ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, երգահան
ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
«ՄԵՐ ԴԺՎԱՐԻՆ, ԴԺՎԱՐԻՆ, ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՇԱՐՔԻՑ

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԱՍՐԵՆԻՆ
Քարը ճեղքել և դուրս է սողոսկել այս մասրենին:
Այո՛, շատ բան կարող է նա և
բեռն իր կտանի:

Անձրևն արդեն սկսվեց, և ցուրտն է մեր շեմին կանգնած:
Ելի՛ր, հա՛յ ժողովուրդ և նրա դիմաց դռներդ բաց:

Ասա բարև բքին, սովին,
միայնությանն անդեմ…
Լոկ այդ է պապերից տրված
ճամփան դեպի Եդեմ:

Մենք այդ ժառանգեցինք,
և վերարկու դարձավ կաշին,
իսկ սիրտը զրահ հագավ,
որ ողբերից իր չմաշի:

Ահա, նորից ամպեր և խաչ այն ամպերում կրկին…
Այո՛, շատ բան կարող է մասրենին այս՝
հայ հոգին:

Ո՞Վ ԵՄ ԵՍ
Մի կեսս՝ քայլ անող, մյուսս՝
նրան քացի տվող,
մի կեսս՝ շինարար, մյուսս՝
շենքը պայթեցնող…

Մի ձեռքս՝ բերքատու, մյուսս՝
նրանից խլող,
մի մասս՝ բարություն, մյուսս՝
սև նախանձ և ոխ…

Ազատության համար իմ մի
բաժինն է պայքարում,
մյուսը կապանքի խրձեր,
պատեր է ամբարում…

Իմ սիրտը ծաղկեփունջ է մի,
իսկ միտքս՝ փշաստան,
հոգում իմ՝ աղբ, աղտեղություն,
իսկ մեջտեղում՝ ընծան…

Ելքի դիմաց՝ կանգնած վիշապ,
լույս երգ և չար ավարտ,
հղի մի կին, որ չի հասցնում,
վիժում է անընդհատ…

Աղոթք և՝ հայհոյանք նաև,
մատաղ և ժանտ դահիճ,
դալար ընձյուղ և չոր ոստեր,
իրեն խայթող կարիճ…

Անուրջ, մեկտեղ և՝ գերեզման,
հանճար և նրա շղթա,
մի կեսս չի ների երբեք,
մի կեսս կգթա…

Ես ո՞վ եմ… Հայ աշխարհն եմ ես՝
ոսկի եմ քարայրի,
Աստծո չարիք և խնդություն,
անեծքը սուրբ վայրի:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Ինձ՝ մի քիչ հին օրերի հացից,
ինձ՝ մի քիչ հին օրերի օդից,
որ պրծնեմ հոգուս նվվան լացից,
որ պրծնեմ նոր կառույցի բոթից:

Ո՞ւր ենք մենք գնում. հիմարությունը
պատրաստել է անճոռնի իր նավը:
Այ թե գործ է այդ անկախությունը,
այ թե բան է մարդկային մեր կավը:

Ծակ տանիքը ճեղք է մեծ դառնում,
մի տհաս դառնում է վեց անմիտ,
և լեղին եփվում է՝ թույն ծնում,
ով չուներ բերան՝ չունի և քիթ:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՔՍԱՆՄԵԿԱՄՅԱԿԸ
– Որտե՞ղ ես դու ապրում:
– Ավերակներում:

– Կերակրվում ես դու ինչո՞վ:
– Ավերակներով:

– Ծածկվում ես դու հագուստներո՞վ:
– Ավերակներով:

Ավերակներում է ամեն ինչ՝
և՛ տուն, և՛ հայրենիք,
երկինքը ջինջ:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
– Տեսա՞ր մեքենաների երթի այն շրջանում
պարող նիհար զույգը՝
սարսափելի դեմքով:

Նրանց տեսքից նույնիսկ
ագռավների կռռոցը համրացավ:

Ա՜խ, պարն այդ, պարն այդ անհատնում,
որ պտտվում է անհագուրդ կրքով:

Նրանցից մեկի մեջքին գրված է՝
Թշվառություն,
մյուսի մեջքին էլ՝ Ցավ:

Թշվառություն և Ցավ:

ՄԵՐԺՈՒՄ
Ինձ ասացին.- Թող վերջապես
Աստծո կողմից լքված քո հայրենիքը.
ամեն քայլին ծաղրել են քեզ,
ծաղրի էր ենթակա Աստված հենց ինքը:

Այստեղ քո շնորհները
կփայլեն իսկույն,
և կլսվի ամեն մի երգ,
ճիշտ անվանում ունեն ամեն
մի ձև և գույն,
բուժում ունեն և՛ ցավ, և՛ վերք:

Բայց փակեցի իմ ականջները,
որ չլսեմ շոյիչ խոսքերն այդ անպատիվ,
վերցրի հոգուս ցնցոտիները,
մտա աշխարհն իմ ցավերով այն բազմաթիվ,

գումարվեցի ես ամենքին,
սև օրերի մոխիրը քսեցի դեմքիս
ու նստեցի նրա կողքին՝
աղբարկղերից հաց հավաքող ժողովրդիս:
«ԲՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ» ՇԱՐՔԻՑ

ՆՈՐ ՄԱՐԴԸ
Զուգահեռ աշխարհ է բնությունը:
Մեզ՝ վազքերը, նրան՝ հանգստությունը:

Մեզ՝ հոգիների հար կողոպուտը,
նրան՝ փոքրիկ այս գանձը՝ խաղատուտը:
Մեզ՝ մեր ինքնության անվերջ կորուստը,
նրան՝ կարմիր այս թիթեռի ապրուստը:
Մեզ՝ աղմուկը,
նրան՝ խաղաղ բացատը,
նրան՝ ծաղիկների բուրմունքն ու կաթը:

Մեզ՝ ինքնաժխտումը, մաղձն ու թույնը,
նրան՝ եղևնուտի արծաթագույնը:
Մենք ինքներս մեզ հոշոտելու ենք,
նա հավերժ վկա է, ապրելու է:

Կծնվի նրա գրկից մի օր
բնության զավակը՝ մարդը նոր:

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կտրվել անտառից՝
ուրեմն կորցնել բուն էությունդ,
կտրվել սարերից՝
գնալ դեպի մանր ու ճղճիմ
գոյությունը:

Կտրվել խոտ ու ծաղկից՝
ուրանալ հենարանն ի ծնե տրված:
Ի՞նչ մնաց քո մեջ աստվածային
պատկեր-վարքից,
անհոգի, անող, անմիտ մարդ արարած:

ՄՏՔԵՐ
Անտառային արահետի
հաստաբուն կաղնու տակ նստած՝
գլուխս հպում եմ կեղևին,
և մտքեր են գալիս՝
հիմնական,
միակ կարևոր:

Մենք չգիտենք՝ ինչ է արդարությունը,
թեև անընդհատ խոսում ենք արդարությունից:
Մենք չգիտենք՝ ինչ է բարին,
թեև անընդհատ բարություն ենք քարոզում:
Մենք չգիտենք՝ ինչ է սերը,
թեև ինչ-որ զգացողություններ
ունենում ենք:
Մենք չգիտենք՝ ով է Աստված,
թեև նրա մասին ենք անընդհատ դատարկաբանում:

Մենք ոչինչ չգիտենք,
թեև
մեզանից ոմանք
խելոք են և լավ են
խոսում:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ճշմարտությունն այն չէ, ինչ
մենք գիտենք:
Ա. դը Սենտ – Էքզյուպերի

Ճշմարտությունը
մեր իմացությունից այն կողմ է:

Մենք միայն
մոտենում ենք նրան
և հեռանում,
ինչպես խճուղով սլանալիս
անցնում ենք
փառահեղ եղևնու
կամ հաճարենու կողքով:

ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է ԽՈՍՈՒՄ
Լռությունն է խոսում:
Եվ եթերում զնգում են իոնները,
ինչպես ձյան զրնգուն,
լույս փաթիլները:
Նրանց հպումներից են տերևները
թեթևակի շարժվում, թեթև սրսում:
Լռությունն է խոսում:

Հրեշտակները
շարժում են թևիկները, և բզեզը
արթնացավ, պարզեց ոսկե երեսը,
դժկամորեն լքեց տերևի դեզը,
որի վրա շարժում են թևիկները
հրեշտակները:

Օրվա կես է:
Փայլում է երգերով աշնան արևը,
լսվում է, թե ինչպես ընկավ տերևը,
լսվում են շողի շունչը, հողի հևը,
երկնից իջնող զվարթունների հար ծեսը:
Օրվա կես է:

Նյութը և ձևը
ամենի ոգեղենիկ են, կյանք են,

և ողջ աշխարհը ղողանջող մի վանք է,
լսվում է պտտվող Երկրի առանցքը,
լսվում են Երկրի խորքը և կեղևը,
նյութը և ձևը:

Տիեզերքը
մեղմաձայն, թովիչ մի երգեհոն է,
լռություն պաշտող ծառա է, տուն է,
ուր օրհնվում է Արարչի անունը…

Եվ չաղմկող աշխարհն է շատ խոսուն:
Լռությունն է խոսում:

ԿԵՌՆԵԽԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԳԸ
Կեռնեխը երգեց
առավոտյան կողմ,
կիսախավարի մեջ,
դրսում՝ քնիս և արթնության
արանքներում:

Ես լսեցի՝
ինչ-որ տեղ բարձր ծառի
կատարին նստած՝
երգեց կեռնեխը
աղբարկղերի
ծանրաբեռնվածության վրա,
բջջային ցանցի ալիքների արանքներում,
արանքներում ռադիո և համացանցի ճառագայթների,
գորշ շենքերի և օդի հատող
լարերի վրա,
թունավոր քիմիկատներով հագեցած
մոխրադեղնավուն ամպերի տակ…

Կեռնեխը երգեց՝
ինչ-որ թեթև բան
արթնացնելով իմ մեջ:

Եվ եղավ երեկո
և առավոտ:
Օր առաջին:

ՍԻՐՈ ՀԻՄՆԸ
Մոլորակը երգում է սոնետ
մոլորակին:
Հնչում է այն ամեն պահ
կրկին ու կրկին:

Սիրո թագուհի է արևը
նրանց շրջանում,
աստղերն են վարակվում
ու ձայնձայնում:

Լսիր դու, լսիր, մի՞թե
չի լսվում…
Միլիարդավոր տարիներ է
այն երգվում:

Միլիարդավոր տարիներ
հավատարիմ է
մոլորակների երգած
սիրո հիմնը:

Չի կարող նույնիսկ կասեցնել
երգի ծնունդը

այս խելացնոր սև բշտիկը՝
երկրագունդը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.