Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ամեն մի ճշմարիտ բանաստեղծ արտաքին աշխարհի առօրյա երևույթների մեջ փնտրում է իր ներքին տեսիլների համարժեքը: Այդպիսին եմ տեսնում բանաստեղծ Վահան Վարդանյանին իր` վերջերս լույս տեսած, «Մարտակոչն Աստծո» ժողովածուի մեջ:
Մեր ժամանակներում շարունակ թմբկահարվող էմպիրիզմի մեթոդը գիտությանն ու գրականությանը կանգնեցրել է անհաղթահարելի փակուղու առջև, քանզի մարդ արարածի հոգու խորքային էությունը շարունակում է մնալ չբացահայտված: Մեր նորօրյա դժվար ու հակասական իրականության մեջ բարոյական մարդը երկրային նյութապաշտ տերերից հալածված փրկության ուրիշ ելք չգտնելով՝ իր հույսը կապում է աստվածային փրկարար զորության հետ, քանզի այդ կապի բացակայության դեպքում, ինչպես Նարեկացին է ասում, «հոգեկան սովից մարդիկ կլքվեն»:
Հոգու և փրկարար հավատի գոյության պատմությունը նոր չէ, այդ մասին խոսել են անտիկ շրջանի փիլիսոփաները, մասնավորապես` Պլատոնը իր «Ֆեդոն» և «Հոգու անմահության մասին» աշխատությունների մեջ: Ըստ նրա՝ հոգիները գոյություն ունեին առանց մարմնի և օժտված էին բանականությամբ:
Հոգու հետ կապված իմ այս սեղմ էքսկուրսը անուղղակիորեն կապվում է քննության առնվող ժողովածուի ներաշխարհային յուրահատկության հետ: Բայց այստեղ ասելիքս մի պահ ընդհատելով` վերադառնամ Վահանին, այդ նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծին, ում անսպասելի մահը ցավի ու ափսոսանքի հետք թողեց իմ և, համոզված եմ, նաև բոլոր այն մարդկանց հոգու մեջ, ովքեր մոտիկից ճանաչում էին նրան:
Կարդալով Վահանի հոգեպարար բանաստեղծությունները` նրանցում հաճախ ենք հանդիպում հավատ, հոգի, մարմին սուրբգրային խոսքերի տարաբնույթ ածանցումների, որոնց մեկնությունները դյուրին չեն: Դրանք մեծիմասամբ գրված են տպավորչական պոեզիայի օրենքներով` շեշտը հիմնականում դնելով աստվածային հոգու զորության և նրա առեղծվածային ձգողականության վրա: Ըստ բանաստեղծի` Աստծո Հոգին մեր հոգիների հայրենիքն է:
Եթե փորձենք այդ ամենը բերել մի ընդհանուր հայտարարի, ապա կարող ենք ասել` բանաստեղծի անկասելի հավատն է Աստծո նկատմամբ, մյուս կողմից` նրա փախուստը երկրային արատներից:
Ուշադրություն դարձնենք «Վկայություն» շարքի այս եռատողին.
Հոգին չի հանդիպում երկրին – արդեն, -/Շփման առնչության եզրեր չունի իր հետ./Ես հեռանում եմ:
Այս տողերը կարդալիս ակամայից հիշեցի Գևորգ Թրակլի բանաստեղծություններից մեկում տեղ գտած միտքը` հոգին օտար է Երկրի վրա…
Հոգևոր բանաստեղծությանը հակված ժամանակակից արևմտյան բանաստեղծների գործերում, խոսքի տարբեր ձևակերպումներով, հաճախ ենք հանդիպում Սուրբ Գրքից եկող Եռամեկ Աստծո (Հայր, Որդի, Սուրբ Հոգի) լայն ու խորը ընդհանրացում ունեցող քրիստոնեական հանրահայտ կոդին: Դա տեսնում ենք նաև Վահանի տարբեր բանաստեղծություններում, մասնավորապես` «Սերնդափոխություն» չափազանց հետաքրքիր բանաստեղծության մեջ: Ի տարբերություն մյուսների` Վահանի բանաստեղծության մեջ աշխարհականացման, անձնավորման նշաններ կան, դրա մասին է խոսում բանաստեղծության վերնագիրը: Բանաստեղծությունը բերենք ամբողջությամբ:
Ես եմ հայրը իմ հոր,
Ես` իմ որդու որդին,
Քանզի վերջին օրը
Իր ձեռքերին եմ ես հանձնելու
Իմ մարմինը` թո՜ւյլ, անօգնական,
Որ նա տանի վերջին հանգրվանի
Եվ ինձ վրա լացի իմ հոր նման.
