Մայիսի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Սամվել Բեգլարյանի ՙՑուրտ երկիր, տաք կայարան՚ պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանին, նշեց, որ նա տարիների ընթացքում ապրածը միշտ արտահայտել է պաթետիկ, բայց ճշմարիտ խոսքով, եղել է միշտ ցավի կողքին` որպես ցավը բուժող, դարմանող մարդ: Անդրադառնալով ժողովածուինª Էդ. Միլիտոնյանը խոստովանեց, որ առաջին իսկ պատմվածքից հաճույք է ստացել: ՙԵթե գրողը քեզ համոզում է, ուրեմն գրվածքը և° նոր է, և° կարևոր է,- ասաց նա ու հավելեց,- իր եզերքի պատմություններն են, իր եզերքի մարդկանց հոգին է, առօրյան, բայց շատ սիրելի պոետականություն կա, անգամ առօրյայի քարքարոտ մակերեսի տակ պոետական թրթիռ կա` Սամվելին շատ հարազատ՚:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ժողովածուն համարելով ծավալով փոքր, բայց տարողունակ, անդրադարձավ ասելիքով հարուստ, նովելատիպ վերջաբաններով ու կառուցվածքով պատմվածքներում արծարծված գաղափարներին: Մեկը երկնքի գաղափարն է` հայացքը երկնքին ուղղելով` մարդը ազնվանում է հոգեպես: Երկրորդը տան գաղափարն է, որ Ս. Բեգլարյանը շեշտադրում է մի քանի պատմվածքներում: Ազատագրական շարժման շրջանը նույնպես արտացոլվել է նրա պատմվածքներում: ՙՈչ թե հայտարարություններով, դեկլարատիվ մտքերով է պատերազմը ներմուծվում գեղարվեստական տեքստի մեջ, այլ իսկապես գեղարվեստական արտահայտչամիջոցներով՚,- ասաց Պ. Դեմիրճյանը` ընդգծելով, որ գեղարվեստական արտահայտչամիջոցներով հեղինակը ստեղծում է խորքային ու հետաքրքիր պատկերներ:
Ըստ բանաստեղծ Արևշատ Ավագյանի` Ս. Բեգլարյանն այն գրողներից է, ում խոսքը տարիների ընթացքում ավելի բյուրեղացվել է աշխարհի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքով, մարդասիրական համբերատարությամբ: ՙԵթե ինչ-որ տեղ պոռթկում է եղել, ապաª ազգային, համամարդկային շահերից բխած՚,- ասաց նա:
ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, արժևորելով այն արձակը, որ հող ունի ոտքի տակ, և որի ողջ գեղագիտությունը հիմնվում է բնաշխարհի վրա, նշեց, որ Ս. Բեգլարյանի արձակը փաստում է, որ հեղինակը ճանաչում է իր երկրի մարդուն և այդ մարդու հոգեբանությունը: ՙԵրկրի տիրոջ, հողի զավակի հայացքը կա բոլոր գործերում, և դա առանձին հոգեբանական մթնոլորտ է ստեղծում՚,- ասաց Շ. Մկրտչյանը:
Գրականագետ Արմեն Ավանեսյանի հավաստմամբ` Ս. Բեգլարյանը իր պատմվածքներում ոչ միայն տան, այլև հենց երկրի խնդիրն է դրել, երկրի գիտակցությամբ է նայում ամեն ինչին. ծմակը, երկիրը, տունը, կայարանը, գմբեթը, եկեղեցին, վանդակը, ամեն ինչ դառնում է իր երկիրը, որը հիմնականում երկու թշնամի ունի: Ռուսաստան կամ ՙխոպան՚, որ հակազդում է երկրին, և պատերազմ հասկացությունները, որպես երկգլխանի վիշապ, իրենց սպառնալիքներն են տեղում, և հերոսներն էլ անընդհատ առնչվում են վիշապներից եկող ինչ-ինչ կենսակերպի: ՙԵկող չարիքը, որը երկրին պատել է, նաև ազդեցություն է գործում, և հերոսներն իրենց հոգեբանությամբ ենթարկվում են դրան՚,- նկատեց Ա. Ավանեսյանը: Նա Ս. Բեգլարյանի պատմվածքներին բնորոշ հատկանիշ համարեց ասքապատումը կամ ժամանակակից առասպելի պատումը: ՙԱյդ առասպելի մեջ կա իրապատում, կենսական հիմքեր և հնագույն առասպելներից տարբերվում է հենց նրանով, որ ապրումը շատ կենսական է և այսօրեղենիկ՚,- ամփոփեց նա:
Ըստ Նելլի Շահնազարյանիª այս ժողովածուն Ս. Բեգլարյանի մյուս գրքերի օրգանական շարունակությունն է, ժամանակահունչ, հրատապ, այսօրվա ապրած կյանքին համահունչ: ՙՀախուռն մարդ, որ ոչ մի կերպ չի կարող անտարբեր լինել հատկապես այն երևույթների հանդեպ, որոնք առնչվում են ժողովրդին, երկրին՚,- Ս. Բեգլարյանին բնութագրեց Ն. Շահնազարյանը և արժևորեց արձակագրի դիպուկ աչքը, որ տեսնում է երևույթները, հոգեբանական նուրբ շերտեր բացում:
Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, Սերգեյ Վարոսյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամվել Բեգլարյանը:
ՙՑուրտ երկիր, տաք կայարան՚ գիրքը հրատարակել է ՀԳՄ հրատարակչությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