2017 թվականի հունվարի 16-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հանրահայտ Casa del libro գրախանութի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց ժամանակակից հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» եռալեզու (իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն) գիրքը, որը ներկայացրեց Carena հրատարակչության գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն: Մայիսի 9-ին` շարունակվեց Վալենսիա քաղաքի FNAC եվրոպական խոշոր գրախանութների ցանցում, իսկ մայիսի 11-ին` Մադրիդ քաղաքում` այս անգամ նորից իսպանական Casa del libro-ում: Վալենսիայում ներկայացնելով Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան` բանաստեղծ, Միսլատայի Մշակութային շարժում կազմակերպության նախագահ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան մասնավորապես նշեց, որ ներկայացվող այս գիրքը Հայոց եղեռնից 102 տարի հետո իրենից ներկայացնում է մի անթռչուն երկինք, որտեղ սեփական կոդավորման եղանակով հեղինակը նկարել է 1,5 միլիոն զոհերի սիլուետներ. սա պոետական համադրական նոր ոճ է, որտեղ սինթեզված է կինոն ու թատրոնի դրամատուրգիան` 21-րդ դարի ռիթմն ու ոճը:
Մադրիդում` շնորհանդեսի բացման խոսքում Խոսե Մեմբրիվեն մասնավորապես նշեց. «Սլավի-Ավիկ Հարությունյանը այսօրվա եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է, ում տողը սիրով են կարդում նաև հեռավոր Մեքսիկայում և Արգենտինայում»:
Իսկ բանաստեղծուհի Լույս Մակիասը խոստովանեց, որ մինչև այս գրքի ընթերցումը ինքը լսած անգամ չկար Հայաստանի մասին, մինչդեռ այս հեղինակը արժանապատիվ ձևով աշխարհին է ներկայացնում իր երկիրն ու մշակույթը, ինչն էլ ոչ միայն մրցունակ է, այլև ճաշակ թելադրող:
Մայիսի 5-12-ը իսպանական ավելի քան երեք տասնյակ մշակութային կայքեր հայ բանաստեղծի գրքին անդրադարձել են հետևալ գլխատառերով. «Շնորհալի հայ բանաստեղծ, ով գիտի պատերազմը, խոսում է նրա սարսափների, անգամ` հակառակորդի մասին, առանց ատելության», «Արդի եվրոպական պոեզիա», «Պատերազմների արհավիրքների և լույսով տոգորված արժեքների կործանման աղաղակ»: