ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՔ ԱՐԱՐԻՑ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ա. ՊԱՏԱՀԱՐ
Զատկի ավագ շաբաթվա երեկոյան փողոցով քայլելիս զարմանալի մի միջադեպի ականատես եղա: Այլմոլորակային մեկը փորձում էր հավաքվածներին համոզել իր ով կամ ինչ լինելը: Ոչ ոք չէր հավատում: Խոսում էր աշխարհի բոլոր լեզուներով` միաժամանակ, ոչ ոք չէր հասկանում: Կերպարանափոխությունների էր տրվում, վերածվում կենդանու ու թռչունի, հրեշտակի ու հրեշի, չէր տեսնում ոչ ոք: Ստիպված որոշեց իր իրական կերպարանքով ներկայանալ, բոլորը սկսեցին ծիծաղել, քրքջալ, դե քանի որ շատ էր նման Սարդամարդուն: Ասաց, որ իր քաղաքակրթությունը իրեն գործուղել է Երկիր մոլորակ` բնակիչների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Ասաց, որ ինքը մենակ չէ, իր հետ երկիր են ժամանել Մեծ Շան համաստեղության ևս երկու հետախույզներ: Այս պահին նրանք փաստահավաքչական աշխատանքներ են տանում մոլորակի տարբեր լայնություններում: Անհաջող ու համառամիտ կատակի տպավորությունից սրտնեղած` ժողովուրդը սկսեց կամաց-կամաց ցրվել: Խեղճ արարածը անզորությունից սմքեց, հետո գետնից պոկվելով` տիեզերական երրորդ արագությամբ երկինք համբարձվեց:
Հիմա ոչ ոքի ոչնչով չես զարմացնի, մի պահ անցավ մտքովս: Մարդիկ սովորել են անսովոր երևույթներին: Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, ամեն ինչ կարող է պատահել, ամենայն ինչ հնարավոր է ու անհնարինը` ակնհայտ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինքն էլ, հուսահատությունից թե նախանձախնդրությունից դրդված, ժամանակին զիջման գնաց մարդկային գերիրապաշտությանը` ռացիոնալիզմին, ասելով. «Եթե ի՛նձ չեք հավատում, գոնե իմ արածների՛ն հավատացեք»: Նույնիսկ աշակերտները չհավատացին: Երկու դեպքում էլ, փաստորեն, վերերկրային ուժերի կողմից մարդուն ճանաչելու չլուծված, այլև անհաղթահարելի խնդիր կա: Հետևաբար, մարդ արարածը ոչ միայն ինքն իրեն չի ճանաչում, այլև անճանաչելի է նաև իրեն ծնող և իրեն հանդուրժող ուժերի կողմից: Ո՞րն է, հետևաբար, մարդուս անճանաչելի դարձնող այդ գաղտնիքը: Ըստ երևույթին այն, որ դատողական գործունեության գլխավոր առարկան ճշմարտության ճանաչողությունն է, սակայն միշտ չէ, որ ճշմարտությունը իրականության արտացոլումն է: Ուստի` խնդիրը բազմակի իրականությունների գոյության մեջ է: Սրբությունը, գերբնականությունը, անդրենածնությունը, նույն այս մեր մարդակենտրոն աշխարհընկալումը տարբեր իրականություններ են, ինքնակա գոյություններ և հետևաբար միանգամայն անհամարժեք ու իրար հետ չխաչաձևվող ճշմարտություններ:

Բ. ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Մարդկային մտածողությունը իրերն ու երևույթներն ընկալում է այնպես և այնքանով, ինչպես և որքանով ինքը տիրապետություն ունի նրանց վրա, ավելին իրեն կա՛մ չի հետաքրքրում, կա՛մ եթե հետաքրքրում է, ապա զուտ գործնական կարիքները հոգալու տեսակետից: Անհայտը կամ հրաշալին մարդկային մտածողությունը խաթարող մեծություններ են, դրանք նրան հետաքրքրում են զուտ կյանքի պարապը լցնելու կարիքից դրդված, բայց և այնպես չեն զբաղեցնում նրա անգամ հավաքական միտքը: Կրոնական գիտակցությունը, գիտական ճանաչողությունը, անդրաշխարհների մասին իմացությունը թերևս ընդլայնում է մարդուս ճանաչողական մտահորիզոնը, բայց նրա էությունը չի փոխում: Մինչդեռ գլխավոր խնդիրը հենց այդ էություն կոչվածի ճանաչումը պետք է լիներ, որն այդպես էլ տեղի չի ունենում: Գիտնականները տարբեր միջոցներով ու հաշվանքի համակարգերով փորձում են բացատրել աշխարհն ու մարդկային հոգեբանության, այլև կենսագործունեության հիմնարար դրսևորումները: Եվ ի՞նչ: Ճանաչողության ծավալների քանակական ընդլայնումը երբեք էլ որակական հանգրվանի չի հանգեցնում: Որքան մարդիկ ավելի են քաղաքակրթվում ու գիտելիք կուտակում, այնքան ավելի թերահավատ են դառնում իրենց շրջապատող հրաշափառ ու ճանաչողությանն անենթակա երևույթների հանդեպ ու նաև անտարբեր` ավելի ու ավելի հակվելով դեպի հարմարավետության ու ինքնահնար վայելքի հավելաճը: Բայց չէ՞ որ խնդիրը, ի սկզբանե, կարծես թե հոգեմտավոր դաշտի իրական ընդարձակմանն էր վերաբերում, ընդսմին` հրաշալիի հետ հաղորդակցմանն ու անհայտի հայտնաբերմանը, ինչը միանգամայն հետին պլան է մղվել նյութապաշտության այս նորագույն կրոնի թելադրանքով: Եվ միայն հիվանդությունն ու մահն են, որ դեռ մարդուս հեռավոր թելերով կապում են անդրաշխարհային գոյության ու կրոնական գիտակցության հիմնակաղապարային արժեքներին:

Գ. ԶՐՈՒՅՑ
ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԻ ՀԵՏ
Տունդարձի ճանապարհին քամին ուժգնացավ, ու սկսեց հորդառատ անձրև տեղալ: Ինձ մի կերպ գցեցի առաջին պատահած պանդոկը, որի պատերի մեջ ներծծված գարեջրի թմրեցնող բուրմունքը անմիջապես էլ ինձ իր կողմը գրավեց: Մի գավաթ գարեջուր պատվիրեցի ու կամաց-կամաց դատարկեցի այն, ինչպես ասում են` ցմրուր: Երկրորդ գավաթն էլ ձեռքս առա, որ ներծծեմ պարունակությունը, բայց, ո՜վ զարմանք, նկատեցի, որ դիմացս նստած է մեր այլմոլորակային բարեկամը` ճիշտ և ճիշտ մարդկային կերպարանքով, միայն թե մոռացել էր դեմքի օտարոտի արտահայտությունը սքողել:
Ասացի.- Բարև, ի՞նչ կա:
Զգալով, որ իրեն չի հաջողվելու ծպտված մնալ, անմիջապես էլ արձագանքեց.
– Որտե՞ղ, ձեր կողմերո՞ւմ, թե՞ ընդհանրապես:
Ասացի.- Ամենուր` այստեղ, այնտեղ և ամեն տեղ: Կոնկրետ և ընդհանրական իմաստով:
Ասաց.- Եթե դու ինձ անմիջապես նկատեցիր, ուրեմն քո մեջ հակում կա մեզ հետ կապի մեջ մտնելու: Դու կապավո՛ր ես: Դու հավատո՛ւմ ես, չէ՞, որ մենք կանք:
Պատասխանեցի.- Չէ՛, ես պարզապես տեսնում եմ և արձանագրում առկա փաստը: Հավատա՞լս որն է: Հավատ կոչվածն ընդհանրապես կապ չունի ճանաչողական գիտելիքի հետ: Ընդհակառակը, եթե ինչ-որ բանի հավատում ես, ուրեմն չես ճանաչում այն: Ձեր կողմերո՞ւմ ինչպես է:
Զրուցակիցս, առանց խորիմաստ դեմքի արտահայտություն ընդունելու, վրա բերեց.- Նույնն է, ճի՛շտ և ճի՛շտ նույնը: Բոլոր մտածող էակներն էլ մեծ հաշվով նույնական են, ավել կամ պակաս իմացական կարողություններով: Այդ իսկ պատճառով ինձ ավելի հետաքրքրում են ո՛չ այնքան ձեր իմացական կարողությունները, որքան որ կյանքը կազմակերպելու մղումները, և դրանից բխող ուրախություններն ու տխրությունները, մասնավորապես կյանքի իմաստի ու երջանկության ձեր պատկերացումը:
– Ասեմ,- վրա բերցի ես,- երևի թե այս հարցում էլ մեր միջև էական տարբերություններ չպետք է որ լինեն: Դուք էլ եք, չէ՞, սիրում, ատում, ձգտում հարմարավետ կյանքի, մարդկանց բաժանում եք յուրայինների ու օտարների և աշխատում եք հնարավորինս սահմանափակել միջանձնային շփումների ծավալային մակարդակը:
– Մոտավորապես: Դե քանի որ մեզանում անձնավորությունները, ասել է թե` անձնավորված առանձնյակների տեսականին շատ էլ մեծ չէ, մենք` սիրիուսցիներս, հիմնականում հինգ տարատեսակով ենք աշխարհին ներկայանում. սառնարյուններ, տաքգլուխներ, ինքնապարտադրվողներ, զգայացունցներ և մտախռովներ: Եզրույթներս հասկանալի՞ են, թե՞ բացատրության կարիք կա:
– Թերևս ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ ձեզանում չկան հայրենասերներ: Չէ՞ որ, ուզում եմ հավատալ, որ այդ զգացմունքը ձեզ ևս խորթ չէ: Թե՞ բացատրության կարիք կա:
– Չկա: Դե քանի որ մեզանում այդ զգացմունքը վերջին ժամանակներս արմատախիլ է արված, ընդսմին, հանրաքվեի միջոցով:
– Հա՛, բայց ինչպե՞ս կարելի է արմատախիլ անել մի բան, ինչը միս ու արյուն է դարձել, ինչպես, օրինակ, սեռական պատկանելությունը կամ բնազդը: Թե՞ դա էլ եք արմատախիլ արել` քոքից, և բազմանում եք առանց աչք թարթելու, ինքնաբեղմնավորմամբ:
– Դե դուք էլ եք, ինչպես տեսնում եմ, մոտեցել այդ հանգրվանին, մի քսան-երեսուն տարուց կամ գուցե հարյուր, այլևս պարտադիր չի լինի կենակցելը` ինչ է թե ձեր շարունակությունը ապահովելու նպատակով: Իմիջիայլոց, այդ մեթոդը դուք հիմա էլ եք կիրառում, և դա շատ բացահայտ է ու աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում: Ինչ վերաբերում է հայրենասիրություն կոչվածին, ապա այն մեր մեջ արմատախիլ է արված ո՛չ թե որովհետև մենք այդպես ենք որոշել, այլ որովհետև դրա գոյության անհրաժեշտությունն է վերացել: Ուստի և մենք մեր հանրաքվեին հարցը ձևակերպել էինք ոչ թե` կա՞ արդյոք, թե՞ ոչ հայրենասիրություն ասվածը, այլ թե` ինչպե՞ս վարվենք