***
Ավանդույթի համաձայն` մայիս ամսվա վերջին կիրակի օրը (մայիսի 28-ին), Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ սայաթնովյան Վարդատոնը:
Տոնի մեկնարկը տրվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ պատարագով, որի ավարտից հետո վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀԳՄ պատվիրակությունը վարդեր դրեցին Սայաթ-Նովայի գերեզմանին:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի իշխանության պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի գրողների միության պատվիրակության կազմում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանն ու գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը:
Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ներկայացրեց ժամանակակից հայ և վրաց գրողների գրական կապերը` նշելով, որ նորանոր գրքեր են հրատարակվում, ինչպես օրինակ` Գագիկ Դավթյանի թարգմանությամբ «Վրացական պոեզիա» անթոլոգիան: Ապա ընթերցեց իր թարգմանությամբ Էդ. Միլիտոնյանի «Թիֆլիս քաղաք» բանաստեղծությունը:
Ըստ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ հարյուրավոր տարիներ անց էլ Սայաթ-Նովայի երգի բազմաթիվ երկրպագուների է հավաքել այս հրապարակը, որովհետև նրա բանաստեղծությունների պատգամները տարածվում են տարբեր լեզուներով: «Այսօր էլ Սայաթ-Նովայի պոեզիան արբեցնում և ազնվացնում է մեզ: Բարեկամության երգիչ Սայաթ-Նովան մեզ` ժամանակակից գրողներիս, թողել է իմաստուն խրատ. հավատալ խաղաղությանն ու բարուն… սովորեցնում է մեզ լինել մարդկային, պաշտպանել և օգնել մեկս մյուսին, իրական եղբայրությամբ ապրել, սիրել մարդկանց քրիստոնեաբար,- ընդգծեց նա,- ապա հավելեց, որ հայ-վրացական գրական կապերն առավել ամրապնդվում են, հանդիպումներ են կազմակերպվում ժամանակակից գրողների հետ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում»:
Համերգային ծրագրով ելույթ ունեցան ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:
Վարդատոն
