Կորուստ / Հրանտ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

Հրանտ Գյուլասարյան

Թափորը գրեթե գերեզմանոց էր հասել և օրորվելով բարձրանում էր լանջով: Գերեզմանոցը պարսպապատ չէր, և հուղարկավորներից շատերը գերեզմանների արանքներով դանդաղ քայլում էին դեպի նոր փորված փոսը:
Մարտ ամիսն էր, հողը արթնացել էր, ձյուն չկար, ծառերն արդեն բողբոջել էին, բայց դեռ դրանց բացվելուն ժամանակ կար:
Դագաղը լողում էր ձեռքերի վրա, ասես ծովի ջրերի վրա էր, և այդպես նավարկելով գնում էր անհայտություն կամ հավերժություն:
Երկինքն ամպամած էր և տխուր, սակայն չէր լալիս, կարծես դժվարութամբ զսպելով լացը:
Ընկերները նրան թևանցուկ էին արել աջ ու ձախ կողմերից, ասես բռնել էին, որ չընկներ: Եվ իսկապես կարող էր ընկնել, այնքան որ թույլ էր: Հանգուցյալի դեմքը միտված էր երկնքից: Չէ, ամբողջովին մղում կար առ երկինք: «Ես քոնն եմ, Աստված, ընդունիր ինձ»: Մինչդեռ ի՜նչ ծրագրեր ունեին: Անարդար բան է, չէ՞, ապրում էիր, խոսում, հանկարծ չկաս: Անցյալ ես: Հետո սկսվում է հիշողության հերթը, մոռացումը: Ախր, ապրում էր, չէ՞: Ի՞նչ անցյալի մասին է խոսքը:
Երկինքը շարունակում էր ողբ թափել, բայց չէր լալիս:
– Դանդուռ են բերել փակած, կուտե՞ս,- ասաց:
– Չէ, ես չեմ սիրում:
Գնաց աշխատանքի: Քույրը ուժեղ գլխացավով պառկած էր պատշգամբում: Լուսամուտից երևում էր մայրը, որ տնամերձով գնում-գալիս էր: Դանդուռը հարևանուհին էր բերել` վեց տուփ: Հինգը կերել էին, մեկն էլ այդ օրը պիտի ուտեին: Նա, ով անցյալ է արդեն, գրիպով էր հիվանդ. ոչ հոտ էր զգում, ոչ` համ: Մեկ է, պիտի ուտեր, որովհետև սիրում էր: Ու կերավ: Քույրն էլ կերավ, բայց քիչ: «Գլխացավից մեռնում եմ»:
Աշխատանքի գնալիս դրսում մորն ասաց.
– Երկուսով էլ կարգին հիվանդ են: Ուշադիր կլինես: Գուցե պետք է բժիշկ-մժիշկ կանչես:
– Քույրդ մշտական գլխացավի մեջ է, Ռուզանն էլ գրիպ-մրիպ է, ոչինչ, կանցնի:
Բայց չանցավ: Երբ աշխատանքից տուն եկավ, երկուսով էլ ետ էին տալիս:
Թունավորված են, ուրեմն: Հինգ տուփ կերել են` ոչ մի բան, վերջինը` վեցերորդը, ուրեմն փչացած է եղել:
Բժիշկն ասաց` կգամ, բայց եկավ լուսադեմին, երբ բանը բանից անցել էր:
– Ի՞նչ ենք ունենալու, աղջի՞կ,- հարցրեց:
– Չգիտեմ, չգիտեմ: Երկուսը ունենք, երրորդն էլ թող լինի:
– Թող լինի: Երեխայից էլ լավ բա՞ն: Համ էլ` ինչ ցանել ես, այն էլ կհնձես: Ժողովրդական խոսք է,- ու ժպտաց էն լա՜վ, բարի ժպիտով:
Ոչինչ էլ չհնձեցին: Փաստորեն վեցերորդ տուփի մեջ մահն էր խցանված: Բացեցին, ազատություն ստացավ ու տարավ իր սիրելիին, միակին:
Բժիշկները, որ ուղղաթիռով էին Երևանից եկել, քրոջը փրկեցին մի կերպ, նրան չկարողացան: Ասացին` «Անհնար էր, պտուղն արդեն թունավորված-մահացած էր, չէր փրկվի»:
Գարնան այդ առավոտ ճակատագիրն անսպասելի եկավ ու տարավ: Հետո, երբ ամեն ինչ վերջացած էր, բժիշկը գլուխը կախած, մի տեսակ վախվորած մոտեցավ ու շշնջաց.
– Կուզե՞ս իմանալ` ի՛նչ էիք ունենալու:
Երկար մտածեց` չէ՛…
Ի՞նչ իմաստ ուներ, ավելի վատ…
…Անառագաստ մակույկը լողում էր խայտաբղետ ալիքների վրա: Հիմա կհասնեն: Ո՞ւր կհասնեն:
Նրանց գերեզմանոցում արդեն մեկը կար: Իրենց գերեզմանոցի հիմնադիրը հայրն էր: Ուրեմն՝ իրենց կորուստների սկիզբը նա էր: Աշխարհի ամենաազնիվ, ամենամաքուր, ամենաբարի մարդը: Երբ հայրը մահացավ, նա լացի միջից ինքն իրեն շշնջաց. «Աշխարհը դատարկվեց»: Դրանից չէ՞, որ կյանքը ավելի ու ավելի է աղավաղվել: Վերամբարձ է հնչում: Ի՞նչ արած, այդպես է: Բայց ախր ո՞վ է հանգուցյալը: Ինչո՞ւ են եկել այստեղ: Ախ, հա՜… «ընդունիր նրանց, հայր, քեզ ենք հանձնում»: Նրա՞նց: Միանգամից երկու կորուստ: «Խե՜ղճ իմ փոքրիկ, անուն չունեցար անգամ»: Կուզե՞ր իմանալ ինչ էին ունենալու: Չէ, չէ, մի՛ համոզեք: Դա կարևոր չէր: Ճակատագրի զորեղ հարված: «Տապալված եմ ես, սպանված եմ ես»… Ընդհանուր գվվոցի մեջ հստակ ձայն լսեց: Ասես մեկը կանչում էր: Ո՞վ էր:
Նրանք, որ անցել էին գերեզմանների արանքով, արդեն հասել ու սպասում էին: Հարմար տեղավորվել էին այնպես, որ ներկայացումն ավելի լավ երևար: Ներկայացում է, չէ՞, ամեն ինչ: Հիմար մտքեր են հավաքվել գլխում: Քունքերը ուժգին խփում են` «բում-բում-բում…»: Ձայնը նորից լսեց: Ձայն էլ չէր, ավելի շատ կանչի էր նման:
Առագաստը էլ չէր օրորվում ու չէր լողում: Հանգստանում էր: Գվվոցն ավելի սաստկացավ…
…Նա դեռ լրիվ չէր գիտակցում կատարվածը: Նրան թվում էր, թե ահա մարդիկ կցրվեն, հետո ննջարանից դուրս կգա իր սիրելին ու կասի.
– Էս ի՞նչ եք հավաքվել, ի՞նչ եք նստել տխուր-տրտում:
Շատ թույլ էր, ինչ-որ ճնշում էր զգում: Օղորմահացին նույնիսկ քունը տանում էր: Քնել էր ուզում, աչքերը փակվում էին: Ինչ է, չի՞ կարող գնալ – քնել: Կողքի ընկերոջն ասաց. «Համբերիր»: Ինչպե՞ս համբերի, երբ աչքերն իրենք իրենց փակվում են, ասես օդում լիներ, վեր կացավ ու նստածներին քսվելով գնաց, փռվեց մահճակալին ու էլ ոչինչ չէր հիշում…
Արթնացավ, երբ կեսգիշեր էր, լռություն, չհաշված խոհանոցից եկող ամանների չխկչխկոցը: Գլուխը ծանր էր, գվվոցը չէր անցել, քունքերում նույն բում-բումն էր: Նա դեռևս աղոտ էր պատկերացնում կատարվածը, շատ բան չէր հասկանում: Նրան թվում էր, որ հենց լուսանա, ամեն ինչ առաջվանը կլինի:
– Բարի լույս:
– Բարի լույս, ո՞նց ես քնել:
– Է՛հ…
Աստված իմ, այդ ի՞նչ ձայն է, որից պրծում չկա: Գալիս է դրսից, ինչ-որ տեղից: Ախր, դա ձայն էլ չէ, ճի՞չ է, թե՞ լաց: Հա, հասկացավ, երեխա է լացում: Բայց ի՞նչ երեխա, որտեղի՞ց է գալիս կանչը: Կա՞նչ է: Դուրս եկավ: Ամանների չխկչխկոցը մնաց խոհանոցում: Ինչ խորն են քնել տնեցիք: Էլեկտրասյան լամպը մութը համառորեն աջ ու ձախ էր տարուբերում` խավարը մի կերպ վանելով իրենից:
Դուրս եկավ փողոց: Ձայնը չէր կտրվում: Գալիս էր հեռվից: Քունքերը դեռ ուժգին տրոփում էին:
Ինչ կարիք կար դուրս գալ գիշերվա կեսին: Բայց ախր ձա՜յնը: Որբի պես սրտաճմլիկ: Քայլերն ուղիղ այնտեղ են տանում: Կամուրջն անցավ: Ոչ մի կենդանի շունչ: Կամրջի այն կողմում մեն մի լույս էր վառվում, մեկն էլ` գերեզմանոցի մոտ: Ձայնն այնտեղից է գալիս: Գոնե մի մարդ պատահեր: Նրա հետ կգնային: Աղիողորմ ձայն է: Ձայն չէ, կանչ է: Մանկան կանչ: Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի երեխան այնտեղ, այն էլ այս ժամին: Քայլերն արագացրեց: Պետք է շտապել: Սկսեց հևալով վազել: Բայց ինքն իր հևոցը չէր լսում: Քունքերի մեջ նույն դոփ-դոփն էր, մեկ էլ՝ կանչը: Հենց դրանք էլ խլացնում էին հևոցը: Հասավ: Իրենց գերեզմանոցն էր, ուր հայրն էր: Մեկ էլ թարմ հողաթումբ կար: Ձայնն այնտեղից էր գալիս: Տեր Աստված, ձայնն ինչպե՞ս է հողում պարփակվել: Սկսեց ձեռքերով հողը դես ու դեն շպրտել: Տենդի մեջ էր: Շտապել, շտապել է պետք, որ հասցնի: Ի՞նչ հասցնի: Մեկը գոնե լիներ…
…Նրան հենց այդպես էլ գտան` հողը ձեռքերով տենդորեն փորելիս: Թևերից բռնեցին, բարձրացրին և սկսեցին հանգստացնել: Մեկը թեթև ապտակեց: Հետո, երբ տուն էին գալիս, մեքենայում ճանաչեց մորը: Հետո փաթաթվեց նրան ու երեխայի պես սկսեց բա՜րձր-բարձր լաց լինել: Չէ, լաց չէր լինում, գոռում էր: Նրա մթագնած ուղեղը պարզորոշ հասկացել էր կատարվածը:
Հասկացավ նաև, որ ողբերգությունը եկել-փաթաթվել է իրեն, և ինքը նրա դեմ կանգնած է մեն-մենակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.