Արդի հայ հրապարակագրությունը հաստատում է հայրենիքի ներգոյությունը մտավորականի մեջ և մտավորականի հոգեկան ներկայությունը՝ իր հայրենիքում: Ինչ դրության մեջ էլ լինեն հայրենիքն ու ժողովուրդը, նրանց կողքին է միշտ՝ աչքից հեռացած-մտքից մոռացվա՞ծ, պատերազմից վիրավո՞ր, գոյի պահպանման մարտահրավերներում անլեզու տոկացո՞ղ, թե՞… Հարցն այն է, որ ներամփոփ ժողովուրդ ենք, և քաղաքացիական ակտիվությունը, մեղմ ասած, «մերը չէ»: Մեզ դարերով սպառնացել է ինքնապարփակման մեջ կարծրանալու վտանգը, մինչդեռ անհրաժեշտ էր բացվել աշխարհին ու աշխարհը բացել մեր մեջ: Այս տեսանկյունից անհնարին է թերագնահատել հրապարակագրության դերը՝ երկսայրի սուր, որ քաղաքականություն և գրականություն է միաժամանակ՝ կապված պետությանը, պետականության բազմադար բացակայությանը, ազգի պատմությանը: Եվ երբ իրագործում է իր իրավունքներն ու պարտականությունները, զարգացման խթան է ստեղծում: Ազգային կեցության խնդիրների համար լուծումներ առաջադրելով (իհարկե, այն չափով, որ գոյություն ունի)՝ ջարդում է պատմաշրջանի կարծրատիպերը, մղում կյանքի անմարդկային պայմանները փոխելուն: Հետամուտ է պետության բարեկեցությանը, հաղորդվում է ազգային անվտանգության, միջազգային և տարածաշրջանային խաղաղության պահպանման խնդիրներին: Միևնույն ժամանակ մեկնաբանում է գաղափարախոսության, մշակույթի առաջնային հարցերը: Օրինաչափ պետք է համարել վերջինիս կենսունակությունը. չէ՞ որ ներմուծվել է ռադիո, հեռուստատեսություն, կինոաշխարհ՝ ձևավորելով ռադիոհրապարակախոսություն, հեռուստահրապարակախոսություն, կինոհրապարակախո- սություն: Զգալի տարբեր են, սակայն, արտահայտման այդ երկու՝ լրագրական և գեղարվեստական մակարդակները: Լրագրողը թեման ներկայացնում է օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սկզբունքից ելնելով՝ առանց կարևորելու սեփական վերաբերմունքը, մինչդեռ գրողը համաժողովրդականացնում է խնդիրը՝ հետևելով, որ բարձրացված հարցը մատուցվի գեղարվեստականության չափանիշներին համապատասխան, մեկնաբանություն ստանա ազգային ճշմարիտ արժեքների արդար գնահատման տեսանկյունից: Հրապարակագիրը երբեք չի գրում տարերայնորեն՝ շրջանցելով գեղարվեստը, գաղափարը, նպատակը, ասելիք ունենալը, կենսափորձը, որ քաղել է կյանքից: Այս դեպքում նա և՛ վերլուծողն է, և՛ ընդհանրացնողը, և՛ տիպականացնողը, և՛ նրա ստեղծագործության համար պարտադիր են տեսական հարցերի քննաբանությունն ու քննադատությունը (հոդված, ակնարկ, ֆելիետոն, պամֆլետ, հրապարակախոսական նամակ, քաղաքական կտակ և այլն): Նման երկի հիմքը ազգասիրությունն է, որը սնունդ է առնում գրողի արյան բջիջներից, ժողովրդին սթափեցնող ձայնով մղում է ազգային շահերի պաշտպանությանը: Նորագույն ժամանակներում, ընդվզելով ազգային արժեքների ուծացման և նսեմացման դեմ, Ավետիս Ահարոնյանը, Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը, Պարույր Սևակը, Ստեփան Ալաջաջյանը, Վարդգես Պետրոսյանը, Զորի Բալայանը, Հրանտ Դինքը, Թորոս Թորանյանը, Հայկ Նագգաշյանը, Ռուզան Ասատրյանը, Նանեն և այլք, նշյալ լույսի տակ են հանդես գալիս՝ մեկնելով, թե ինչ դեր ու նշանակություն պետք է ունենա ազգայինը և որտեղ պետք է փնտրել համազգային ոգեղեն իդեալը, որը գիտակցվում, բայց և անտեսվում է:
Նախորդ դարասկզբին, երբ այրում էին պաշտածը, պաշտում այրածը, հրաժարվում նույնիսկ անցյալում միակ պաշտելի ֆիդայիզմից, Ավետիս Ահարոնյանը գրում և հրապարակում էր մանրամասն վերլուծական գրքեր, գործում բոլշևիզմը Հայաստանում «շիթիլ անելու» դեմ՝ դրա հետ չունենալով համաձայնության ոչ մի կետ: Նա վկայակոչում էր փաստերը. երկրում տիրում է «հոգևոր և բարոյական թալան». «տգիտությունը ղեկավարող է, դաժանությունը՝ մրցության առարկա, խաբեությունը՝ սրբագործված միջոց»11:
Բոլշևիկների հետևորդներին անվանում էր «անվարձ լրտեսների ոհմակներ», «քամելեոններ», «հողաթափեր կրծելու առաջին վարպետներ»: Ըստ նրա՝ բոլշևիզմը «հանցանք է, որ համբուրվում է ոճիրի հետ»: Համոզված էր, որ քանի դեռ ժողովուրդը արյունաքամ է լինում, պետք է հրապարակ հանել, մերկացնել բռնությունները, և անել այնքան, մինչև կույրերն էլ տեսնեն, խուլերը՝ լսեն. «Ես կուզէի,- գրում է ,- որ խօսքս վիթխարի ահազանգի պէս հնչուէր և գնար բաղխելու յիմարութեան և փարթամ բթամտութեան երկաթե դռները, որոնց յետևում մրափում են զգաստութիւնից թափուր խիղճերն ու հոգիները:
– Հայո՛ց աշխարհ, քե՛զ եմ ասում»:
Մարդկանց սոցիալական հարմարվածության ախտաբանական տեսակը իշխող մարդկանց հոգեբանության կառուցվածքում առաջատար էր դարձրել այլ մարդկանց և իրադրություններն իրենց անձնական շահերին ծառայեցնելու դիրքորոշումը: Կատարվողը մինչև վերջ իմաստավորելու ցանկությամբ՝ Ահարոնյանը մարգարեանում էր ամբողջ համակարգի վախճանը. «Բոլշևիզմը պիտի ընկնի ու անհետանա, որպէս հակասութիւնների, կեղծիքի, ստի, մաքիաւելիզմի մի այլանդակ սիստեմ» 22:
Նույն եզրակացության է հանգում Ե. Չարենցը: Նա, ով Լեռ Կամսարի բնութագրությամբ՝ սեպտեմբերը թողած՝ Հոկտեմբերի երգիչ դարձավ, շեփորեց «ուռած շոգ կոնք, կակուղ միս, կիրք, արնահամ բուրմունք»33, ի վերջո ստիպված էր փրկություն-ազգ-առաքելություն քարոզել. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» («Պատգամ»), այսինքն՝ բոլշևիկյան տիպի բարոյալքման դեմ՝ ազգային ուժերի ամրապնդում:
Ինչպիսի՛ տառապանք և ինչպիսի՛ հաղթանակ անցյալի դեմ:
