ԻՆՏՐԱՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հրապարակի վրա է Պետրոս Դեմիրճյանի անցյալ ձմեռնամուտին լույս տեսած «Տիրան Չրաքյան (Ինտրա). կյանքը և գործը կամ «հեքիաթի» իրականությունը» գիրքը՝ հեղինակի երկար տարիների աշխատանքը: «Երկար»՝ ինչպես «ժամանակի», այնպես էլ «տարածության» (ոչ փիլիսոփայական) առումներով. պարզապես շարադրված երկար ժամանակվա ընթացքում ու մեծածավալ: Գոնե ես գիտեմ, որ Չրաքյանով Դեմիրճյանը հետաքրքրվում և, կարելի է ասել, զբաղվում է թերևս արդեն երկու տասնյակից ավելի տարիներ: Իսկ 2003-ին հրապարակած «Վարք Ինտրայի» գիրքը արդեն լուրջ վկայություն էր, որ նա խորամուխ է Չրաքյանի կյանքի մանրամասների մեջ, և հուշում էր, որ նրա հեղինակը միտում ունի բացել նաև Չրաքյանի ստեղծագործության մութ ու լուսավոր բոլոր ծալքերը: Բայց ինչքա՞ն բացել և ինչքա՞ն ժամանակում. ընթերցողը սպասեց ևս տասներեք տարի: Արդարացնենք, թե շատ չէ, թե նա խորապես էր ուսումնասիրում, թե ահա գիրքը լույս է տեսել մեծադիր՝ 720 էջով:
Չրաքյանի կյանքի ու ստեղծագործության մասին ահա արդեն մեկ դարից ավելի է (1902 թվականից), որ գրվում են հոդվածներ, հուշեր, վերլուծականներ ու դիմանկարներ, տրվում են թե՛ լավ, թե՛ վատ, չափազանցություններով գնահատականներ: Պետրոս Դեմիրճյանի ուսումնասիրությունը վերջինն է, որ այդ գրեթե ամբողջ նախորդ նյութի հավաքումով ու հիշատակումով, դրանք երբեմն արժեքավորելով, երբեմն՝ «մոռանալով» կամ մեղմորեն քննադատելով՝ հեղինակը առավել ամբողջական, առավել հանգամանալի ներկայացնում է Չրաքյանի կյանքն ու գործը:
Չրաքյանի ստեղծագործությունը որպես նրա կյանքի արգասիք. թերևս այս ելակետով է Դեմիրճյանը զուգահեռ, ավելին՝ իրար ներհյուսված տանում նրա կենսագրության ու ստեղծագործությունների (սրանց մեջ ես ներառում եմ նաև նամակները) քննությունը: Դեմիրճյանի գրքում բանասիրական առումով՝ ամբողջացվել է Չրաքյանի գիտական կենսագրությունը, գրական առումով՝ յուրովի և տեսանելի կերպավորվել է անհատը, իսկ ահա գիտական առումով, որ առավել կարևորն է, Դեմիրճյանի գլխավոր խնդիրն է եղել՝ նախ՝ ճանաչել, ապա ցույց տալ Չրաքյանի, այս դեպքում կարող ենք ասել՝ Ինտրայի (քանի որ նրա զուտ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Ներաշխարհն» ու «Նոճաստանը» ստորագրված են՝ Ինտրա գրական անունով, որ Տիրանի շրջափոխված ձևն է՝ նմանեցված հնդկական Ինդրա աստուծո անվանը), ավելի ճիշտ՝ Չրաքյան-Ինտրայի տեղն ու դերը հայ նոր գրականության պատմության մեջ: Իսկ սա նշանակում է, որ մենագրության հեղինակը նախ պիտի ներկայացներ արևմտահայ գրական այն միջավայրը, որ կար 19-րդ դարավերջին ու 20-րդի առաջին երկու տասնամյակներին (Տիրան Չրաքյանի գիտակից կյանքի շրջանը), նաև այն միջավայրը, որ անվանում ենք եվրոպական (հատկապես ֆրանսիականը), որ որոշակի ազդեցություն ուներ արևմտահայ մտավորականության վրա: Դեմիրճյանը հնարավորինս դիտարկել է պոլսահայ գրական կյանքի ընթացքը, մասամբ (լրիվ չէր կարող բնականաբար)՝ եվրոպականը և փորձել է այդ համապատկերում, կամ ինչպես հիմա են ասում՝ այդ համատեքստում ներկայացնել գրողի տեղն ու դերը, ամբողջացնել Չրաքյան մարդու և Ինտրա բանաստեղծ-մտածողի կերպարը: Ես սա ամենակարևորն եմ համարում. ցույց տալ անհատականության էությունը, գրողի բառով՝ «տեսակացող» անհատին՝ որպես մարդու և որպես արվեստագետի, որ իրապես մեզ ճանաչելի է դառնում այս աշխատության մեջ:
Շատ է գրվել Չրաքյանի մասին. նրա և՛ մարդ-տեսակի, և՛ ստեղծագործության մասին հակասական տեսակետներ են հայտնել նրան ժամանակակից ու հետագա հայտնի ու «ընթացիկ» քննադատներն ու գրողները, մտերիմներն ու ոչ մտերիմները այլազան որակումներով՝ միջակությունից մինչև «գերագույն հանճար»: Դեմիրճյանը բազմաթիվ օրինակներով, Չրաքյանի ստեղծագործության հանգամանալի վերլուծություններով, հատկապես նրբերանգների ընդգծումներով փորձել է «հավասարակշռել» գրողի անհատականության զիգզագները, կյանքի ու ստեղծագործության ընթացքի մեջ տեսնել Չրաքյան անհատի մտավոր ու հոգեկան զարգացումները, ստացածը ի ծնե, կյանքից ու բնությունից, գեղարվեստական ու հատկապես փիլիսոփայական գրականությունից: Անշուշտ, դժվար է ճշգրտել, թե ֆրանսերեն ինչ գրքեր է կարդացել Չրաքյանը, ժամանակի փիլիսոփայական մտածողության որ շերտերից է ձևավորվել նրա մտածողական բարդ ու «մշուշոտ» համակարգը. ինքն է ասում, չէ՞, թե «գիրք մը գրելու համար մատենադարան մը տակնուվրա ընելու է… և գիրք մը կարդալու համար ալ հարկ է մատենադարան մը տակնուվրա ընել», մանավանդ, դարձյալ ինքն է ասում, իր «կնճռոտ ու դժվար ըմբռնելի գիրքը»:
Չրաքյան մարդու, մտավորականի կերպարի ամբողջացման համար Դեմիրճյանն առատորեն օգտագործել է նրա նամականին և նրա մասին հուշագրությունը, իսկ ստեղծագործողի, արվեստագետի կերպարի ամբողջացման համար, աշխարհայացքի, իմացաբանության, մանկավարժական, գրաքննադատական, գեղագիտական հայացքների բացահայտումներով, չափածո ու արձակ էջերի առավել մանրամասն վերլուծություններ է կատարել:
Կարծում եմ, որ եթե չգրվեր «Ներաշխարհը», Չրաքյանի մնացած գործը ոչ ժամանակին և ոչ էլ հետագայում, առ այսօր, չէր դառնա նման հետաքրքրության արժանի: Անգամ «Նոճաստանը» (1908) Մեծարենցի, Վարուժանի ու Սիամանթոյի այդ տարիներին լույս ընծայած ժողովածուների կողքին նկատելի չէր լինի: Չրաքյանին «բարձրացնողը» «Ներաշխարհն» էր, նրա միֆը սկսվում էր դեռևս գրված, բայց դեռ լույս չտեսած «Ներաշխարհ»-ով (հատվածներ էին միայն կարդացել և բանավոր ու գրավոր հիացական կարծիքներ էին տարածում) և ապա ծավալվում ու թափ առնում 1906 թվականից՝ գրքի տպագրությունից անմիջապես հետո: Ուստիև միանգամայն իրավացի է Դեմիրճյանը, որ իր աշխատանքի էջերի կեսից ավելին նվիրել է «Ներաշխարհի» խնդիրների քննությանը՝ սկսած այդ յուրօրինակ ստեղծագործության՝ «վեպ-էսսե», «քնարական արձակ», «պոեմանման վեպ», «փիլիսոփայական մենախոսություն» և այլ ժանրային խառնուրդով երկի ծնունդից մինչև հեղինակի արվեստի, պատկերամտածողության համակարգի խնդիրները՝ առանձնացնելով երկի կառուցվածքի, ժանրի, գրողի ստեղծագործական մեթոդի, ընկերաբանական հայացքների, միստիցիզմի առանձնահատկության և այլ կարևոր հարցեր՝ առանձին ենթագլուխներով: Որպես գիտական հետազոտություն (և ոչ որպես պարզապես գիրք գրողի կյանքի ու գործի մասին)՝ կարևորում եմ աշխատանքի հատկապես այս մասը՝ որպես գեղարվեստական երկի գաղափարական, գեղագիտական ու կառուցքաբանական հաջողված հանգամանալից վերլուծություն:
«Ներաշխարհի» այս վերլուծական էջերում, բնականաբար, Դեմիրճյանին շատ է «օգնել» հենց ինքը՝ Ինտրան, ինչպես «Ներաշխարհի» ինքնավերլուծական խոհերով, այնպես էլ ««Ներաշխարհը» իր հեղինակեն դիտված» ինքնադատության փորձ հոդվածով, որ Չրաքյանը տպագրեց «Բյուզանդիոնում», որպես պատասխան նոր լույս տեսած «Ներաշխարհի» դեմ գրված գրախոսությունների: «Ինքնադատության» մեջ Չրաքյանի «բացատրությունները» Ինտրային հասկանալու և մեկնաբանելու հստակ բանալիներ են. «Իր տրտմությունը կուգա իր բնութենապաշտի, կենսապաշտի, բարոյապաշտի երրյակ ձգտմանց արգիլվելեն: Բնության, Կյանքի և Բարոյականի համար Ինտրայի խանդավառությունը կը կազմե ՆԵՐԱՇԽԱՐՀԻ երրյակ հատկանիշները»: Չի մոռանում հիշատակել նաև գրքի մի քանի թերություններ՝ «լեզվական հանդգնություններ, մերթ անտեղի և կանոնազանց խրթնաբանություններ, տպավորության չափազանցությունք, իմաստասիրական անորոշությունք և այլն»: Ի դեպ, Չրաքյանի այս ինքնադատության փորձը, որ հրապարակվեց 1908-ի նոյեմբեր-դեկտեմբերին, թեև ուներ իր նախադեպը՝ Մ. Մեծարենցի՝ իր՝ դեռևս լույս չտեսած «Ծիածան» ժողովածուի համար 1906-ի հոկտեմբերին գրված «Ինքնադատության փորձ մը «Ծիածանին» առիթով» հոդվածը, որին ծանոթ չէր Չրաքյանը, քանի որ այդ ժամանակ այն չէր տպագրվել. տպագրվել է Մեծարենցի մահվանից շատ տարիներ հետո՝ 1932թ. (և ոչ թե «նույն տարին՝ 1906-ին», ինչպես գրում է Դեմիրճյանը):
Չրաքյանի կյանքի ու ստեղծագործության մասին Դեմիրճյանի բանասիրական-վերլուծական այս ընդգրկուն հետազոտությունը, բնական է, թելադրում է գրքի շատ ուրիշ հետաքրքիր էջերի հանգամանալի արժևորում, ինչպես նաև բանավիճային տպավորություններ, բայց պիտի կարճեմ խոսքս՝ լրագրային գրախոսության սահմանների թելադրանքով, մանավանդ չմանրամասնեմ, որպեսզի չկրկնեմ հեղինակի ոգևորությունը՝ գրել որքան կարելի է մանրամասն ու հանգամանորեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենագրության գիտականությունը չէր տուժի, եթե այն որոշ չափով բեռնաթափվեր մանրամասներից:
Խմբագրական ու այլ բնույթի մի քանի առաջարկություններ, այնուամենայնիվ, ունեմ, որոնց հետ պարտադիր չէ, որ հեղինակը համաձայնվի, նա իր գրելիքը գիտեցող հասուն գրականագետ է, դրանք թերևս կարող են մտորումների տեղիք տալ:
Այսպես: Լավ է և կարևոր, որ գրականագետը ունենա իր անկեղծ սերը, որոշակի համոզումը ուսումնասիրվող հեղինակի նկատմամբ, բայց եթե նա գրում է գիտական ուսումնասիրություն, հիացման չափը պիտի առավել իջեցնել դեպի առարկայականը: Դեմիրճյանը, ընդհանուր առմամբ, իհարկե, պահպանում է այս սկզբունքը. աշխատում է լինել սթափ իր գնահատումների մեջ, բայց տեղ-տեղ երբեմն մի քիչ շատ է ջերմանում, բանաստեղծ Ինտրայի հետ մի քիչ բանաստեղծ է դառնում, սովորական էջերի մեջ երբեմն խորքային մեկնաբանություններ է փնտրում՝ գեղարվեստական լեզվով, նկատելի և անթաքույց է համակրությունը Ինտրային երբեմն չափից ավելի փառաբանող հեղինակների նկատմամբ, բայց նրան քննադատողների նկատմամբ խիստ է՝ նրանց մասին Չրաքյանի կարծիքներին անվերապահորեն վստահելով:
Կարծում եմ՝ հարկ չկար այդքան մանրամասնորեն անդրադառնալու Չրաքյանի գրեթե բոլոր արձակ էջերին. կարելի էր որոշ մտքեր միայն օգտագործել որևէ հարցադրման ժամանակ. օրինակ՝ հարկ կա՞ր Ռ. Պերպերյանի տարբեր հոբելյանների առիթով Չրաքյանի գրած ելույթները առանձին-առանձին և մանրամասն քննարկել: Կարծում եմ՝ Չրաքյանից (նաև նամակներից) մեջբերումները մի քիչ շատ են: Այստեղ մի հավելում. հեղինակը այնքան է մերվել Ինտրայի լեզվամտածողությանը, որ իր տեքստում երբեմն նրա բառերն է օգտագործում, որոնք գործածական չեն մեր այսօրվա արևելահայերենում («լեռնայնության գագաթին», «բնորեն մտքի», «հոգու վաչը», «երկրաժեշտ», «նոճեր», «ընդդիմակություն» և այլն):
Ինձ հասկանալի չէ Ինտրայի ստեղծագործության երկու շրջանի բաժանումը (էջ 110) մինչև «Ներաշխարհ» և «Ներաշխարհից» հետո: Իսկ «Ներաշխարհը» «մինչև»-ի՞, թե «հետո»-ի հետ է: Ասում է՝ «սահմանային է»: Նախ՝ եթե գրվելու մասին է, այն տևել է շուրջ երեք տարի, եթե նաև տպագրության՝ 8-9 տարի: Այս տարիները ի՞նչ շրջան են:
Կառուցվածքային առումով. ինչպես կարգն է, արել է. հղումները՝ էջերի տողատակին, ծանոթագրությունները՝ գրքի վերջում, սակայն բազմաթիվ ծանոթագրություններ, հայտնի չէ, թե ինչ սկզբունքով մնացել են գրքի էջերի տողատակում: Հասկանալի չէ նաև, թե գրքի վերջում «Օգտագործած գրականություն» ցանկը ի՞նչ սկզբունքով է «հերթագրված». միայն գրքեր են, խառը՝ հայերեն ու ռուսերենը՝ առանց այբբենական կարգի: Կուզենայի, որ նման կարգի, թեկուզ «ոչ շատ էական», բացթողումները խմբագրվեին, բայց չգիտեմ, թե ե՞րբ կլինի կամ կլինի՞ արդյոք այս գրքի վերահրատարակության բարեպատեհ մի օր:
Մի գրքի, մի լուրջ մենագրության, որ ամփոփում, ամբողջացնում է դարասկզբի արևմտահայ գրականության շատ ինքնատիպ, բարդ ու հակասական գրողի՝ Տիրան Չրաքյան-Ինտրայի կյանքի ու ստեղծագործության պատմությունը՝ հաստատագրելով նրա տեղը մեր գրականության պատմության մեջ:

One thought on “ԻՆՏՐԱՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.