Հեքիաթի աղջկա մասին / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թե ինձ չհասկանաք,
մոտեցրեք ձեր ունկին,
Չէ՞ որ ես երգում եմ
ականջին շատ մոտիկ:

Այն, ինչի մասին խոսում է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը, լսելով լսել է պետք: Այսինքն՝ ասվածը մոտեցնել իրեն և ներսով անցկացնել է պետք: Բանաստեղծական խոսքով արարված իր միտքը հասկանալի դառնալու, բանաստեղծություն կոչված Աստվածային պարգևն արժևորելու համար այս տարբերակն, այս հնարավորությունն է առաջարկում Նոնա Պողոսյանը:
…Գալիս եմ. // Իմ միջով: // Գուցե նաև ձեր: // Ինչ որ ցանել եմ, այն էլ կհնձեք…
Ահա ապրումի պարզ ու անպաճույճ ներկայացում, որը, սակայն, ծնվել է կյանքում իր ետևից մաքուր ոտնահետքեր թողնելու խոհի հետ զուգահեռվելու ընթացքում: Այն ընթացքում, երբ ցավ-կրակի միջից զտվում, հանվում է մաքուր ոսկին` մաքուր ոտնահետքը:
Գնում եմ. // Իմ միջով: // Գիտեմ՝ նաև ձեր: // Ճամփիս քարեր են ու լույսի խրձեր:
Մարդկության ուղին է այսպիսին՝ լի թե՛ քարերով, թե՛ լույսի խրձերով: Բանաստեղծուհու կյանքն էլ դրանից դուրս չէ: Այսինքն, նրա կյանքում էլ լավը զուգահեռվում է վատի հետ, չարը՝ բարու, հարթը՝ խորդուբորդի, լույսը՝ մութի, հեշտը՝ դժվարի, և այսպես շարունակ:
Այսպես էլ անցնում է բանաստեղծուհին իր կյանքի ճանապարհը, աշխատելով իր բառի օգնությամբ պարզեցնել, հեշտացնել մարդկանց՝ իրար միջով անցնելու, ասել է թե` մերձավորին սիրելու գոյաձևը:
Անցնել իրար միջով, նշանակում է՝ հաղթահարել իրար նկատմամբ ունեցած մարդկային սիրո դեմ ծառացած խոչընդոտները: Ահա մի ճանապարհ, որը բանաստեղծուհին առաջարկում է անցնել քրիստոնյային և ճշմարիտ մարդուն վայել պահվածքով: Իրար միջով անցնելու ճանապարհն, իսկապես, սիրո ճանապարհն է, որը դժվար է, տառապագին, բայց և քաղցր է ու բերկրալի: Այդ ճանապարհին կարևորը հույսն է, որ հազար թերթ ունի, «մերթ խունացած է, մերթ՝ հազար գույնի»:
Նոնա Պողոսյանի տողերը վերամբարձ չեն, ոչ էլ՝ պաճուճավորված կամ երկարաշունչ զիգզագումներով: Նրա այոն այո է, և ոչը՝ ոչ:
Ինչին կամ ում էլ վերաբերի այդ խոսքը՝ հայրենիքին, կոնկրետ թե կերպարային անձնավորության, գաղափարի թե կենսաձևի, իրար միջով անցնելու միտքը հստակ է, հատու ու անթաքույց`
Քո գետերով հոսեցի մինչև քո ծովերը…
Կարևորն այստեղ դարձյալ իրար միջով անցնելու գոյաձևի բարձրաձայնումն է, դժվարին ճանապարհն անկոտրում հույսով հաղթահարելու պատրաստակամությունը: Գետերին խառնված հասնել մինչև ծովերը, ասել է թե՝ ապրել ալիք-ալիք, մերթ հանդարտ ու մեկ՝ հուզումնալից, մերթ խաղաղ ու մերթ էլ՝ փոթորկալից, մերթ հունն ընկածի պես, մերթ էլ՝ հունից դուրս գալով, ցայտուն ջրերը քարեքար տալով: Անհատակն իր լրիվության մեջ ընկալելու է ձգտում բանաստեղծուհին: Որքան էլ անապատի նման անորոշ ու կիզիչ ցավերով լի է ապրումը, բայց հույսը կես ճամփին չթողնելու միտքն է զբաղեցնում նրան: Ուստի՝ «Քո գետերով հոսեցի մինչև քո ծովերը» խորագույն ապրումին շարունակող տողը հետևյալն է՝
…Մինչ օվկիանդ մի ողջ անապատ կա:
Բանաստեղծուհուն չի լքում մարդկային լուսավոր կերպարը պահպանելու համար անտրտունջ, կայուն, անհողդողդ մնալու պահվածքը: Ուշադրություն դարձրեք նրա «Ապրելու կանխավարկած» ժողովածուի շապիկին ներկայացված պատկերին, ուր իրենց անդեմ, անդիմագիծ կամ խառնիճաղանչ պարի մեջ լույսին տարբեր կողմերից ներքաշելու ձգող փոքրոգի կերպարներ են: Իսկ լուսե կերպարը հստակ է, ձիգ, կայուն ու կանգուն, ոչ` քաշքշողներին հարմարվելու համբերատարությամբ, այլ` տվյալ կենսաձևի համար տխուր ափսոսանքով:
Իսկապես, կա ափսոսանքը, և դա այն բանի համար, որ`
Գինետներում նորից դատարկվում են // Առաքինության գավաթները զընգուն, // Ցավը` ընդդիմանում, հույսը` հարմարվում է, // Երեսպաշտությունը` չարախնդում:
Ահա այս և նման այլ գոյաձևերի միջով անցնելու համար հզոր պետք է լինել, ճիշտ այնպես, ինչպես լույսի կերպարն է ժողովածուի շապիկին:
Հզոր ու լուսեղեն մնալու համար Նոնա Պողոսյանը մի ճանապարհ գիտի` սրբազան, մաքուր ու եթերային մի ճանապարհ: Դա հեքիաթի աղջկան հավատարիմ մնալու ճանապարհն է:
…Ես հորդորում եմ իմ հեքիաթի աղջկան, // Խոստանալով նրան առավոտներ գույն-գույն, // Որ չլքի նա ինձ գիշերներում այս պաղ // Դառնա սփոփանքի իմ տիկնիկը սիրուն…
Եվ, երբ գիշերվա միջով դժվար է դառնում գլորել «անլուր ցավերի հատիկները պաղ», բանաստեղծուհին խոստովանում է`
…Ափի մեջ սեղմած մի լույս սփոփանք,// Ոսկե հյուսքերով առավոտների // Ինձ մոտ էր վազում մի փոքրիկ աղջնակ. // Երա՜նի նրա գրկում հանգչեի…
Լուսավոր գույների գրկում ապրելու գաղտնիքը գտնված է` այդ հավատարմությունն է հեքիաթի աղջկան, հավատարմությունը` մանկության միջով անցած մաքրությանը:
Քամին ծառերի գիրկն ընկած լուսնին // Օրորում էր իմ պատուհանի տակ, //Ես երգս թողել գիշերվա հույսին, // Հեքիաթի շապկով վազել էի բակ: // Քամին ծառերի գիրկն ընկած լուսնին // Օրորում էր իմ պատուհանի տակ, // Ես երգս վերցրել` թաքուն ու լռին // Տոնում էի իբրև մանկության կտակ…
Ապրելու հազար ու մի ձև կա այս մոլորակի վրա: Նոնա Պողոսյանի կանխավարկածը մանկության մեջ գրված կտակի համաձայն ապրելու մասին է: Իսկ կտակում բոլոր կարգի ցավերը հեքիաթային ու անաղարտ մաքրության լույսի միջոցով ախտահանելու կանոնակարգն է: Ահա այդ կանոնակարգով ապրելու փողհարն է Նոնա Պողոսյանը:
Միայն այդ դեպքում է հնարավոր ցավից չնվնվալ, չխեղճանալ, չհեկեկալ, այլ երգել բանաստեղծուհու հետ.
Երբ դու ինձ պարտադրում էիր քո ներսի աշունը, // Ես արդեն շա՜տ վաղուց գարուններում էի…
Հեքիաթի լուսերես աղջկա կենսակերպը որդեգրած բանաստեղծուհին յուրատեսակ համառոտագրումների վարպետ է: Նա մեկ-երկու բառով, մի կարճ ու համառոտ բանաստեղծական տողով խոսում է քրիստոնեաբար կամ բարոյական արժեքներով ապրելու մի ողջ կյանքի մասին, և այդ խոսքն այնքա՜ն համոզիչ է: Ահա նման մի տող, ուր մեն մի հատիկ «թռիչք» բառի մեջ ամփոփվածը ապրված մի ողջ կյանք է` լի թե՛ տագնապներով ու տառապանքներով և թե՛ հույսերով ու լույսերով.
Թռիչքից առաջ երկինքը խիղճն է:
Ապրումը` ապրում, վարկածը` վարկած, բայց ճշմարիտն, իսկապես, հեքիաթը չկորցնելն է: Հեքիաթն է զգուշացնում վտանգավոր ոլորտների մասին: Ահա հեքիաթային իր ոլորտներին հավատարիմ բանաստեղծուհու հերթական մի զգուշացում էլ սա է`
Անկումից հետո ողջ աշխարհն, ասես, կարապի ճիչ է…
Երկինքը մաքուր պետք է պահել: Ահա հեքիաթին հավատարիմ Նոնա Պողոսյանի դավանանքը, որն այնքան արժեքավոր է նաև մեզ համար: Չէ՞ որ թռիչքն անխուսափելի է յուրաքանչյուրիս համար: Չէ՞ որ մենք ապրում ենք Թռիչքի դաշտ կոչվող մոլորակում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։