ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը տպագրության է պատրաստում «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ը, որն իր տեսակով առաջինն է հայ իրականության մեջ, առաջին փորձը՝ մեծ Բանաստեղծի գրական, հասարակական և մարդկային նկարագրին վերաբերող հսկայածավալ նյութն ամփոփելու, մեկտեղելու մեկ հանրագիտական հատորում: Հրատարակչությունը, ակնկալելով ընթերցող լայն՝ հատկապես թումանյանասեր հասարակության ուշադրությունը սույն հատորի վրա, նպատակ ունի նաև մասնագետների ուշադրությունը հրավիրելու ներկայացվող նյութի բովանդակային ամբողջականության, վավերական հավաստիության, խմբագրական որակի վրա և ստանալու նրանց հնարավոր աջակցությունը: Այսուհետ «Գրական թերթը» պարբերաբար կտպագրի հանրագիտարանի առանձին հոդվածներ, իսկ հատորի տպագրությունը նախատեսված է 2019-ին:
ՋԱԼԱԼՕՂԼՈՒ ԴՊՐՈՑ, երկսեռ ծխական դպրոց, որտեղ 1879-82-ին սովորել է Թումանյանը: Հիմնադրվել է 1879-ի մայիսին՝ Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերով՝ «տեղի ուսումնասեր երիտասարդների հանգանակած գումարներով»: Աղջիկների համար ձեռք են բերել «մի քարաշեն տուն՝ չորս ընդարձակ սենյակներով և պարտեզով», տղաների համար՝ մինչև առանձին շենքի կառուցումը վարձել են տուն՝ վեց սենյակից բաղկացած: Բացի լեզուներից, դասավանդվել են ֆիզիկա, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, երգեցողություն:
Դպրոցի նպատակը եղել է. «Ժամանակիս պահանջման համեմատ, ուսմամբ և գիտությամբ մեր ազգությունը և կրոնը պաշտպանել ու մեր որդոցն ավանդել»: 1879-ի հոկտեմբերին՝ Թումանյանի դպրոց ընդունվելու ժամանակ, աշակերտների թիվը տղաների դպրոցում եղել է 125 (4 դասարան՝ 3 պատրաստական, 1 առաջին), աղջիկների դպրոցում՝ 60 (2 դասարան՝ պատրաստական): Դպրոցն ունեցել է գրադարան, «ֆիզիկական կաբինետ», որտեղ անցկացվել են բնագիտության և աշխարհագրության դասերը, ցույց են տրվել արևի և լուսնի խավարումները, գլոբուս, մարդու կմախք, թռչունների խրտվիլակներ: Դպրոցում աշխատել են չորս ուսուցիչ (տեսուչի հետ միասին) և երկու վարժուհի: Բացի Տեր-Դավթյանից, Թումանյանին դասավանդել են Գևորգ Կուզանյանը («Մի հասկացող, խոհական և աշխատասեր երիտասարդ», «Մշակ», 1882, № 153), Վարվառե Սիմոնյանը («բոլորովին հանգիստ հոգվով կռվում է շատ արգելքների հետ…», նույն տեղում), Արիստակես Աբովյանը և Տեր Մկրտիչը:
Թումանյանն իր դպրոց գնալը ինքնակենսագրականում այսպես է նկարագրել. «Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը, հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ: Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհ էր: Տները՝ սպիտակ, կարմիր տանիքով, ժողովուրդը՝ զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան: Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին: Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ ու մաքուր»: Իսկ դպրոցը որակել է որպես «մեծ և օրինակելի» [ԵԼԺ, հ. 6, էջ 142]:
