Անսահմանության ճամփորդը (Երկու աշխարհների հարաբերությունը Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» բալլադում) / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Սամվել Զուլոյանի պոեզիան հայ ժամանակակից գրականության ամենամեծ հարստություններից է: Նրա ստեղծագործությունը շատ կողմերով կապված է խորհրդապաշտության պոետիկայի հետ: Մասնավորապես «Թռչնաձուկը» բալլադը կարելի է քննել դրա համապատկերում: Հայ գրականագիտությունը դեռևս գիտականորեն չի արժևորել այս ստեղծագործությունը: Սամվել Զուլոյանի պոեզիային նվիրված ուսումնասիրություններից ամենաամբողջականը թերևս Մելս Սանթոյանի ««Ինձնից մինչև ես»-ի դրաման» հոդվածն է: Այստեղ հեղինակը քննել է քնարական անհատի անցման ճանապարհը. «Քնարական անհատի եռամիասնության իպոստասային աստիճանները` «ինձնից»-ը, «մինչև»-ը և «ես»-ը, միմյանցից առանձնանալով, չեն անջրպետվում իրարից, այլ ներթափանցվում են միմյանց մեջ` ստեղծելով կապի և զարգացման աստիճանականություն»1: Քնարական անհատի դրամայի համապատկերում Մ. Սանթոյանը քննում է նաև «Թռչնաձուկը» բալլադը: Հեղինակն այս ստեղծագործությունը համարում է ժողովածուում ծավալված դրամաների ամփոփումը. «Կայացած պոետական «եսն» արարում է գրական մնայուն մի արժեք` «Թռչնաձուկը» բալլադը` մարդու կենաց երկու կապույտների` ծովի և երկնքի, երազանքների միացումով: Գրքում պատկերված դրամաների ամփոփիչ ֆինալն է սա. այդ դրամաներից ծնվում է մարդու հողային կավը, երկրային ձգողականը հաղթահարելու մշտական երազանքը, այս դեպքում` իր կողմից բեղմնավորված թռչնաձկով` որպես «իրենից դեպ ես» գնացողի ծնունդ, որպես ֆանտաստիկ, տեսլային թռչնաձուկ` իրական թռչունի և իրական ձկան միահյուսումից ծնված երազային և անիրական հուշկապարիկ, թռչնաձուկը որպես «եսի» ծնունդի ամբողջացում»2:
Մեր նպատակն է այս բալլադը քննել խորհրդապաշտության պոետիկայի համապատկերում: Այս տեսանկյունից հատկապես հետաքրքրական է սիմվոլիզմի փիլիսոփայության այն դրույթը, համաձայն որի` մեզ շրջապատող աշխարհից զատ` կա մեկ այլ իրականություն. «Սիմվոլիզմի ելակետն այն սուբյեկտիվ-իդեալիստական դրույթն էր, թե մեր շրջապատի իրերն ու երևույթները խորհրդանիշներ են մի ուրիշ, անտեսանելի աշխարհի, և նրանց իսկական իմաստը կարելի է հասկանալ միայն այն դեպքում, երբ նրանց մեջ տեսնենք խորհրդավոր «անդրաշխարհի» արտացոլումը»3: Այսինքն` գրողը անդրադարձնում է աշխարհի երկատված պատկերը: Ինչպես կարելի է հասկանալ մեջբերված հատվածից, փիլիսոփայական այս հիմնադրույթը անհրաժեշտաբար անդրադառնում է ստեղծագործության պատկերային համակարգի վրա: Գրական երկը ձեռք է բերում երկպլանայնություն:
Սամվել Զուլոյանի պոեզիայում մշտապես նկատելի է այսաշխարհի և այլաշխարհի հարաբերությունը: Նկատելի է, որ այլաշխարհը նրա ստեղծագործություններում ստանում է տարբեր արտահայտություններ: Չնայած այդ արտահայտությունների պատկերային բազմազանությանը` նրանք միշտ ավելի ընդգրկուն և անսահման են, քան իրական աշխարհը: Կարելի է ասել` այսաշխարհ-այլաշխարհ բախումը Սամվել Զուլոյանի պոեզիայում ձևավորում է հակադրությունների մակրոհամակարգ: Այսկողմնայինի և այնկողմնայինի հարաբերությունը մերթ արտահայտվում է երկրային կյանքի և անդրաշխարհի, մերթ երկրի իրական սահմանների և կորսված հայրենիքի արտահայտություններով: Այսինքն` սիմվոլիստական պոետիկայի այլաշխարհը մերթ հանդես է գալիս իբրև անդրաշխարհ, մերթ իբրև կորսված հայրենիք: Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Պապս հուշեր ուներ», «Դո՞ւրս են տանում», «Հիշատակի օր» բանաստեղծությունները: Այս երկերում, կարելի է ասել, այսաշխարհ-այլաշխարհ հարաբերությունները տարբեր ընդգրկում ունեն, բայց փիլիսոփայական տեսանկյունից նույնական են: Առաջին բանաստեղծությունը ներկայացնում է ազգային ողբերգությունը: Զուլոյանական երկատվածությունը յուրօրինակ արտահայտություն է ստացել այստեղ.
Պապս հուշեր ուներ` սվիններով խոցված,//Մորմոքի ու արյան տխուր պատմություններ,//Մի թափառիկ երազ` հեռուներում լքված,// Ինձ անծանոթ երկրի ինչ-որ տեղանուններ4:
Կորսված երկրի անորոշ պատկերը տեղավորվում է այլաշխարհի պոետիկական սխեմաներում: Դա նախ և առաջ պայմանավորված է անորոշության, անծանոթության և դրա հետ միաժամանակ մեծ ձգտման հատկանիշներով, որ տեսանելի է այս բանաստեղծության մեջ: Եթե այս դեպքում այսաշխարհ-այլաշխարհ հարաբերությունը ունի աշխարհագրական հիմք, ապա նույնը չենք կարող ասել մյուս բանաստեղծությունների մասին: Այդտեղ արդեն երկու աշխարների սահմանագիծը դառնում է մահը, որ այդ հարաբերություններում պայմանավորում է ոչ թե տարածական, այլ ժամանակային հիմնավորում: Մահից հետո բացված հետկյանքային աշխարհն է դառնում այլաշխարհի արտահայտությունը: Սա առավել ևս համապատասխանում է այլաշխարհի կերտման պոետական հնարներին: Անորոշությունը, խորհրդավորությունը, անճանաչելիությունը այս բանաստեղծություններում հասցվում են գերագույն աստիճանի:
Մեր նշած հարաբերությունների ամենաբարձրարժեք արտահայտություններից է «Թռչնաձուկը» բալլադը: Այն ամբողջությամբ կերտված է սիմվոլիկ պատկերներով: Վերջիններս ցույց են տալիս երկու աշխարհների հակադրական հարաբերությունները: Ի տարբերություն նախորդ օրինակների` այստեղ առաջ է մղվում նաև հայեցակետերի խնդիրը: Ո՞րն է շրջապատող իրականության և այլաշխարհի պատկերային արտահայտությունը: Հենց սա է, որ երկի շինվածքում հակադիր բնույթ է ստացել: Պետք է ուշադրություն դարձնել բալլադում առկա երկու սկզբնակետերին, որոնցով պայմանավորված էլ պատկերները իրենց դերն ու նշանակությունն են ձեռք բերում երկի կառուցվածքում: Երկու սկզբնակետերը ձուկը և թռչունն են.
Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…// Կա՜ր: Չկային չե՜մ հավատում…//Ծովում ոսկե մի ձկնիկ կար,// Իսկ երկնքում` ոսկե թռչուն5:
Երկուսն էլ դրսևորվում են որոշակի միջավայրում: Վերջինս դառնում է իրական աշխարհի խորդանշական պատկերը.
Ապրում էին ձուկ ու թռչուն`//Միայնակ, գոհ ու անընկեր,//Մեկն իր ծովի կապույտ գրկում,//Մյուսն իր ծավի երկնքին տեր6:
Բալլադի բեկումնային պահը դառնում է այլաշխարհի ըմբռնումը: Եվ հենց այդ պահից էլ երկի պատկերային շինվածքում ձևավորվում է շրջապատող աշխարհին հակադրվող այլ իրականությունը: Դա չի արտահայտվում նոր պատկերի կերտման միջոցով, պարզապես փոխվում են հայեցակետերը: Երազը ձկան և թռչնի առաջ բացում է այլ ոլորտների հեռանկարը.
