ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարծում եմ, աներկբա և համոզիչ էր պատասխանել ներկայացված հարցերին («Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանին», «ԳԹ» թիվ 27), սակայն թեման այնքան տարողունակ ու արծարծված է, որ այնուամենայնիվ մի բան ասելու, ինչ-որ միտք հավելելու ցանկություն է առաջանում: Առաջինն այն, որ իսկապես. հո նորից հեծանիվ չենք հորինելու և ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ բառն արդեն իսկ ասում է, որ դա գիտություն է գրականության վերաբերյալ, և, բնականաբար, գրականագետն էլ պետք է լինի իր խնդրո առարկայի (իմա` գրականության) իմացողը, գետը, և հրաշալի կլինի, թե որ նաև` գիտնականը: Մինչդեռ մեզանում գրականագիտությունը վաղուց դադարել է այդպիսին լինելուց, ասել է թե, իր կոչմանը ծառայելուց: Որպես կանոն, երբ որևէ գրականագիտական նյութի կամ գրախոսության վերևում կարդում ես գրականագետի անուն-ազգանունը, արդեն իսկ, առանց նյութը կարդալու, գիտես, թե ում է «ծառի ծերը հանելու» և ում է «ցեխը կոխելու» կամ, լավագույն դեպքում, փնովելու, չհավանելու:
Ինչպես հարցազրույցում է ասվում. «Մեր վերաբերմունքը գրականության հանդեպ մնացել է հավանել-չհավանելու, լավ-վատ մակարդակին»: Ֆուտբոլասերները կհիշեն, Ճաղարյան ազգանունով մրցավար կար, որ իր ամենազոր «պապայի» հովանավորությամբ ոչ թե թիմի ցուցաբերած խաղին էր մրցավարական գնահատական տալիս, այլ իրենց կողմից սիրված կամ չսիրված մարզչին, ղեկավարությանն էր օգնում կամ պատժում: Մեր գրականագետներից շատերն էլ Ճաղարյանի նման են. ոչ թե գրականության ինչպիսի լինելն են գնահատում, այլ հեղինակի ՈՎ ԼԻՆԵԼԸ… Հակառակ դեպքում մեր հարգելի «Գրական թերթում» մեկ-մեկուկես մամուլանոց գրախոսականներ չէին տպագրվի միջին կամ միջին-մի քիչ պլյուս մակարդակի հեղինակների (ոչ թե նրանց ստեղծագործության) մասին…
Ավելի ցավալի է, որ ոմանք վաղուց գրականությանը, գրքին վերաբերվում են ճիշտ և ճիշտ «շուկայական» ընկալումներով և շարունակ դիտարկում, թե որ գրքից քանի հատ է վաճառվել: Այս առումով, իմ երիտասարդ բարեկամ Արքմենիկ Նիկողոսյանին ասեմ, որ երբեմն շուկայում ավելի շատ անորակ ապրանք է վաճառվում, քանզի որակյալը թանկ արժե ու բոլորի գրպանի բանը չէ: Կոպիտ ասած. լավ գրականությունն էլ թանկ է ու բոլորի մտքի ու խելքի բանը չէ: Եթե այսպես էլ մտածենք, ուրեմն լավն է այն գիրքը (ապրանքը), որից քիչ է վաճառվել, սակայն շատ ու քիչ վաճառվածությամբ չեն որոշում գրական գործի, գրականության մակարդակը: Ես, իմ գրչընկերներից շատերը հիմնականում նվիրում և հազվադեպ ենք վաճառում մեր գրքերը: Ստացվում է, «բիզնեսային» չենք, ուրեմն բոլորովին գրող չենք, հա՞…