այդ բառի գործածականության հետ, որն արդեն իսկ դուրս է մղվել մեր բառապաշարից: Կամ պետք էր այդ բառի իմաստն ընդլայնել և որպես արխաիզմ դիտարկել կամ այն կցել որևէ այլ բառի` ենթիմաստային գործածականությամբ, և հասարակությունն ընտրեց այն որպես եսասիրություն բառի հոմանիշ գործածելու տարբերակը: Չնայած վերջինս էլ շատ շուտով դուրս է մղվելու ընդհանուր օգտագործման բառապաշարից, քանի որ այն ևս վերանալու շեմին է: Մի խոսքով` դու ինձ հասկացար:
– Դե ո՞վ ունի ձեր պրոբլեմները: Եվ հաճա՞խ եք բառիմաստների վերաբերյալ հանրաքվեներ անցկացնում ձեր այդ հեռաստաններում:
– Պետք է խոստովանեմ, որ ավելի ու ավելի ենք ստիպված լինում այդ հնարքին դիմելու: Այ, վերջերս, օրինակ, մի ամբողջ խումբ բառեր դուրս գրեցինք մեր բառապաշարից: Դրանք հիմնականում վերաբերում էին չափման միավորներին և որոշ մակբայների կամ մակբայաբար գործածվող գոյականների: Մասնավորապես` լուսային տարի, փարսանգ, իսկ մակբայներից` հատկապես ժամանակ արտահայտողները` ընդմիշտ, անվերջ, հավետ, հավիտյան: Այս վերջինները անիմաստ բառեր են, քանի որ մենք ապրում ենք այդ նույն հավիտենության մեջ, ի սկզբանե կանք և միշտ էլ լինելու ենք: Իսկ չափի միավորները պարզապես սխալմունքի արդյունք են, քանի որ ես իմ տարածքից այստեղ եմ գալիս առանց ժամանակի մեջ տեղափոխվելու, քանզի ժամանակ ասվածը մոլորություն է, և այն ընդհանրապես գոյություն չունի:
– Այդպես, այդպես: Իսկ ի՞նչ կասես սերունդների հերթափոխի մասին: Թե՞ դրանք ևս ժամանակի մեջ չեն հաջորդում իրար: Չգիտեմ ձեզանում ինչպես է, բայց Երկիր մոլորակի վրա հին պատկերացումները ոչ միայն տիրապետող են, այլև իրականության մեջ դրանք հենց այդպես էլ կան: Առանց դրանց մենք պարզապես յոլա գնալ չենք կարող, դե քանի որ մեր իրականությունն է այդպիսին` կպչուն ու ինքնապարտադրվող:
– Շատ լավ է, որ եկար-հասար այդ ամենակարևոր հասկացությանը. իրականություն: Դուք իրական եք համարում այն, ինչը կա և չի կարող չլինել, այդպե՞ս է:
– Դե, հա՛:
– Իսկ մենք այդ նույն իրականություն բառիմաստի մեջ ենք մտցրել ինչպես ողջ գոյություն ունեցողը, այնպես էլ չունեցողը, քանի որ գոյություն չունեցող պարզապես չկա:
– Դե դա զուտ իմաստակություն է, մեջը փուչ, կամ ինչպես մեզանում է ընդունված ասել` ծակ փիլիսոփայություն և ընդամենը:
– Դա նրանից է, որ դուք, երկրաբնակներդ, ձեր այդ թվացյալ մտածողության գերին եք, փոխանակ նրա տերը լինելու… դուք մտածում եք ոչ թե ձեր ներսից, այսպես կոչված ներքուստ, ինքնաբուխ, այլ ձեր շուրջը թևածող մտապատկերների ցաքուցրիվ կույտերից, քաղվածաբար, պատառիկներ եք մակաղելու պես որոճում և դրանք առինքնելով, դեռևս կիսամարս վիճակում, որպես պատրաստի թերկատար արտադրանք փղձկալու պես դուրս տալիս:
– Օրինակ…
– Օրինակ, երբ ասում եք` ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ ճանաչել աշխարհը կամ ես քաղցած եմ ու ծարավ, դրանով դուք նույն բանն եք ասում, այն, որ ձեզ միշտ էլ ինչ-որ բան է պակասում` ձեր միջի պարապը, դատարկությունը լցնելու համար: Դուք դրսում տեսնում եք բնապատկերներ, քաղաքային որևէ տեսարան, երկինքը իր օդերևույթներով ու լուսատուներով, առանձին մարդու կամ կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներին և դրանք, ամբողջապես կամ մասնակիորեն, ներառում կամ ընկլուզում եք ձեր մեջ, ավելի դիպուկ ասած` ծամծմելով կուլ եք տալիս այդ ամենը: Եվ երբ արդեն կուշտ եք և, աչք ու որկորը հագեցած, կամաց-կամաց սկսում եք ձեր պատառոտած ու հոշոտած կերակուրները մաս առ մաս դուրս տալ` արտաթորանքի տեսքով ու ձեր միջով անցկացված մտապատկերների: Արդյունքում ձեզանից, ձեր աղեստամոքսային տրակտից ու գանգուղեղի հակազդեցական ծալքերից արտազատված թվացողական պատկերները, մտքի կամ զգացմունքի հավելախառնուրդով, վերադարձնում եք պատառ-պատառ արված նախաստեղծ իրականության այլևս այլակերպված փոփոխակին: Լուսինը դառնում է լուսնեղջյուր, արևը` արեգակի սկավառակ, սովորական ծառը` կենաց ծառ, պաշտպանիչ-հովանի կամ առնվազն օջախը ջերմացնող վառելափայտ, ինքնաշեն սրճարան-տաղավարը` ծխելատեղի ու հանդիպավայր, գետնուլեռը` հայրենի եզերք, հակառակ սեռի կոնկրետ ներկայացուցչին տիրանալու մարմաջը` աննյութական, հոգեպարար սեր, պարզապես կենակցության հակումը` սեռական պահանջմունք, կենցաղավարական, տեխնիկատնտեսական ու վերացական թեմաներով դատողականության ցուցադրական պոռթկումները` սեփական փորձառությամբ ու իրազեկվածության չափաբաժնով պայմանավորված աշխարհաճանաչողական գիտելիք: Ինչպես որ ձեր շնչածի ու արտաշնչածի բաղադրությունն է տարբեր, այնպես էլ ձեր ընկալածի ու արտահայտածի: Դուք նայում եք դիմացը փռված անծայրածիր ծովին ու մտածում եք ձեր ծովածավալ տենչանքների ու խորտակված երազանքների մասին, նայում եք սաղարթախիտ անտառին, որ ձեր ամենօրյա թթվածնի պաշարն է ապահովում, և խորհում եք քաղաքային եռուզեռին անձնատուր ձեր մանր-մունր հաճույքներին վերադառնալու մասին: Երկրային անդաստաններն ու երկնային հեռաստանները պայթեցնում են ձեր մեջ բնավորված բնազդածին ձգտումների բնարմատը, դրանով ավելի ու ավելի նեղացնելով ձեր մտահորիզոնի առաձգական շերտը ու խունացնում իրական հեռանկարների գունապնակը, որ ծիածանի գույներից է անդրադարձվում…
…Մինչ ես ուշի-ուշով լսում էի երկնառաք պատգամաբերի երկայնաշունչ ատենախոսությունը, հանկարծ ինձ բռնացրեցի այն զգացողության ճիրաններում, որ ինքս իմ աչքի առաջ հանկարծակի ծերացա, մաշկս կնճռապատվեց, ես ամբողջովին սմքեցի ու սովորական սովորույթի պես` երկրային դանդաղընթացին անձնատուր, գլխովին խրվեցի երկրակեղևի հատուկ ինձ համար ի պահ տրված մարդահասակ խորխորատը: Պարզ ասած` ոտքիս տակի առաթուր հողի հաստաբեստ շերտը ճեղքելով` գետնի տակ անցա: Դիմացինս, որ այս ամբողջ խոսակցության ընթացքում, շունչ առնելու կարճատև միջոցներին, պարբերաբար իր բարձաշխարհն էր երթևեկում, նույնիսկ չզարմացավ, անգամ աչքը չթարթեց, և ի վերջո մեն-մենակ մնաց իր չհասկացվածության մեջ: Ու այս ողջ պատահարը մեկ ակնթարթի մեջ իմաստազրկվեց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։