Եղիշե Չարենցն ունի Էդգար Պոյին առնչվող առնվազն մեկ տասնյակ հղումներ, որ պերճախոս են թե՛ ինքնին, թե՛ զուգահեռների մեջ: Նիկոլայ Գումիլյովի գնդակահարությունից հետո Աննա Ախմատովան անում է մի գրառում, ուր ցույց է տալիս Պոյից ներշնչված դրվագներ ամուսնու գործերում: Հետագայում ռուս գրականագետները բացեցին փակագծերը՝ ցույց տալով Գումիլյով-Պո առնչությունը և լուսաբանելով Բրյուսովին Գումիլյովի արած խոստովանությունը. «Բանաստեղծներից ամենաշատը սիրում եմ Էդգար Պոյին, որին գիտեմ Բալմոնտի թարգմանություններով, և Ձեզ»:
Էդգար Պոյի նկատմամբ Չարենցի սերը միջնորդավորված է ռուսերենով և ռուս գրականությամբ: 1901-1912 թթ. լույս էր տեսել Պոյի գործերի հինգհատորյակը՝ Կ. Բալմոնտի թարգմանությամբ, իսկ 1924 թ. հրատարակվեց ամերիկացու բանաստեղծությունների լիակատար ժողովածուն՝ դարձյալ բնագրից Վ. Բրյուսովի կատարած թարգմանությամբ:
Չարենցին մատչելի էր ամբողջ Էդգար Պոն, ու թեև նախընտրանքը պոեզիան էր, Պոյի արձակը իր դետեկտիվ, սարսափի, գոթական և այլ հայտնագործումներով նույնպես գրավում էր Չարենցի ուշադրությունը:
Եղիշե Չարենց-Էդգար Պո կապը թելադրված է նաև նրանց հոգեկան խառնվածքի և ճակատագրերի ընդհանրություններով: Նրանք երկուսն էլ մանկուց խնդիրներ ունեին հայրերի հետ: Օժտված էին անհավասարակշիռ, խենթ բնավորությամբ: Երկուսն էլ սիրառատ հոգիներ էին, որ ապրում էին բուռն ցնցումներ: Գրական միջավայրի դաժան հակասությունները ևս Պոյին ու Չարենցին հասցնում էին վախի, մղձավանջների, տանջալից երազների և անքնության: Հոգեկան ճգնաժամից երկուսն էլ ելք էին փնտրում ալկոհոլի և թմրադեղերի՝ Պոն օփիումի, Չարենցը՝ մորֆիի մեջ:
Ճակատագրական նմանություն կա նաև երկու գրողների սերերի միջև: Քսանվեց տարեկանում Պոն ամուսնանում է իր տասներեքամյա զարմուհու՝ Վիրջինիա Կլեմմի հետ և նրա հետ ապրում նյութական զրկանքներով ու դեռատի կնոջ ծանր հիվանդությամբ ուղեկցվող տասներկու տարիներ: Վիրջինիան քսանհինգ տարեկանում մահանում է թոքախտից ՝ սիրելի Էդգարին պարգևելով ոչ թե ժառանգ, այլ՝ նոր մղձավանջներ ու կործանում: Պոն փորձում է ամուսնանալ, սկսել նոր կյանք, բայց հանգամանքները թույլ չեն տալիս:
1921 թ. Չարենցը ամուսնանում է քսաներկուամյա Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վեց տարվա բարդ, բայց երջանիկ կյանքից հետո 1927 թ. հունվարի երկուսին քսանութ տարեկան Արփենիկը արտարգանդային հղիությանը հաջորդած ծանր վիրահատությունից հետո մահանում է Երևանի առաջին հիվանդանոցում: Չարենցի ողբերգությունը կրկնապատկվեց նրանով, որ, ի տարբերություն Էդգարի, սիրելի կնոջ կողքին չէր, այլ՝ բանտում, ուր հայտնվել էր մի աղջկա հրազենային վնասվածք հասցնելու պատճառով:
Գեղեցիկ ու սիրելի երիտասարդ կնոջ մահվան մոտիվը կենտրոնականն է Էդգար Պոյի ստեղծագործության մեջ: Դրան են նվիրված նրա լավագույն պատմվածքները՝ «Մորելլա», «Էլեոնորա», «Լիգեյա», «Օվալաձև դիմանկարը», և բանաստեղծություններից շատերը՝ «Ագռավը», «Լինոր», «Ուլյալում», «Աննաբել-Լի» և այլն: 1927-ից սկսած՝ այս թեման ներխուժում է նաև Չարենցի ստեղծագործություն, բայց չի դառնում տիրական, որովհետև նա նախ այրելով ոչնչացնում է նման գործերի մեծ մասը, այնուհետև փորձում է ներդաշնակություն գտնել նոր կնոջ՝ Իզաբելլայի և ընտանիքի մեջ:
Այս բացահայտ տարբերությամբ հանդերձ, սակայն, ապշեցուցիչ նման եղավ երկու մեծ խենթերի վախճանը: Էդգար Պոն մահացավ քառասուն տարեկանում: 1849 թվականի հոկտեմբերին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում քայքայված առողջությամբ գրողին գտան անգիտակից վիճակում՝ ուրիշի շորերով, մի նստարանի ընկած: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ Պոն մի քանի օրից վախճանվեց: Չարենցը նույնպես մահացավ քառասուն տարեկանում, բանտի հիվանդանոցում, դարձյալ այն սառն ու մռայլ հոկտեմբերին, որին ցնցող տող էր նվիրել Էդգար Պոն Չարենցի ամենասիրած ստեղծագործության՝ «Ուլյալում» բալլադի մեջ:
Վաղ շրջանի չարենցյան քնարերգությունը կրում է Էդգար Պոյի ներգործությունը թե՛ ուղղակիորեն, թե՛ ֆրանսիական և ռուսական սիմվոլիզմի միջոցով: Մահը՝ որպես ամենից բանաստեղծական թեմա, խորհրդավոր դղյակները, գիշերային «հիվանդ, խելագար» երազանքները, բնաբանների գերառատությունը, անկասկած, ինչ-որ ազդակներ են ստացել Պոյից: Բայց կենտրոնականը, իհարկե, երազն է: Պոն, որ ըստ Խուլիո Կորտասարի, «երազում էր արթմնի», ում գործերը, որոշ մեկնաբանների վարկածով, իր տեսած երազների վերաշարադրանքն են, «Էլեոնորա» պատմվածքում գրել է. «Ցերեկով երազողներին մատչելի են բաներ, որոնք վրիպում են նրանց աչքից, ովքեր երազներ են տեսնում միայն գիշերը»: Վաղ շրջանի չարենցյան գործերից շատերը հյուսված են հենց որպես երազներ: «Ազգային երազ» պոեմը, օրինակ, հերոսի տեսած ծավալուն երազի վերապատումն է, որ վերածված է փիլիսոփայական հանգանակի. «Որ չի տարբերվում կյանքը երազից:Միրաժ է կյանքը, երազ ու տեսիլ -Քո այդ երազում դու կյա՜նքն ես տեսել: Կյանքը աշխարհում մի երազ է հենց…»:
Էդգար Պոյի բանաստեղծություններից մեկը կոչվում է «Երազ երազի մեջ»: «Իմ կյանքը եղել է սոսկ երազ»,- ասում է հերոսը՝ վերջում ընդգծելով. «Այն, ինչ երևում է ինձ, միայն երազ է երազի մեջ»: «Հարդագողի ճամփորդները» բալլադի դարձյալ եզրափակիչ տողով Չարենցը կրկնաբանում է. «Որ երազում երազեցինք ու անցանք»:
Շուտով հայտնվում են նաև չարենցյան բաց խոստովանությունները: Առեղծված է, սակայն, որ դրանցից առաջինը՝ թվագրված 1920 թ., Պոյի արժեքի ժխտումն է: «Ամենապոեմի» առաջին հրատարակության մեջ Չարենցը գրում է.
Եվ դուք չգիտե՞ք
Միթե,
Որ ամեն մի գրաստ
Գաբո,
Կամ ուրիշ մի
Թաթոս,
Մարգար,
Կամ Եղո, կամ համալ
Սեթո-
Իր խոնավ թոքերում ունի
Բյո՜ւր Տերյան,
Ու Վերլեն,
Ու Պո…
Բայց այս հակագեղագիտական իջեցումով Չարենցը սոսկ մատնում է, որ Պոն իր սիրելիների մեջ է: Տասը տարի անց նա այս հատվածը հանում է «Երկերի» 1932 թ. հրատարակությունից:
1925 թվականի սկզբին Չարենցը Հռոմում գրել է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը» գրվածքը: Չարենցագիտության մեջ այս գործը դիտարկվել է դաշնակցության դեմ պայքարի և հերոսի նախատիպ Վահան Նավասարդյանի կերպարի դիտանկյունից:
Հռոմի Ազգային թանգարանի խորհրդավոր ցուցանմուշները դիտելիս պատմողը դատարկ սրահում հանկարծ տեսնում է իր վաղեմի ծանոթին, որին տարիներ առաջ տեսել է դագաղում, ճանապարհ դրել մինչև գերեզմանատուն և մի բուռ հող լցրել վրան: Եվ ահա հանգուցյալը հարություն է առել և խոսում է պատմողի հետ: Պատմվածքի այս մասը Չարենցը գրել է սարսափի գրականության այն տեսակի կանոններով, որ աշխարհ է բերել ինքը՝ Էդգար Պոն: Փակ տարածության վախը՝ կլաուստրաֆոբիան, մեռած մարդու հարության, դրան հաջորդող սարսափի, հանգուցյալի հետ զրուցելու մոտիվները մշակված են Պոյի մի ամբողջ շարք գործերում՝ «Աշըրի տան անկումը», «Զրույց հանգուցյալի հետ», «Լիգեյա» և այլն: Պատմողը ընկերոջ՝ Ռոդրիք Աշըրի հետ անձամբ սարկոֆագի մեջ է դրել նրա մահացած քրոջը՝ լեդի Մեդըլայնին և տեղավորել նկուղում, մինչդեռ օրեր անց բացվում է սենյակի դուռը, և ներս է մտնում մեռելներից հարություն առած Մեդըլայնը՝ արյունոտ սավանով փաթաթված: Պատմողը սարսափահար փախչում է՝ թիկունքում նկատելով որոտից ու փոթորկից փլուզվող տունը: Չարենցի հերոսը չի փախչում, այլ խիստ հետաքրքրված զրուցում է վերակենդանացածի հետ, ինչպես Պոյի մեկ այլ հերոս՝ վաղաժամ թաղված ու հառնած միստր Վալդեմարի հետ:
Այս զուգահեռները կարող էին քմահաճ թվալ, եթե հանգուցյալ պարոնի հայտնվելու հենց առաջին րոպեին Չարենցն ինքը դրվագի «միստիկական տպավորությունը» ստուգելու համար չգնար դեպի ամերիկացի գրողի ստեղծագործությունը: Ահա նրա խոսքը «Ի դեպս, ես հիշեցի հանկարծ Էպտոն Սինկլերի մի վեպը և ընդհանրապես Էդգար Պոն…»: Այսինքն՝ «Արտասահմանյան պատմվածքի» սարսափի սյուժեն ներշնչված է Էդգար Պոյից:
Գրական այս դրվագը միանշանակ ցույց է տալիս նաև, որ Եղիշե Չարենցը շատ լավ ծանոթ է Պոյի ամբողջ ստեղծագործությանը ընդհանրապես և մասնավորապես արձակին:
Բայց Չարենցի խորացումները կանգ չեն առնում: «Հանգուցյալ պարոնից» մի երկու ամիս հետո նա հայտնվում է Բեռլինում: Այնտեղ Չարենցը գնել է Էդգար Պոյի «Рассказы» (Բեռլին, 1923) երկհատորյակը՝ Միխայիլ Էնգելգարդտի թարգմանությամբ: Այդ գրքերը պահվում են Չարենցի տուն-թանգարանում՝ որոշ պատմվածքների չարենցյան լուսանցանշումներով: Ընդգծումներ են առկա հատկապես երկու այնպիսի պատմվածքներում, որոնք վերաբերում են երիտասարդ գեղեցիկ կնոջ մահվան մոտիվին: «Ագռավի» արարմանը նվիրված «Հորինման փիլիսոփայությունը» հոդվածում Պոն «մի գեղեցիկ կնոջ մահը» համարում է «ամենից բանաստեղծական թեման աշխարհում»: Ճիշտ է, առաջինը՝ «Էլեոնորան», պատկանում է գոթական արձակին, իսկ երկրորդը՝ «Մորելլան», հարում է սարսափի գրականությանը: Սակայն թե՛ ընդհանուր ոգով, թե՛ ընդգծված հատվածներով դրանք խիստ հոգեհարազատ էին Չարենցի փիլիսոփայությանը: Էլեոնորան՝ հերոսի գեղեցիկ կինը, օրհնում է տղամարդու ապագա ամուսնությունը, իսկ Մորելլան մահանալուց առաջ աշխարհ է բերում իր անունով աղջնակի, որ տասը տարեկանում նույնպես մահանում է՝ սարսափի ու մղձավանջի մեջ գցելով հերոսին: Մենք չգիտենք՝ երբ են արվել Չարենցի նշումները, բայց ակնհայտ է, որ այս գործերը առնչվում են սիրելի Արփենիկի վաղաժամ մահվան, Չարենցի նոր ամուսնության, առաջին դստերը հանգուցյալ կնոջ անունով անվանակոչելու կյանքային դիպաշարերին:
Արփենիկի մահը նոր նրբություններ է գծում Եղիշե Չարենց-Էդգար Պո գրական առնչությունների մեջ: Պոն իր ամենից դաժան գործերը, այդ թվում «Ագռավը», ուր ապարդյուն երազում է վերակենդանացած տեսնել Լինորին, գրել է մինչև Վիրջինիայի մահը: Իսկ ահա Չարենցը իր սիրելի գրողի ամենահոգեհարազատ մոտիվը վերապրում է որպես դաժան իրողություն:
Արփենիկի՝ իբրև մահացած գեղեցիկ կնոջ կերպարից պահպանվել են միայն ամենապայծառ էջերը, մեծ մասամբ «Էպիքական լուսաբացում»՝ «Երկու սոնետ Արփիկի հիշատակին», «Այրած երգեր», ինչպես նաև «Ձիու մռութ» բանաստեղծություններում:
«Էպիքական լուսաբաց» գրքում Չարենցը երեք անգամ բաց տեքստով տալիս է Էդգար Պոյի անունը: «Մանկություն» գործի մեջ բանավիճային ակնարկ է նետում միայն նյութով դատող մեր քննադատների հասցեին. «Եթե նայենք նրանց- այսօր ունենք արդեն Մենք թե՛ Շեքսպիր, թե՛ Դանտ, թե՛ Էսքիլես, թե՛ Պո:»:
Իսկ «ARS POETICA»-ում Պոն հայտնվում է իր դերին ավելի վայել գիշերավախության, մեռելահարցության և մեռելների հարության շարակարգում.
Ես վախենում եմ, ինչպես նեկրոման,
կես-գիշերային ժամից,
Երբ ելնում է լուսինը դագաղից ու
մեռնում է անգամ քամին:
Այդ ժամին, թե արթուն եմ լինում,
զգում եմ սարսափով,
Որ ահա կգա Բոդլերը,
կերևա Էդգար Պոն…
Եվ ամենացնցողը: Նույն ժողովածուի «Երգ մաքառումի» բանաստեղծությանը Չարենցը կցել է հետևյալ բնաբանը. «Իմ ոգին էր դա, որ երգում էր իր վերելքի երգը, իսկ այդ ծիծաղելի ասպետը կարծում էր, թե դա ե՛ս եմ երգում»: Բնաբանի ներքո որպես սկզբնաղբյուր նշված է՝ Էդգար Պո: Չարենցի գիտական հրատարակության մեջ Ալմաստ Զաքարյանը խոստովանում է. «Առաջին բնաբանն առել է Էդգար Պոյից (1809-1849). չհաջողվեց գտնել, թե որ երկից»: Այս դրվագը Չարենց-Պո խնդրի ամենից մութ, անորոշ հանգույցն է: Ցավոք, մեզ նույնպես չհաջողվեց պարզել գաղտնիքը՝ չնայած նրան, որ ասույթը էությամբ շատ մոտ է Պոյի մտածողությանը: Որևէ ստույգ բան դժվար է ասել նաև այլընտրանքի մասին: Չբացառելով, որ հետագայում ինչ-որ հրաշքով կգտնվի Պոյի այդ էջը, հավանական ենք համարում, որ Չարենցը դիմել է միստիֆիկացիայի՝ օտար կամ սեփական միտքը վերագրելով ամերիկացի գրողին: Ընդ որում առավել հավանականը սեփականն է, որովհետև Զրադաշտի որոշ խոհերի հետ ունեցած նմանությամբ և սաղմոսների մի արտահայտության կրկնությամբ հանդերձ՝ ասույթը չի գտնվում ո՛չ Նիցշեի գործերում, ո՛չ Աստվածաշնչում, ո՛չ էլ մեկ այլ երկում: Օտար հեղինակին միտք վերագրելը տարածված երևույթ է (օրինակ՝ Բորխեսի գործերում): Իսկ որ ուղղակի սպանիչ է, կեղծ բնաբաններ դնելու սեր ուներ հենց ինքը՝ Էդգար Պոն: Ըստ մասնագետների՝ այդպիսին են «Ոսկե բզեզ» և «Լիգեյա» պատմվածքների պսևդո բնաբանները: Վերջին վարկածը հաստատվելու դեպքում կպարզվի, որ Չարենցը յուրացրել է սիրելի գրողի ևս մեկ հնարանքը՝ բնաբան-միստիֆիկացիան:
Առեղծված է նաև, որ Չարենցը որևէ կերպ չի արձագանքում Պոյի գլուխգործոցին՝ «Ագռավին»: Բայց նախ՝ բանաստեղծության որոշ սիմվոլներ և մոտիվներ ինչ-որ ձևերով կան Չարենցի գործերում, ապա՝ նրան հմայել են Պոյի ուրիշ պոետական գյուտեր, հատկապես ալիտերացիան, ասոնանսը և ակրոստիքոսը: Տառակապ գաղտնագիրը ոչ առաջին, այլ ներսի տողերում թաքցնելը, դարձյալ ռուսների միջնորդավորումով, ներշնչված է Էդգար Պոյի «Առեղծված» և «Վալենտինա» գործերի դիագոնալներից: Պոն համաշխարհային պոեզիայում առաջինն է կիրառել անկյունագծային տառակապը, որ կրկնվել է միայն արծաթե դարի ռուս բանաստեղծների՝ Գումիլյովի և Բրյուսովի կողմից: Իսկ Չարենցը աշխարհում առաջինն է ստեղծել երկրորդ տառերով տառակապը՝ մեզոստիքոսը, որ առ այսօր անկրկնելի է համաշխարհային պոեզիայում և գործադրվել է միայն հայ բանաստեղծի «Մռնչա, Շիրազ, ազատություն Մասիսին» գաղտնատողում:
Վերջապես, Չարենցը տևականորեն հմայվել է Էդգար Պոյի մեկ այլ պոետական գլուխգործոցով՝ «Ուլյալում» բալլադով:
1936 թ. նա գրել է Արուս Ոսկանյանին ձոնված «Դանթեական սեր» ինտիմ պոեմների շարքը, որի համար «MOTTO», այսինքն՝ ասույթ-բնաբան է դարձրել Էդգար Պոյի «Ուլյալո՜ւմ, Ուլյալում…» տողը, իսկ հենց սկզբում Արուսին նույնացնում է Պոյի խորհրդավոր հերոսուհու հետ.
Եվ Էդգար Պոն Քե՛զ է իր պոեմում անհուն
Կոչել միստիք անվամբ- Ուլյալում:-
Պոեմի բացահայտ էրոտիկ բովանդակությունը, Արուս Ոսկանյան-Չարենց կապի գաղտնապահական բնույթը և գիտական բնագրի բացակայությունը դժվարացնում են այս դրվագի հստակ մեկնաբանությունը: Նշմարելին միայն Պոյի գործը սիրած կնոջ կերպարին շաղկապելու ձգտումն է:
«Ուլյալում» վերնագիրն է կրում «Պոեմ անվերնագիր» կամ «Երազների մասին» անավարտ, ավելի ճիշտ՝ 1937 թ. հազիվ սկսած պոեմի տարբերակներից մեկը: Այս գրվածքում Չարենցը փորձում է զարգացնել երազատեսության Էդգար Պոյի փիլիսոփայությունը՝ համադրելով այն Զիգմունդ Ֆրոյդի երազների ուսմունքի հետ: Պոեմի աշխատանքային նշումներից մեկում նա հստակ նշել է, որ իր դրույթները կառուցելու է «Ըստ Էդգար Պո-ի + Ֆրոյդ»: Խիստ անավարտ վիճակը բարդացնում է մեկնաբանությունը, բայց «Ուլյալումի» պոետիկան ու հոգեբանությունը՝ կապված երիտասարդ կնոջ գերեզմանի հարուցած մղձավանջներին, և Ֆրոյդի «Երազների մասին» աշխատությունը, որի վերնագիրը փաստորեն կրկնում է Չարենցը, որոշ կռահումների տեղ թողնում են: Պոյի հոգեբանության նկատմանբ Ֆրոյդն ինքը ուներ հետաքրքրություն, որ արտահայտել է իր աշակերտուհու՝ Մարի Բոնապարտի «Էդգար Պո. Հոգեվերլուծական ակնարկ» աշխատության համար գրված առաջաբանում: Երազներին նվիրված պոեմը Էդգար Պոյին առնչելը դուռ է բացում նաև գաղտնատեսության, երազագիտության և ծածկագրության՝ կրիպտոգրաֆիայի ոլորտում Չարենցի դրսևորած հետաքրքրությունը մեկնաբանելու համար:
Այս հրապարակումը 2017 թ. ապրիլի 27-ին կայացած «Չարենցյան ընթերցումներ» գիտաժողովի ժամանակ ընթերցված իմ զեկուցման տեքստն է։ Սովորաբար զեկուցումը լինում է սահմանափակ ծավալով, ուստի գրվածը կրճատվում է։ Կրճատման ժամանակ տեղի է ունեցել ցավալի թյուրիմացություն. հետևյալ հատվածից բխում է, թե իբր Չարենցը մահացել է հոկտեմբեր ամսին.« Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ Պոն մի քանի օրից վախճանվեց: Չարենցը նույնպես մահացավ քառասուն տարեկանում, բանտի հիվանդանոցում, դարձյալ այն սառն ու մռայլ հոկտեմբերին, որին ցնցող տող էր նվիրել Էդգար Պոն Չարենցի ամենասիրած ստեղծագործության՝ «Ուլյալում» բալլադի մեջ»։
Ճիշտ է, այս փաստական սխալը ուղղվել է հոդվածի ամբողջական տարբերակում, որը շուտով լույս կտեսնի «Չարենցյան ընթերցումներ 10-րդ գրքում, բայց «Գրական թերթի» ընթերցողներից հայցում եմ ներողամտություն։ Մանավանդ որ մի քանի ժամից գալիս է Եղիշե Չարենցի մահվան իրական օրը` նոյեմբերի 27-ը։
Ամբողջական հոդվածիս էլեկտրոնային տարբերակը տեղադրված է granish.org կայքում։