Մենք ենք հայրը մեր հոր,
Մենք ենք` մեր որդու որդին…
Հիմա տեսնենք, թե Նիցշեն իր «Զրադաշտում» Ուսուցչի միջոցով ինչ մեկնաբանություն է տալիս քրիստոնեական վերոհիշյալ կոդին: Նա` Ուսուցիչը, ասում է. «Ինչ լռել է Հայրը, Որդու մեջ սկսում է խոսել: Եվ ես հաճախ Որդուն գտա հանց Հոր բացահայտված գաղտնիքը»:
Նարեկացին նույնպես իր «Մատյանում» Սուրբ Գրքից ելնելով` Որդու մեջ տեսնում է Հորը և Սուրբ Հոգին` դրանց միջոցով ներկայացնելով Եռամեկ Աստծուն: «Տարանջատ եք դուք ինքնությամբ ուրույն և միավորված համագոյությամբ, բնությամբ նույնգոյ, իսկությամբ հատուկ, անշփոթելի ու անջրպետ, միևնույն կամքով ու գործակցությամբ մեկդ մյուսից ո՛չ ավագ եք, ո՛չ նվաղ, մինչև իսկ մի ակնթարթով, այլ ճանաչվում եք որպես համահունչ սկզբնապատճառ երկնային սիրո անարվեստ լույսի սրբասացության միակ պսակով անսկզբնաբար աստվածաբանված»: (Թարգմ` Վազգեն Գևորգյանի):
Ինչպես արդեն նկատել ենք, Վահանի բանաստեղծությունների մեջ երևում է հավատավոր մարդու անսահման սերը Տիրոջ նկատմամբ, ինչը նաև փոխադարձված է:
Դրա ցայտուն օրինակը «Ինձ սիրում է Տերը» բանաստեղծությունն է, որի մեջ քնարական հերոսը, որ նույն ինքը` բանաստեղծն է, դառնում է Քրիստոսի պատգամախոսը, ձգտում նեցուկ լինել այս ներքևներում տառապող մարդկանց:
Ինձ սիրում է Տերը,/Քանզի ես կարող եմ կարեկցել Ամազոնի գետաբերանին/Ապրող հնդիկ ցեղերի պատառիկներին/Եվ դողէրոցքով հիվանդներին իմ աղոթքների խինինը մատուցել:/Ինձ սիրում է Տերը,/Քանզի կայսրերի հարստության մասին եղած պատմությունները/Մոռացության կտամ իսպառ,/Հիշելով միայն բրնձի արտերում չարչրկվող կանանց խեղճությունը…
Վահանը խորախորհուրդ մտորումների և ընդհանրացումների բանաստեղծ է, մարդու փրկության ուղիներ փնտրող բանաստեղծ:
Ասել է, թե նա ոչ միայն Աստծո հավատի կրողն է, այլև Աստծո զենքն ու զինվորը:
Կարդանք բոլոր ժամանակների համար գրված այս բանաստեղծությունը, որի վերնագիրն է «Հաղթած զինվորի խոսքը».