Գիտեմ, որ ոմանք պիտի զարմանան, քննադատեն կամ տարօրինակ համարեն գրածս, բայց մտածել եմ միշտ, մտածում եմ ու պիտի ասեմ… Եկեք մոտենանք գրքի, գրականության հետ շատ թե քիչ աղերս ունեցող կամ ընդհանրապես չունեցող ցանկացածին ու հարցնենք. «Ո՞վ է հայ ամենալավ գրողը»: Կասկած անգամ չունենաք, որ երկար չմտածված պատասխանը լինելու է. «Հրանտ Մաթևոսյանը, էլ ո՞վ»: Համոզված չե՞ք արդյոք, որ պատասխանողների գերակշիռ մասը Հրանտից հազիվ որևէ գործ է կարդացել կամ կարդացածից (հատկապես կյանքի վերջին տարիներին գրված) որևէ բան է հասկացել:
Ես ձեր ցավը տանեմ, գրականագետներ ջան, գրասերներ ու գրքասերներ ջան, էլի «ծառի ծերը հանեք» կամ «ջարդեք», բայց միայն ու միայն կարդալուց հետո, իմանալ-ճանաչելուց հետո… Թե որ ազնիվ, իսկապես գրական արժեքներ գնահատող գրականագետներ եք, ինչո՞ւ արդեն քանի՜ տարի, արդեն շա՜տ վաղուց Աբիգ Ավագյանի, Կարպիս Սուրենյանի ու էլի շատ, հանիրավի մոռացության տրված, գրողների մասին ոչ մի տող չեք գրում, վերլուծության չեք ենթարկում նրանց իսկապես հրաշալի ստեղծագործությունները:
Ասածս ինչամտություն ուզում եք համարեք, բայց գիտեմ, որ ձեզնից շատերը ինձնից ու էլի բազմաթիվ գրողներից մի տող անգամ չեն կարդացել: Կարդացեք, էլի, գուցե մենք ենք ձեր ասած «ամենատաղանդավորը», կամ էլ թե ապաշնորհ ենք` ցեխը կոխեք, բայց միայն կարդալուց, ճանաչելուց հետո:
Ըստ իմ բարեկամ Արքմենիկի, ստացվում է, որ «Անտարես» իսկապես շատ լավ հրատարակչության տպագրածները «պուպուշ են», իսկ այլ տեղ տպվածները` «քըխ»:
Պիտի խոստովանեմ, որ մի անգամ էլ ես գայթակղվեցի «պուպուշների» շարքն անցնելու հեռանկարով և ժողովածուիս մեքենագրերը հանձնեցի այդ հրատարակչությանը, իմանալով նաև, որ Արքմենիկը դրականորեն է վերաբերվում իմ ստեղծագործություններին: Մի քանի ամիս սպասելուց հետո պատասխանեցին. «Լավ գործեր են, բայց հրատարակչության համար ֆինանսապես շահավետ չեն»: Այսինքն` շուկայում լավ չեն վաճառվի, այսինքն` դարձյալ գիրքն ու լոլիկը նույն նժարին…
Անվերջանալի գովեստներով անվերջանալի գրախոսականներ են գրո՜ւմ, հեռուստաշարքեր են ստեղծո՜ւմ, իրենց ճաշակի, իրենց չափանիշներին համապատասխան նշաձողեր են դնում ու հայտարարում. «Սա է լավագույն գրականությունը», Պողոսն ու Պետրոսն էլ համաշխարհային գրականության պայծառ աստղեր են: Նշաձող են դնում, ու չես հասկանում, թե քանի՞ մետրից, որտեղի՞ց պետք է լինի թափավազքդ: Եվ ո՞վ է ճիշտ լինելու, ո՞ւմ ենք արդար համարելու, եթե մի գրականագետ, օրինակի համար, ինձ «ջարդի», իսկ մյուսը «Պառնաս» հանի, կամ էլ հակառակը…
Այսպես չէր լինի, եթե գրականագիտությանը, գրախոսությանը վստահեին, եթե գրախոսները հեղինակներին չանձնավորեին, «յուրայինի» և «օտարի» բաժանած չլինեին: Ի վերջո, գրախոսությունը, գրականագիտության կարծիքը ինչ-որ տեղ պարտադրանք է, այլա-բազմակարծության ուղղորդում և, կամա թե ակամա, սահմանափակում:
Ո՞րն է լավ կամ վատ գրականության չափորոշիչը: Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ «Կա մոտ 20 չափորոշիչ, որոնք ներկայացնում են գրողին»: Ծանոթ չեմ, չգիտեմ, որոնք են այդ չափորոշիչները, և իմ կարծիքով, ոչ մի չափորոշիչ էլ չպետք է լինի, մանավանդ, որ փոխվում են ժամանակները, փոխվում են նաև պահանջներն ու «չափորոշիչները», և այն, ինչ այսօր «Այո» է, վաղը կարող է «Ոչ» լինել կամ հակառակը, ուստի գրականության չափորոշիչը միայն ու միայն ընթերցողն է (եթե գտնվի)` իր հարափոփոխ ընկալումներով ու մանավանդ ճաշակով, որոնք էլ իրենց հարափոփոխությամբ չեն կարող մշտակա չափորոշիչ կամ կանոն լինել:
Դարձյալ դառնամ իմ բարեկամ Արքմենիկին: Եթե նա համարում է, որ գիրքն ապրանք է և դրանով իսկ շուկայական «պրոդուկտ», ապա այս մտածելակերպով ինչ-որ տեղ ընդունելի է «գիրք-ապրանքի» գովազդը, սակայն առանց «էստի համեցե՜ք, իմը լավն է, նրանը` վատը» գոռալու, նամանավանդ, եթե «քոնը» լավն է նույնիսկ, ապա դեռ չի նշանակում, թե «իմը» վատն է: Այս «էստիհամեցեքությունը» նաև մի թյուր կարծիք է ստեղծել, թե լավ, ժամանակակից գրականությունը միայն մայրաքաղաքում է ստեղծվում: Թերևս համաձայն եմ, որ, այո՛, մայրաքաղաքայիններն են շատ տպագրվում, բայց դա արդյո՞ք այն պատճառով, որ այստեղ իսկապես բարձրարժեք գրականություն է ստեղծվում, թե՞ պարզապես այստեղ ավելի մոտ ու հասանելի են հրատարակչություններն ու խմբագիրները, ինչո՞ւ չէ, գումարած նաև ոմանց համառությունն ու պնդերեսությունը…
…Իսկ իմ ապրելատեղից մայրաքաղաք հասնելու համար առնվազն պետք է 10 հազար դրամ ծախսեմ, այն էլ հարց է` «ժամանածս» օրը արդյո՞ք կզարկեմ թիրախին…
10 հազար դրամ ասացի ու հիշեցի նաև «Պետպատվերի» շուրջ ծավալված տարաձայնությունները: Իսկ ինչո՞ւ ամբողջովին պետպատվերով չտպագրել սահմանին ապրող, ամենօրյա կրակոցներից ու վտանգներից գրելու, ստեղծագործելու համար նույնիսկ ժամանակ ու տրամադրություն չունեցող, խրամատում կամ հրադադարների ընթացքում ծնկի վրա միտքը մի կերպ շարադրած, գիրք դարձրած գրողներին: Հը՞, մայրաքաղաքաբնակ իմ գրչեղբայրներ, յուրաքանչյուրդ հրաժարվեք պետպատվերի ձեզ հասանելիքի մեկ մամուլից, և սահմանապահ գրողները իրենց միջոցներով չեն տպագրվի: Ի՞նչ կասեք…
Ասելիք շատ կա, չեմ էլ կարծում, թե ասածս «հալած յուղի տեղ» պիտի ընդունվի, բայց, կարծում եմ, շատերդ կհամաձայնեք, որ իսկական գրականությունը, բարձրարժեք գիրքը ո՛չ բարձրացատկի մրցում է և ո՛չ էլ շուկայում վաճառվող լոլիկ, և այն պետք է կարողանա տեղավորվել գրականա-ԳԻՏՈՒԹՅԱՆ և գրականա-ընթերցողության համերաշխ, երկուստեք ընդունելի մեջտեղում…