Բայց եթե նախորդ համակարգը շահագործողական էր, ապա ի՞նչ ասել շուկայական վայրի տնտեսության պայմաններում ապրելու և մեր օրերի կենաց անցուդարձի մասին, երբ արմատապես փոխվել է ժողովրդի արտաքին քաղաքականության ընթացքը («Ազգը նույնպես կարող է մի վիճակից մյուսին անցնել»): Գաղափարի ավանդույթը և կոչումով հասարակական գործիչ լինելը ժառանգականության ուժով հաստատելով՝ մեր ժամանակակիցը՝ հրապարակագիր Նանեն (նաև բանաստեղծուհի) «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» (2015) գրքում արդի վտանգների դեմ բանաձևում է ազգ-հայրենիք կապի փիլիսոփայությունը. «Հայրենիքը նախ հոգու մեջ պետք է փնտրել»: Սեփական ճշմարիտ կարծիքը թաքցնելու տիրապետող մթնոլորտից Նանեն չի ընկրկում: Չէի ասի, թե դա սխրանք է, սակայն բացում է հրապարակագրի հստակ դիրքորոշումը մի պահի, երբ ազգը զանգվածային պսիխոզի մեջ է, երբ մենք վարժվել ենք մտածել, խոսել, գործել միայն մակերեսայնորեն, ինչու ոչ՝ հենց մակերեսին: Մինչ մակերեսի տակ գործում են աշխարհի առաջխաղացման վճռական ուժերը:
Նորայր Ադալյանը իրավացիորեն նկատում է. «Ոմանց կարող է թվալ, մանավանդ, իշխանական թևերից, որ Նանեն ընդդիմադիր է: Ես այդպես չեմ կարծում: Նրա խոսքի բուն իմաստը հանուն ժողովրդի է, հանուն արդար ու արժանապատիվ կյանքի, հանուն հայոց անկախ պետականության, որ դարերով երազեցինք հոգու ու մարմնի անլուր մաքառումներով, և այսօր, երբ այն մեր ձեռքում է, կարող ենք, Աստված մի՛ արասցե, կորցնել արտագաղթի և բարոյական գլխապտույտ անկումների ճանապարհին»44: Նանեի պահանջը ազգի անհատականացումը՝ տիպականացումն է համաշխարհային գլոբալացման ֆոնին: Մյուս բևեռը ազգայինի պատկերացումն է ինքնին, որովհետև նախքան ճանաչում ունենալը, ազգը գտնում է իր կերպավորումը, հետո քննություն է բռնում, առանց որի՝ մնում է մարդկային գորշ ու ծանրաշարժ զանգվածը, կողքին՝ մտավորականի ջղաձիգ ու անզոր ինքնահաստատումը:
Հրապարակագիր Նանեի հայեցակարգի սկզբունքային թեզը ներքին քաղաքական ընթացքի գնահատումն է: «Հայրենիքը չի կարող վերածվել բարուց և չարից անդին» մի տարածքի, «որտեղ ամեն բան կարող է արդարացվել»55: «Վաղուց է, շատ վաղուց,- գրում է նա,- որ իմ սիրելի քաղաքում համատարած աղքատության մեջ, որպես ծաղր, օր-օրի ավելացող շողշողուն պալատներից ու հյուրանոցներից շնչահեղձ, քայլում եմ օտարի պես: Այնպես որ, հեռուներում թափառական ազգակիցներս թող զուր չնախանձեն՝ սա շատ ավելի ծանր օտարություն է սեփական հողի վրա»66 (էջ 45):
Ազգի մասին, ինչ խոսք, կաղապարներով չեն կշռադատում, այլ քաղաքական և մշակութային մակարդակով: Հարց տվեք հասարակ հայ մարդուն, թե մեր երկրում որտե՞ղ է տեսնում թերություններն ու առավելությունները: Որտեղի՞ց են նրա գաղափարները և կտեսնեք, որ նրա կրթությունը մեծ դեր չի խաղում. նա խորապես գիտակցում է հայրենիքի կնճիռները: Եվ ո՞րն է մեծ խնդիրը. ժողովուրդն արտագաղթում է:
Այս օրինաչափությունից ելնելով՝ Նանեն առաջադրում է ազգապահպանության իր ծրագիրը:
– Պետք է մեկ անգամ և ընդմիշտ թողնել այն ցնորքը, թե օտարների միջոցով պետք է կառուցենք մեր տունը, երկիրը.
– Պետք է ամրացնենք մեր թիկունքն ու ճակատը:
Պետության արտացոլման լավագույն ձևն ու միջոցը էլիտա-մտավորականություն-ժողովուրդ «բուրգի» առանձին միավորների փոխադարձ ըմբռնումն է: Մի՞թե պետությունը չի կորցևում իր հեղինակությունը, երբ քաղաքացիական իրավունքի տարրական սկզբունքները վերաճում են անհատական հարաբերությունների խաղի. «Որտեղի՞ց, ինչպե՞ս են մեր մեջ անպայման ու միշտ հայտնվում նմանները՝ անխղճմտանք, անդեմ, սեփական գրպանի թվաբանության աճման անհագուրդ տենչով բռնված, սեփական շահով միայն ամենայն բան ծանրութեթև անողները…»(էջ 45),-քննում է Նանեն:
Մեզնից, ցավոք, հեռացել է այն պարզ դատողության ըմբռնումը, որ անձի հաստատուն բարեկեցությունը նվաճելի է միայն հանրույթի բարեկեցության նվաճման միջոցով: Պետք է զգուշանալ, երբ «մեր մանուկները օտար ափերի երազներով են քնում ու արթնանում», նրանց հոգեբանության մշակույթն արտահայտվում է ոչ թե հայրենիքի ապրումների, դատողությունների ու դրանից բխող գործունեության, այլ որևէ ուրիշ երկիր գաղթելու և այնտեղ ապրելու միջոցով: Նրանք հարմարվողականության ծնունդն են՝ ապագա կիսահայեր, որոնց համար հայրենիք, ազգ, լեզու այնքան էլ կարևոր չեն: Դա ոչ միայն ապագա արտագաղթի ցուցանիշ է, այլև խառն ամուսնությունների պայման, ոչ միայն հարմարողականություն է, այլև՝ ձուլում: Սա նշանակում է, որ ազգերի համաշխարհային խճանկարի վրա մենք մեր առանձին խճաքարը դնել չենք կարողանալու. հատիկ-հատիկ փոշիանալով՝ ընտրում ենք դանդաղ մարելու ճանապարհը…
Քննադատի վերցրած նյութը կաղապարված չէ որևէ կուսակցության շրջանակով, խեղաթյուրված չէ «քաղաքակիրթ» աշխարհի տարբեր իզմ-երով, աշխարհայացքի արդիապաշտ ներթափանցումներով: Նա անաչառ է, աննախապաշար բոլորի հանդեպ՝ իշխանության, ժողովրդի, գերտերությունների՝ որտեղ էլ ի հայտ գան ազգայինի կոտորակված չափանիշները.««Մենք փո՞քր ազգ ենք»…Ո՛չ, սիրելինե՛րս, մենք մեզ փոքրացնող ազգ ենք: …Ազգը, նախ, ոգեղեն գոյություն է, ուրեմն, նախ, հոգին պետք է մեծ ու զորավոր լինի» (էջ 47):
Սրա կողքին հնչում է ավելի խիստ քննադատությունը. «Մենք մեր հիվանդությամբ հիվանդ ազգ ենք… օտարի հանդեպ միայն վախը, հարգանքը, քծնանքը, որի շաղախից ժամանակի ընթացքում ինչ-որ «սիրո» նման մի բան է ստացվել՝ և՛ արհամարհանք, և՛ անհանդուրժողականություն, նախանձ ազգակցի հանդեպ» (էջ 97):
Դրամատիկ լարվածությունը, որն առհասարակ բնորոշ է քաղաքական ծանր վերլուծություններին, այնուհետև որոշակի մեղմանում է հեղինակային դիրքորոշման այլ արտահայտումներում. «Մենք նահանջելու տեղ չունենք, ուրեմն՝ չպետք է մտածենք պարտվելու մասին» (էջ129-130), «Արցախը զենք էլ չուներ, երբ մարտի ելավ՝ հավատով, որ հաղթելու է…ու հաղթեց» (էջ54): Ապա խորհուրդը՝ կարելի է սովորել օտարից էլ, եթե անհրաժեշտ է. «Մարդու հնարավորություններն անսահման են», «Լավ է շատը և լավը», «Ավելի լավ է լինել առողջ և հարուստ»,«Հաղթանակ` հանուն կյանքի, բայց կյանք՝ հանուն հաղթանակի», «Օգնեք միմյանց, եթե անգամ ատում եք իրար» էջ130): Ըստ ամենայնի՝ հայ ազգի կերպավորումն ամբողջական է դառնում նրա բնավորության գծերի և հոգեբանական հատկանիշների հակասական պատկերի մեջ, որը դեռևս ընդունակ է հավատ ներշնչելու ապագայի հանդեպ: Կգրվի՞արդյոք 22-րդ դարում հայ ազգի կերպավորման պատմությունը: Եվ ինչպիսի՞ն կլինի նա:
«Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» ժողովածուի քաղաքական թեմաների մեջ ուշագրավ մեկնաբանության է արժանանում նաև ցեղասպանության հոգեցնցման հիշողությունը, հեղինակի՝ դրանից բխող թախիծով, որը ցասման է վերածվում այն բանի համար հատկապես, որ Թուրքիան և և Միացյալ Նահանգները ցեղասպանությունը չեն ամրագրում՝ որպես պատմական փաստ: Հայ-թուրքական կնճիռի հետևանքով հայտնվում ենք անհաղորդ մոլորակում, նվազում է ազգերի փոխշահավետ համագործակցության արդյունքի ջերմությունը: Հետաքրքիր է այն երևույթը, թե ինչպես է բանաստեղծուհուն փոխանցվել սերն անծանոթ վայրերի նկատմամբ, ընդ որում՝ ոչ թե ուղղակիորեն, այլ՝ ենթագիտակցաբար: Վանը, Կարսը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին, Վանա ծովը, Պոլսի հայոց պատրիարքարանը, Անդաստանի կարգը, Արարատի լանջը-բոլորն էլ էթնիկ գիտակցության ֆետիշներ են նրա գիտակցության մեջ և մեր տնօրինությունից դուրս: Ցեղասպանությունը, անկախ տարիքից, արմատացած է հայի ենթագիտակցության մեջ: Հոգեցնցման միջսերնդային փոխանցումն ի հայտ է գալիս, երբ հասուն տարիքում նորից այցելում ենք Արևմտահայաստան, ուր իմաստավորվում է անցյալը, վերասահմանվում ազգային ինքնությունը, սուգը հասցվում է լրումի, թեև ցեղասպանության հերքումն արգելակում է սուգն ամբողջացնելը, որի հետևանքով հարատևում է, արտահայտվում ցասմամբ ու վշտով: «Արդեն մեկ դար է,- գրում է Նանեն,- որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է, մեր երկրի և Սփյուռքի հայության ջանքերի գնով փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդ բառն է՝ Աստծո պատկերով և նմանությամբ արարվածը, և, ուրեմն, նրան առաջնորդողները պետք է լինեն արդարությունը, մարդկային արժեքները, բարու և գեղեցիկի լույսը…»: Տրամաբանությունը վրեժխնդիր է, քանի որ «Իրենց ավելի հարազատն ու սրտամոտը տմարդն է պարզապես…» (էջ 37):
Ամփոփելով ասվածը՝ նշենք, որ Նանեի հրապարակագրությունն ազգի իրավունքների խախտումների դեմ պայքարի հզոր միջոց է: Օրինաչափ է, որ նա 2015-ը անվանում է հարության և շարունակության տարի:
«Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գրքի հեղինակը հրապարակագրությանը ճշգրիտ քաղաքական գիտելիք է ավելացնում: Գիտակցում է, որ տրամաբանությանը պետք է նաև գեղագիտություն հավելել: Գեղագիտական պատկերով ուղեկցվող քաղաքական սկիզբը բախվում է ազգայինի հակադիր ուժին՝ համահարթեցմանը, որը թեմատիկ նոր լուծումներ է բերում, տեսական-քննադատական վերլուծության առանձին ուղղություն մատնանշում: Հրապարակագիր Նանեի արտահայտման կերպը, եթե կարելի է այդպես բնութագրել, ճշգրիտ քաղաքականության և բանաստեղծական երևակայության արդյունքն է, որը բացահայտում է «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գրքի մեթոդը: Վերջինս, իր հերթին, էապես այլ վերլուծության նյութ է արդի հայ հրապարակագրության հետազոտողի համար:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ա. Ահարոնեան, «Ահազանգը», Երեւան, 1931 թ.:
2.Լեռ Կամսար, «Ազգային Այբբենարան», Պէյրութ, 1954:
3.Ն. Ադալյան, «Նանեի անանձնական հրապարակագրությունը», «Գրական թերթ», 20.09.2013թ.:
4.Նանե, «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը», Երևան, 2015 թ.:
Հայկ Նագգաշեան, «Խճանկար կէս դարու հրապարակագրութեան» (1957- 2009), Փարիզ, 2009 թ.:
Ստեփան Ալաջաջեան, «Հայ մամուլի էջերում» (1957-2005), Քալիֆորնիա, 2008 թ.:
Ռ. Ասատրյան, «Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ», Երևան, 2009 թ.:
Ю. Богдарев, „Публицистика мгновения“, Советская литература, Москва, 2008.