ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ / ՄԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ…

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս
ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ – Ավելի քան տպավորիչ էր Ձեր մուտքը գրականություն. ամեն մեկին չի վիճակվում 22 տարեկանում ոչ միայն վիպակ գրել, այլև տպագրվել «Գարուն» ամսագրում:
Ստեփան ԶԱՔԱՐՅԱՆ – «Գարուն» ամսագրում երեք վիպակ եմ տպագրել 1979, 1981 և 1983 թվականներին£ Երեքն էլ ընդգրկվեցին գրքում, որը լույս տեսավ 1985-ին£ Այդ տարիներին դեռ շատ էին կարդում, «Գարունը»` առավել ևս£ Կար գրելու և կարդացված լինելու մթնոլորտ, որն այսօր, ցավոք, չկա£ Հետագայում նաև պատմվածքներ եմ տպագրել «Գարունում» ու մի քանի բանաստեղծություն£ Բանաստեղծություններն, ընդհանրապես, տպագրելու միտք չունեի, բայց Արմեն Շեկոյանի համառության շնորհիվ այդ մի քանիսը տպագրվեցին£ Ավելացնեմ, որ ամենից շատ գրել եմ 90-ականներին£ Բազմաթիվ հոդվածներ եմ տպագրել մամուլում, ու նաև կան գործեր, որ մինչև օրս չեմ տպագրել£

Կ. Խ. – Ձեր նախասիրությունը (կամ ինչ, ավելի հարմար, բնորոշում Դուք կընտրեիք) գրականության մեջ (և ոչ միայն) պատմությունն է: «Խոր Վիրապ» ժողովածուում ընդգրկված երեք պիեսն էլ («Թուղթ առ Փրկիչ», «Գրիգոր Լուսավորիչ կամ Խոր Վիրապ», «Խաչելություն») մեզ տանում են անցյալ: Ի դեպ, գեղարվեստորեն լավ հիմնավորված անցյալ, որի մասնակիցն է դառնում նաև ընթերցողը: Ի՞նչ բեմական ճակատագիր ունեցան այդ պիեսները:
Ս. Զ. – Իմ պիեսների գործողությունները, իհարկե, տեղի են ունենում անցյալում, բայց ասելիքն ու ուղերձները միտված են ներկային ու ապագային£ Հասկանալու համար ներկա իրողության պատճառներն ու նաև ապագան (թե ինչ է մեզ սպասվում), երբեմն պետք է փորփրել անցյալը£ Ինչ վերաբերում է պիեսների կերպարներին, որ մարդկային բնավորության տարբեր գծերի, տարբեր արժեքների, մտածողության, աշխարհայացքի կրողներ են, պիտի նկատենք, որ անցած հարյուրամյակների, նույնիսկ հազարամյակների ընթացքում մարդը գրեթե չի փոխվել£ Այդ են վկայում թե՛ Դոստոևսկին ու Չեխովը, թե՛ Շեքսպիրն ու Սերվանտեսը, թե՛ Խորենացին ու «Սասնա Ծռերը», թե՛ մեր թվարկությունից առաջ ստեղծագործած հույն ողբերգակները£ Նախանձն ու ատելությունը, իշխանատենչությունն ու դրամասիրությունը, սերը, կարեկցանքը, ինքնազոհությունը, տառապանքն ու երանությունը, հավատն ու անհավատությունը, խորագիտությունն ու տգիտությունը, ճաշակն ու անճաշակությունը դարեր, հազարամյակներ շարունակ եղել են, կան ու կլինեն մարդու, այն է թե` ստեղծված ու ստեղծվելիք կերպարների գործած արարքների շարժառիթները£
Իմ երեք պիեսներն էլ թատրոնում, ցավոք, չեն բեմադրվել, բայց 90-ականների սկզբին բեմադրվել են ռադիոթատրոնում և բազմիցս հնչել ներկայիս Հանրային, այն ժամանակ` պետական ռադիոյով£ Այն մութ, ցուրտ, պատերազմական ու նաև հերոսական տարիներին, երբ հոսանքը ժամերով էր տրվում, ռադիոն գծային ցանցի ու նաև բոլորի` մեծ մասամբ, խոհանոցներում տեղադրված ընդունիչների շնորհիվ ավելի շատ ունկնդիր ուներ, քան հեռուստատեսությունը` դիտող£ Նկատի ունեմ այն, որ ինչ այդ պիեսների միջոցով ուզում էի ասել, հաղորդել հանրությանը, հավանաբար ստացվեց£
«Խաչելությունը» Խաչիկ Չալիկյանը բեմադրել, նկարահանել է հեռուստաթատրոնում, ու այն բազմիցս հեռարձակվել է Հ1-ի եթերով£

Կ. Խ. – Իսկ ներկան պակա՞ս հետա-քրքիր է Ձեզ համար:
Ս. Զ. – Ներկան չի կարող չհետաքրքրել, որովհետև ես գործող անձ եմ միաժամանակյա թե՛ ողբերգական, թե՛ դրամատիկ, թե՛ երգիծական բեմադրության մեջ, որ խաղում ենք բոլորս և յուրաքանչյուրս` թե՛ դերակատար ենք, թե՛ հուշարար, թե՛ բեմադրիչ, թե՛ հանդիսատես ու քննադատ միաժամանակ£ Մենք բոլորս անցյալի շարունակությունն ենք, այս բեմադրությունը սկսվել է անցյալում, և շատ կերպարներ արդեն խաղացվել են մեր նախորդների կողմից, պարզապես բեմն ու ձևավորումը, արտահայտչամիջոցներն են փոխվել, ավելի ճոխ են, բազմազան ու գունավոր, թե՛ դերակատարներն են շատացել, թե՛ հանդիսատեսը£ Չմոլորվելու համար պիտի երբեմն ետ նայենք, որ կարողանանք առաջ գնալ£

Կ. Խ. – Անդրադառնանք նաև «Սասնա Ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացմանը…
Ս. Զ. – Երբ փոքր էի ու դեռ կարդալ չգիտեի, մայրս ինձ համար հեքիաթի փոխարեն «Սասնա Ծռերն» էր կարդում£ Իհարկե, ոչ ամբողջությամբ, այնպես, որ ինձ ընկալելի լիներ£ Ես դեռ այն տարիքից եմ երազել, որ ցորենը դառնա «հանց մասուր մի», գարին` «հանց ընկույզ մի» և Փոքր Մհերը ելնի Ագռավաքարից ու հողի մեջ չխրվի£ Պիտի խոստովանեմ, որ 1988-ի փետրվարին և հետո մի քանի տարի շարունակ իմ երազանքը իրագործվեց£
Եթե Փոքր Մհերը չելներ Ագռավաքարից, մենք, ի հեճուկս մթի ու ցրտի, երկրաշարժի ու շրջափակման, չէինք հաղթի մեզնից բազմապատիկ լավ զինված ու բազմամարդ Ադրբեջանին, որը, ի լրումն այդ ամենի, հզոր հովանավորներ ուներ£ Բայց հետո, ցավոք, «աշխարհքը ղալբցավ», և հողը` հողեղեն իմաստով, դարձյալ չպահեց Փոքր Մհերին, որովհետև մեր սրտի, հոգու միջի ցորենի, գարու հատիկները դարձյալ փոքրացան, դարձանք փոքրոգի£
Լավ, շատ չփիլիսոփայեմ ու ասեմ, որ մանկուց մեր էպոսի հերոսներն ինձ հարազատ էին, և այն բեմականացնելը դժվար չէր£

Կ. Խ. – Ձեր ստեղծագործական կյանքի կարևոր շրջադարձերից մեկն էր «Հայաստանի առեղծվածները» հաղորդաշարը, որն, իմ կարծիքով, արդեն իր արժանի տեղն ունի հեռուստաժառանգության ոսկե պահուստում…
Ս. Զ. – Հայաստանն իսկապես առեղծվածային երկիր է£ Բավական է միայն հիշել, որ ըստ Աստվածաշնչի (այն հայերս չենք գրել)` մարդկությունը երկու անգամ ծագել է Հայաստանից£ Չէ՞ որ թե՛ երկրային դրախտն էր Հայաստանում, թե՛ Արարատ լեռը, բայց, ցավոք, երկուսն էլ կորցրել ենք£ Ցավոք, հաճախ նաև կորցնում ենք ինքներս մեզ և երբեմն բացահայտում Մաշտոցով ու Արշակունիներով, Խորենացիով ու Բագրատունիներով, Նարեկացիով ու Մամիկոնյաններով, Թումանյանով ու Անդրանիկներով, նաև միասնությամբ` ինչպես 1918-ին Սարդարապատում, ինչպես 1988-ին ոչ միայն Արցախում, այլև ամբողջ Հայաստանում£ Հայաստանի առեղծվածները բացահայտելով` մենք ուզում ենք նաև ինքներս մեզ բացահայտել, բացահայտել, թե ինչ ժառանգություն ենք ստացել, ինչ նախնիներ ու երկիր ունեինք և ունենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում£

Կ. Խ. – Ի՞նչ հոբելյանական հարցազրույց առանց հետագա ստեղծագործական ծրագրերի մասին հարցի:
Ս. Զ. – Մի ծրագիր ունեմ, որի իրականացումը միայն ինձնից կախված չէ, որովհետև բավականին ծախսատար ու դժվար իրագործելի, «Հայաստանի առեղծվածների» նման հեռուստատեսային ֆիլմաշար է£ Եթե մյուս տարի հաջողվի իրագործել, բոլորդ կտեսնեք£

Կ. Խ. – Որպես վերջաբան` 60-ամյա Ստեփանը ի՞նչ խորհուրդ կտար 22-ամյա Ստեփանին:
Ս. Զ. – Երևի ոչ մի խորհուրդ էլ չտայի, որովհետև 22-ամյա Ստեփանը հավանաբար իմ խորհուրդները չէր լսի, ինձնից շատ ավելի ինքնավստահ ու անզգույշ էր և եթե բազմիցս չսխալվեր, գուցե այսօրվա Ստեփանից ավելի լավը չլիներ£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.