Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / Պետությունն ու գրողը պարտք ունեն միմյանց հանդեպ

Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բան, գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պետությունն ու գրողը պարտք ունեն
միմյանց հանդեպ
ՀՀ Սահմանադրության համաձայն` պետության հիմնական խնդիրներից է «նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը», իսկ «կառավարությունն իրականացնում է այդ քաղաքականությունը տվյալ բնագավառում»:
Երբ պետությունը հրաժարվում է գրահրատարակչության ոլորտում պետաջակցություն ցուցաբերելուց, պարզապես հրաժարվում է Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթից` անորոշ թողնելով գրականության այսօրվա և վաղվա օրը: Փաստենք, որ պետաջակցություն իրականացվում է մշակույթի այլ ոլորտներում` թատրոն, հուշարձանների պահպանություն և այլն: Իսկ ինչու ո՛չ՝ գրականությանը:
Պատկերացրեք, որ բանակում եղած չարաշահումների պատճառով որոշեն այլևս պետականորեն չֆինանսավորել բանակը: Քանզի չաջակցել գրականությանը, նույն է` չֆինանսավորել պետական բանակը` մտքի ու գաղափարի բանակը:
Խնդրի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել գրականագետ Հասմիկ Հակոբյանը, ում ֆեսբուքյան էջում էլ ծավալվեց բուռն բանավեճ: Ոմանք` հատկապես հրատարակիչներն ու նրանց արբանյակները, այդ բանավեճում առաջնորդվում էին իրենց բիզնես շահերով, ոմանք` մասնագիտական շահագրգռվածությամբ, իսկ ոմանք էլ` ազգային և պետական շահով:
Միանգամայն իրավացի է Արամ Թոփչյանը, որ թեև բանավեճին մասնակից չէր, իր ֆեսբուքյան էջում` «Վասն գրահրատարակչության» վերնագրված անդրադարձում, մասնագիտական բարձր արժանապատվությամբ գրում է. «Միջոցներ ունեցող հրատարակիչները, որոնք կարող են իրենց հաշվին գրքեր տպագրել, առավել ևս` գրողին կամ թարգմանչին իր աշխատանքի դիմաց վճարել, շատ փոքրաթիվ են: Պետաջակցության վերանալու պարագայում աճելու է նրանց մենաշնորհը, և որևէ հեղինակի ճակատագիրը կախված է լինելու զուտ սուբյեկտիվ վերաբերմունքից: Օրինակ, եթե անգամ հակված լինեն գիրքդ տպագրելու, կարող են առաջարկել քեզ ոչ ձեռնտու պայմաններ. ուզո՞ւմ ես` ընդունիր, չե՞ս ուզում` գիրքդ վերցրու և գնա: Սրանից խուսափելու համար այլընտրանքներ են պետք, և ինչքան շատ` այնքան լավ: Իսկ պետաջակցությունը, համապատասխան հանձնաժողովում իսկապես անաչառ ու գիտակ մարդկանց ընդգրկելու դեպքում, կարող է կարևոր այլընտրանք լինել` ի հակակշիռ այս կամ այն հրատարակչի սուբյեկտիվ մոտեցման»:
Խնդրո առարկա գրական պրոցեսի շահառուներն են նախ` պետությունը, ապա` գրողները, գրաքննադատները, հրատարակիչները, ընթերցողները: Նորանշանակ նախարարը քննարկել է հարցը միայն մեկ շահառուի` հրատարակիչների հետ, և ընդունել մի որոշում, որը ոչ միայն չի բխում մյուս շահառուների շահերից, այլև սպասարկելու է գերազանցապես հրատարակիչների շահը, մինչդեռ պետությունը պիտի աջակցի նախ և առաջ գրողին:
Եթե այս որոշումը նախարարը կայացրել է գրահրատարակչության ոլորտում պետական միջոցների չարաշահումների պատճառով, ապա, ինչպես ճիշտ նկատել է Աշոտ Գաբրիելյանը, «Լավ հրատարակիչը ուրեմն հստակ գիտի, որ պետաջակցության չտրված գումարները իրեն են գալու այլ աղբյուրներով: Ասենք` գրադարանների միջոցով, որտեղ շատ հավանական է գրադարան-հրատարակչություն կոռուպցիոն ռիսկը»:
Միևնույնն է, եթե չի գործում օրենքը, չարաշահումներն անխուսափելի են լինելու ամենուր:
Ուստի, ինչպես Ա. Թոփչյանն է գրում. «…եկեք, աղբյուրը պարզապես ցամաքեցնելու և անարժանների հետ մեկտեղ նաև արժանավորների ջուրը կտրելու փոխարեն, մեր ջանքերն ուղղենք այդ աղբյուրը մաքրելուն»:
Նախկին տարիներին պետաջակցությամբ պետությունը տեր է եղել գրողին, որն արժևորել է Հասմիկ Հակոբյանը. «Այս դեպքում պետությունը` որպես խաղացող, հանդես է եկել դաշտը կարգավորելու համար, գրողին մենակ չի թողել: Ի վերջո, գրահրատարակչական այս աշխուժությունը (վերջին 5-6 տարիներին տեսնում ենք, որ հրատարակվել են ժամանակակից հեղինակների գործեր) մասամբ դրա շնորհիվ է եղել»: Տեղին է վերջինիս մտահոգությունը. «…ինչո՞ւ ենք խփում ժամանակակից գրականության թիկունքին և ուզում, որ գրադարանը գնի»:
Սակայն համաձայն չենք Հասմիկ Հակոբյանի այն մտքին, թե գրադարանն ակտիվ խաղացող չէ: Գրադարանը` որպես ընթերցող, ակտիվ շահառու է, ուստի պետք է հստակեցնել բոլոր մեխանիզմները, որ պետությունն ամբողջ ծավալով իրականացնի իր բոլոր գործառույթները, այդ թվում` և՛ գրողին ու գիտնական-գրականագետին տեր լինելու, և՛ գրահրատարակչության, և՛ գրադարանների աջակցմանը:
Առհասարակ, անհրաժեշտ է ունենալ ազգային պետության մշակութային քաղաքականության միասնական երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագիր, պետական մտածողություն` այս և մյուս խնդիրները հօգուտ ազգային շահի լուծելու համար, որը, ցավոք, նկատելի չէ:
Պիտի ամենքս մեր տեղում ծառայենք նախապես մշակված ազգային պետական երկարաժամկետ ծրագրին:
Իսկ ո՞վ պիտի մշակի այդ ծրագիրը, եթե ոչ` հայ մտավորականը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.