ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Բաքվի թիվ 1 մեկուսարանում պահվող ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մահը կրկին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը սևեռել է այդ երկրում տիրող բռնությունների վրա: ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Գալանդարովն ինքնասպան է եղել՝ կախվելով բանտախցում: Այդուհանդերձ, իրավապաշտպանների համար նրա մահվան հանգամանքները շարունակում են կասկածելի լինել: Ըստ տեղեկությունների՝ Գալանդարովը ձերբակալվել էր քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմովին (ով Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրել էր «Ուրախ ստրուկների օր» կարգախոսը) աջակցելու և ֆեյսբուքյան իր էջում «Բոլորս լինենք Գիյասի նման: Չլինենք ստրուկ» գրառման համար: ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես անդրադարձել է խնդրին, իր հաղորդագրության մեջ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին «լիարժեք, թափանցիկ և անկախ հետաքննություն իրականացնել Գալանդարովի մահվան հանգամանքների առնչությամբ և ազատ արձակել Ադրբեջանում իրենց հիմնարար ազատություններն արտահայտող կալանավորված բոլոր ակտիվիստներին»: Սակայն ազերիները վաղուց են հրաժարվել ընդառաջել միջազգային հանրության հորդորներին, և դժվար է հավատալ, որ այս անգամ կարող է բացառություն լինել: Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում փաստացի սովորական են ինքնասպանություններն ու հանկարծամահության դեպքերը, մանավանդ Ալիևին և նրա իշխանությանը քննադատողների շրջանում: Անմարդկային կտտանքները, սադրանքները, սպառնալիքները, մարդու առողջության դեմ հազար ու մի բժշկական արգելված միջամտությունները բառացիորեն սահմանափակում են արգելափակվածների ապրելու վերջին հնարավորությունը: Այսօր Ադրբեջանում քաղբանտարկյալների նոր ցանկում ներառված 147 քաղբանտարկյալներից ոչ մեկն իրեն ապահովագրված չի կարող զգալ, և ոչ մի հույս, որ վիճակը կարող է փոխվել: Վերջերս ձերբակալված Մարատ Ուլդենով-Գալուստյանի գործի հետ կապված զարգացումները Բաքվի «արդարադատության» ճիզվիտության ևս մեկ ապացույցն են: Նրա հետ ձերբակալված Ելենա Մակարենկոն, որին 15 օր հետո ազատ են արձակել, Tert.am-ին պատմել է, որ դատական նիստից առաջ Բաքվից որոշ ընկերներ իրեն գրել և ներողություն են խնդրել, որ ստիպված են Գալուստյանի դեմ ցուցմունք տալ: Նրանց զանգել և զգուշացրել են, որ հակառակ դեպքում իրենց և իրենց ընտանիքներին սպառնում է նույնը, ինչ Մարատին: Ելենայի խոսքով՝ իրեն էլ ազատ արձակելու դիմաց առաջարկել են Մարատի դեմ ցուցմունք տալ՝ «Չկարողացան կեղծիքի գնալ և նրան մեղադրել լրտեսության մեջ, պահեցին մարդուն, 10 ամիս ծեծեցին և տանջեցին, խոշտանգեցին, բայց ոչինչ չկարողացան անել: Այդ պատճառով գործը նենգափոխեցին»: Գալուստյանը թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման մեղադրանքով արդեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, և այժմ անկարելի է կանխագուշակել նրա հետագա ճակատագիրը: Հետևելով Բաքվում իրականացվող դատավարություններին՝ քաղբանտարկյալների մեծամասնությունը կա՛մ թմրամոլներ են, կա՛մ թմրաբիզնեսով զբաղվողներ, ինչն առավել քան զավեշտալի է: Տեղեկատվական ճգնաժամի պայմաններում դժվար է այդ երկրում քաղաքականն ու քրեականը տարբերակել, հիմնականը ճշմարտության սահմանափակումն է, որը Ալիևին պաշտպանելու միակ ապահով ցանկապատն է դարձել: Խոսքի ազատության յուրաքանչյուր փորձ, իշխանության հասցեին հնչեցրած յուրաքանչյուր քննադատություն ոչ միայն դատապարտված է, այլև ենթակա ամենադաժան հալածանքների: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ երկրում անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ու փակման առնչությամբ: Բաքվի իշխանություններն արդեն հինգ շաբաթից ավելի արգելափակել են ամենաազդեցիկ ընդդիմադիր կայքերի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի, ինչպես նաև «Azerbaijan Saati» և «Թուրան TV» կայքերի գործունեությունը: «Իշխանության քննադատները շարունակում են հետապնդվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս՝ նույնիսկ տարագրության մեջ գտնվելով: Իլհամ Ալիևի կառավարությունը վերացնում է Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վերջին նշույլները»,- հայտարարել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը: Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ 180 երկրների մեջ մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը, իսկ նախագահ Ալիևը, որի գերակայությունները ամրագրվեցին վերջին հանրաքվեում, հայտնվել է «ազատ մամուլի նկատմամբ գիշատիչների» ցանկում: Նման իրավիճակում անիմաստ է Ադրբեջանի բանտերում ինքնասպանությունների և հանկարծամահության դեպքերի մասին ամբողջական տեղեկատվություն ակնկալելը, իսկ առանձին դեպքերի համար Ադրբեջանը վաղուց կեղծիքի ու ծածկադմփոցի իր բանաձևն ունի:

Գրեք մեկնաբանություն