թվում և` ԱՄՆ: Վոնեգուտյան փառատոնին մասնակցելու հրավերս դեռ չէի ստացել, երբ մի անծանոթ աղջիկ, որ հիմա արդեն իմ սիրելի Արփի Առաքելյանն է, համացանցում որոնել ու չէր գտել վեպիս էլեկտրոնային տարբերակը և անհանգիստ անհամբերությամբ ինձ նամակ էր գրել ֆեյսբուքով, թե բա` որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել «Փեակները», ես էլ թե` «Արթբրիջ» գրախանութից, նա թե` ես ԱՄՆ-ում եմ հիմա, ես էլ թե` գրեք «Արթ­բրիջին», կուղարկեն: Երկու օր անց նամականիիս կարմիր լույսը կրկին Արփին էր վառել. թե բա` տեսա Ձեր էջին` գալիս եք Ինդիանապոլիս, շատ ուրախացա, որ խնդրեմ` իմ գիրքը կբերե՞ք, Իլինոյի նահանգի Շամփեյն քաղաքում եմ ապրում, ամուսնուս հետ կգանք Ձեզ լսելու, հետո Ձեր գիրքը կգնենք, ես էլ թե` իհարկե կբերեմ, շնորհակալ եմ, որ էդքան երկար ճամփա եք կտրելու` գաք ինձ ու գրքիս տեսության, ինքը թե` ափսոս, որ շատ զբաղված եք լինելու, երանի կարողանայինք Ձեզ երկու օրով գողանալ ու մեզ հետ Շամփեյն տանել, Իլինոյի համալսարանում, որտեղ ամուսինս գիտական հետազոտությամբ է զբաղված, ուսանողներն ու դասախոսները սիրով կգան Ձեզ լսելու, եթե համաձայնեք խոսք ասել, ես էլ թե` իհարկե, համաձայն եմ, համ էլ գիրքդ իմ հալալ ձեռքով քեզ կնվիրեմ, հետո կգնանք Չիկագոն տեսնելու, կարծես մոտ է Շամփեյնին, ինքը թե` վա՜խ, ինչ լավ է, համ էլ արդեն գիտեմ, թե Չիկագոյում Ձեզ ինչն ենք ցույց տալու:
Ու եղավ լինելին: Չիկագոյի արվեստի թանգարանում ամիսներ շրջես, էլի չես հասցնի բոլոր սրահներում լինել, իսկ մենք մի քանի ժամում պեղեցինք ու տարբեր սրահներում գտանք Արշիլ Գորկու երկու կտավը, հուրհրալով կանգ առանք Գոգենի, Վան Գոգի, Մոնեի ու Մանեի կտավների, Ռոդենի «Աստծո ձեռքի» ու «Մտածողի» քանդակային հրաշագործությունների առջև, հետո վազեվազ քայլեցինք Չիկագոյի ցրտոտ քամիների տաքության մեջ, ու սիրտս ճմլվեց, երբ երեկոյան յոթին քաղաքն ամայացավ ու դատարկվեց մարդկանցից, ու մեծ քաղաքի իր փոքր անկյունում ծալապատիկ նստած թափառաշրջիկ սևամորթը լալահառաչ երգելով` զնգզնգացրեց թիթեղյա դատարկ տուփը` գիշերն ի լույս այն ափեափ լցնելու անվհատ հավատով:
Իլինոյի համալսարանում հավաքված ուսանողների ու դասախոսների մեջ հատուկենտ էին հայերը, բայց կային, ու անասելի երջանիկ էի նրանց ներկայությամբ, մնացյալը տարբեր ազգությունների ու երկրների պատկանելություն ունեին, ու ես անասելի երջանիկ էի նաև նրանց ներկայությամբ, հատկապես, երբ իրաքցի դասախոս Էլիաս Շաքուրը, որ եկել էր իր ուսանողների հետ, խոստովանեց, որ մայրը հայուհի է, և ինքը մասնագիտացել է թարգմանության մեջ, ու ինձ տված հարցերի պատասխաններս արագ-արագ գրանցում էր համակարգչում: Երջանկությունն էլ ո՞նց է լինում:
Իլինոյի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով վերջին երկու տասնամյակում հասցրել է գիտական նորարարություններով նվաճել համաշխարհային գիտական մտքի համակրանքն ու գնահատանքը, պարզվեց` պատրաստ է ինձ սիրով հյուրընկալել իր տանը, երկար-երկար պատմել գլխով անցածն ու վերջում ասել` ես Նաիրան եմ, ինձ ո՛չ դոկտոր ասա, ո՛չ էլ` պրոֆեսոր, իսկ երբ Երևան հասա` նամակ էր գրել, թե բա` շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերս: Ա՜յ քեզ մարդ, այ քեզ աշխարհահռչակ գիտնական, այ քեզ Նաիրա Հովակիմյան, որ իր շուրջն է հավաքել Հայաստանից Իլինոյի համալսարան հասած տաղանդավոր երիտասարդների մի խումբ, որոնցից մեկը` Տիգրան Հակոբյանը, որ իմ Արփիի ամուսինն է, ծրագրում է հինգ տարվա մեջ իրականացնել իր մոտակա երազանքները ԱՄՆ-ում, որպեսզի վերադառնա Հայաստան և այստեղ իրականացնի իր կյանքի բոլոր երազանքները: «Ես սրթսրթացի. «Սերունդ եմ ասել, է՜»»: Սա իմ «Ես և որդիս» պատմվածքի վերջին տողն է, ու ինչպես տեսնում եք` շատ պատշաճում է նոր պատումիս:
Հեքիաթի վերջում երեք խնձորը պարտադիր պայման է, և ուրեմն. մեկը` Ինդիանապոլիսից ընկավ, մյուսը` Շամփեյն-Չիկագոյից, իսկ երրորդը, որ իմ մանկության բույրն ուներ, ինձ հասավ Նյու Յորքից, ավելի ստույգ` Փրինսթոնի համալսարանից, որտեղ երկար տարիներ աշխատել է Անահիտ-Նարինե Մայիլյանը, ում մտերիմ ընկերությամբ` Քաջարան փոքր քաղաքում անհոգ ու անհագ հետաքրքրությամբ է անցել մանկությունս ու պատանեկությունս: Նարինեն ու ես շատ ընդհանրություններ ունենք. տարեկիցներ ենք, երկուսս էլ ծնվել ենք Թիֆլիսում, ապրել ու մեծացել ենք Քաջարանում, դրկից հարևաններ էինք, մեր ընկերությունը շարունակվեց Երևանում, երբ ուսանող էինք, մոլի ընթերցող էինք, գիշերն ի լույս կարդում էինք, ցերեկները հանդիպում ու խոսում-խոսում էինք մեր հասկացած-չհասկացածից: Հետո կյանքը Նարինեին տարավ հասցրեց հեռո՜ւ-հեռու տեղեր, բայց մենք շարունակեցինք մեր հանդիպումները Փարիզում, Նյու Յորքում ու Երևանում:
«Մենք դեռ էլի ենք հանդիպելու, հաջորդ անգամ` Բոստոնում,- ասաց Նարինեն, երբ Նյու Յորքի Բրոդվեյ փողոցում շլացած նայում էի, չէ՛, չկռահեցիք, ոչ թե լուսագունառատ երկնաքերների վզին փաթաթված գովազդային հոլովակներին ու խայտառակ ցրտադիմացկուն` գրեթե մերկ «քաուբոյին», այլ «Բրոդվեյ» ցուցանակին, աչքերս արագ-արագ թարթում էի, ասես ուզում էի հավատալ, որ տեսածս ո՛չ երազ է, ո՛չ կինո, ո՛չ էլ` կարդացածս գրքի պատկեր: Հետո, երբ Նարինեի հրավերով գնացինք «Քոմեդի Քլաբ»` ճաշելու և ծիծաղելու ժամանակակից Ամերիկայի մանր-մունր բացերը ծաղրող կատակերգուի խոսքի վրա, գինին, որ թունդ էր ու շատ համեղ, մի պահ քուն բերեց աչքերիս, ու ես հասցրի մի քանի վայրկյան երազ տեսնել, որը դեռ երկար կպատմեմ, ու չի ավարտվի:
Այն օրը` 2017 թվականի նոյեմբերի 16-ին, երբ Նարինեն ու իր ամուսին Արտակն ինձ ճանապարհեցին Երևան, իսկ իրենք տեղափոխվեցին Բոստոն` իրենց դստերը մոտ ապրելու համար, ես երազանք պահեցի. «Մենք դեռ էլի ենք հանդիպելու, հաջորդ անգամ` Երևանում»:

Diana Hambardzumyan 23783561_1602373396486160_8026280393702166577_o 23659348_1597405500316283_2809843402973597217_n 23659264_1599665786756921_2571830745413432362_n 23622235_1597405556982944_1060187940882936794_n 23621256_1596501557073344_8478956185625735490_n 23561601_1597405646982935_3365282624943173663_n 23550974_1594237833966383_5848759234602507242_o 23550855_1596922690364564_4668498893030945155_o 23519244_1597405586982941_6746155995640732109_n 23519161_1596058973784269_3403859588351755942_n 23519069_1597405696982930_6710282520063865956_n 23511258_1590947287628771_307176224582544160_o 23473222_1596058867117613_7841567936784471532_n 23473173_1596062907117209_9159301139270849941_n 23472860_1596059160450917_4704011181100729727_n 23435018_1590998604290306_5543076975805213733_n 23380111_1591436807579819_2938048945866289945_n 23376088_1591886777534822_865682346822307504_n 23331453_1590933880963445_3811397766766933978_o 23319446_1591886740868159_5972137521624729475_n 23167499_1588012984588868_2325674057633707794_n

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։