The Guardian պարբերականի հոդվածագիր Սայմոն Դիստալը, անդրադառնալով կատալոնական հանրաքվեին, նշում է. «Մադրիդի պահվածքը Եվրոպական միությանը պետք է լուրջ առիթ տա խորհելու, թե արդյոք Իսպանիան հավատարի՞մ է ժողովրդավարական նորմերին: Իսպանիայի վարչապետ Մարիանա Ռախոյը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի դատարանների կողմից ապօրինի ճանաչված հանրաքվեն չկայանար, սակայն նրա կոչերն ու սպառնալիքներն արդյունք չտվեցին: Այդ իսկ պատճառով Ռախոյն իր կամքը քաղաքացիներին պարտադրելու համար անտեսեց ժողովրդավարական իրավունքն ու գործի դրեց ֆիզիկական ուժը, ինչը տագնապալի նախազգուշացում է ապագայի համար»: Շատերն են համակարծիք, որ պաշտոնական Մադրիդի հանրաքվեի դեմ գործողությունները միայն հակառակ էֆեկտն ունեցան` առավել համախմբելով Կատալոնիայի բնակչությանը: Մինչ Մադրիդի կողմից ուժային քաղաքականության դիմելը, անկախությանը կողմ էին քվեարկել բնակչության 42 տոկոսը, մինչդեռ այսօր իրականությունը բոլորովին այլ է: Այլևս անժխտելի է, որ ուժն անկարող է ազատության տենչանքի դեմ, ինչի լավագույն օրինակը Արցախյան գոյամարտն է: Բաքուն նույնպես փորձեց ուժի օգնությամբ ճնշել արցախցիների շարժումը, բայց որքան լայնամասշտաբ էր ագրեսիան, այնքան հետևանքները ծանր էին հենց Ադրբեջանի համար: Թեև Բաքուն շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` խուլ իրականության ազդակներին, ակնհայտ է, որ ԼՂՀ-ն` չճանաչված լինելով հանդերձ, վաղուց է հաստատագրել իր անկախությունը: Ամենայն հավանականությամբ` սցենարը կրկնվելու է նաև Կատալոնիայի պարագայում, կախված այն բանից, կվերականգնվե՞ն արդյոք Բարսելոնայի և Մադրիդի հարաբերությունները, թե՞ Իսպանիան Ադրբեջանի պես կշարունակի ապավինել ժխտողականության քաղաքականությանը: Հայտարարությունն այն մասին, թե «հանրաքվե չի եղել», որ «հանրաքվեն ապօրինի ու լեգիտիմ չէ», կարող է միայն յուղ ավելացնել հակամարտության կրակին, քանի որ լեգիտիմության գլխավոր աղբյուրը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է: Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ժորդի Տուրուլը հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան: Իսպանիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը` վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը: Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով` իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու հարվածելով գետնին գցել: Այս դեպքերից թերևս ոգևորվել են միայն Բաքվում: Ժողովրդի ինքնորոշումը զենքի կամ ուժի միջոցով ճնշելու եվրոպական իրողությունը փաստացի փրկարար օղակ է` արդարացնելու սեփական ֆաշիստական նկրտումները: Ազերիներն իրենց ավագ եղբոր հետ արդեն հասցրել են հավանություն տալ իսպանական իշխանությունների գործողություններին, կրկին գերակա ընդունելով տարածքային ամբողջությունը, մոռանալով, որ նույն Իսպանիան ժամանակին ճանաչել է Կոսովոյի, իսկ իրենք` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի անկախությունը: Սակայն ազերիները վաղուց են իրենց ցնորաշխարհում փակված` անտեղյակ աշխարհի անցուդարձից: Կատալոնիայի ժողովուրդն, ինչպես և բախտակից այլք, օգտվել են իրենց ինքնորոշման միջազգային իրավունքից, որը Եվրոպայի կողմից հաստատվել էր Կոսովոյի նախադեպից հետո: Խնդիրն այն է, թե Եվրոպան դե՞մ կգնա Իսպանիային ու կճանաչի՞ հանրաքվեն, թե՞ դեմ կգնա իր իսկ կողմից մշակված սկզբունքին: Ամեն ինչ կախված է իրադարձությունների հետագա զարգացումից: Ազերիներից զատ, աշխարհը շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ: Սակայն անկախ ամեն ինչից` մարդու իրավունքների պաշտպանության դարաշրջանում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել, և կասեցնել այդ գործընթացն այլևս հնարավոր չէ: Մոլորակի ազդեցիկ ուժերը, մի կողմ թողնելով քաղաքական այլազան շահերը, պիտի պատրաստ լինեն նոր վերադասավորումների` հրաժարվելով կարծրատիպերից և, մանավանդ, երկակի ստանդարտներից: Միայն այդպես է հնարավոր աշխարհը փրկել նոր ցնցումներից, միայն ուրիշի իրավունքը հարգելու ճանապարհով է մատչելի խաղաղ հարաբերությունների ընթացքը:
Կարդալ նաեւ․․․
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առաջին անգամ է, երբ տարին՝ թե՛ գնացողը, թե՛ գալիքը,…
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. անհրաժեշտությո՞ւն, թե՞…
Նորայր ԱԴԱԼՅԱՆ Ինձ թվում է՝ ավելի կարևոր հարցեր ունենք. արտագաղթ,…
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիայում գյուլենական պիտակով բռնությունների ալիքը գնալով նոր թափ է հավաքում:…
