Սամվել ԿՈՍՅԱՆ / ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 300 ԿԻԼՈՄԵՏՐ ՀԵՌՈՒ

Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Հանրաքվեին կմասնակցի մոտ 5 միլիոն ընտրող, շուրջ 46.000 ընտրատեղամասում: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին, խոսելով սպասվելիք հանրաքվեի մասին, խոստովանել է, որ հանրաքվեն ի զորու է կանխել տարածաշրջանում և հատկապես Իրաքի հյուսիսում նոր արյունալի պատերազմների վտանգը: Բարզանին հավաստիացրել է, որ հանրաքվեի մասին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ, և վերջինս փորձել է ըմբռնումով մոտենալ հարցին: «Իրաքի վարչապետին ասել եմ,- նշում է Բարզանին,- որ հանրաքվեի անցկացումը Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի օրինական իրավունքն է: Մենք ցանկանում ենք, որ հանրաքվեից հետո ի հայտ եկած արդյունքի վերաբերյալ խաղաղ բանակցություններ անցկացնենք»: Սակայն միանշանակ է, որ աշխարհաքաղաքական այլևայլ հանգամանքներով պայմանավորված, աշխարհի ազդեցիկ ուժերն այնքան էլ պատրաստ չեն կիսելու քրդերի ոգևորությունն ու լավատեսությունը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի նշանակությունը, պահանջել էր հետաձգել հանրաքվեն: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նույնպես կարծում է, որ այդ շրջանի անկախության հանրաքվեն կհանգեցնի աղետալի հետևանքների, խորհուրդ տալով ետ կանգնել հանրաքվեից: Եթե այս և այլ երկրներ վիճակը չսրելու տարբերակները փորձում են բանակցային դաշտում փնտրել, Թուրքիայի մոտեցումն ի սկզբանե ահաբեկչության լեզուն է, նույնիսկ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յրլդըրըմը Իրաքյան Քուրդիստանի այդ քայլը սխալ է համարել և հետագա վտանգներով լի: Կրկնելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլիի ավելի վաղ հայտարարությունը, վարչապետը շեշտել է, որ Թուրքիան սատարում է Իրաքի տարածքային ամբողջության պահպանմանը, հավելելով, որ Քուրդիստանի և Թուրքիայի միջև չի կարող պատերազմ լինել այն պարզ պատճառով, որ Թուրքիան Իրաքյան Քուրդիստանը չի ընկալում որպես պետություն: «Պատերազմ կարող է լինել երկու պետությունների միջև, սակայն Թուրքիան այդպիսին չի ընկալում Իրաքյան Քուրդիստանը»,- ասել է նա: Առավել կտրուկ ու ջղաձիգ է Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի հայտարարությունը, ըստ որի, Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվե անցկացնելու դեպքում քրդերը կզգան «թուրքի աքացին»: «Բարզանին ճանաչում է անգլիացիներին, ամերիկացիներին, բայց թուրքին չի ճանաչում: Նա չգիտի, թե ինչ է թուրքական պետությունը: Մեր աքացին ստանալուց հետո կհասկանա ամենը, բայց արդեն ուշ կլինի,- հայտարարել է նա, ապա,- Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ մտնող Քիրկուկն ամբողջովին թուրքական տարածք է, և տեղի թուրքմեններն ու արաբները չեն ընդունի այդ հանրաքվեն»: Դժվար չէ կռահել թուրքերի այսօրինակ հիստերիայի պատճառները: Այդ երկրի 20 կամ ավելի միլիոն քրդեր նույնպես պայքարում են անկախություն ձեռք բերելու համար, ուստի բացառված չէ, որ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը կարող է հավելյալ ոգևորիչ լիցքեր հաղորդել այդ պայքարին` ավելի սրելով ու անկառավարելի դարձնելով թուրք-քրդական հակամարտությունը: Մյուս կողմից էլ ակտիվացում է նկատվում Սիրիայի քրդերի մոտ, ովքեր զգուշացրել են Թուրքիային զերծ մնալ Աֆին քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններից, որը սիրիացի քրդերի մայրաքաղաքն է: Ենթադրելի է, որ հետագա զարգացումները հավակնում են տարածաշրջանում ուժեղացնել քրդական գործոնի ազդեցությունը, նպաստելով Թուրքիայի մասնատմանը, ինչն էլ ստիպում է Թուրքիային կորցնել հավասարակշռությունը: Այդուհանդերձ, չնայած ակնհայտ դժգոհությանն ու սպառնալիքներին, քրդերն այս անգամ կարծես ավելի վճռական ու հաստատակամ են` իրականացնելու իրենց երազանքը: «Ավելի վաղ մի քանի անգամ ցանկացել էինք անկախության հանրաքվե անցկացնել,- նշել է Բարզանին,- սակայն այդ պահին իրավիճակը հարմար չէր: Այն չէր բխում Իրաքի քրդական ինքնավար շրջանի ժողովրդի շահերից: Այն կարող էր վատ հետևանքներ ունենալ ժողովրդի ապագայի համար: Այդ իսկ պատճառով հանրաքվեի համար ամենահամապատասխան ժամանակը հիմա է: Այն չի հետաձգվելու: Պետք է բոլորս պատրաստ լինենք անկախ Քուրդիստանում ապրելուն, արարելուն և դժվարությունները հաղթահարելուն: Պետությունը, որը ստեղծում ենք, ազգային չէ, այն հավասարապես պատկանում է քրդերին, արաբներին, թուրքմեններին, հայերին և ասորիներին»: Եվ այսպես, հաշված օրեր են մնացել մինչև սեպտեմբերի 25-ը: Հայաստանից ընդամենը 300 կմ հեռու կա՛մ նոր պետություն կստեղծվի, կա՛մ պատերազմի մի նոր օջախ: Բոլոր դեպքերում, տարածաշրջանային վերադասավորումներն անխուսափելի են, ինչին Հայաստանը պիտի պատրաստ լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.