Դասընկերների վկայությամբ՝ Թումանյանը եղել է դպրոցի ոչ այնքան առաջադեմ աշակերտներից: «…Թույլ էր ռուսաց լեզվից, ոչ այնքան էլ ուժեղ թվաբանությունից, սակայն անհամեմատ լավ էր հայոց լեզվից և աշխարհագրությունից», իսկ վարվեցողության առումով անկաշկանդ էր. «Նա չէր շփոթվում… գյուղից եկող այլ երեխաների նման» [ԹԺՀ, 2009, էջ 213]: Նա առանձնապես սիրել է Տեր-Դավթյանի պատմության դասերը և հափշտակությամբ է լսել նրա պատմածները եգիպտական բուրգերի, Նեղոս գետի և դամբարանների մասին, ինչը Թումանյանի երևակայության վրա խոր տպավորություն է թողել: Դասընկեր Անուշավան Աբովյանը հիշում է. «Նա իր տարիքից անհամեմատ բարձր ու վայելուչ հասակ ուներ, մշտաժպիտ նշաձև աչքեր, արծվաքիթ և ազնվություն արտահայտող սպիտակ ճակատի վրա թուխ գանգուր խոպոպիկներ: Մի խոսքով՝ մի արտակարգ հմայիչ գեղեցկություն, որ միանգամայն ապշեցրեց ինձ» [ն. տ., էջ 219]:
Երկրորդ դասարանից՝ 1880-81-ից, Թումանյանը սկսել է ոտանավորներ գրել: Դասընկերները պատմում էին, որ դասամիջոցներին, դասարանից դուրս գալով, նա առանձնանում էր դպրոցի պարտեզի խորքում՝ ծառի տակ, և սկսում էր գրել: Նկարագրում էր Դսեղի շրջակայքում տեսած սարերն ու ձորերը, սրընթաց գետերն ու գարնան հեղեղները, սարվորների, գյուղացիների դժվարին կյանքը՝ այն ամենը, ինչ հետագայում, 1890-ական թթ.-ին, պատկերել է պոեմներում ու բանաստեղծություններում:
Այս դպրոցում սովորելիս Թումանյանը շփվել է նաև տեղի հեքիաթասացների հետ՝ դպրոցի պահակ քեռի Ակոբի, թիթեղագործ ուստա Սիմոնի (որից լսել է «Հազար ու մի գիշերների» հեքիաթներից), Պոլսից եկած բուժակի (որը նրան առաջին անգամ պատմել է «Քաջ Նազար»-ի պատմությունը), Թալալ հորաքրոջ (նրանից լսել է զուռնա-դհոլով հարսանիք կանչող սատանաների մասին, որը հետագայում օգտագործել է «Լոռեցի Սաքոն» գրելիս) և ուրիշների հետ:
Առաջին 2-3 ամիսը Թումանյանը ապրել է տեսուչի տանը, որը հոր ծանոթն էր, ապա՝ Խուրշուդ Գրիգորյանի, Ալեքսանդր Սաղաթելյանի, որ նրա հորաքրոջ որդին էր, և Ասատուր Խանդանյանի տներում: Նա մտերմացել է տեսուչի ընտանիքի հետ՝ մասնակցելով նրա տանը հետ մնացող աշակերտների համար կազմակերպված «սերտողական» դասերին, որոնք վարում էր տեսուչի ավագ դուստրը՝ Վերգինեն [ն. տ., էջ 206], որին էլ նվիրված է նրա հայտնի առաջին սիրային բանաստեղծությունը՝ «Հոգուս հատորը»:
Այդ ընթացքում Թումանյանը օգտվել է նաև տեսուչի տան հարուստ գրականությունից. կարդացել է Ռ. Պատկանյանի, Ս. Շահազիզի, Րաֆֆու, Ծերենցի ստեղծագործություններից, հրապուրվել «Քնար հայկական» ժողովածուի, հատկապես Սայաթ-Նովայի տաղերով: Եվրոպացի գրողներից ծանոթացել է Ալեքսանդր Դյումայի, Էոժեն Սյուիի, Բիչեր Ստոուի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերին:
Տեր-Դավթյանը ընթերցանության երեկոներին աշակերտների համար անձամբ է ընթերցել հատվածներ Վիկտոր Հյուգոյի «Թշվառներից», Սայաթ-Նովայի տաղերից և այլ գործերից:
Թումանյանի` Ջալալօղլում գրած բանաստեղծություններից պահպանվել են նաև «Օրորք»-ը, «Հայ վաճառական»-ը, «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…»-ը:
Դպրոցը 1882-ի հունիսին ֆինանսական դժվարությունների պատճառով հայտնվել է փակման վտանգի առջև. խնդրին անդրադարձել է նաև «Մշակը» (1882, № 153), որի տվյալներով՝ 2-3 անգամ փակվել-վերաբացվելուց հետո այն 1883-ի ուսումնական տարվա վերջին վերջնականապես փակվել է: Այդ ընթացքում տեսուչ Տեր-Դավթյանն ամեն ինչ արել է դպրոցը փրկելու համար, ընդհարվել է նաև հովանավորների հետ, բայց ապարդյուն: Տեսուչի պայքարին միացել է նաև պատանի բանաստեղծը, իր «Հայ վաճառական» բանաստեղծությամբ, որը մեծ աղմուկ է հանել.
«Քեզ ի՞նչ՝ շինվում է հայ ուսումնարան,//Որ ուսում առնի տգետ հայ տղան,// Էհ, очень нужно, խավար մնա Հայաստան,// Տրիցատկի համար պինդ պահիր լուման» [ԵԼԺ, հ. 1, էջ 315]:
Իր գոյության 4 տարվա ընթացքում Ջալալօղլու դպրոցը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի կրթական գործի զարգացման մեջ: Դպրոցի շրջանավարտների մեծ մասը (նաև Թումանյանը) կրթությունը շարունակել է Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան դպրոցներում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, քննիչ բյուրո, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած վնասները որոշող հանձնաժողով, կազմավորվել է 1918-ի նոյեմբերի 22-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) կենտրոնական խորհրդի նիստում:
Ք. հ-ի նպատակն Առաջին աշխարհամարտին հայերի մասնակցության, Հայոց եղեռնի, հայ բնակչության գույքի և ունեցվածքի կողոպուտի ամփոփ հուշագիր կազմելն ու Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացնելն էր:
Նախագահ է ընտրվել Թումանյանը, քարտուղար՝ Կորյուն Ղազարյանը. կազմվել է 4 բաժին՝ պատմահասարակական (վարիչ՝ Լեո)՝ շարադրելու էր «Հայկական հարցի» պատմությունը, տնտեսական (Քրիստ Վերմիշյան)՝ հաշվելու էր պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած վնասները, քրեական քննչական (Տիգրան Հովհաննիսյան, որին շուտով փոխարինել է Ա. Աթանասյանը)՝ բացահայտելու և գրանցելու էր տեղի ունեցած բոլոր սպանությունների և ամեն տեսակի գազանաբարո արարքների փաստերը թուրքերի հարձակումների ժամանակ, զինվորապատմական (նախ՝ Տիգրան Բեկզադյան, ապա՝ գեներալ-մայոր, բանաստեղծ Ալեքսանդր Կուլեբյակին)՝ շարադրելու էր հայկական ռազմական ուժերի, հայ ժողովրդի մասնակցությունը պատերազմին և այդ մասնակցության նշանակությունը: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարել է ՀՀՄՄ կենտրոնական խորհուրդը, և բոլոր որոշումներն ընդունել են նրա անունից:
1919-ի հունվարի 19-ին հրապարակվել է Թումանյանի ստորագրությամբ դիմում՝ «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները ցուցակագրող Քննիչ հանձնաժողով»-ի անունից՝ բոլոր նրանց, «ով նյութեր ունի հավաքած տաճիկների գազանությունների, մեր ժողովրդի կրած վնասների մասին Թուրքիայում թե Կովկասում, թող անմիջապես Հանձնաժողովի տրամադրության տակ դնի այդ նյութերը: Գազանության զոհերի ու ավերակների լուսանկարների և աղետների լուրջ ուսումնասիրությունների համար Հանձնաժողովը պատրաստ է վճարել բավարար վարձատրություն փոխադարձ համաձայնությամբ» [ԵԼԺ, հ. 7, էջ 370]:
Իսկ մինչ այդ՝ 1918-ի դեկտեմբերի 14-ին Թումանյանը զորավար Անդրանիկին գրել էր՝ քանի որ այդ բանը պետությունը հանձն չի առել, «Ստիպված մենք սկսեցինք՝ Հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը: Այժմ իմ նախագահությամբ մի բյուրո է կազմված և աշխատում է եռանդով: Կառավարությունն էլ տվել է իր սանկցիան» [ԵԼԺ, հ.10, էջ 299]:
Թումանյանի ինքնագրով պահպանվել է մի անթվակիր փաստաթուղթ (հավանաբար գրված 1919-ի սկզբներին), որտեղ գրառումներ, ծրագրային նշումներ կան նաև Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ: Այն բաղկացած է երկու հիմնական կետից և չորս ենթակետից. 1.Հայրենակցությունների միությունը շարունակում և վերջացնում է Հայ ժողովրդի կրած նյութական և ֆիզիկական կորուստների ու տառապանքների ցուցակագրումը՝ պարբերաբար հրապարակելով իր աշխատանքի արդյունքները: 2. Հայ ժողովրդի կրած ամեն տեսակի վնասների մասին ստուգված տեղեկություններ հավաքելու նպատակով հանձնաժողովը, նախօրոք մշակված ծրագրով, սկսում է ցուցակագրել՝ ղեկավարվելով հետևյալ հիմնական սկզբունքով.
ա) Հայրենակցությունների միությունը, ինչպես միակ համահայկական հասարակական կազմակերպություն, այդ գործը կատարում է բոլոր հայերի վերաբերմամբ, անկախ այն հարցից, թե ինչ պետության սահմաններում են ապրում:
բ) Հավաքվող տեղեկություններին իրավական ուժ տալու նպատակով վնասների ցուցակագրման գործը այս կամ այն կերպ ճանաչել տալ դաշնակիցներին:
գ) Վնասների ցուցակագրումը թե՛ քաղաքացիների և թե՛ գյուղացիների նկատմամբ կատարել անհատականացման սկզբունքով:
դ) Այս գործի համար անհրաժեշտ նյութական միջոցներ ստանալ հայկական կառավարությունից և բոլոր այն կազմակերպություններից, որոնք ընդունում են այդ գործի կարևորությունը:
Քննիչ հանձնաժողովի գործը դադարեցվել է հայ-վրացական կռիվների ժամանակ, որից հետո վերսկսմանը խանգարել է արդեն ֆինանսների պակասը:
Հանձնաժողովի 1-ին որոշումը (արձանագրություն № 1, 3 հոկտեմբերի 1918) վերաբերում է Շուլավերի շրջանում կատարվելիք աշխատանքին, վերջին փաստաթուղթը (№ 26-րդ, 30 սեպտեմբերի 1919) Հայաստանի գերագույն կոմիսար պարոն Հասկելին ներկայացված տեղեկագիրն է՝ Թումանյանի ստորագրությամբ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵԼԺ – Հ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 1-10, Ե., 1988-99:
ԹԺՀ – Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 2009:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։