Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Չփակվող գիրք


Հաղորդվելով «Զոհանվեր» խոսմունքին արարման ընթացքում և ապա գիրք դառնալուց հետո, ամբողջության մեջ ընկալեցի, որ եթե այս գիրքը բացես և տող առ տող նրա հետ ապրես սիրով ու հավատով` նա քեզ համար այլևս չի փակվի: Ինձ համար այդպես էլ եղավ ու մնաց… չփակվող գիրք:
Վահագն Մուղնեցյան գրողին ակադեմիկոս Սարինյանը բնութագրում է. «… որքան անսովոր, որքան անակնկալ, նույնքան տաղանդավոր»: Այս բնորոշումը նույնական է հեղինակի և՛ արձակ, և՛ չափածո խոսքի պարագայում, քանի որ հեղինակի համար առաջնայինը ասելիքն է, որը և պահանջում է` պարտադրում իրեն առավել հարմար գեղագիտական հղացումներ ու արտահայտչաձևեր: Այսքանով հանդերձ, Վահագն Մուղնեցյանը «Զոհանվերի» ստեղծագործական որոնումներով գերազանցեց ինքն իրեն ոչ միայն արտահայտչաձևերի, այլև արտահայտչական միջոցների, գեղարվեստական հնարանքների ինքնատիպ առատությամբ և անսովոր սիմվոլիկ կերպարների խորհրդավորությամբ` հասնելով էպիկականի և քնարականի զարմանալի ներդաշնության: Իսկ ընդգրկուն տեսողությունից զատված մի հայացք շարունակ պրպտում, պեղում է սեփական ներսը` փորձելով վերջնականապես ճանաչել` մերձենալ իր Ես-ին.
Ես մարդուն որոնեցի կյանքի մեջ, /Բայց չգտա, /Ես մարդուն որոնեցի մարդկանց մեջ, / Բայց չգտա, / Ես մարդուն որոնեցի մարդու մեջ, / Չգտա, բայց նմանեցրի… / Ես մարդուն որոնեցի իմ մեջ. / Գտա և սարսափեցի:
Այնուհետև, ինքնամաքրման արդյունքում, հեղինակին տրվում է ապավինել իր Արյուն-հիշողությանը, ապա և կարդալ այդ հիշողության մեջ պատսպարված և երբեմնակի հառնող պատմություններ…
Ամեն անգամ հաճույք եմ ապրում, երբ իմ ճանաչումներն ու ընկալումները համընկնում են գեղարվեստական գրականության գիտակների գնահատության չափումներին: Ահա, այդօրինակ մի պատառիկ գրականագետ Ներսես Աթաբեկյանի «Տառապանք տեսածի խոսմունք» հոդվածից. ««Զոհանվերը» 21-րդ դարի մարդու հայացք ու խոսք է: Մարդու, ում հիշողության մեջ զետեղված է ամբողջ պատմականն ու նախապատմականը, մարդկայինն ու անմարդկայինը, դաժանությունն ու գթասրտությունը, մարդու, որ տեսել է իրպեսի վայրէջքը Լուսնի վրա և իր նմանի վայրէջքը Երկրին, մարդու, ում համար ֆիզիկան ու մետաֆիզիկան նույնն են, ոչ թե առօրեականություն ու հրաշք, այլ միևնույն Մեծի գոյաձևերը, որոնք կարող են ապրել կողք կողքի, ինչպես Մուղնեցյանի անսպասելի անցումները այսպահայինից հավերժականին կամ արձակից պոեզիային և` հակառակը: Իրականում ոչ մի անցում էլ չկա. ինքը ապրում է այդ բոլոր ժամանակ-տարածություններում և պատմում է նույն բնականությամբ, ինչպես ապրում է»: Եվ, համոզված եմ, որ ստեղծագործության այս տեսակը կարող էր կայանալ միայն Մուղնեցյան գրողի հարուստ, գեղեցիկ, բազմաշերտ հայերենով…
Իմ սեղանին Վահագն Մուղնեցյանի չփակվող գիրքն է, որը հուշում է «… որքան անսովոր, որքան անակնկալ, նույնքան տաղանդավոր» հեղինակի նոր ստեղծագործությունների սպասումներ:

Արարատ ՄԱՀՏԵՍՅԱՆ

Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

* * *
Հիմա գիտեմ. փորձությունն այս
պարգևել է Երկինքը ինձ,–
Որպես շնորհ բացառական,
ինքնահերձման միջոց որպես,–
Հիմքից պիտի ինձ ավերեմ՝
վերակերտեմ հիմքից նորից՝
Մինչև ճամփան Քո ցուցանած
ինձ այցելի հեռուներից:

Կարմիր ու բորբ հեռուներից
ինձ այցելի Ձեռքդ ճերմակ,–
Որ վանկարկող հնչյունների
դասը սերտեմ տասնապատիկ,–
Եվ հատուցեմ՝ իմ մեղքերի
չափ ու կշիռը ճանաչած,
Որ դեպի Քեզ ողջագուրեմ,
որ դեպի Քեզ անմեղանամ:

Եվ գույնզգույն ածանցների
գումարումով արմատանամ,–
Տարագրված հոգիս գտնի
բողբոջումներ վաղնջական,–
Ինձ հետ բերեմ խոսքը միայն –
բառի խորհուրդը դասական,
Որ դեպի Քեզ ընթանալիս՝
վերջին աղոթքով համենամ:

* * *
Մեկ-մեկ բացվում է կապանքը լեզվիս,–
Խոսքս դառնում է շռայլ ու հորդուն,–
Մի հարց տանջում է ինձ ամեն անգամ.
Ի՞նչ հաճույք, երբ որ ծախում են մարդուն:

Առաջ երևի լավ էր ավելի,–
Մարդու մարմինն էր ծախվում շուկայում,–
Հիմա մարմինը գին չունի բնավ.
Դարի խռովքը այդ է վկայում:

Ծախում են մարդու խոսքը միամիտ,
Հենց այնպես ասված բառերը տկար,–
Ի՜նչ զենքով կռվի սադրանքների դեմ՝
Մեռնում է վհատ – լքված ու անճար:–

Կամ հարբած մարդու ճիչն են վաճառում
Եվ վրդովվածի խռովքը հոգու,
Խիղճն են վաճառում, տրոփը սրտի,
Եվ արժեք չունենք՝ ոչ ես, ոչ էլ դու:

Էհ, ինչ իմանամ, այսպես որ գնա,
Մի բան կարժենա՞ կյանքը իմ որդու:
Տե՜ր, գուցե թաքուն ականջիս ասես՝
Ե՞րբ պիտի մի օր նմանվենք մարդու:
* * *
Ընտանիքն ի՞նչ է՝ բռնի կացարան,
Որ հորինել է հին մի գյուտարար,–
Նախ ապրիորի, ապա անհստակ,
Հիմա ճգնում է օրենքների տակ:

Այդ կացարանում,– բռնի ու դժկամ,–
Ապրում են տարբեր հոգիներ անկապ.
Հայրը կոչվում է պայմանական հայր,
Մայրն էլ կոչումով հորն է հավասար:

Ես ի՜նչ որդի եմ և ինչ եմ եղել,
Ո՜նց եմ ցավեցրել իմ ծնողներին,
Մահից հետո էլ,– ապերախտ որդի,–
Աչքս թեքել եմ գերեզմաններից:

Պարզ է, զղջում եմ, բայց թե ի՜նչ արած,–
Խիղճս խեղդվում է մեղքերիս ճահճում,–
Այսօրն անցած չէ, անցածն է անցած…
Հոգիս ննջում է անհունի ճոճքում,

Անտարբեր, որպես հավերժող ուլիս
Թափառումների խաչուղիներում,
Եվ կհանդարտվի այն օրը միակ,
Երբ Աստված տուն տա իր վերևներում՝

Տիեզերական բանականության
Խաղաղապարգև փակ տարածքներում՝
Թոթափված մարմին-բնատեղերի
Խարխուլ – խավարից, մարդկանցից հեռու:

* * *
Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի,
Բայց ե՞րբ եմ ասել, թե այգեպան եմ,
Եվ ծանրասմբակ մի նժույգ ունեմ՝
Գլուխ չեմ գովում, թե ձիապան եմ:

Խոսմունք եմ գրում,– բոլորն էլ գիտեն,–
Իմ բնությանը արժանավայել,
Բայց թե ե՞րբ եմ ես ինձ գովաբանել,
Թևավոր խոսքի վարպետ անվանել:

Ե՞րբ եմ պարծեցել, թե շատ բան գիտեմ,
Ախր, ե՞րբ եմ ես ինձնով հիացել,
Ամենապայծառ երկնքում անգամ
Չեմ կարողանում աստղերը հաշվել:

Իմ երազ – կյանքում որքան փորձեցի՝
Ծիրկաթիններից մեկին չհասա,
Որքա՜ն գիշերներ անքուն լուսացրի՝
Հրեշտակներից մեկին չտեսա:

Մինչև օրս էլ հաստատ չգիտեմ՝
Արևն ինչո՞ւ է գնում ու գալիս,
Երբ ինձ հարցնեն, չեմ կարող ասել՝
Շներն ինչո՞ւ են լուսնահաչ տալիս:

Ճիշտ է, չգիտեմ, թե ձկնիկները
Ինչո՞ւ են հոսքին հակառակ լողում,
Սակայն ոչ մի կերպ գլուխ չեմ հանում,
Թե մարդն ինչու է մարդու դեմ սողում…
Մի՞թե ես գիտեմ, թե գետերն ինչու
Հատկապես իրենց հունով են հոսում,
Եվ ի՞նչ իմանամ, թե Բարձրյալի հետ
Ո՞վ է ինձնից զատ ամեն օր խոսում:

* * *
Չկարողացա և էլ չեմ կարող
Պահել մանկության աշխարհն իմ երազ,–
Լուսաշավիղն իմ պահել անվնաս,–
Չկարողացա և էլ չեմ կարող:
Մերժված անուրջներ, կորուսյալ աշխարհ,–
Չմնաց անգամ հույսի մի նշխար,–
Չկարողացա և էլ չեմ կարող
Պահել մանկության աշխարհն իմ երազ:

* * *
Արարչագործելով փառավորված Տեր,
Հայացքդ պարզիր և տես
Բազմությունն անկատարների.

Անօրինական օրենքներն ամեն,
Մարդադավության ուսմունքն անօրեն,
Զավզակությունը որպես ճառընտիր
Մատուցողներին,
Մոլորված հոգի որսացողներին,
Ախտածնություն տարածողներին,
Ախտամոլությամբ տառապողներին,
Տես գաղտնակենցաղ
Սատանայություն դավանողներին,
Լուսեղբայրներին ուրացողներին,
Տես չարասնունդ հերձվածողներին,
Ճշմարիտ խոսքը հալածողներին,
Բուրվառ ու կանթեղ գողացողներին,
Եղելությունը նենգափոխությամբ
Տարածողներին,
Պատվականներին պարսավողներին,
Խոսքն ու խոստումը խարդախողներին,
Կայենությունը քաջալերելով
Հորդորողներին,
Կացնահարողին մեծարողներին,

Ոճրագործներին աջակցողներին,
Մանկապիղծներին կարեկցողներին,
Տես տգիտության Վաստակի համար
Շքանշաններ բաժանողներին,

Մեկենասներին մոլորեցնելով
Պաշարողներին,
Մուրացիկներից մուրացողներին,
Խղճմտությունը երգիծողներին,
Ուժեղի առաջ կռացողներին,
Թույլերի հանդեպ բռնացողներին,
Երգելու տեղակ ոռնացողներին,
Պարելու տեղակ թռչկոտողներին…
Տես ինքնամատույց կանանց հերթերը
Եվ տղամարդկանց կավատաբարո,
Եվ մատնիչներին նորաբովանդակ…

One thought on “Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

  1. Միշտ էլ գտնվում են բարեկամներ, որոնք բանաստեղծություն են հայտնագործում այնտեղ, որտեղ այն չկա: Մեր գրականությունն այս-պես չի կարող զարգանալ: նույնն է նաև մյուս բնագավառներում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.