Ես մահ եմ տեսել,/Ջարդված սրունքներ, խեղանդամված ձեռքեր,/Մասնատված ջլեր:/Ես մահ եմ տեսել,/Որբացած մանուկներ, այրիացած կանայք,/Լուռ արտասվող հայրեր:/Ես մահ եմ տեսել,/Պարտված աշխարհամասեր, ծնկած պետություններ,/Կորսված հայրենիքներ/Ես պարտվել եմ պատերազմում…
Կարծում եմ` մեկնաբանությունը ավելորդ է:
«Մարտակոչն Աստծո» ժողովածուի մեջ հանդիպում ենք նաև երկրի գեղեցկությունը դրվատող և նրա ձգողական ուժը զգացնող բանաստեղծությունների, որոնք, այսպես ասեմ, վերադարձի կամ տունդարձի բանաստեղծություններ են:
Դրանց սկիզբը ես տեսնում եմ չորս տողից բաղկացած «Երկիր» խորագիրն ունեցող բանաստեղծության մեջ:
Գունավոր, շորորուն, սոսափող, / Անշրջուն վիհի մեջ խավարի, / Վարդն այդ թերթերն էր բացել/Եվ կանչում էր իր մեջ խնդալու…
Սա երբեք չհնացող սիմվոլիզմի բանաստեղծություն է:
Մի անվերնագիր բանաստեղծության մեջ մենք լսում ենք մեր գեղեցիկ Երկիր մոլորակի` բանաստեղծին ուղղված հրավերի ձայնը.
Եվ կանչում ես դու ինձ`/Վերադարձի՜ր, Երկի՜ր վերադարձիր./Ամպն է, լեռն է, հողն է/Եվ արտերը դեղին – ցածում…/Եվ կանչում ես դու ինձ այդ ցածրերից`/Ապրի՛ր, ապրի՛ր, ապրի՛ր,- /Վերադարձիր, Երկի՜ր վերադարձիր,/Ի՜նչ ես փնտրում այդտեղ, ուր կյանք չկա…/
Եվ սրան հաջորդող բանաստեղծությունը, որ տիպիկ տունդարձի բանաստեղծություն է:
Երբ մարմնական կրքերից հալածական/Հեռու մի տեղ` մեկ այլ կնոջ գրկում հայտնվեցի հետո,/Ամոթահար այնպես և շփոթված/Քեզ էի տենչում դարձյալ,/և դու եկար հանկարծ/և ժպիտով խաղաղ և կենսատու/Ինձ ասացիր` հոգ չէ, այս է կյանքը, հիշի՛ր,-/Վերադարձիր կրկին մեր տունը դու…
Ինչպիսի՜ սեր, ինչպիսի՜ ներում, հոգեպարար խաղաղության ու հաշտ կյանքով ապրելու ինչպիսի՜ հրավեր:
Վահանի պոեզիայի մասին իմ խոսքը, ստացած տպավորությունը լիարժեք չեն լինի, եթե ամենասեղմ ձևով չանդրադառնամ այն բանաստեղծություններին և բանաստեղծական տողերին, որոնց շարունակ ուղեկցում է մահվան ստվերը: Ահա` «Եվ գալու է մահվան ժամանակը», «Կյանքս, ես գիտեմ, ընթացքն է մահվան», «Դեպի մահվան տուն այդ ո՞վ է գնում» և, վերջապես, չափազանց սեղմ և չափազանց պատկերավոր, սիմվոլներով ծանրաբեռ բանաստեղծությունը.
