ԱՄՆ-Ի ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՂԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎՈՆԵԳՈՒՏՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

դիանաԱրձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը հրավիրված է ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաք` նոյեմբերի 9-11-ը մասնակցելու վոնեգուտյան ամենամյա փառատոնին: Նոյեմբերի 9-ին Վոնեգուտի թանգարան-գրադարանում Դ. Համբարձումյանը անգլերեն կներկայացնի «Կուրտ Վոնեգուտի և Վիլյամ Սարոյանի մարդկային ու գրական առնչությունները» և «Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի իմ թարգմանությունը» զեկուցումները, իսկ նոյեմբերի 11-ին կկարդա իր «Ես և որդիս» պատմվածքի անգլերեն թարգմանությունը (թարգմանիչ` Անուշ Մկրտչյան), որը հաղթել է փառատոնի շրջանակում հայտարարված մրցույթում և տպագրվել Ինդիանապոլիսի գրական ամսագրի` «So It Goes»-ի նոյեմբերյան համարում:
Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի հիմքում հայ ժողովրդի մեծագույն ցավն է` ցեղասպանությունը: Բարձր գեղարվեստականությամբ և սև հումորով աչքի ընկնող այս վեպն ըստ արժանվույն է գնահատել Դ. Համբարձումյանը` ոչ միայն համարժեքորեն թարգմանելով հայերեն (2005, «Զանգակ», Երևան), այլև 2008-ին Հայ-սլավոնական համալսարանի կազմակերպած միջազգային գիտաժողովում հանդես գալով «Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի լեզուն և ոճը` արտացոլված հայերեն թարգմանվածքում» անգլերեն զեկուցումով:
Դիանա Համբարձումյանը հրավիրված է նաև Չամփեյնի Իլինոյի համալսարան, որտեղ նոյեմբերի 13-ին հանդիպելու է համալսարանի ուսանողներին և դասախոսներին` ներկայացնելով ինչպես հայ ժամանակակից գրականությունը, այնպես էլ իր գրողական և թարգմանչական ձեռքբերումները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։