Բանաստեղծ և գեղանկարիչ Զավեն Պետրոսյանին ես չեմ ճանաչել: Նա ապրում է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, դպրոցում ուսուցիչ է: Նրան հանդիպեցի հրատարակչություններից մեկում: Ուշադրությունս գրավեց տնօրենի սենյակը մտած մարդու հայացքը. նա ոչ թե պարզապես նայում էր չորս կողմը, այլ ապրում էր պահը, որ տրված էր իրեն շրջապատող միջավայրում, ամեն ինչում: Մեր գրական շրջապատներում նման անհավակնոտ, բայց բովանդակալից հայացք ունեցող մարդու քիչ եմ հանդիպել:
– Լավ բանաստեղծ է,- ասաց տնօրենը:
Ես վերցրի սեղանին դրված նրա նոր` «Ճախրող ժայռահավքեր» գրքի օրինակը և բացեցի առաջին գործը` «Ժայռահավքեր»: Հետո էլի մի քանիսը: Ապա` բոլորը: Հետո մտածեցի, որ ինձ անհայտ բանաստեղծին բազմակողմանի ճանաչելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ստեղծագործական անձնավորությանը և բոլոր գրքերին: Պարզվեց, հեղինակը, 1980-ին ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, սկզբում կազմակերպել է գեղանկարչական աշխատանքների մի քանի ցուցահանդես: Նրա գրաֆիկական հաջող ձևավորումներով լույս են տեսել գեղարվեստական մի շարք գրքեր: Հետո հեղինակել է բանաստեղծական հինգ ժողովածու, որոնք ունեն ինքնատիպ խորագրեր` «Երկնալույս» (1999), «Խռովք և հրճվանք» (1999), «Դրախտավայր» (2001), «Անհանգիստ անդորրություն» (2008): Արժանացել է ՀԳՄ Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի:
Գյուղում ապրելը և ուսուցիչ աշխատելը ոչ այնքան սոցիալական պայմանների թելադրանք է եղել, որքան արվեստագետի հավատամքի դրսևորում: Մեր իրականության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ հոգու վրա հարազատ բնաշխարհի կնիքը կրող շնորհալի մարդիկ, մեծ քաղաքում տաքուկ անկյուն գտնելով, լռելյայն հեռացել են ծննդավայրից: Հետո, տասնամյակներ անց, իրենք իրենց էլ չխոստովանելով, գլխի են ընկել, որ այդպես վարվելով` ճակատագրական սխալ են կատարել, քանի որ բնաշխարհից հեռանալով, բնությունը կորցրել են, բայց քաղաքում հաստատվելով` քաղաքը չեն գտել. և սկսել են դեգերել երկուսի միջև: Զ. Պետրոսյանը նրանցից չէ: Նա պատկանում է բնական մարդու այն տեսակին, որը, հավատարիմ բնությունից շնորհված «հանքաքարին», բանաստեղծելով (ու գեղանկարելով), փորձել է հաստատել իր ինքնության ընկալումների գեղագիտական հարստությունը:
Գրական շնորհք և վարպետություն ունեցող հեղինակի աշխարհայեցությունը և բարոյագեղագիտական արժեհամակարգը ձևավորվել են խորհրդային տարիներին: Պորտալարով անցյալին կապված, բայց նրա կաղապարները ինչ- որ չափով հաղթահարած հեղինակն աշխարհը և մարդուն արտացոլել է սեփական կենսագրության փորձի հիման վրա: Նրա համար ստեղծագործական աշխատանքը, սկիզբ առնելով «մայր բնությունից» և անցնելով «լուսաշող անցուղի» «կյանքի» միջով, առարկայանում է իր «զավակների»` արվեստի ստեղծագործությունների մեջ («Խռովք և հրճվանք»):
Զ. Պետրոսյանի աշխարհը ընդգրկուն է. նրա մեջ մշտական տեղ ունեն բնությունը, մարդը, սերը, կեցության ու բարոյականության հարցերի վերաբերյալ խոհափիլիսոփայությունը, իսկ բանաստեղծության առաջնային հատկանիշն ազգային գունեղ ու ազնիվ զգացմունքներն են: Հեղինակը, բնապաշտության հիմքի վրա բարձրանալով, փորձել է կենդանի կյանքի ռիթմերին արձագանքող քերթվածներ գրել, որոնց մեջ արտացոլված անհամար բնանկարները լուսանկարչության սկզբունքով չեն ստեղծվել. դրանք արտացոլում են ընդհանուր մշակույթի արժեհամակարգով դաստիարակված հեղինակի հոգու` բնության ճոխ հարստություններին համապատասխան դրսևորած զգացմունքները:
Դրական մարդու կերպարի անբաժան մասն են ինչպես բնության հետ ներդաշնակ լինելը, այնպես էլ բարոյական բարձր նկարագիրը: Քնարական հերոսը հանրության ժամանակակից ընթացքի մասնակիցն է և զգայուն է նրա խնդիրների նկատմամբ. տագնապում է նրա մոլորությունների պատճառով, «վերքերին» դարման է որոնում:
Իբրև բանաստեղծ, քաղաքակրթություն կոչվածի խաբուսիկ լույսերը մերժելով, նա, իր ուժերի չափով, յուրացրել է նրա մեծության գաղտնիքները: Այս խնդրի հետ են կապվում անդրադարձները մարդկության հոգևոր կյանքի խորհրդանիշների` Աստծո, Ադամի, Եվայի, տարբեր ժամանակների արվեստագետների` Խայամի, Բեթհովենի, Վան Գոգի, Մունկի, Հ. Հակոբյանի ստեղծագործական կերպարին:
Ճշմարիտ բանաստեղծները թերություններ չեն ունենում, բայց առանձին ստեղծագործությունները, նաև ժողովածուները քննելիս նկատելի են լինում անկատարությունները: Մեր հեղինակն էլ ստեղծագործական չլուծված խնդիրներ ունի: Իբրև ստեղծագործող անհատականություն` գրական մշակույթի դասերը յուրացրել է հայ դասական գրականության մեծերից` Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Եղ. Չարենց, Հովհ. Շիրազ, Հ. Սահյան, Պ. Սևակ. ոչ թե նրանցից ազդվել է, այլ, որպեսզի հոգու մեջ ի ծնե առկա որոշ շերտերը բացահայտի, ապրումներն ու զգացմունքները մարմնավորել է աշխարհայեցության և գեղարվեստական մտածողության նույն կանոններով: Եթե մի քիչ քրտնաջան աշխատեր և հոգ տաներ, որպեսզի իր զգացական աշխարհի գեղագիտական հարուստ բովանդակությունն արտահայտվեր ավելի ճշգրիտ բառերով ու գեղարվեստական ձևերով, նրանց մեջ երբեմն թեկուզև թույլ լսվող օտար ձայները կվերանային: Դրանից նրա բանաստեղծությունն անպայման կշահեր:
ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ / Արսեն ԳԼՋՅԱՆ
