ՀՈԳՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ. ՀՈԳԵՎՈՐ ՈՐԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՎԱՏՈՎ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Սեփական անձից դուրս աշխարհն ու մարդուն տեսնելու կարողության, մարդու արժեքը, հարգը գիտակցելով՝ արժեքի անունը տալու կամքի՝ լիասիրտ, անվերապահ, անշահախնդիր, անհաշվենկատ հոգու շռայլություն, վեհանձնություն, մեր մեջ՝ քանի՞սն ունեն: Խոսքս գովեստի ու գովաբանության մասին չէ, ոչ էլ՝ կեղծիքի ու կեղծավորության: Հարգելը ուրիշ բան չէ, քան մարդուս հարգը գիտակցել և արժանին հատուցել նրա արժեքին: Արժեքը վկայել կարողանալ: Ի դեպ, նկատի ունեմ՝ հարգվողի արժեքը, այլապես պատահում է, որ մարդն առիթը միջոց է դարձնում ինքն իրեն հարգելու, իրեն ցույց տալու, իր անձը մեծարելու համար: Այնինչ, չափանիշը պիտի լիներ բացարձակ արժեքի հանդեպ ուրախությունն անանձնական, որ դուռ է Աստվածընծա որակների, որով անպայմանորեն գրողն ունակ կլինի տեսնել և գնահատել իր կողքին ապրող գրողի գիրը: Պետք չէ վախենալ մրցակցությունից.- այն հորինել են մրցույթ հորինողները: Պետք չէ քամահրել, անտեսել արժեքը, արժանավորին, առավել ևս՝ պետք չէ կեղծել գրամոլի առաջ՝ ի շահ շահասիրության: Աստված մի արասցե՝ չափանիշը խախտվի: Այստեղ գրականագետի դերն է՝ հետևողական ու անաչառ, հենց չափանիշ պահելը պիտի լինի՝ հեղինակից հեղինակ չխախտելով համընդհանուր նշաձողը:
Ինչ կերպ որ վարվենք՝ նույնը կստանանք, ինչ դատով դատենք՝ նույն դատով ենք դատվելու, մեր մասին, մեր ընկերների և անգամ՝ ոչ ընկերների, մեր Երկրի, մեր Հայրենիքի, աշխարհի, Աստծո մասին՝ ինչ կերպ դատենք՝ նույնն է լինելու մեր դատաստանը… Այնինչ, մեր իրականության մեջ մեծահոգության, վեհանձնության պակասելու հետ՝ փոքրոգությունն է գլուխ բարձրացնում: Սա՝ ամենատարբեր դրսևորումներով, վստահ եմ՝ ամենքին է ծանոթ, և չեմ կարծում, թե մեկնումեկին տհաճություն, եթե ոչ՝ ցավ, պատճառած չլինի որևէ մեկի փոքրոգի արարքը՝ իր անձի կամ իր մտերմի հանդեպ: Առավել արդարամիտ լինելու դեպքում, այդ նույն մարդիկ, եթե մի փոքր էլ ուշադիր լինեին, պիտի նկատեին ու վրդովվեին նաև ուրիշների հանդեպ, ընդհանրական դրսևորումներում՝ անգամ առտնին պարզ հարաբերությունների մեջ դրսևորվող անբարեհաճ վերաբերմունքը, որը, ցավով պիտի ասեմ՝ գնալով վարակիչ է դառնում՝ կնճռոտ հարաբերությունների մեջ ձևախեղվող հասարակության համար քիչ առ քիչ ձևավորելով «ավանդույթ»: Ի դեպ, փոքրոգության չափը հենց մարդուս փոքրությունն է: Ի՞նչ է սա, ի վերջո… օրինակ՝ հենց մեր գրական հանրության օրինակով ասեմ՝ մեկին վստահվել է որոշիչ դեր կատարել, ասենք, տպվող գրքերի առաջնայնության հարցում, ու սա գլուխը կորցրել է, մյուսը՝ դրամաշնորհների հետ գործ ունի, թարգմանվող գործերի ընտրության համար անուններ է տալիս՝ ձեռքի հետ ջնջում է անուններ, երրորդի ձայնը որոշիչ է դարձել մրցանակների հարցում, և երեկվա բարյացակամ մարդը այսօր զարմանալի կեցվածքով իրեն վեր է դասում շատուշատ արժանավորներից:
Արժանանալն ու արժանի լինելը կյանքում հաճախաբար են տարաբևեռ ծայրերում լինում, սա շատ ընդհանրական հարց է՝ սոցիալական խորը շերտերով և խմբային մեծ շահերով կանոնակարգվող, սրա մասին չէ այսօրվա խոսքս, բայց հիմա հնաոճ է համարվում հատկապես արժանիքը. օրինակ՝ նրբանկատությունը, ծիծաղելի է վեհանձնությունը, սրտացավությունը՝ տարօրինակ, կամավոր ստանձնումը այս կամ այն հարցի՝ ավելորդ ջանք է դիտվում: Ուրիշ բառով ասած՝ իմ գործը չէ, ու վերջ. անտարբերությունը, ոչինչ չփոխելու կամազուրկ, կաշկանդված վիճակը՝ քիչ առ քիչ, մեծ ու իսկական ավանդույթով հաստատված բազմաթիվ արժանավոր իրողություններ դուրս մղելով՝ կարևոր մանրամասներ է ջնջում հանրային կամ միջանձնային հարաբերությունների ոլորտից, իրեն մղելով՝ գրավելու դրանց տեղը, և ամեն բան դառնում է հոգեզուրկ: Գործեր են արվում՝ արած լինելու համար, խնայելով սիրտ ու հոգի՝ արտաքին պատշաճությունը միայն պահելով: Սա