ՆՈՒՅՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է, ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերականգնելու ուղղությամբ, մասնավորապես` երկրի նախագահների հանդիպումներ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, Պուտին-Օբամա հեռախոսազրույց, անդրադարձ ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում, հակամարտող կողմերի նախագահների նոր հանդիպման հնարավորություն արդեն Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Իր հերթին աշխուժություն է նկատվում նաև Մինսկի խմբի համանախագահների գործողություններում, ովքեր փորձում են նպաստել հակամարտության գոտում անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանը, հնարավորինս նվազեցնել բռնություններն ու նոր բռնությունների ռիսկերը: Բոլոր մակարդակներում կարևորվում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ձեռք բերած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունն ու խնդրի ռազմական լուծման բացառումը: Թեև հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման և մոնիթորինգային կարողությունների ավելացման մասին հնչել են պաշտոնական հայտարարություններ, որի կողմերից մեկը Ալիևն է եղել, Երևանում էլ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում վերահաստատվել է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, Ադրբեջանը նախկինի պես շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանության պատանդը մնալ՝ ավելի սադրանքների քաղաքականությանն ապավինելով: Վերջին օրերին, հարաբերական հրադադարից հետո, ազերիներն իրենց մասին հիշեցրին սահմանային նոր սադրանքով և բնակավայրերի ուղղությամբ թիրախային հրետակոծությամբ: Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ «Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ ազերիների այս գործողություններում արտառոց ոչինչ չկա: Վերջին մի քանի ամսվա ընթացքում սահմանին համեմատաբար հանգիստ էր, սակայն Ադրբեջանը նույն ագրեսիան, անհանդուրժողականությունը շարունակում էր դիվանագիտական դաշտում: Այսինքն՝ ոչ մի արմատական փոփոխություն: Նույն հակառակորդն է, նույն նպատակները»: Այն տպավորությունն է, որ Ալիևի ականջներում հատուկ զտիչները կոպտորեն զտում են բանակցային գործընթացի հիմնական հորդորներն ու հայտարարությունները, այդ ամենը վերափոխելով անհոդաբաշխ հնչյունների, որոնք ոչինչ չեն հուշում և ոչինչ չեն պարտադրում: Ստացվում է՝ բանակցություններում Ալիևի ներկայությունն ընդամենը նմանակում է` զուրկ կառուցողական բովանդակությունից և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքից: Այս հանգամանքով պիտի պայմանավորել, որ ինքնագործ բռնապետը բոլոր պարագաներում բացառում է Ղարաբաղի անկախությունը՝ հեռանկարում Ադրբեջանի կազմում նրան տարբեր կարգավիճակներ խոստանալով, որպես հիմնավոր փաստարկ հրամցնելով երկրի սահմանադրությունը, ասել կուզի, Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալը սահմանադրության փոփոխություն է ենթադրում, ինչը, ըստ Ալիևի, անհնարին է, մոռանալով, որ երբ անհրաժեշտ էր վերացնել նախագահի պաշտոնում իր անսահմանափակ վերընտրվելու սահմանադրական սահմանափակումները, սահմանադրության վերափոխումը մատնաչափ իսկ խնդիր չառաջացրեց: Ահա այն դեպքը, երբ բոլորը գիտեն, թե վատ պարողին ինչն է խանգարում: Պարզապես, ինչպես նշում է Դ. Բաբայանը. «Ինքն ուզում է բռնակցել, գրավել Արցախը, միշտ էլ այդ մասին խոսում և իրականացնում է նույն քաղաքականությունը: Ոչ մի դրական զարգացում նրա աշխարհընկալման մեջ չի երևում»: Haqqin.az կայքին տրված հարցազրույցում ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ղարաբաղյան հակամարտության մասին ասել է. «Որքանով ես եմ հասկանում, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է` ռազմական տրամաբանության և իրական քաղաքականության տեսակետից ամբողջությամբ փակ է: Ադրբեջանը կարող է ցանկացած քանակությամբ մարդու գլուխ ուտել, դրա համար կարող է ցանկացած քանակությամբ ժամանակ ու փող վատնել, բայց դրա մեջ, անկեղծ ասած, քիչ իմաստ կա,- ապա շարունակել է:- Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից և դրա կազմ չի վերադառնա: Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է այդ տարածքի ողջ բնակչության ոչնչացումը: Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա դրա կազմ: Պետք է ուղղակի հարցնել` ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և Ադրբեջանը կկարողանա՞ դա անել: Հասկանո՞ւմ եք, կան բաներ, որոնք լուծում չունեն: Ղարաբաղյան հակամարտությունն հենց այդ դեպքն է: Միակ բանը, որ կարելի է անել, այն կանգնեցնելն է, դադարեցնել իրար սպանելն ու հասկանալ, որ դա ճակատագիր է»: Սա է խնդիրը, ինչն Ալիևը, գոնե հիմա, ի զորու չէ ընկալելու կամ ձևացնում է, թե անկարող է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.