Հետո ինչպե՞ս, ինչպես եղավ`//Ձուկը մի օր իր երազում//Մի լուրթ-կապույտ երկինք տեսավ// Ու երկնքում` ոսկե թռչուն://Իսկ թռչունը տեսավ ծավի//Անեզրություն մի ալեծուփ,//Ուր թռչում, թե լող էր տալիս//Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…7
Ձևավորվում են անեզրության խորհրդանշական պատկերները: Եվ հենց այստեղ է մեր նշած տրամաբանական հակադրությունն ըստ հայեցակետերի: Ձկան համար երկինքն է դառնում անեզրության, այլաշխարհի արտահայտիչը, թռչնի համար` ծովը: Բալլադի հետագա շարադրանքը դառնում է անեզրության հակադիր ձգտումների խորհրդապաշտական արտահայտությունը: Ծով-երկինք պատկերային հակադրությունը ունի գունային ընդհանրություն, որ քանիցս հիշատակվում է ստեղծագործության մեջ: Այս հանգամանքը նույնպես տանում է դեպի խորհրդապաշտական մտածողություն: Այսաշխարհի կապույտը սոսկ ակնարկն է դառնում այլաշխարհի անսահմանության: Ծովի կապույտը ձկան համար դառնում է երկնքի հիշեցումը. երկնքի կապույտը թռչնին ակնարկում է ծովի անսահմանության մասին: Այսինքն` ըստ հայեցակետերի` պատկերները ստանում են տրամագծորեն հակառակ դասավորություն: Շրջապատող իրականության սահմանները դառնում են ճնշող: Բայց այլ իրականության մեջ ներթափանցելը բացառվում է ֆիզիկական հնարավորությունների սահմանափակության պատճառով:
Գծապատկեր

Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ-1

Պատկերների հակառակ դասավորությունը` ըստ հայեցակետերի
Գծապատկերը ներկայացնում է պատկերների ըմբռնման երկու հայեցակետերը, որ տրամագծորեն հակադրվում են իրար: Բայց այդ հակադրությունը Զուլոյանի պոետական մտածողությունը լուծում է յուրօրինակ կերպով: Այսաշխարհի և այլաշխարհի հակադրական հարաբերությունները ի վերջո համատեղվում են երկու սկզբնակետերի միավորմամբ: Հենց այդ միավորումն էլ ստեղծում է հեղինակի փնտրած բացարձակ անսահմանությունը.
…Մի գիշեր երբ խավարը սև//Ծով ու երկինք մութով պատեց,//Հանկարծ ցածում, ջրերի մեջ`//Հավքը ձկանն իր նկատեց…//Ճիչով անզուսպ, ինքնամոռաց//Հավքը իրեն ծովը նետեց,//…Անդրադարձը լուսնի դողաց,//Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…// Երկնքի լուրթ երազների,// Թե կարոտի ծովից կապույտ,// Հրաշքներով այգը հղի//Ծնեց ոսկե մի թռչնաձուկ…8
Բացարձակ անսահմանության արտահայտությունը դառնում է թռչնաձկան պատկերը, որ այլևս կաղապարված չէ ֆիզիկական հնարավորություններով: Միաժամանակ թռչելու և լողալու կարողությունը նրա առաջ է բացում այլաշխարհի դռները, և այլաշխարհի խորհրդավորությունը, թեկուզև երազային ֆոնի վրա, մատչելի է դառնում երևակայական թռչնաձկանը: Թռչնաձկան երևակայական պատկերն է դառնում երկու հակադիր եզրերը միմյանց միացնող, փոխկապակցող և նույնականացնող օղակը: Սա նաև այլաշխարհի ներթափանցումն է շրջապատող իրականություն, որ նույնպես բնորոշ էր խորհրդապաշտության պոետիկային:
Այսպիսով` Սամվել Զուլոյանի ստեղծագործությունը որոշակիորեն կրում է սիմվոլիզմի փիլիսոփայության և գեղագիտության հետքերը: Այսաշխարհի և այլաշխարհի հարաբերությունները պատկերային տարբեր դրսևորումներով մշտապես հանդես են գալիս Զուլոյանի բանաստեղծություններում և «Թռչնաձուկը» բալլադում: Վերջինս նրա գեղագիտական ըմբռնումների յուրօրինակ ամփոփումն է, որ արտահայտվել է թռչնաձկան հակադրամիասնական պատկերի միջոցով:

Գրականություն
Զուլոյան Ս., Վիհից կանչողը, «Նոր դար» հրատ., Երևան, 2008, 104 էջ:
Ջրբաշյան Է., Գրականության տեսություն, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1972, 512 էջ:
Սանթոյան Մ., Պոեզիայի ուղեծրում, ՀԳՄ հրատ., Երևան, 2008, 224 էջ:

———————————–
1. Մ. Սանթոյան, Պոեզիայի ուղեծրում, Երևան, 2008, էջ 153:
2. Նույն տեղում, էջ 160-161:
3. Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1972, էջ 453:
4. Ս. Զուլոյան, Վիհից կանչողը, Երևան, 2008, էջ 75:
5. Նույն տեղում, էջ 32:
6. Նույն տեղում, էջ 33:
7. Նույն տեղում:
8. Նույն տեղում, էջ 35:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։