MONSANTO… ԳՁՕ… / Կարինե Դանիելյան

հարցեր պատասխանի պարտադրանքով

«Գրական թերթի» հարցազրույցը բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հետ
««Գ.Թ.»» – Տիկին Դանիելյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «Մոնսանտո» ընկերությունը, որ բնապահպանների (իսկ լայն առումով` ապագայի մասին մտածող հանրության) շրջանակում «վտանգավոր», «ամենաանընդունելի» բնորոշումների հետ է զուգորդվում:
Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ – «Մոնսանտո» ընկերությունը առաջամարտիկ է աշխարհում գենետիկորեն վերափոխված օրգանիզմների արտադրության, ինչպես նաև այլ թունաքիմիկատների, որոնք կարելի է զուգակցել ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ) բույսեր օգտագործելիս: Ի՞նչ է դա նշանակում: Նախ` ի՞նչ են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները: Բնությունը ևս ստեղծում է նոր տեսակներ, նոր ենթախմբեր և այլն, բայց դա երկար սելեկցիայի և գենոտիպերի համադրման ու ընտրության արդյունք է: Իսկ այս պարագայում մարդն անմիջապես մտնում է այդ գործընթացի մեջ: Մարդկությունն օգտագործում է վիրուսների, բակտերիաների հնարքը` մտնել գենոտիպի մեջ: Եվ համապատասխան բակտերիաներին ամրացնելով այն գենը, որը պետք է, կարողանում են ներմուծել բույսի կամ կենդանու բազմացման օրգանների` սպերմայի կամ ձվաբջջի, ինչպես նաև սերմերի մեջ: Այդպիսով ստանում են նոր հատկություններ: Հիմնականում թվում է, թե այդ հատկությունները դրական են, այսինքն` ստացված միրգը կամ բանջարեղենը կարելի է ավելի երկար պահել, ավելի դիմացկուն է: Բույսը ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն է և այլն: Նաև պտուղը ավելի գեղեցիկ տեսք, այսպես ասած` առևտրային տեսք ունի: Դա դրական կողմն է: Բացասական երևույթները դեռևս ոչ լիարժեք, բայց արդեն բավականին արտահայտվել են, և մեծ քանակությամբ ուսումնասիրություններ կան ամբողջ աշխարհում: Նախ բացահայտվել է, որ ԳՁՕ արտադրանք պարունակվող սնունդ օգտագործելիս տեղի է ունենում իմունիտետի անկում, ինչպես նաև ալերգիաներ են զարգանում: Ինչո՞ւ: Ենթադրենք, ես չեմ ընդունում ձկան որևէ սպիտակուց և ուտում եմ լոլիկ` համոզված լինելով, որ այն մաքուր է: Այնինչ որպեսզի այդ լոլիկը ցրտադիմացկուն լինի, դրա մեջ ներմուծվել է ձկան սպիտակուցը: Մարդն ուտում է` առանց այդ մասին իմանալու, և նրա մոտ ալերգիա է առաջանում: Այս առումով, այն երկրներում, որտեղ ԳՁՕ-ն օգտագործվում է և այն էլ բավականին ակտիվ, ալերգիաների քանակը մոտ 3-4 անգամ ավելի է, քան այն երկրներում, որտեղ արգելված է: Դրանք են ԱՄՆ-ն ու Սկանդինավյան երկրները` համեմատության մեջ:

«Գ.Թ.» – Ինչո՞վ կբացատրեք նման «հանդուրժողական» կեցվածքը, որի արդյունքում ՀՀ-ում օրեցօր ընդարձակվող տարածքներ են տրվում այդ ընկերությանը: Մի՞թե այդպիսի որոշումների տակ իրենց ստորագրությունը դնող մեր պետական այրերը չգիտեն կամ չեն գիտակցում իրենց արածի վտանգավորությունը, էլ չեմ ասում պատասխանատվության մասին:
Կ. Դ. – Մեզանում, ցավոք, բիզնեսի վերնախավը և քաղաքական վերնախավը նույնացված են: Հիմա մանրամասնեմ: Մենք մշակել էինք օրենքի նախագիծ Հայաստանի անվտանգությունը ապահովելու նպատակով` և՛ շրջակա միջավայրի, և՛ սննդի անվտանգության առումով: Ես խոսեցի հիմնականում առողջապահական խնդիրների մասին, բայց շրջակա միջավայրի համար էլ այն նշանակություն ունի: Նախ, որ համապատասխան թունաքիմիկատներով աղտոտվածությունը կարող է խիստ աճել, եթե մեծ քանակությամբ է օգտագործվում, և երկրորդ` կան ԳՁՕ-ներ, որոնք բույսեր են և գյուղատնտեսական վնասատուների համար վտանգավոր թույն են արտադրում: Դա շատ հարմար է գյուղատնտեսության մեջ: Բայց թույները հավասարապես վտանգավոր են թե՛ ճանճի, թե՛ մարդու, թե՛ մեղվի համար: Եվ ստացվում է, որ մեղուները նստում են այդ բույսի վրա և սատկում են, իսկ հետո այդ բույսը նաև որպես սնունդ է օգտագործվում, և մարդն է տուժում:
Բնապահպանության նախարարության, էկոլոգիական կազմակերպությունների հետ օրենքի նախագիծը մշակեցինք, այն կոչվեց «Կենսաբանական անվտանգության մասին» օրենք, որը բաղկացած էր երկու մասից` շրջակա միջավայրի անվտանգության և առողջապահական հատվածներից: Մինչ կառավարությունը կհաստատեր այդ նախագիծն ու կհանձներ Ազգային ժողովին, առողջապահական հատվածը հանեցին: Մնաց միայն շրջակա միջավայրին վերաբերող հատվածը: Չնայած դա, մեր կարծիքով, սխալ էր, բայց համաձայնեցինք: Նախագիծը մտավ Ազգային ժողով, եղան լսումներ, մասնակցեցին մասնագետներ, որոնք մեզ հետ համաձայն էին, բայց պատգամավորները խիստ անհանգստացած էին` արդյոք դա բիզնեսին չի՞ խանգարի: Օրինակ, Վարդան Այվազյանը, որը բնապահպանության նախկին նախարարն էր, մեր հիմնական ընդդիմադիրը դարձավ: Մեր հիմնական հակառակորդները եղան պատգամավորները, քանի որ բիզնես շահեր ունեն: Արդյունքում օրենքը մնաց, ու կառավարությունը ետ կանչեց այդ նախագիծը: Այժմ այդ դաշտը մեզ մոտ բաց է: Այստեղ վտանգներ կան: Տեսնենք, թե ինչ շարունակություն կլինի:

«Գ.Թ.» – Այո՛, ցավոք, այս վտանգավոր պատմության «ներքին շարժիչը» ինչ-որ զորեղ անհատների տնտեսական շահն է, իսկ ի՞նչ պետք է անի այդ վտանգը գիտակցող հանրությունը: Կարծո՞ւմ եք, որ ստեղծված սոցիալ-քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակում կլսվի հանրության ձայնը կամ գոնե գիտնականների կամ իրազեկ անհատների կարծիքը հաշվի կառնվի:
Կ. Դ. – Հանրությունը նախ պետք է գումար չվերցնի և ընտրությունների ժամանակ չընտրի այն մարդկանց, որոնք հետո միայն իրենց բիզնեսի մասին կմտածեն: Երբ մենք նորանկախ պետություն էինք դարձել, մեզ հրավիրել էին ԱՄՆ` ցույց տալու, թե ինչպես է զարգանում երկիրը: Ապշել էինք, թե որքան խնդիրներ են կարողանում լուծել, հատկապես էկոլոգիական խնդիրները: Երբ հարցնում էինք, թե ինչպես են դրանք լուծվել, մեր բոլոր հարցերին տրվում էր մեկ պատասխան` ընտրություններ: Հապա թող փորձեն չանել այն, ինչ հանրությունն է պահանջում… Մեզ մոտ ընտրությունների մեխանիզմը չի աշխատում: Հիմնականը դա է:
Աշխարհում անընդհատ վեճ է գնում մասնագետների միջև: Հենց Միացյալ Նահանգներում կան կազմակերպություններ` Էկոլոգիական բժշկության ամերիկյան ակադեմիա, Առողջապահության ամերիկյան ասոցիացիա, Բուժքույրերի ամերիկյան ասոցիացիա, որոնք անընդհատ հայտարարում են դրա վտանգավորության մասին և դեմ են դուրս գալիս գենետիկորեն վերափոխված օրգանիզմներն օգտագործելուն: Այդ առումով, երկրների միջև դատական գործընթացներ են տեղի ունենում: Եվրամիությունը սկզբում իր ամբողջ տարածքում արգելել էր ԳՁՕ-ների և՛ աճեցումը, և՛ օգտագործումը, և՛ ներմուծումը: Սակայն մի քանի դատական գործընթացներ եղան ԱՄՆ-ի ընկերությունների, Եվրամիության հանձնաժողովի և այլոց միջև, որոնց արդյունքում Եվրամիությունը մի քայլ նահանջեց: Արգենտինան և՛ օգտագործում է, և՛ արտահանում: Նույնը Միացյալ Նահանգները` և՛ օգտագործում է, և՛ արտահանում: Եվրոպական երկրներից ամեն մեկը առանձին-առանձին իր տարածքները պահպանում է և թույլ չի տալիս համապատասխան ներմուծումներ: Եվրամիությունը դրել է ներքևի սահմանը: Այսինքն` սնունդը կարող է պարունակել ԳՁՕ 0,5-0,9%, ամենավտանգավորը` 0,5%, պակաս վտանգավորը` 0,9%: Եվ անպայման մակնիշում պետք է լինի: Այդ մակնիշումը նաև Ռուսաստանն է դրել, բայց մեզանում այդ մշակույթը չկա` նայել մակնիշումը:
Հայաստանում օրենք չկա, կա ընդամենը Առողջապահության նախարարի հրամանը, որ մակնիշումը պետք է լինի, բայց նախ` չկա, երկրորդը` չենք էլ նայում:

«Գ.Թ.» – ՀՀ-ում «Մոնսանտո» ընկերության հնարավոր գործունեությունը ի՞նչ է սպառնում մեր երկրին` տնտեսապես և, իհարկե, ապագա սերունդների առողջությանն ու կենսունակությանը:
Կ. Դ. – Վտանգները, վնասները շատ-շատ են: Այն, որ դա հետագա սերունդներում ավելի շատ կերևա, մասնագետների մեծ մասն այդպես է կարծում: Պարզապես ժամանակը դեռ շատ քիչ է: 1994-ին առաջին անգամ շուկա մտավ գենետիկորեն վերափոխված լոլիկ: Դեռ քիչ է ժամանակը, որ սերունդների վրա տեսնենք ազդեցությունը: Ժամանակը շատ կարճ է, որ հասկանանք, թե ինչ փոփոխություններ կունենանք սերունդներում գենոտիպի մակարդակում: Սակայն արդեն ապացուցված է, որ ԳՁՕ-ները կարող են ունենալ մուտագեն և կանցերոգեն ազդեցություն, այսինքն` քաղցկեղ զարգացնել, ինչպես նաև սերունդների մոտ խախտումներ առաջացնել:
Վտանգ կա շրջակա միջավայրի համար: Օրինակ` հերբիցիդակայուն եգիպտացորեն աճեցնելիս (հերբիցիդները այն թույներն են, որոնք օգտագործում են մոլախոտը վերացնելու համար) կարելի է միանգամից շատ օգտագործել այդ թույնը և վերացնել մոլախոտը: «Մոնսանտոն» նաև այդ հերբիցիդն է արտադրում: Այսպիսով, շրջակա միջավայր մտնում է շատ ավելի մեծ քանակությամբ հերբիցիդ: Դա ինքնին արդեն վտանգավոր է: Բայց տեղի է ունենում նաև շատ անսովոր ու հետաքրքիր մի երևույթ, որը գիտությունը չի կարողանում բացատրել: Օգտագործվում են այդ հերբիցիդները, վերացնում մոլախոտը մեկ-երկու սերունդ, և հանկարծ մոլախոտը սկսում է աճել: Չի ենթարկվում այդ հերբիցիդին, այսինքն` առաջանում է, այսպես կոչված, «սուպեր մոլախոտ», որը կայուն է այդ հերբիցիդի նկատմամբ: Հասկանալի չէ, թե դա ինչպես եղավ: Կան գենետիկներ, որ ասում են, թե բնական սելեկցիայի, զարգացման արդյունք է, սակայն ժամանակահատվածը շատ կարճ է դրա համար: Եվ այստեղից հանգում ենք մի եզրակացության, որ ստեղծել ենք, այսպես կոչված, շարժուն գեներ: Այսինքն` այն գենը, որ ներարկվել է եգիպտացորենի մեջ` այդ հերբիցիդի, թունաքիմիկատի նկատմամբ կայուն լինելու համար, կարող է տեղափոխվել այլ տեսակին, ինչը բնության մեջ չի լինում: Տեսակից տեսակ գեն չի տեղափոխվում: Միանգամայն այլ համակարգ է ստեղծվում:
Այնպես որ, խնդիրները շատ-շատ են: Մակնիշումը, իհարկե, կարևոր է, բայց ենթադրենք, թե մի ընտանիք հետևում է և չի օգտագործում: Թվում է` առողջ է մնում, բայց մյուս ընտանիքներում օգտագործվում է: Իսկ գենետիկայի առումով դա նշանակություն չունի, որովհետև եթե պոպուլյացիայում գոնե որոշ տոկոսը օգտագործում է, նշանակում է դա մտնում է պոպուլյացիայի գենոֆոնդի մեջ և հետո արդեն սերունդների մեջ իր պատասխանը կտա:
Դա շատ լուրջ խնդիր է: Հիմա մեզ համոզում են, որ իբր «Մոնսանտոյի» ռուսական մասնաճյուղն է գալու Հայաստան, որը Ռուսաստանում է, իսկ այնտեղ ԳՁՕ-ն արգելված է, որ իբր այդ ընկերությունը ԳՁՕ-ներով չի զբաղվելու, ինչը խիստ անհավատալի է ու անհասկանալի, քանի որ «Մոնսանտոյի» հիմնական աշխատանքը հենց ԳՁՕ-ն է և համապատասխան քիմիական նյութերը: Թե այդ դեպքում ինչ առաքելություն է ուզում իրականացնել Հայաստանում, շատ դժվար է պատկերացնել: Դժվար է պատկերացնել, որ «Մոնսանտոյի» ներմուծումը Հայաստան կարող է վնաս չբերել: Նաև` մենք Հայաստանում չունենք և՛ օրենքը, և՛ համապատասխան ծառայությունը, որը կարող է դա ստուգել: Ստուգել` արդյոք տվյալ նյութը, բույսը կամ կենդանին գենետիկորեն վերափոխված տարր պարունակո՞ւմ է, թե՞ չէ, շատ դժվար է: Համապատասխան լուրջ տեխնիկա է պետք, տեխնոլոգիաներ են պետք: Մենք համապատասխան մասնագետներ ունենք, բայց այդպիսի ծառայություն, լաբորատորիա չունենք: Այնպես որ, ստուգելը մեզ համար շատ լուրջ խնդիր է:
Հետաքրքիր երևույթ կա, այսպես կոչված գենտերմինատոր: Մտցնում են սերմի, բույսի մեջ: Ստացվում է հետևյալը, սերմը «Մոնսանտոյից» գնում ես, օգտագործում: Սակայն մյուս տարի ցանում ես, ոչինչ դուրս չի գալիս, հաջորդ տարի ստիպված ես նորից գնել «Մոնսանտոյից»: Քո սերմը կորցնում ես, իրենցը օգտագործում ես, պարզվում է` դա մի տարվա համար է: «Մոնսանտոն» դառնում է ամբողջ արտադրության վերահսկող միավոր: Վրացիներն այդպիսի բացասական փորձ ունեցան եգիպտացորենի առումով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.