Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / Արդի հայ դրամատուրգիայի և թատրոնի խրթին փոխհարաբերությունները

Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ
(ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.)

Ռուս և համաշխարհային թատրոնի ռահվիրա Ստանիսլավսկին ասում էր` թատրոնը սկսվում է հանդերձարանից` նկատի ունենալով թե՛ թատրոնի անձնակազմի, թե՛ հանդիսատեսի վերաբերմունքը տվյալ արվեստին` սկսած թատրոն կոչվող նվիրական տարածք մուտք գործելու կերպից: Հայ դրամատուրգիայի` մեծամասամբ անփառունակ, վիճակն սկսվում է մեզանից` ինչպես ենք մենք վերաբերվում ոլորտին, ինչպես ենք կազմակերպում, օրինակ, արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրներին վերաբերող լիանիստը: Ակնհայտ է` ոչ այնքան հոգատար, անփույթ, զեկուցողները նախապես չունեն ծրագիր, ծանոթ չեն միմյանց թեմաներին ու մասնակիցների ցանկին: Դրաման նաև թատրոնի զավակն է, ո՞ւր են թատրոնի մարդիկ, մի՞թե նրանց չեն հրավիրել: Ոլորտը խութերով հարուստ է, կտրված հանրությունից, լուսաբանվելո՞ւ է արդյոք այս հավաքն ըստ էության, հասցվելո՞ւ է հանրությանը:
Գալով լուսաբանմանը: Քանի՞ գրական հարթակ ունենք, որտեղ տպագրվում է դրամատուրգիա: Մեկ` «Դրամատուրգիա» հանդեսը, այն էլ հիմնադիր-խմբագրի` Կարինե Խոդիկյանի անձնական նախաձեռնությամբ, վերջինիս համառության և ջանքերի շնորհիվ: Այժմ էլ` նրա «Թատրոն-դրամա» կայքը: Արդեն երկու տասնամյակ «Դրամատուրգիայի» կողքին չի հայտնվում գոնե երկրորդ նմանատիպ հանդես, սա ո՞ւմ բացթողումն է:
Այսօր հաճախ բեմադրիչներից լսում ենք` չենք ուզում հայ դրամատուրգիա, թույլ է, հետաքրքիր չէ, գրականություն է: Անշուշտ, կան լավ պիեսներ, որոնք բեմադրվում են: Սակայն խոսքս բացառությունների մասին չէ, այլ համընդհանուր տիրող մտայնությունների մասին:
Վիլյամ Սարոյանն ասում էր` դրամա գրեք, այն հարցին, թե` ինչպես, պատասխանում էր պարզ` գաղափար գտիր և ապա` կազմավորիր այն: Սակայն տեսնում ենք, որ ամեն բան այնքան էլ պարզ չէ: Դրամա սեռը գեղարվեստից զատ` առաջին հերթին գիտություն է, հետո նաև` արհեստ, դրամայի տեսության իմացություն, բեմի հոտառություն, բեմական ժամանակի և կենդանի խոսքի զգացողություն: Պատահակա՞ն է, որ Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Ժիրոդույի, Պիրանդելլոյի, Օ’Նիլի, Ֆիլիպպոյի գործերը կենսունակ են բեմում առ այսօր` չնայած փոխվել են պատմական համատեքստը, հասարակական առաջնահերթությունները, միջանձնային հարաբերությունների կանոնները. նրանք թատրոնից էին գալիս, նրանք շնչել էին կուլիսների բույրը, բեմի փոշին, ապրել էին թատրոնում և թատրոնով:
Եվ իմ հորդորն է` մի՛ գրեք դրամա, հայ գրողներ, մի՛ գրեք` քանի դեռ չգիտեք դրամայի տեսություն, չեք նայել 100 ներկայացում, չեք կարդացել 200 պիես, սա ամենաքիչը, իսկ որպես կանոն` դրամա գրելը նաև մասնագիտություն է, որը պետք է սովորել: Ինչո՞ւ գրել վատ պիեսներ, ծանրաբեռնել գրադարակները, խլել բեմադրիչների թանկ ժամանակը, ապա նաև` առիթ տալ նրանցից ոմանց ընդհանրացումներ և անպատասխանատու հայտարարություններ անելու` բոլորին պիտակավորելով մեկ բացասական վերաբերմունքով: Արդյոք դուք կհետազոտե՞ք հիվանդների` չունենալով բժշկական կրթություն, կամ հագուստի պատվերներ կընդունեք` դերձակի հմտությունների չտիրապետելով: Իսկ ինչո՞ւ եք համարձակվում գրել պիես` չունենալով համապատասխան գիտելիք: Սրա մասին է նաև Ստանիսլավսկու «հանդերձարանի» մասին հայտնի թեզը:
Եվ այս դրույթս ծնում է հաջորդ խնդիրը` իսկ որտե՞ղ սովորել պիես գրել: Հայաստանում չկան և չեն եղել դրամայի դպրոցներ, կուրսեր, դասարաններ բուհերում: Թատերականում գոյություն ունեցող միակ բաժինը` գրական ստեղծագործություն անվանմամբ, սցենարական կուրս է` այն էլ անհետևանք: Նախ` դիմորդներ չկան, տարին մեկ-երկու հոգի, ապա` արդյունքը, բաժինն ավարտող որևէ մեկը չի դարձել դրամատուրգ կամ կինոսցենարիստ, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմորդն ինստիտուտ է մտել արդեն գրականության ոլորտից: Գիտիսում, Հարվարդում, Յելի համալսարանում, Սորբոնի համալսարանում, Փարիզի դրամատիկ արվեստների դպրոցում և այլուր կան դրամայի դասարաններ: Սա ավանդական տեսակը, ժամանակակից թատրոնում կան բազում վորքշոփեր, սեմինարներ, դրամատուրգի թատրոններ, լաբորատորիաներ, որտեղ ամեն օր տասնյակ և հարյուրավոր գրողներ վարպետության դասեր են անցնում` ազգային և համաշխարհային թատրոնին օգտակար լինելու ակնկալիքով: Սրա շնորհիվ, հեռուն չգնանք, այսօր իր բարձունքին է և համաշխարհային գրականությանը համաքայլ` ռուսական, լեհական, բելառուսական, ուկրաինական, մերձբալթյան երկրների դրամատուրգիան: Մի շարք տարածաշրջանային վորքշոփերի մասնակցության անձնական փորձից եմ վերցրել ասելիքս:
Հաջորդ խնդիրը. ինչպե՞ս ենք մենք խթանում հայ դրամատուրգիայի զարգացումը: Մշակույթի նախարարությունը, թատրոնները, մշակութային համապատասխան բուհերը, Գրողների միությունը իրենց անգործությամբ նպաստում են հայ գրականությունից այս սեռի իսպառ վերացմանը:
Առաջարկում եմ Գրողների միության համագործակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հետ համատեղ այդ բուհերում բացել դրամայի բաժին, որտեղ հայտնի կամ գոնե բեմադրված դրամատուրգները, թատերագետներն ու դրամայի տեսաբանները համատեղ դասավանդման ծրագիր մշակելով` դիմորդներին կտան դրամայի հիմնական դրույթների, պատմության ու հիմունքների մասին գիտելիքներ, իսկ հետագա տարիներին ուսանողներն արդեն նաև սերտ համագործակցություն կսկսեն իրենց զուգահեռ ռեժիսորական և դերասանական կուրսերի հետ` նրանց ներկայացնելով իրենց պիեսների նախնական տարբերակները, լսարանային բեմում կտեսնեն արդյունքները, կհղկեն փուլ առ փուլ, ապա` այդ դրամատուրգիական փորձերը կդառնան ապագա ռեժիսորների և դերասանների կուրսային և դիպլոմային աշխատանքների հիմք: Այսպիսով մենք գործնականում կխթանենք հայ դրամատուրգիայի զարգացումը: Սրանից զատ, առաջարկում եմ ստեղծել կապ թատրոնների հետ, տրամադրել դրամաշնորհներ հեղինակներին, կազմակերպել մրցանակաբաշխություններ, ստեղծել հրապարակման հարթակներ, տպագիր մամուլ` հոնորարով, շեշտենք` հոնորարով: Դատենք ունեցածով, «Արտավազդ» ամենամյա ազգային թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում ժամանակ առ ժամանակ մեծ ընդհատումներով փայլատակում է «դրամատուրգիա» անվանակարգը: Արդյունքում` կա՛մ բեմում բացվում է դատարկ ծրար, կա՛մ մրցանակ է տրվում հեղինակություն ունեցող որևէ հանրահայտ դրամատուրգի` առանց մրցակցության, անհավասար պայմաններում: Մյուս տարիներին կազմակերպիչները հայտարարում են, թե պիեսներ չկան: Այնինչ` իբրև խոհանոցին ծանոթ մեկը, կարող եմ փաստել` երբևիցե «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամներին չեն տրվել մասնակից դրամատուրգների պիեսները` ընթերցելու համար, չի եղել քննարկում դրանց լավ ու վատի մասին: Մրցանակաբաշխության կազմակերպիչները պարզապես խուսանավում են այս գլխացավանքից պարզ պատճառով` որևէ տարի չի հավաքվել ժյուրիի համապատասխան կազմ, որը կոմպետենտ է քննարկել դրամատուրգիական ժանրեր, իսկ «Արտավազդի» բազմադեմ ժյուրիում, լավագույն դեպքում, դրամայից հասկացող երկու հոգի կգտնեք:
Միայն մեկ անգամ` 2010-ին, թատերական գործիչների նախաձեռնությամբ, Երևանում անցկացվեց Ժամանակակից դրամատուրգիայի բաց փառատոնը (ղեկավար` Արա Խզմալյան). որին մասնակցում էին ԱՊՀ, Բալթյան և Վրաստանի դրամատուրգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան հեղինակների պիեսների ընթերցումներ, քննարկումներ, ռուսերեն տպագրվեց մասնակից երկրների պիեսների և քննադատական հոդվածների ծավալուն արժեքավոր ժողովածու (605 էջ):
Հաջորդ առաջարկս` համաշխարհային թատրոնում գոյություն ունի բեմական ընթերցման ժանրը: Թատերականացված ընթերցման հիմնական նպատակը ընթերցող-հանդիսատեսին անմիջականորեն բեմից ծանոթացնելն է գրված և դեռ չհրապարակված նոր նյութի հետ: Առաջ է գալիս այս ժանրի դերակատարումը նաև դրամատուրգի ճանաչման և հանրահռչակման գործում. ներկա հանդիսատեսը ծանոթանում է հայտնի կամ սկսնակ գրողի նոր պիեսի հետ, մյուս կողմից էլ դրամատուրգը հնարավորություն է ունենում հանդիսասրահում նստած բեմադրիչներին հետաքրքրելու իր ստեղծագործությամբ: Այսօր Համազգային թատրոնը նոր-նոր սկսել է կիրառել Արևմուտքի այս փորձը` սակայն դեռևս ցանկում արևմտյա՛ն ժամանակակից դրամատուրգներն են, իսկ հանդիսատեսը` միատարր ու սահմանափակ:
Հաջորդը հեղինակային խնդիրներն են: Ճշգրտվա՞ծ են այս ոլորտում թատրոն և դրամատուրգ հարաբերությունները: Սեփական տխուր փորձառությունից ասեմ` ո՛չ, բեմադրիչի պահվածքում թաքուն ենթատեքստ կա` թե շնորհակալ եղիր, որ բեմադրում ենք, դրամատուրգի աչքերում անկատար սպասում` իսկ հոնորարի հա՞րցը: Հետագայում յուրաքանչյուր ներկայացումից եկած եկամուտի տոկոսները հիմնականում նույնպես չեն հասնում դրամատուրգին: Հեղինակային իրավունքի մյուս խախտումը մասմեդիայի կողմից է` հաճախ լրագրողները ներկայացնում են պրեմիերան` գրեթե երբեք չտալով ժամանակակից դրամատուրգի անունը: Ի՞նչ է սա` արհամարհա՞նք, անտեսո՞ւմ, թե՞ էթիկետի ու տարրական գրագիտության պակաս: Կարծում եմ` այս աղետալի վիճակի ուղղակի հետևանք է:
Այսօր ես կարող էի ձեզ պատմել հայ թատրոնում բեմադրիչ ու դրամատուրգ համագործակցության հաջողված նմուշների մասին, որոնք այժմ էլ շարունակում են զարմացնել համաշխարհային թատերական հանրությանը, կարող էի խոսել նոր ներմուծված ժանրերի, տեսակների մասին, որոնք ճեղքում են կարծրացած թատերական ու դրամատուրգիական դաշտը` քայլելով փոքր բեմերում` նեղ կածաններ բացելով, կարող էի պատմել` ուր է գնում հայ թատրոնը, և վիճակագրություն ներկայացնել հայ թատրոնների խաղացանկերում արդի ու դասական հայ դրամատուրգիայի տոկոսային չափի մասին: Բայց այս ամենն` այլ փուլում:
Վերջին տասնամյակներում Արևմուտքում ձևավորված դրամատուրգիական և թատերական նորարարությունները ժամանակակից տեսաբանների կողմից ամփոփվել են մեկ ընդհանրական եզրույթի ներքո` «հետդրամատիկական» (պոստդրամատիկական) թատրոնի շրջան: Այս էլ որերորդ անգամ համաշխարհային դրամայի պատմության մեջ հաղթահարվում են հին, ավանդական ձևերը` առաջ մղելով սեփական ժամանակի կենսառիթմերն ու սոցիալական, գաղափարական խնդիրներ արծարծող պիեսներ:
Այսօր էլ աշխարհը մտել է մի նոր փուլ, երբ կազմաքանդվում է ընդամենը երեք տասնամյակ առաջ ստեղծված նորագույն` «Նյու ռիդինգ» անվանվող, սակայն այսօր գրեթե դասական համարվող դրամատուրգիան, և մեր առջև բացվում են մտքի, մարմնի, դրամատուրգիական ձևերի մատուցման բեմական լեզվի զարմանալի հորիզոնները, փաստագրական դրաման գրավել է Երկիր մոլորակի «թատրոն մայրցամաքը». Իսկ ավելի խենթերն ու ծայրահեղականներն անգամ փորձում են արհեստական ինտելեկտին խնդիր տալ ու դրամա ստանալ, իսկ մենք դեռևս դոփում ենք նույն տեղում, չենք ճանաչում անգամ մեր դասական, նաև արևմտահայ դրամատուրգիան, չենք կարդում մեր ժամանակակիցների պիեսները, չենք փորձում անգամ վերլուծել, մեկնաբանել, սահմանել արդի թատրոնում ձևավորվող ընթացիկ հոսանքները: Դրաման թատրոնինն է և գրականությանը միաժամանակ, այնինչ այսօր նա հայտնվել է որբի կարգավիճակում` ո՛չ թատրոնինն է, ո՛չ գրականությանը, և տեր է մուրում: Պարզվում է` տեսաբան մասնագետն էլ դրամա որբուկին տեր չէ, դրամայի ճակատագրով անհանգիստ քննադատներն էլ դրամայից երես են թեքել` բացառությամբ մի քանի հոգու: Այնինչ դրաման կարող էր առնվազն երեք ծնող ունենալ:
Ջեյմս Ջոյսն իր «Դրամա և կյանք» ծրագրային հոդվածում դրաման անվանում է արվեստի բարձրագույն ձև, քանի որ գրականության բոլոր ժանրերն, ըստ նրա, գործ ունեն փոփոխականի և անցողիկի հետ, իսկ դրաման` կեցության հավիտենական օրենքների հետ: Նկատենք` առայժմ մենք ամեն օր անդառնալիորեն կորցնում ենք հավիտենական օրենքների հետ բեմից առնչվելու մեր հնարավորությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.