ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅԵՐ / Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

1990-ական թվականների սկզբին նախաձեռնել էի «Զարմանալի հայեր» խորագրով ակնարկների շարքը ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված հայերի մասին, ովքեր անցնելով դառն ու դժվար ճանապարհներ՝ ոչ միայն չէին կորցրել ազգային ինքնությունը, այլև օտար երկրներում հասել էին բարձր դիրքերի: Նման մի հայի մասին գրելու նպատակով, աշնանային այդ օրը, Լոս Անջելեսից ուղևորվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանագծին գտնվող Սան Դիեգո քաղաքը՝ հանդիպելու ԱՄՆ-ի արևմտյան տարածաշրջանի ներգաղթողների գերատեսչության ղեկավար Բեն Դավիդյանին: Ուղեկիցս ամերիկահայ քոլեջի տնօրեն Կարպիս Տեր-Եղիայանն էր, որ քաջածանոթ լինելով ամերիկահայության կյանքին՝ տեղեկություններ էր տալիս նշանավոր ամերիկահայերի մասին:
Սան Դիեգոյին չհասած, Մեքսիկայի սահմանագլխին, Տեր-Եղիայանն արգելակեց մեքենան՝ առաջարկելով քաղաք մտնելուց առաջ նախաճաշել ճամփեզրի սրճարանում: Կեսօր էր, սրճարանը մարդաշատ էր: Սպասեցինք մուտքի մոտ, մինչև սպասարկողը մեզ ուղեկցեց նոր ազատված սեղանի մոտ, որը սրճարանի ճիշտ կենտրոնում էր: Չընդհատելով մեր զրույցը՝ նստեցինք ու անցանք ճաշացանկի «ուսումնասիրությանը», մի արարողություն, որին Ամերիկայում շատ «լուրջ գործի» կշիռ են տալիս: Շատ արագ ձանձրացա՝ ընտրությունը թողնելով ուղեկցիս:
– Ես այս գրքերը չեմ սիրում կարդալ,- կատակով ասացի, մի կողմ դրեցի ճաշացանկի հաստափոր «հատորն» ու սկսեցի նայել լայն պատուհաններից բացվող գեղեցիկ բնապատկերին: Հանկարծ հայացքս ընկավ քիչ հեռու կանգնած միջին տարիքի տղամարդուն, ով ուշադիր մեր կողմն էր նայում: Որսալով հայացքս՝ նա թեթևակի ժպտալով խոնարհվեց: Հայացքս շրջեցի դեպի պատուհանը:
Տեր-Եղիայանը, ավարտելով ճաշացանկի ուսումնասիրությունը, սկսեց թվարկել ընտրած ուտեստները և համաձայնությունս ստանալով՝ մոտ կանչեց մատուցողին: Այդ ընթացքում նկատեցի, որ մեզ հետևող տղամարդը դանդաղ անցավ մեր կողքով, քայլեց սրճարանի հակառակ անկյունը, ետ դարձավ՝ դարձյալ հայացքը մեր կողմը: Նույն գործողությունը կրկնվեց մի քանի անգամ: Հերթական անգամ մոտեցավ մեր սեղանին.
– Ներեցեք, ես այս սրճարանի տերն եմ: Կարո՞ղ եմ մի հարց տալ ձեզ:
– Անշուշտ, խնդրեմ,- պատասխանեց Տեր-Եղիայանը, ով զբաղված լինելով ճաշացանկով, չէր էլ նկատել այդ անցուդարձը:
– Դուք ի՞նչ լեզվով եք խոսում:
– Հայերեն, լսած կա՞ք հայերի մասին,- իր հերթին հարցրեց Տեր-Եղիայանը:
Տղամարդը նկատելի հուզվեց:
– Կարո՞ղ եմ մի քիչ նստել ձեզ մոտ ու լսել, թե ինչպես է հնչում հայերենը: Ես էլ հայ եմ, բայց մեծ մորս մեռնելուց հետո չեմ լսել հայերեն,- նրա ձայնը թեթևակի դողաց…
Մենք նույնպես հուզվեցինք: Մինչ այդ սառն ու չոր հայացքս ջերմացավ…
Հնչեց այն առաջին հարցը, որ սովորաբար տալիս են պատահական հանդիպած հայերը:
– Արմատներով որտեղի՞ց են ձեր նախնիները:
– Խարբերդից:
– Խարբերդի՞ց,- այս անգամ հուզվեց Տեր-Եղիայանը:- Ես էլ Խարբերդից եմ: Անցած տարի այցելեցի Հայրենիք, մեծ դժվարությամբ գտա հայրական տունս:
– Իսկապե՞ս, նախանձում եմ ձեզ: Ես ոչինչ չգիտեմ իմ նախնիների երկրի մասին: Երբ փրկվելով ջարդերից, մի կերպ նրանք հայտնվել են Ամերիկայում, մեծ հայրս, հավանաբար ինքնահաստատման բնազդից մղված, իր երեխաներին ամերիկյան կրթության տալով, չի փորձել նրանց մեջ պահպանել ազգային պատկանելությունը: Ես ծնվել եմ ամերիկացի ու երբեմն զարմանում էի, թե ինչո՞ւ մեծ հորս ու մեծ մորս խոսակցությունն անհասկանալի է ինձ: Հետո, երբ չափահաս դարձա, մեծ մայրս բացատրեց ամեն ինչ: Երբ առանձին էինք լինում, փորձում էր ինձ հայերեն բառեր սովորեցնել: Հիմա դրանք մոռացել եմ, բայց մի գեղեցիկ մեղեդի միշտ հնչել է հոգուս մեջ:
Ու նա, լարելով հիշողությունը, փորձեց արտաբերել տարիներով հոգու խորքում քնած մեղեդին ու բառերը: Ես ճգնում էի ընկալել դրանք: Սկզբում դժվարությամբ, հետո աստիճանաբար ավելի հստակվում էր երգը: Վստահաբար «Կռունկն» էր. ու ես ցածրաձայն միացա նրան, հետո միացավ Կարպիս Տեր-Եղիայանը…
Սրճարանի այցելուները զարմացած շրջվել էին մեր կողմը: Տեսարանը, օտար երգի բառերի նման, անհասկանալի էր նրանց:
Ուտելիքը կորցրել էր համն ու իմաստը: Ընդառաջելով մեր նորահայտ հայրենակցի ցանկությանը՝ ես և Կարպիս Տեր-Եղիայանը հայերեն նախադասություններ էինք փոխանակում: Սրճարանատիրոջ դեմքը երջանկություն էր ճառագում: Որոշ ժամանակ անց Տեր-Եղիայանն անհարմար զգալով՝ նայեց ժամացույցին:
– Պիտի ներեք մեզ, ստիպված ենք հեռանալ, կարևոր ժամադրություն ունենք…- ասաց՝ վճարելու համար հայացքով փնտրելով մատուցողին:
– Խնդրում եմ, պետք չէ վճարել: Ինձ համար սա երջանիկ օր է, թույլ տվեք հյուրասիրել ձեզ…
Ամուր ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցինք նրան:
Մնացյալ ճանապարհն անցանք լուռ, յուրաքանչյուրս խորասուզված այդ անսպասելի հանդիպումից ստացած մեր տպավորությունների մեջ: Ես մեղավորության զգացում ունեի: Գուցե այս չնախատեսված հանդիպումն ավելի՜ կարևոր էր, և ա՜յս հայն ավելի զարմանալի էր, որ հեռու-հեռավոր այդ անկյունում կառչել էր իր անցյալի մեն-մի հատիկ հիշողությանն ու փորձում է վերագտնել կապն իր արմատների հետ, որ երբեք չառնչվելով հայությանը՝ բնազդով պահպանել էր նրան հատուկ ամենակարևոր որակներից մեկը՝ հյուրասիրելու երջանկությունը…
Դեռ ինչքա՛ն զարմանալի հայեր կան՝ ցրված աշխարհի հեռավոր անկյուններում: Կկարողնա՞նք երբևէ գտնել բոլորին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.