Սլավի Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԴՌՆԵՐ
դռներ կան-
որ փակվում են-
երբ մոտենում ես

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ
ես
վերջին
օրերի մասին
երկար
կլռեմ ինձ հետ

մի սեպտեմբեր էր
արևի ցուրտ
մատներով և
նռան հատիկներ կային
արյունոտ
օրերի
նման
հատ-հատ: և
հեռու սեր-
վերջին
վերջացած
սեր: և

Աստված կանչեց ինձ
Աստված կանչեց իր հետ

հեռվում
մի հին
մամուռ էր: ու լքված
մի
մակույկ

(մի աղջիկ ու այդ հեռուն
ինձ այնտեղ դեռ սիրում էին)

մոլորվել ու
կորում էր
շուրջս ցուրտ մի
սեպտեմբեր
արյունոտ
օրերի նման
հատ-հատ
նռան
ուշաթափ
հատիկներ

ո՞ւր մնաց Աստծո որդին

այն աղջիկը՛
այն աղջիկը
և ես

ՔԱՂԱՔ
երբեմն-համարյա-անծանոթ
կանանց գրկում
հասկանում ես
որ կյանքը
հաղթանակների համար է

և կրծքիդ տակ նորից՝
ալեբախում է քաղաքը

ԸՆԴՎԶՈՒՄ
ի՜նչ դափնիներ-դրոշակներ՝
փառքեր-բառեր-ճառեր
ծափահարվող
քամուց
ժամանակից՝
երբ
թմբեր են
կողքիդ
ավելանում՝

զույգ-զույգ
մեկ-մեկ

դանդաղ-դանդաղ
արագ

կորուստների պահին
որ մենակ ես եղել՝
անփույթ-ջահել
ջահել
ջահել

այս ինչ հրաշք էր-Տեր
այս ինչ դրախտ-
այստեղ
այստեղ-
անգամ
անկումներիդ
պահին

չէ՛
թռչել է պետք-

արագ
արագ
արագ

քանզի կնճիռներդ
ճամփաներ չեն դարձել
վերադարձի՝
անցյալ-
քո թաքուն
սեր
խաժաչ
կորած-
կորա՞ծ

այս ճամփեքին
Տեր մեր-
դու գիտես՝
մեզ
խփեցին-
ընկնում ենք
շիվար-
շեշտակի-
շեղ

հիմա-կրկին
ընթացք է պետք-

միայն՝

խելառ
խելառ
խելառ

երբ-դեռ
մենակ ես-
անդափնի
անդրոշակ
անփառք-

ուժեղ

ՄԱՍՐԵՆԻ
մասրենին
կրակից
կարմիր է
մայր
մտնող
աշնան
մշուշում
բոցվում է
շուրթերը
կարմիր են
կրծկալը
ամուր է
եղունգները՝ սուր

հերարձակ
հպվում է
հմայում
խաբում է
չի տրվում
ծիծաղում
ծակում է

ուզում ես
հեռանալ
ախ
այնպես
վառում է
վերևից
կրակ է
թափում ու
համբույր

մասրենին
սարի
պռնկին
չոքել է
ծնկներին
աղոթք կա
ինքը
ժպտում է
թե ձեռ տաս՝
կխայթի
կհոսի արյունդ
կարմիր
կկաթի
կխառնվի
կույս
լույսին

շուրթերի
կարմիրը՝
համբույր է
բոցը՝
կիրք ու
սեր է
աշունը
մահիճ է
մշուշ

ինչ լինի
թող լինի

մնում եմ

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
կմոռացվեն վեճերը
կարոտի նամակները
համբույրները
հեռացումի
մենք կմեռնենք և կմնա
մարդկանց թախիծը՝ ծառի
ստվերի
նրա բաց կեղևի
նրա նուրբ մատների
նրա լռության համար-
այն հետքերի
որ մենք թողել ենք
մոսկվայահոտ ձմռան
այգում
ասեղնագործ
ձյունին-
որ կջնջվի
ուր որ է

նեղանալս ո՞րն է
կյանքից
մարդկանցից այս՝
մոտիկ ու հեռո՜ւ-
շտապ վազող
գործի
երբ բոլորս
ամեն ակնթարթ
մեկ-մեկ
գնում ենք
ընդմիշտ

չգիտենք՝
ձմե՞ռը
կեռմաններն
այս
այգու
բազեների
թռի՞չքը
թե ի՞նչն է չափելու
մեր
հեռավորությունն
իրարից
այնտեղ-

որտեղ ձյուն չկա
մոսկվայահոտ
որտեղ ոչ ոք նամակներ չի
գրում հեռացումի
որտեղ ոչ ոք չի հիշելու
բարձրությունը
բազեի
թռիչքի

ԺԱՄԱՆԱԿԸ
այստեղ չեմ հասցնում
ապրել-
անտանելի երկար է
ժամանակը

ԿՈՐՈՒՍՏ
ճամփան կորում է երբ ետ
ենք շրջվում

ԱՅԴ ՕՐԸ
երբ դրսում մառախուղ ու
անձրև կվնգստան իրար գրկած
երկինքը երկրից դժգոհ
մութ ու ցերեկ խառնված

թաց ասֆալտը
թաց պատուհանները
թաց լուսամփոփը մենակ
կմղկտան-

այդ օրը դու մի գնա
այդ օրը երկուսով ապրելու
համար է

բրդե գուլպաներով
բամբակյա խալաթով
կարմիր գինիով
թխվածքներով
սուրճով
մրգերով
մոմերով վառված
տաք սենյակը
ապրելու համար է

այդ օրը դու մի գնա

պարզապես գնացողները ետ
չեն վերադառնա
առավոտները
կզարթնես մենակ
առանց նրանց մասին
մտածելու
առանց զանգելու
նրանց
իմանալու թե թեթև
չե՞ն հագել հանկարծ
աշնան
այս ցրտին
սառը

թաց ասֆալտը
թաց պատուհանները
թաց լուսամփոփը մենակ
կմղկտան-

այս ցուրտն ու
աշնան
այս օրը
երկուսով ապրելու համար է

մի գնա

ԽԱՂԱՂ ՕՐԵՐ
հիմա
հանգիստ եմ ապրում-
խաղաղ

հեռացող օրերը
հիշվում են մանրակրկիտ
ժամ առ ժամ-

անգամ՝
հրեշտակներ են
հայտնվում
գիշերներին

և պատմում են
մտերմիկ-որ իրենց հնարել են
մեր
մոլորված օրերը

ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Ինչքան նման են փոքրիկ
քաղաքները
հավերժական-դանդաղ՝
հոսող ժամանակով-
հյուրանոցները՝
երկհարկանի
դրսից-
ներսից՝ երեք-տանիքներով
իրենց՝
ներկը փախած-

դիմացի շենքերի
պատշգամբներին
անտարբեր լվացքներ՝
տարօրինակ կերպով-
թառին-կախված՝
(չգրված տող-կախվելու
պարան)
ներքնաշորեր-
խնամքով
անամոթ
անպատեհ
բաց-
բայց ոչ ոք չի՞ գրգռվում:
փողոցները-կոկիկ-սրբած
տերևների կույտեր-ծխացող
և ինչքան աշուն-ինչքան
շատ աշուն
մանր-
անձրևի հետ՝
խառնված:
զանգեր-զանգեր-զանգեր
ծույլ ղողանջը կաթող
անձրևի պես-գմբեթներից
հոգնած՝
սպիտակ-սպիտակ-սպիտակ
լույս:

մութը-մեղմիկ-մենակ
մտնող
պատուհանից-թաց:

ծուլությունդ նույնը-ջինսդ
սեղանին-գինին կողքիդ-
վերմակդ՝ բաց
լույսը-արդեն հանգած:
(կգրվեր հաստատ-կծնվեր
ստիխ-տող-բառ)
մի բան՝
մեկը-կոտրեր ծուլությունդ
ձեռքդ-հասներ
կաշվին
այպեդիդ՝
քրքրված:

քրքրված-քրքրված-
քրքրված՝

ինքդ
մտքերդ
սերդ՝
անսեր
արդեն-համացանցյան-
ֆեյսբուքահոտ
այս շատ աշնան
աղոթքի մեջ կորած:
այն աղջիկը գոնե օնլայն
լիներ-հիմա՝
ի՜նչ բաց երակ է
Աստված:

ինչքան նման են փոքրիկ
քաղաքները-
շատ-շատ աշուններով
ծխացող՝
ծույլ-
և
զանգերը–զանգերը–զանգերը
մեռնելուդ համար
ինչքա՜ն հարմար
կախված:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.