Քո արծիվը, Տե՛ր իմ, քո երկինքը,/Քո ծառերը ահա, քո մրգերը, խոտը,/Քո սևահողն ահա և քո օձը, Տեր իմ,/Օձի խայթն ահա/Եվ իմ մահը…
Գուցե ես սխալվում եմ, բայց մտածում եմ, որ այս մտորումները, խոհերը, Վահանի մահվան ներքնազգացողության, ավելի ճիշտ է ասել` կանխազգացողության արտահայտություններ են, որ տեղ են գտել հատկապես նրա վերջին շրջանի բանաստեղծությունների մեջ:
Մի երկու խոսք նաև Վահանի բանաստեղծությունների տիեզերքի տարածաժամանակային անհունության մասին:
Ի՞նչ է գրում բանաստեղծը այդ մասին իր «Վավերագրում» արձակ բանաստեղծության մեջ: Ահա. «Ես սկսում եմ ճանաչել ինձ շրջապատող գոյությունը` անպարփակելի, վիթխարական: Նման պահերին ես ընդարձակվում եմ անհնարինորեն. անցյալն ու ապագան, անթիվ դարերի երթը` իր բոլոր պարունակներով, խտացված տարածության ու ժամանակի ինչ-որ անհայտ տեղից գալիս, լցվում են իմ մեջ, ու ես ամենայնի կրողն եմ դառնում»:
Այս ամենը խոսում են Վահանի բանաստեղծությունների ժամանակի ու տարածության անհունության մասին` անժամանակ ժամանակ, անպարագիծ տարածություն: Սա գալիս է նաև նրանից, որ քննության առնվող բանաստեղծությունների մեջ, այսպես ասեմ, գլխավոր հերոսը Աստվածն է իր հավերժական ժամանակի և տարածության անսահմանափակ տիրույթում: Վերջապես արդեն նկատել ենք, բազմաթիվ են այն բանաստեղծությունները, որոնցում նա խոսում է աստվածային հոգու մասին, այն հոգու, որ մեկ և ընդմիշտ ազատագրվել է կաշկանդող մարմնի կաղապարից: Սուրբ Գրքում, ըստ կորնթացիների երկրորդ ուղերձի` Աստված է Հոգի: Բանաստեղծը, մարդը, բոլորս մեր հողեղեն ներքևներից շարունակ փնտրում ենք մարմնավոր Աստծուն ու չենք տեսնում, չենք էլ տեսնելու, քանզի Աստված միայն Հոգով է կապված երկրային մարդկանց հետ: Սա է քրիստոնեական ուղղահայացի օրենքը: Պատահական չէ, որ բանաստեղծը իր գործերում խոսում է երկու ժամանակների մասին` հավերժական ժամանակ և տարածություն, որ Աստծուն է, և անձնավորված ժամանակ և տարածություն, որ մարդուն է՝ մահկանացու մարդու, որ ապրում է սահմանափակ ժամանակում:
Բերենք մի քանի օրինակ.
Հավերժական երկինք, /Ես էլ այսօր քո ներքո ապրող / Ժամանակավոր մեկն եմ:
Կամ.
Բոլոր ժամանակները ապրեցինք/Խաղի ժամանակը և հայցումի, /Արբունքի ժամանակը և զավակածնության /Քնի ժամանակը և արթնացումի,/Հույսի ժամանակը և խոնջանքի,/Եվ գալիս է մահվան մեր ժամանակը:
Հենց սա է մարդու անձնավորված, ուստիև սահմանափակ ժամանակը: Օրինաչափությունը նույնն է նաև տարածության պլանով.
Ինչ ընդարձակությամբ էլ շրջագայես,/Քո ոլորտների շուրջն է լինելու:
Ահա թե ինչու է Վահանը խոստովանում, որ իր բանաստեղծության մեջ` «Անսահմանը սահմանեցի, անեզերքը եզրեցի»: Բերեմ նաև նրա մի քանի բանաստեղծությունների վերնագրեր, որոնք խոսում են անձնավորված ժամանակի մասին («Իմ ժամանակը», «Մեզ հարկադրված ժամանակը», «Առժամանակը» և այլն): Այս ամենը հայտնի է մեզ և բոլորին, կարևորը դրանց գեղարվեստական նոր ձևի մեջ դնելն է, ինչը Վահանին միանգամայն հաջողվել է: