ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Արմենուհի Սիսյան* * *
– Գրել եմ այսքան մամուլ բանաստեղծություն,-
պարծեցավ ինձ քիչ ծանոթ մի բանաստեղծ…
գլուխս կախեցի. տեսնես՝ ինչքա՞ն է դա,
ես չգիտեմ, ամո՜թ…
Առավոտյան մի բանաստեղծություն կարդացի՝
երեք թե չորս տողից
ու զգացի՝ լցվեց երկինքը…

* * *
Այսօր ինձ փրկիր մեկ անգամ ևս, Տե՜ր.
Լուսածին սերս մի պահ խավարեց,
Հիշաչար քամու քինոտ պտույտից
Մի պահ կարկամեց…
Բայց ես քոնն եմ, Սե՜ր,
Ու այսօր փրկի՜ր ինձ մեկ անգամ ևս, Տե՜ր…

* * *
Ինչ եղավ ինձ հե՞տ.
այդ իմ չգրված տողերը
սպանեցին ինձ մի օր…

* * *
Ու որքան էլ սևեռուն,
խորամուխ նայեմ քեզ,
հայացքդ երբեք
չփախցնես ինձնից, երկի՜նք…

***
Դու սիրում ես նորից.
Աստված կրկին
վերադարձավ
բնակվելու
քո ամայացած սրտում…

* * *
Թող քայլեմ քեզ վրա, հո’ղ,
մի քիչ, մի բաժին կյանք,
չէ՞ որ դու երկար ես լինելու ինձ վրա…

* * *
Իսկ որտեղի՞ց գտնի հավատը ծառի,
որ քամին, ում քնքշագին
առել է իր թեւերի մեջ,
մի օր ճյուղերն իր չի կոտրի…

* * *
Ու թե հաջողվի փախչել
ինձ հետապնդող ժամանակի վազքից,
կգնամ բանաստեղծություն հավաքելու
այնտեղ, ուր ծառերը ծաղկել
ու ինձ են սպասում…
(այսքան շատ բանաստեղծությու՛ն…)

* * *
-Մենք մեկ անգամ ենք ապրում:
-Բայց դուք ապրում եք ամեն օր,-
ծլվլաց թռչունը
ու մարդը նրան չհասկացավ:

* * *
Այսօր խոր ձյուն եմ ես,
երեկ անձրեւ էի,
բայց ի՛նչ ոսկե արեւ եմ վաղը լինելու…
(տեսնես դրանցից ո՞րն եմ քեզ համար)
այս ի՞նչ ես անում ինձ հետ, բնությու՜ն…

* * *
Թերթի՜ր ճերմակ էջերս
ու թող մատներիդ հպումից
խմորվեն տողերը էջիս,
որ փարվեն համբույրով
հոգուս բառերին…
թերթի՜ր ճերմակ էջերս
ու թե ջերմ է շունչդ,
կծնվեն ճերմակ բառերն իմ հոգու
գուցե թե հալվի ձյունը էջերիս…
թերթի՜ր ճերմակ էջերս…

* * *
Այնքան բան թափվեց իմ գլխին,
որ համրացել եմ,
բառերը լքել են ինձ
ու փակել բոլոր ելքերը հոգուս…
հիմա գիտեմ՝
ձկներն ինչու են համրացել.
ինչքա՛ն ջրեր են անցել նրանց գլխով…

* * *
Քաղցրությունը միայն
հասունությունից է ծնվում.
մի՜ ճաշակիր խակ միրգը,
նվիրի՜ր ժամանակին՝
թող հասունացնի…
* * *
Դուռը բացվում է, ու ես ներս եմ մտնում,
դուռը բացվում է, ու դու դուրս ես գալիս,
մեր միջեւ միշտ դուռ կա
դռան ետեւում կանգնածը դու՞ ես, թե՞ ես…

* * *
Այստեղ-այնտեղ
ձյան սառած, քարացած
կույտեր էին մնացել.
դրանք երկնքից իջած
այն ճերմակ հույզերն էին,
որ չհանդիպելով ջերմությանդ՝
սառան…

* * *
Բառերիս հատիկները
շաղ տվեցի իմ ետեւից,
որ գտնես ինձ մոտ բերող ճանապարհը
ու հեռացա, փակվեցի իմ մեջ…
երանի չմոլորվես…

* * *
Ապերա՞խտ լինեմ,
ինչպե՞ս.
չէ՞ որ Երկիրն է ջերմացնում
երկնասեր մարմինս…

* * *
Դարձյալ այն
Մեծ Բացակայությունն է
իմ մեջ ու իմ շուրջ.
օ՛, Գթությու՜ն Տեր,
տա՜ր ինձ այնտեղ,
ուր ես չկամ…

***
Իսկ նվիրածդ ինձ՝
կարծր քարեր էին.
շնորհակալ եմ.
ի՞նչ կանեի առանց քեզ
ես՝ փափուկ ավազահատիկս:
Այսօր ժայռ եմ ես:

One thought on “ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.