հաճախ հենց իներցիայի ուժով է՝ թվացյալ անմեղ մի բան, սակայն անհատի մակարդակում պատճառները շատ են, և դրանցից մեկը որոշների մոտ սեփական կարծիքի բացակայությունն է, ազնիվ մղում դրսևորելու անպատեհությանը՝ անվստահության, կաշկանդվածության պատճառով, որը երբեմն չգնահատված լինելու վիրավորանքից է, հաճախ՝ մեծ հավակնությունների և ցածր ինքնագնահատականի հակասությունից, երբեմն՝ անլիարժեքությունից, որոշ դեպքերում՝ դիմացինի հանդեպ չհաղթահարվող նախանձից ու ընդհանրապես՝ չարացած լինելուց, ուրիշ դեպքում՝ պարզ չկամությունից, հաճախ՝ մեծամտությունից: Իրականում՝ բոլորն էլ սիրո պակասից են, Աստվածային սիրո պակասից, հոգևոր չնչին փորձառության բացակայությունից, գաղտնիքը չիմանալու ցավալի բացթողման պատճառով: Իսկ գաղտնիքը մեկն է՝ որքան ձգտես մոտենալ վսեմին, բարձր արժեքին, որքան գնահատես, ընդունես դիմացինիդ արժեքն ու հատուցես արժանին՝ այնքան քո ներսից կբարձրանաս, այնքան ինքդ կլինես վսեմական արժեքների կրողը, բարիքն ու բարին կբացվեն քո առաջ, բարձրացնելով՝ կբարձրանաս ողջերի ստեղծած արժեքի հետ, թե՝ մանավանդ, հեռացածների թողած արժեքը վկայելուն զուգընթաց… Որովհետև կան անսակարկելի, հավերժական երևույթներ, որոնք՝ փոքրից-մեծ հանրություններում՝ ձևավորված չափանիշով, իմաստ են հաղորդում նաև այդ հանրային խմբերի լինել-հարակայելու կամ կազմալուծվել-չեզոքանալու համար: Սա հանրային կյանքն է, ուր ծնունդն ու մահն առաջնային են, ինչպես կյանքում է… Եվ եթե ծնունդները՝ գրքի ծնունդով, նոր հեղինակի մուտքով, հեղինակությունների հոբելյաններով, տարբեր ձևաչափեր ունեն՝ հանդիսությունների ժամանակ միևնույն է՝ փնտրում ես ընթերցող հանդիսատեսին, որ պիտի գար հանդիպելու գրողի հետ, այնինչ ներկա է միայն գրողի շրջապատը և գրող ընկերներից մի քանիսը միայն, ովքեր շատ դեպքերում խոսք ասելուն պես՝ թողնում են դահլիճը…
Իսկ օրինակ՝ երբ գրական աշխարհում կյանքից հեռանում է մի Բանաստեղծ, որի աճյունը հրաժեշտից առաջ մի երկու ժամով արժանավորապես հանգրվանել է Գրողների տան պատվավոր բեմին, ինձ միշտ զարմացրել է, թե պատշաճորեն կատարվող արարողակարգից առաջ ինչպե՞ս է, որ գրողի ընկերների մտքով չի անցնում բեմ բարձրանալ հերթով և պատվո պահակ կանգնել իրենց ընկերոջ կողքին: Ես նույնիսկ չեմ բացառում, որ շատերի մտքով անցած լինի: Չէ՞ որ նույն գրող անհատներն էին, որ, օրինակ՝ Վանաձորում, մեր մեծ բանաստեղծ Հրաչյա Սարուխանի հրաժեշտին, ընդունված այդ կարգով, հերթափոխեցին իրենց վանաձորցի ընկերներին: Ուրեմն, ի՞նչն է խանգարում Գրողների մեր տան մեջ մեզ՝ մեր մայրաքաղաքում, ինչո՞ւ չկա այդ մղումը… Թե՞ կա, և զսպելով՝ զսպում ենք: Համոզված եմ, որ որևէ խոչընդոտ վերևից չկա, հակառակ դեպքում այլ շարադրանք կունենար ասելիքս, ուրեմն՝ ինչն է պատճառը: Լույս իջնի մեր բոլոր հեռացածների հոգիներին, ասեմ, որ ուրիշ դահլիճներից հրաժեշտ տալիս Երևանում ևս այդ սովորությունը պահում ենք, մինչդեռ մեր տան մեջ, մեր վերջին ճամփորդին՝ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանին, որի երեկվա վառվող մոմերի լույսը դեռ առկայծում է բոլորիս հոգիներում, որքան տեղին պիտի լիներ՝ հրաժեշտ տալուց առաջ նաև պատվո հերթափոխ ունենալ բեմին: Չէ՞ որ ինքնանպատակ չէ և դարեդար եկած հարգանքի ու մարդկային հոգիների մտերմության այդ խոկումի մեջ՝ վեհանալով ավելի պիտի ազնվանայինք մենք: Մենք, որ մեզ փղերից ավելի բանական ենք համարում…
Եվ հիմա՝ մարդկային հոգևոր պահվածքի այս մշակույթը վերականգնելու հավատով է, որ խոսում եմ՝ հիշեցնելով նաև, որ հոգևոր մշակույթի մի կարևոր դրսևորում էլ մեզնից անժամանակ հեռացած գրողների գիրը վկայելն է՝ հնարավորինս նպաստելու՝ բացահայտել այդ հեղինակների քիչ հանրայնացված արժեքավոր ստեղծագործությունները, որովհետև ախտահարված ժամանակներում առաջին հերթին հոգևորն է ախտահարվում, որն, ինչ-որ իմաստով՝ քանի դեռ պակաս է ամրագրված, ողջերիս է վստահվել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։