Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» գիրքը ընթերցողի սեղանին դրվեց 1992թ.-ին, երբ հայի առջև հերթական անգամ ծառացել էր գոյի` լինել-չլինելու կենսական խնդիրը: Նորաստեղծ հայրենիքի սահմաններից այն կողմ պատերազմ էր. երկնքից «փամփուշտների հորդառատ անձրև» էր տեղում, ամենուրեք կրակոցներ էին, իսկ սահմաններից այս կողմ ցրտաշունչ ձմեռն էր իր հացի անվերջ հերթերով ու ցույցերով: 1988 թվականի երկրաշարժից անցել էր ընդամենը չորս տարի, աղետի բերած վերքերը դեռևս թարմ էին, ու հայ ժողովուրդը ապրում էր համատարած ցավի ու անորոշության մթնոլորտում:
«Հրեշտակներ մանկության երկնքից» գիրքը դառնում է այդ օրերի արձագանքը: Նրանում ներառված գործերի մեծ մասը (որոշները գրվել էին դեռևս 1960-ական թվականներին) սնվում է այդ կյանքից, սերում պատերազմող ու նորանկախ հայաստանյան իրականությունից:
Բանաստեղծությունների պատմական հենքը դառնում է վերոնշյալ իրականությունը, բայց ելնելով հեղինակի նախընտրած գեղարվեստական մեթոդի, այն է` սյուրռեալիզմի օրենքներից` կյանքի տարաբնույթ առարկաներն ու երևույթներն, անցնելով հեղինակի պրիզմայի միջով, իրենց արտահայտությունն են գտնում իրականության մեկ այլ հարթության մեջ` Հովհաննես Գրիգորյանի պայմանական աշխարհում: Այս առիթով ակադեմիկոս Ս. Սարինյանը գրում է. «Բանաստեղծը իրական աշխարհի և պայմանական աշխարհի արանքում է և իրական աշխարհի ընկալումները անդրադարձնում է պայմանական աշխարհի փոխաձևությամբ, ընդհուպ մինչև միստիկական խորհրդավորություն և պատրանքի միֆոլոգիան»1:
Գրիգորյանական այդ երկու աշխարհների խաչման կետերում սովորական երևույթները ստանում են լիովին այլ դրսևորումներ ու արտահայտություններ: Պատերազմական օրերի իրականությունը` որպես բանաստեղծական պատկերի բովանդակություն, իր արտահայտության պլանում կերպավորվում է իբրև ոչ սովորական, որոշ դեպքերում անգամ` ամբողջովին հակառակ իրողություն: Պայմանական աշխարհում կյանքը սկսում է հակառակ հունով ընթանալ, ու Հայաստանի ծանր առօրյան Հովհ. Գրիգորյանը կերպավորում է որպես շրջված իրականություն, կերտում սյուրռեալիստական պատկերներ` իրական աշխարհի համար անսովոր ու հակասական օրինաչափություններով.
Ուր ծառերը գլխիվայր են աճում` արմատները//երկինք պարզած և պտուղները //հողի մեջ, ինչ-որ տեղ, խորքերում,//իսկ գետերը հոսում են լեռներն ի վեր//և հանգստանում են միայն հասնելով ամենա-ամենաբարձր գագաթին…//Ուր մարդիկ ծնվում են ծերացած//և ապա, տարիների հետ դանդաղորեն մանկանում2:
Գրիգորյանական աշխարհում խախտվում են կյանքի օրենքները, փլվում են իրականության հաստատուն հիմքերն, ու սովորականը դառնում է արտասովոր, արտասովորը` սովորական:
Շրջված աշխարհի, արմատները վեր աճող ծառի ու հակառակ հունով հոսող գետի փոխաձևված տարածության մեջ հեղինակը տեղադրում է փոխաձևված կերպարների, բնակեցնում այն գլխիվայր շրջված բնակիչներով:
Երեխաներ-իմաստուն խոհերի մեջ խորսուզված,//կանայք-դաժան ու խստաշունչ պահվածքով,//տղամարդիկ-որ ասեղնագործում են օրնիբուն,// ծերունիներ- մանկական խաղերով տարված: («Չկա») (էջ 20):
Իրական կյանքը բեկվում է Հովհաննես Գրիգորյանի պրիզմայով ու ներկայանում ամբողջովին ուրիշ լույսի ներքո:
Պայմանական աշխարհում այլ արտահայտություն են ստանում նաև ժամանակն ու տարածությունը: Գրողը երկու հարթություններում խախտում է դրանց ընկալումները` բերելով անհամապատասխանության:
Գրքի առաջին` «Մի քիչ հող, բայց ընդհանրապես` քարեր» շարքում որպես գործողության տարածական պլան պատկերելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունը` Հովհ. Գրիգորյանը իր կերտած պայմանական հարթությունում գծում է դրա սահմանները: Այդ տարածության չափման միավորը դառնում է չորս քայլը. «Չորս քայլ վեր… սահման է: // Չորս քայլ վար… սահման» (էջ 7): Շարքը բացող «Աղոթք» բանաստեղծության քրոնոտոպը արտահայտում է ստատիկ դրություն. չկա շարժում, ու քնարական ապրում-գործողությունները ծավալվում են նախապես գծված տարածքում` չորս քայլի կտրվածքով` արտահայտելով ոչ թե տրամաբանական շարժում կամ գործողություն, այլ` վիճակ, դրություն: Ասվածի արտահայտությունն են դառնում նաև բանաստեղծության մեջ կիրառված բայերն ու դրանց եղանակաժամանակային արտահայտությունները, որոնք նույնպես իրենցից շարժում չեն ենթադրում:
Դրույթը փաստելու համար դիտարկենք բանաստեղծության բայական համակարգը.
Չորս քայլ վեր… սահման է://Չորս քայլ վար… սահման://Աստված իմ,//այսքան էլ փոքրիկ հայրենիք,//այսքան էլ փոքրիկ//Հայաստան,//նորածնի բարուր է իսկական…//Նորածնի բարուրը գրկել եմ,//Աստված իմ, մոլորվել կանգնել եմ.//ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ-//Չորս քայլ վեր` ավեր ու մահ է,//Չորս քայլ վար` ավար ու թալան… (էջ 7):
Բանաստեղծությունում տեղ գտած ստորոգյալների մեծամասնությունը բաղադրյալ է` կազմված հանգույցից և այլ խոսքի մասից («սահման է», «բարուր է» «ավեր ու մահ է», «ավար ու թալան»): Շարահյուսական այս կառույցներն արդեն իսկ ենթադրում են ոչ թե գործողություն, այլ` դրություն, ստատիկ վիճակ` Հայաստանի տարածական պատկերը պայմանական հարթությունում:
Կիրառված պարզ ստորոգյալներից երկուսը («գրկել եմ», «կանգնել եմ») իմաստային առումով այնպիսի բայեր են, որոնց արտահայտած գործողությունները տարածական տեսանկյունից շարժում չեն ենթադրում, իսկ անել ու գնալ բայերը, որ կոնտեքստից դուրս դինամիկ իմաստ ունեն, տվյալ համատեքստում որպես լրացում ստանալով ի՞նչ և ո՞ւր հարցական դերանունները («ի՞նչ անեմ», «ո՞ւր գնամ»)` ձեռք են բերում աղոթքի պահին Աստծուն ուղղված հռետորական հարցի արժեք, ուստի պատկեր-ապրումի գործողության դաշտում իրենցից շարժում չեն ենթադրում: Բանաստեղծության բայական համակարգում մնում է միայն հրամայական եղանակով դրված ասա՛ ստորոգյալը, որն Աստծուն ուղղված հռետորական կոչ-դիմում է, հետևաբար նույնպես դուրս է գործողության պլանից:
«Աղոթք» բանաստեղծության մեջ ստատիկ վիճակով է պատկերվում նաև ժամանակը, որ միահյուսված է տարածությանը: Այն հանդես է գալիս տարածական երկբևեռ հարթության` չորս քայլ վեր և չորս քայլ վար չափումի սահմաններում: Նույն բաժանման մեջ կերպավորվում են նաև «ավերն ու մահը», «ավարն ու թալանը», որոնք դառնում են իրական աշխարհի, այն է` պատերազմող Հայաստանի Հանրապետության, ժամանակային փոխաձևումները Հովհ. Գրիգորյանի պայմանական աշխարհում:
Շարքի հաջորդ` «Եվ ի՞նչ աներ Աստված», բանաստեղծությունում չորս քայլի տարածական չափումը ստանում է նաև բովանդակային դրսևորում: Հայոց «փոքրիկ հողում» չեն տեղավորվում «Երջանկություն», «Խաղաղություն» երկար բառերն, ու տեղ են գտնում միայն «Ցավը», «Սուգը», «Լացը»: Բառախաղի այս հնարանքով հեղինակը տարածական պլանում որոշակի շարժում է մտցնում` ներկայի օրերին ու Հայաստանի Հանրապետության ծնունդին զուգահեռելով աշխարհաստեղծման ժամանակն ու երևան բերելով առասպելական մտածողություն: Բախվում են աշխարհընկալման ժամանակային երկու բևեռները, ու ստատիկ պատկերում երևան է գալիս շարժման դինամիկ երակ, որն իր արտահայտությունն է գտնում միայն Աստծո գործողություններում:
Հայաստանի ներկան անշարժ է, կայուն, կերպավորված ցավի, սուգի ու լացի բովանդակային շերտերով: Այն հանդես է գալիս ոչ թե իր արարման ընթացքում, այլ` որպես դրա կայացած, վերջացած արդյունք, որին ոչ թե նախորդում, այլ` հաջորդում է արարչագործությունը: Աստված ոչ թե ստեղծում է Հայաստանը, այլ արդեն ստեղծված «փոքրիկ հողին» փորձում է տալ բովանդակություն «Երջանկության», «Խաղաղության», «Ցավի», «Սուգի» և «Լացի» իմաստային հայեցակերպերով, որոնք էլ ապահովում են գործի դինամիկ կողմը:
«Հայաստան» բանաստեղծությունում փոխվում է տարածության չափման միավորը: Եթե «Աղոթքում» այն չորս քայլն էր, որ հանդիպադրվում էր դրան շրջապատող «ավերին», «մահին», «ավարին» ու «թալանին», ապա այստեղ Հովհ. Գրիգորյանը փոխում է իր դիտանկյունը` Հայաստանը կերպավորելով ոչ թե ինքն իրենով, այլ` աշխարհի համապատկերում. «քարտեզի վրա ընդամենը մի արցունքի կաթիլ»: Արցունքի կաթիլը դառնում է մի կողմից` տարածական չափում, մյուս կողմից` նույն «Ցավի», «Սուգի» ու «Լացի» պատկեր-արտահայտություն:
Հայաստանի տարածական ըմբռնումը փոխվում է` կախված համեմատության եզրերից ու կոնտեքստից:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,//փոքրիկ` ինչպես նորածին զավակ,//իսկ քարտեզի վրա//ընդամենը մի արցունքի կաթիլ… (էջ 9):
Երկրի չափերը զուգահեռվում են ծերացած մոր ու նորածին զավակի հետ: Հովհ. Գրիգորյանը այս համեմատության մեջ կիրառում է քրոնոտոպի յուրահատուկ դրսևորում: Որպես եզր ընդունելով մի կողմից` ծերացած ու նորից մանկան չափեր ընդունած մորը, մյուս կողմից` նորածին զավակին` համեմատության մակերեսային շերտում հեղինակը տալիս է չափի բնորոշումը, այն է` տարածության փոքրությունը: Դրան զուգահեռ, սակայն, առկա է նաև ժամանակային կողմը: Մայրն ու նորածին երեխան մարմնավորում են մարդու կյանքի ընթացքը` ծնունդից մինչև ծերություն` ծերության մանկություն, երբ կյանքի շղթան նորից վերադառնում է իր մեկնակետին` ընդունելով նույն չափերն ու կայուն դրությունը: Այս պարագայում ժամանակի դինամիկան կերպավորվում է տարածության ու չափի ստատիկայի մեջ: Այն կատարում է պտույտ, շարժում, բայց վերջին հաշվով նորից վերադառնում իր նախնական անշարժությանը:
Արցունքի կաթիլի սիմվոլը «Ահա ևս մի նոր գետ…» բանաստեղծությունում կերպափոխվում է Աղի կամ Արցունքի գետի: Հայաստանի չափման միավորը այս պարագայում դառնում է նույն քարտեզի վրա չգրանցված, «սովորական դաշտերի ու ամենասովորական լեռների միջով» հոսող արցունքի գետը, որ տարածության խորհրդանիշը լինելուն զուգահեռ խտացնում է իր մեջ նաև ժամանակի երեք բևեռները: Գետի հոսքը, որ արտահայտում է ժամանակային դինամիկա, նախ և առաջ հարաբերվում է ցավոտ ներկային: Ներկան բանաստեղծությունում կերպավորվում է ստատիկ ձևով` տարածական սիմվոլների` լեռների ու դաշտերի միջոցով: Լինելով այդ ներկայում և որպես գործողության հիմնական դաշտ պատկերելով ժամանակային այդ հարթությունը` գետի շարժումը կրում է իր մեջ նաև անցյալի հիշողությունը. «սկսում է բարձրաձայն հեծկլտալ// և խոսել ողբաձայն// ինչ որ մի հին ու տխուր լեզվով, որ հիմա ոչ ոք չի հասկանում…»:
Գալով անցյալից` ժամանակի աղի երակը ուղևորվում է դեպի ապագա: Հովհաննես Գրիգորյանը կառուցում է գալիքի իր տեսիլը, որի արտահայտության պլանն են դառնում «գեղեցիկ կամուրջները», «վոլվոները», «մերսեդեսները», «գույնզգույն ավտոբուսները` լցված զբոսաշրջիկներով»: Արցունքի կաթիլը վերածելով արցունքի գետի` հեղինակը պատկերում է «Ցավի», «Սուգի» ու «Լացի» դրսևորումները, բայց հանդիպադրելով դրանք ապագայի «գունեղ ավտոբուսներին»` կառուցում իր լավատեսությունը:
«Ում ինչ է թվում» բանաստեղծության մեջ կերպավորվում է արցունքի երրորդ դրսևորումը, որ կաթիլից ու գետից էլ ավելի է մեծացնում իր չափերը, դուրս գալիս սահմաններից ու դառնում ջրհեղեղ: Որպես գործողությունների ժամանակային դաշտ ընտրելով ապագայի պայմանական «մի օր»` «արևոտ ու տաք», «անտանելի շոգ մի օր», Հովհաննես Գրիգորյանը փլուզում է իր կերպավորած պայմանական Հայաստանի սահմանները: Ցավի դրսևորումը ստացած արցունքը, որով լցված են այդ տարածքում ապրող մարդկանց աչքերն ու կոկորդները, դուրս է գալիս իր բնական միջավայրից, մեծանում ու գետից վերածվում ամեն ինչի վերջին` «վերջին ջրհեղեղին», որն իր տակ է թողնում քրոնոտոպի բոլոր դրսևորումները` «բարձրահասակ շենքերն ու հնամաշ լեռները», այսինքն` անցյալն ու ներկան, խեղում կյանքը. «Եվ ջրի տակ կմնանք բոլորս, որովհետև հնարավոր չէ ապրել» (էջ 25):
Շարքը փակող «Երևի» բանաստեղծությունում ջրի սիմվոլը ավելի է մեծացնում իր սահմանները` հանդես գալով տիեզերքում, դառնալով տիեզերական ջրհեղեղ:
Սա շարքի միակ գործն է, որտեղ որպես տարածական հարթություն հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունից ավելի մեծ միավորներ` սկզբում աշխարհը, ապա տիեզերքը: Հայոց ցավը և Հայաստանը կերպավորվում է օտարի աչքերով` հեռուստացույցից այն կողմ: «Իրար կողք, // իրար մեջ ու իրար վրա», «ուս-ուսի, թև-թևի» ապրող բազում ազգերի համապատկերում հայը չի գտնում իր տեղը:
Այս բանաստեղծությունում գործողություններն ընթանում են երկու պլանով` հեռուստացույցի էկրանի զուգահեռ կողմերում` Հայաստանում ու դրան հետևող աշխարհում: Տարածական այդ բաժանումը բերում է նաև ժամանակի հոսքի խախտում: Էկրանի այս կողմում ժամանակի դինամիկ ընթացքն է` պատերազմը. «օրվա տարբեր ժամերին կոտորում են մեզ»: Հայաստանում ժամանակը հոսում է կյանքի ու մահվան պայքարի շարժով, իսկ հեռուստացույցի այն կողմում այն ունի ստատիկ դրսևորում:
Այս պարագայում ստատիկը պետք է տարբերակել անշարժությունից: Շարժում ու գերծողություններ էկրանի այնկողմյան աշխարհում կատարվում են, անգամ կատարվում են խելահեղ արագությամբ, բայց դրանք անվերջ կրկնվում են նույն ստատիկ պտույտով` անընդմեջ հանգելով մեկնակետին:
Իրար հետ առևտուր են անում, կինո ու թատրոն //են գնում իրար հետ, իրիկունները զրուցում են //պատերի տակ շարված, աղջիկ տղա են ամուսնացնում,//քավոր ու խնամի են դառնում, ու թե//վիճում ու կռվում են երբեմն, ապա դա մի կարճ//պահ է տևում, որովհետև հարևաններն արագ մեջ են ընկնում,//հաշտեցնում են ու հետո գնում են միասին խմելու… (էջ 27):
Գործողությունների այս արագ ընթացքը մենք անվանում ենք ստատիկ` շեշտը դնելով ձանձրույթի ու իրադարձությունների անընդմեջ կրկնվելու խնդրի վրա: Շարժումը միանշանակ առկա է, բայց այն չի հանգում ինչ-որ նպատակի կամ հանգրվանի, այլ անիմաստ պտտվում է նույն իրողությունների շուրջ: Մինչ գործողությունների հայաստանյան պլանում կյանքի ու մահվան պայքարն է, կոտորածը, հեռուստացույցի այն կողմում ձանձրույթն է. մարդիկ հայաստանյան իրադարձություններին «նայում են անտարբեր», «ձանձրացած փոխում են ալիքն ու կամ էլ անջատում են հեռուստացույցը, ապա երկար, առողջ ու երջանիկ հորանջում են և ծույլ-ծույլ քստքստացնելով հողաթափերը, գնում են քնելու»:
Տարածական այս երկու հարթություններին Հովհ. Գրիգորյանը հակադրում է երրորդը` երազայինը: Չգտնելով Հայաստանի իրական տեղը հեռուստացույցի երկու կողմերում էլ` նա դուրս է գալիս «հողագունդ» – «ցեխագնդի» սահմաններից ու իր հայրենիքը որոնում այլ դաշտում` անանուն մի մոլորակում: Զուգահեռ աշխարհները, սակայն, իրարից առանձին ու անկախ չեն, այս ու այն հայրենիքների համար հեղինակը հատման կետեր է թողնում, կապում հաստատուն խորհրդանիշներով` տիեզերական Հայաստանը կառուցելով «ճիշտ և ճիշտ այսպիսի մասիսների» և «Նոյի տապանի» շուրջ:
Եթե «Երևի»-ում պատկեր-գործողությունները դուրս են տարածական ցանկացած բնորոշումից, ապա «Շրջափակում» բանաստեղծությունում տարածական հարթության սահմանները հստակ են ու անանցանելի: Ամեն շարժում կենտրոնանում է ծառի ճյուղի փոքրիկ տերևի վրա, ու գործողությունները ծավալվում են գարնան ավետաբերը դարձած խորհրդանիշի շուրջ: Քրոնոտոպի տարածության ըմբռնումը ստատիկ է, կենտրոնացած փոքր տարածքում` շրջափակման մեջ, բայց գործողությունը պատկերվում է դինամիկ ընթացքով. բոլոր շարժումները վերագրվում են գարնանը կամ դրա արդյունքն են:
Ճանապարհային միջոցները դեպի Հայաստան, այսինքն` գործողության հիմնական պլան, փակ են: Օդ, հող, ծով. Հայաստանը շրջափակման մեջ է.
Ավտոճանապարհները փակ են վաղուց,//գնացքո՞վ – երկաթուղին անհուսորեն է փակ,//երկնքի՞ց – թռիչքներն արգելված են//և ինքնաթիռները չեն թռչում` վառելանյութ չկա…//ծովերո՞վ – մեզ որտեղի՞ց ծով,//վաղուց, շատ վաղուց ենք զրկված… (էջ 14):
Գարունը, սակայն, ճեղքում է տարածական այս ստատիկ շրջափակումը և ծառի ճյուղի տերևի միջոցով դինամիզմ բերում գործողության դաշտ: Շարժումը ճյուղից անցնում է քաղաքի այս ու այն փողոցները և արտահայտվում պայմանագրային գներով մանուշակներ ծախող կանանց ու թիկնոցներով անցնող-դարձող մարդկանց միջոցով:
Ժամանակի դինամիկ ընթացքի լավագույն արտահայտությունը շարքում թերևս «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ` անհրաժեշտ հետևություններով» բանաստեղծությունն է, որտեղ պատկերվում է հայոց պատմության ողջ ընթացքը:
Որպես ներկայի տարածական դրսևորում հանդես է գալիս «ամեն կողմից կրծոտված մեղրաբլիթ Հայաստանը», բայց շեշտը դրվում է ոչ թե այժմյան ստատիկ վիճակի, այլ ժամանակային անցման նկարագրության վրա` տարաժամանակյա կտրվածքով: Գործի կենտրոնական խնդիրն է դառնում այն հարցը, թե ինչու է Հայաստանը վերածվել «նշխարաչափ մի պատառի»:
Ժամանակային անցումները դասակարգելով ըստ կետերի` Հովհաննես Գրիգորյանը այն դրսևորում է տարածության աղճատման ու հատույթավորման միջոցով. ամեն կետը ենթադրում է ժամանակային աճ ու տարածական նվազում:
Պատմական Հայաստանից պոկվող օղակները դառնում են արոտներն ու դաշտերը, ծովերը, հացը, տունը և վերջապես կյանքը: Կյանքի ու հայրենիքի յուրաքանչյուր կռվանը, որ կորցրել է հայը իր պատմության ընթացքում, Հովհ. Գրիգորյանը համարակալում է ըստ հերթականության` ամեն թվին հաջորդելով դրա պատմությունը, զուգահեռելով ունեցածն ու կորուստը: Բերված հինգ կետերին հաջորդում են ևս չորսը, բայց 6-ից 9 թվերը գրողը թողնում է առկախ` դնելով միայն կախման կետեր, ինչը շեշտում է գաղափարի ու ժամանակի հոսքի շարունակական ընթացքի գաղափարը, երբ աստիճանական կարգով մեծացող արհավիրքներն ու կորուստներն ինչ-որ կետում այլևս չեն կոնկրետանում, ու կանգ է առնում թվարկումը: Կախման կետերը, սակայն, ենթադրել են տալիս դրանց զարգացման հավանական աճը, ինչին հաջորդում է արդեն ներկան` այդ արհավիրքի ու խոշտանգումների արդյունքը:
Այսպիսով, Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» գրքի «Մի քիչ հող, իսկ ընդհանրապես` քարեր» շարքում քրոնոտոպը ունի յուրահատուկ դրսևորում: Տարածության ու ժամանակի հիմքում նորանկախ Հայաստանի Հանրապետության պատերազմական ներկան է` շրջափակում, ձմեռ, սով, կյանք ու մահ, վախ, երկրաշարժի հիշողություն: Շարքի իրական հենքը 1992 թվականի դեպքերն են, որոնք, սակայն, սյուրռեալիստական մեթոդի օրենքների համաձայն, այլ դրսևորումներ են ստանում Հովհաննես Գրիգորյանի գրչի տակ: Գործողությունների կենտրոնական տարածական պլանը Հայաստանի Հանրապետությունն է իր չորս քայլի չափումով, որտեղ բախվում են անցյալի, ներկայի ու ապագայի ժամանակային հոսանքները: Դրանք իրենց արտահայտությունն են գտնում դինամիկ ու ստատիկ տարաբնույթ փոխակերպումներում, երբ գործողությունը մի կողմից արտահայտում է վիճակ, մյուս կողմից` շարժում, ընթացք:
Որպես տարածաժամանակային հիմնական խորհրդանիշ ընտրելով արցունքը` ջրի տարերքի` կաթիլի, գետի, ջրհեղեղի երեք դրսևորումներով` հեղինակը շարքի քրոնոտոպին է կապում այդ օրերի կենտրոնական երակը` կերպավորելով դա երեք սիմվոլներով` ցավ, սուգ, լաց, որոնք աստիճանական աճի միջոցով ի վերջո կլանում են Հայաստանը` գործողությունների տարածական հարթությունը փոխադրելով Երկիր մոլորակից դուրս մեկ այլ իդեալական ու պայմանական հարթություն:
————————-
1 Սարինյան Ս., Պայմանական աշխարհի բանաստեղծը, «Գրական թերթ», 2007, թ. 2:
2 Գրիգորյան Հ., Հրեշտակներ մանկության երկնքից, Երևան, 1992, էջ 15: Այսուհետ նույն աղբյուրից արված մեջբերումները կնշվեն տեղում:
Շարքը չեմ կարդացել,սակայն վերլուծությունը բավական խորքային է և շարժեց հետքրքրությունս ընթերցելու այն:Շնորհակալություն: