Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Դուռը բաց արեց ու տնից ելավ,
Իսկ մի քիչ հետո ելավ քաղաքից,
Ելավ իր երկրից ու մայրցամաքից,
Մարդկության միակ այս մոլորակից:

Համաստեղության
սահմաններն անցավ,
Խախտեց բազմաթիվ
ուրիշ սահմաններ,
Գնաց հոգսերից փրկվելու հույսով,
Գնաց մտքերին տրվելու հույսով,
Գնաց համոզված`
Էլ պարտք չի վերցնի
Գոնե այս շաբաթ,
Գոնե այս ամիս,
Գոնե այս տարի,
Գոնե իր կյանքի այս
երկրորդ կեսում…

ՈՒՐԻՇ ՕՐԵՐՈՒՄ
ՈՒՐԻՇ ԵՆ ՄԱՐԴԻԿ
Չզարմանաս, երբ մի օր շուկայում
Հանդիպես հանկարծ
Հայկ Նահապետին`
Իր այգու առատ բերքը ծախելիս…

Չզարմանաս, երբ Տիգրան Մեծի հետ
Տրամվայ նստես մոտիկ կանգառից
Ու լսես նրա տրտունջը վհատ
Շրջկոմի ինչ-որ մի պաշտոնյայից…

Չզարմանաս, երբ Աստղիկը չքնաղ
Եվ կամ Անահիտ մեր Աստվածուհին
Անուշ ժպիտով
չվերադարձնի մանրադրամդ
Հանրախանութում
փոքրիկ քաղաքի…

Ուրիշ օրերում
Ուրիշ են մարդիկ:

Արյունը, անշուշտ, կրկնում է անվերջ
Դիմագծերը հին ու աննման
Եվ մոռանալու նպատակ չունի,
Եվ անկարող է գուցե մոռանալ
Այն, ինչ տրված է ցեղին ի վերուստ…

Վիճակն Աստված է,
Իսկ պահը` պահանջ,
Փորձելու համար
մարդկանց ամեն օր`
Օրվա անսպառ հոգսերի առաջ…

ԾԱՆՈԹ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ
Սուտասելո՜ւկ էր,
Սուտանելո՜ւկ էր,
Սուտապրելո՜ւկ…

Աշխարհն` այնքա՜ն պարզ,
Որ չարժեր նույնիսկ մի հանելուկ:

Ծնվեցի՛ր` ապրե՜ս,
Ապրո՛ւմ ես` ապրե՜ս,
Մեռա՛ր` շա՜տ ապրես…

Կյանքը ի՛նչ է որ՝
Մի հին ու տարտամ շուտասելուկ.
Սուտասելուկ ու
Սուտանելուկ ու
Սուտապրելուկ:

ԽԱՄԱՃԻԿԸ
Խամաճիկը ճիգ էր անում,
Բայց ճիգը իր ճիգը չէր:
Կար մեկը իրենից վերև,
Որի հետ հեշտ չէր վիճել:

Նրա կամքով էր, որ ինքը
Շարժվում էր ու բանում
Եվ ոչինչ չուներ սեփական
Ո՛չ մտքում, ո՛չ գրպանում…

ՔԱՌՅԱԿՆԵՐ
***
Տերյանաբույր է Տերյանի բառը,
Չարենցաբույր է բառը Չարենցի,
Եթե անբույր է դեռևս բառդ
Գնա, բառիդ հետ հասունացիր:

***
Այն երկրում, ուր կոչերն անթիվ
Եվ լոկ ծափերն են կարևոր,
Մինչև օրվա սուտը պարտվի,
Տասնամյակներ են հարկավոր:

***
Մարմինը` ջահել, իսկ միտքը ծեր է,
Ինչ մեկն ուզում է, մյուսն ունեցել է,
Կասկած է, վեճ է, տրտունջ ու բողոք:
Կռիվն անվերջ է, ցավը` անողոք…

***
Որ արժանիք է ժանիքը,
Ոչ ոք էլ չի կասկածում:
Անտառի մեջ պոզերից ու
Ժանիքից են ակնածում…

***
Ժամանակները սուտ են փոխանցում
Եվ փառքի հասցեն
ճշգրիտ չէ հաճախ,
Այդ պատճառով է
տապալվում կաղնին
Շինծու հերոսի դռանը աճած…

***
Սոս Սարգսյանին
Դու գնացիր: Մենք վշտացանք,
Բայց երկնքում ուրախացան,
Որովհետև անմահների
Բանակին մեկն էլ միացավ:

ՀԱԼԱԼ ԱՐԵՔ
Հալալ արեք բանաստեղծին
Մի ճոթ հացը նրան տրված:
Եթե դուք գոհ չեք նրանից
Գուցեև դժգոհ չէ Աստված:

Դատավոր մի՛ եղեք բնավ
Նրա պեղած ու գտածին,
Միշտ չէ, որ ձեզ հետ է խոսում`
Թեկուզ և մարդ է հողածին:

Նրա ականջն` ուրիշ ձենի,
Միտքը` ուրիշ տարածքներում,
Նրա խոսքով գուցե ուրիշ
Հոգիներ են թևածելու…

Թող նա խոսի, շատախոսի
Ակունքներում իր ինքնության.
Նա գալիս է իր քաոսից
Իրեն հասու վճիտությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.