Ադրբեջնական ԶԼՄ-ներն այս անգամ էլ խառնվել են դաղստանյան «Ռիա Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում մեկ անգամ ևս բարձրաձայնվել է, որ Ադրբեջանն է պատասխանատու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրանքների համար: Որ ազերիները սադրանքի «վարպետներ են»` դրսևորվեց հուլիսի 4-ին, երբ ազերի ԶԼՄ-ները նույն գիշերն իսկ վայնասուն բարձրացրին հայկական կողմի կրակահերթի հետևանքով քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ: Այն տպավորությունն էր, թե ազերիներն արդեն գիտեին, որ նման մի բան պիտի լիներ: Արդեն իսկ հաջորդ օրը բազմաթիվ, առաջին հերթին թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում էր փոքրիկի արյունոտ լուսանկարը` սադրիչ շահարկումներով: Մի քանի ժամ անց հասցրել էին հաղորդագրություններ ուղարկել միջազգային բոլոր կազմակերպություններին, անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նույն պահանջով` «Միջազգային հանրությունը պետք է պահանջի Հայաստանից անմիջապես դուրս բերել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Եվ ոչ մի մանրամասն, ինչն առնվազն տարօրինակ է ալիևյան քարոզչամեքենայի պարագայում, որի հիմնական գործառույթը ստահոդ մանրամասներով լուն ուղտ ներկայացնելն է: Պաշտպանության բանակի ներկայացրած տեսանյութում երևացող տունը, որի մերձակայքում տեղակայված էր ազերիների բազմակողմանի հրթիռային համակարգը, պայթեցումից հետո էլ կարծես վնասված չէր, այսինքն` տանը տատն ու թոռը պաշտպանված կլինեին: Ուրեմն` նրանք եղել են դրսում և զինվորների կողքին, ինչն անհավանական է: Հիշելով Խոջալուի դեպքերը` կարելի է ամեն ինչ ենթադրել, փորձելով հասկանալ, թե իրականում ինչն ինչպես կարող է եղած լինել, և թե որքան է ազերիների կողմից փաստերը նենգափոխելու մասնաբաժինը: Ադրբեջանն այն երկիրն է, որը վաղուց է հատել տոտալիտարիզմի սահմանը, որտեղ հասարակությունը հավերժորեն տեղեկատվական շրջապատման մեջ է, զուրկ ճշմարտությանը հաղորդակցվելու չնչին իսկ հնարավորությունից: «Տոտալիտարիզմը ձգտում է ոչ թե իր հրեշավոր իշխանությունը հաստատել մարդկանց վրա, այլ այնպիսի համակարգ ձևավորել, որտեղ մարդիկ բոլորովին պետք չեն» (Հաննա Արենդ): Որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ժողովրդին որպես մսաղացի միս է դիտարկում, ակնհայտ իրողություն էր արդեն Ապրիլյան պատերազմի օրերին: Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Տեոհարուսը, անդրադառնալով հուլիսի 4-ի դեպքերին, նշել է, որ «Ալիևի հետադիմական ռեժիմը, որտեղ սովորական մարդկային կյանքն արժեք չունի, հրադադարի ռեժիմը խախտելիս կրկին իր հասարակությանը որպես կենդանի վահան է օգտագործել: Ադրբեջանի անմարդկային կառավարության ներկայիս քաղաքականությունն է` արհամարհելով էթիկայի նորմերը, քարոզչական նպատակներով շահարկել հասարակ մարդկանց ողբերգությունը»: Վերջին միջադեպը հենց այդ շղթայի օղակներից մեկը պիտի դիտարկել, որը, սակայն, այնքան էլ չցնցեց միջազգային հանրությանը և ազերիների սպասված արդյունքը չապահովեց: Փոխարենը ներքաղաքական կյանքում նոր լիցք էր հակահայ ռազմատենչ հռետորաբանությանը, որն առանց այդ էլ հասել է իր գագաթնակետին: Պատգամավոր Արազ Ալիզադեն շտապեց հայտարարել, որ Բաքուն պետք է դուրս գա Մինսկի խմբի գործընթացից և պատերազմ հայտարարի Հայաստանին. «Եվ այդ պատերազմը պետք է լինի կայծակնային ու Հայաստանի համար կործանարար»: Ինչպե՞ս… Շատ փորձագետներ ու վերլուծաբաններ նշում են, որ Ադրբեջանը, մի շարք ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված, այսօր պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, թեև երբեք չես իմանա, թե Ալիևի գլխում թափառող քամիները երբ և ինչ ուղղությամբ կարող են փչել: Ապրիլյան պատերազմը այն լակմուսն էր, որը թույլ տվեց կյանքի փորձով իրականությունը գնահատել, հասկանալով, որ մի անգամ ջուրը մտնողը փորձելու է էլի մտնել, մինչև կխեղդվի կամ կհաջողի մյուս ափն անցնել, և ամեն պահի պիտի սպասել նրա նոր փորձին: Իրավիճակի գնահատման առումով թերևս խորհրդանշական է Հոլոքոստը վերապրած հրեա կնոջ խոսքը. «Հիշեք միշտ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ տեղ խոստանում է սպանել ձեզ` հավատացեք նրան: Մի՛ տրամաբանեք, ինչպես անում էինք Հոլոքոստից առաջ, իբր, նրանց քաղաքականությունն է այդպիսին, իբր, իրականում իրենք լավն ու բարի են, որ այդ ամենը հենց այնպես են ասում: Երբ նրանք խոսքից գործի անցնեն, արդեն ուշ կլինի»:
Կարդալ նաեւ․․․
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միշտ համոզված եմ եղել, որ ժամանակը հենց հավերժություն է, որ…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Վերջերս էր, իսկ ավելի ճիշտ, սեպտեմբերի 3-ից հետո, զրուցակիցս` անսահման…
ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ… / Սամվել Կոսյան
«Հյուրիյեթի» սյունակագիրներից Ունալ Չևիկյոզը, անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպանի…