Ճապոնիայի Կիոտո քաղաքում լույս է տեսել Արմենուհի Սիսյանի բանաստեղծությունների ճապոներեն թարգմանված գիրքը, այն հրատարակել է Կիոտոյի «Japan Universal Poets Association» ասոցիացիան: Թարգմանություններն արված են անգլերենից` ճապոնացի բանաստեղծուհի, ասոցիացիայի նախագահ Մարիկո Սամիկուրայի կողմից: Գրքի ձևաչափը պոետական երկխոսություն է` ճապոնացի հեղինակ Ակիրա Ասուկիի և հյուր հեղինակ Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունների զուգորդությամբ: Գրքի վերնագիրն է «Շատրվանների զուգերգ»: «Այս երկու հեղինակների մտքերն ու զգացումները խորն են, զուլալ և մշտահոս, ինչպես ջրի ակունքը,- գրում է Մարիկո Սամիկուրան,- այն վերածվում է յուրատեսակ բանաստեղծական շատրվանի: Արմենուհի Սիսյանի բանաստեղծություններում ես տեսնում եմ անհատի նրբատեսությունը և զուլալությունը` որպես ջրի մաքուր ակունք: Նրա տողերը սիրուց են սնվում: Մենք մտադիր ենք առաջիկայում շարունակել նրա հետ համագործակցությունը և ճապոներեն լույս ընծայել նրա երկրորդ գիրքը»: Փետրվարի 18-ին Կիոտոյում կայանալու է գրքերի շնորհանդեսը և ընթերցումները, որի հրավերը ստացել է հեղինակը հրատարակչության կողմից: Գիրքը հասանելի է Amazon կայքում:
ՀԱՅ ԳՐՈՂԸ` ՃԱՊՈՆԵՐԵՆ
