ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արտեմ ՀարությունյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

«ԱՐՑԱԽՈՒՄ ԿՌՎՈՂ ՋՈԿԱՏԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ» (2)
ԵՐՋԱՆԻԿ ՇՆՈՐՀԸ ԱՍՏԾՈՒ…
1
Երջանիկ շնորհը
Աստծու
այնքան անթերի է,
այնքան անսքող
Արցախի կուսական
անտառների վրա,
Խաչենի հովիտը տանող
ճամփեքի վրա կամ
այս վիթխարի
ժայռաբեկորում
(քողարկված¬լարված),
վրան՝ թառած Շուշին,
բայց ընդերքում
դեռ խեղված կրակներ կան
նախածագ տարրերի՝
արարչագործության կողը լափլիզող,
դեռ խեղված ցնցումներ՝
պարսատիկից արձակված քարերի,
որ ասես չեն հասել
իրենց նպատակին
(դեռ շիկացած և մագմայագույն),
սոսկալի ուժով ձգվում են առաջ,
ասես նպատակը գոյության
սոսկ շարժումն է հզոր ձևափոխման,
դեռ անվերջ է հողի ընդերքում…

2
Պատերազմը Արցախում
վերջանում է կարծես…

Հավատա՞նք…

Ոչինչ այնքան լուռ չէ,
որքան ավերված
գյուղի լռությունը,
որտեղ ծառը տերևազուրկ է
և էլ չի աճում,
ոչ էլ դեղնում է
աշնան ցրտերին ընդառաջ,
որտեղ ո՛չ ճիչ կա,
ո՛չ էլ խաղաղություն,
որտեղ քունն ու արթնացումը
չունեն հաջորդում…

3
Ուժասպառ, դեղնագույն արևը
շոկի մեջ է,
դեղին շոկ.
գալարուն և այրող՝
այնքան զարհուրելի
բան տեսավ
Բարձրյալը վերևից…

4
Հիմա՛,
խավա՛ր ուժեր,
մի պահ հե՛տ քաշվեք,
նախածա՛գ ուժեր,
նորից ցա՛ծ իջեք,
և զարմացրե՛ք սահմանամերձ
ամայի գյուղերը
Արցախի,
թուրքի «գրադից»
ավերակ դարձած…
5
Հավատա՞նք,
որ վերջը եկել է
Հիդրայի,
թե՞ յաթաղանը
դեռ արյուն է ուզում
և երեխա…
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՇՈՒՇԻՆ
Ժամանակը հաշվում է մեր օգտին՝

Աստված և հրկիզված Շուշին,
որ հիմա ուշքի է գալիս սոսկալի հարվածից:

Շուշիի բարձունքից ներքև՝
հսկա մի տարածք,
լեռնակուտակումներ՝
աջ ու ձախ,
ուր արևը հիմա,
դուրս ցատկելով Աստծու բաց ափից,
սպեղանի է դնում Արցախի ավերված
գյուղերի վրա…

Հանկարծ՝
ճայթող-ուժեղացող լույսը՝
արևի շողի սրված շեղբը,
վերից շրջապատում է
լեռնագոյացումները
և ցույց է տալիս
ողջ ահագնությունը
բարձրավանդակի,
ասես արարչագործությունը
հենց ինքն է՝
անթաքույց…

Ուր ամեն մի հայ
բիբլիական գյուղի իր պատմության մեջ
զմռսված է ամուր,
մարդ արարածը նույնպես
քարաժայռի պես
քնքշորեն փշրված է
Քարինտակի ահավոր
կռիվներից հետո,
և երկտակ ստվերներ
խոր ձորերում,
ուր մարդու որսն է
դեռ հարատևում…

Միայն լեռնային
օդն է մնում
անտարբեր, խաղաղ,
սահանքների մեջ
իր վեհության…

Եվ Աստծու
Ահեղ դատաստանի շեփորը
հնչում է նորից ու նորից՝
Աշխարհի վրա,
ուր դեռ պատասխան
պիտի տա
հայության առաջ
ամեն մի մեղսագործ,
և դեռ աղեղը վրեժի
ձգված է մինչև վերջ…

Մինչև բորենին փաթթոցավոր
աշխարհից կջնջվի հիմնավոր…

ՄԱՇՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ
Մաշված արահետներ,
որ տրորել, տպել են հողին
զինվորի (ջոկատի) ցեխոտ կոշիկները….

Ծանր, տձև կոշիկներ՝
դեպի օրհաս առաջխաղացող,
դեպի խելագար կածանի
բախումը՝
անհայտության հետ
(անէության վախը՝ աչքաբիբում)…

Ես բնակեցնում եմ
հիմա կածանի զով լռությունը
(Աղդամից տասը կիլոմետր այս կողմ)
զոհվածների անուններով,
որ հետևում են ինձ
հանց գնդի ցաքուցրիվ
անդամներ…

Կեսօրին՝ նորից
հոգու մեղմ սահանք,
բայց որ արթուն է
ապրելու համար…
և… ահագնության
սարսափով լեցուն…

Աստված,
հաշվի առ մեր փխրունությունը,

չնայած Դու ճիշտ ես,
հոգին երբեմն
հիմար է և ագահ…
բայց նա և կարծր է,
հանց Քիրսի բարձրավանդակի
ցրտի բյուրեղների մեջ
եփված գրանիտ
և հիմա դիմադրում է
թուրքին,
ինչպես օրգանիզմը՝
բացիլին…

Օրեցօր Ավետարանը
(և ոչ թե դասական
մյութոսը),
դարձնում եմ իմ տեքստը հարատև…

Չափից շատ զոհ կա ամենուրեք…
և մխիթարանքը սոսկալի
պակասում է.
համարյա՝ չիք…

Իսկ հավասար շարված,
հանց հնձած խոտի դեզեր՝
մառախուղի շերտերը (ծվենները)
և խորքից հայտնվող
վառված տների շարքը,
ասես խոսում են իրար հետ
գաղտնի լեզվով
և կտրուկ լքվում՝
քամու շնչով,
որ բերում է
այրվածքի սուր հոտ
և սուրհանդակ է
ձևանում…

ԲԱՇԻԲՈԶՈՒԿ ՉԱՐԻՔԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԸՆԿԱՎ
1
Աղդամն ընկավ…
Կիրովաբադի խաժամուժից հետո՝
Չարիքի երկրորդ կենտրոնը…

Իզուր են թուրքերը վառում
ցորենի, եգիպտացորենի արտերը,
որ հետ քշեն հայերին…
Հայկական տանկերը մտան
Աղդամ…

Համառ առաջխաղացումից հետո
քաղաքը հանձնվեց
մի ակնթարթում…

Հրճվանքի միասնական ճիչ
ազատագրված հողերի,
որոնց նախշուն երանգը
փոխվում է ժամ առ ժամ…

Աղդամն ընկավ,
Չարիքի բունը ցրիվ եկավ…

2
Եվ
Արցախի լեռներն արթնանալով
և լուրն իմանալով՝
համառ պտտվում են հեռվում,
իրենց քրիստոնյա մաքուր
դեմքերը մի պահ
հանձնելով երկնին,
ասես
Սուրբ Խաչի զորությունն են
փորձում,
որ միշտ այնտեղ է,
քրքրված ամպերի խորքում,
և պատրաստ է հայտնվել
հրեշտակի մաքրամաքուր թևերով,
մեր տարածքների վերևում,

«ցավիս ճիշտ պահին»…1

3
Լեռները պտտվում են
հանց կարծր պահակներ,
որ մարդկայնացել են հանկարծ
և մաքառումից ձև ստացել…

Դողացող օդում՝
նշաններ-
կորստի, ցնծության,
մարդ արարածի փխրունության,
որ հենց իր մարմնի դատավորն է
և իր իսկ վճռի
ի կատար ածողը…

Տարօրինակ կենսափորձ,
ում հետևում ենք մենք
վաշտի հետ միասին,
որ նոսրացել է
և սեղմվել…

1 «Աստվածային կատակերգությունում» Դանթեի խոսքերը՝ ուղղված Բեատրիչեին Երկնային Էմպիրիայում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.