ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ / ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՕՐ


Կոմիտաս ԴանիելյանՀԳՄ վարչությունը

շնորհավորում է արձակագիր, թատերագիր
ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Քաղաքի Օղակաձև պուրակը, որ պաշտոնապես Շահումյանի անվամբ է կոչվում, առավել հայտնի է «պյատաչոկ» անունով, ինչը թարգմանաբար թե՛ հինգ կոպեկանոց է նշանակում, թե՛ փոքրիկ հրապարակ, թե՛… խոզի մռութ: Իսկ թե այս երեքից որն է հավելյալ անվանակոչության հիմք ծառայել` դժվարանում եմ ասել: Բոլորն էլ առանձին-առանձին, ձևի առումով նմանության ինչ-ինչ եզրեր ունեն զբոսայգու արտաքին տեսքի հետ: Գուցե թե որոշակիորեն բացառություն կազմի խոզի դունչը:
Ինչևէ: Այս գողտրիկ պուրակը ստեփանակերտցիների ամենասիրած վայրերից է և գրեթե միշտ մարդաշատ է լինում, մանավանդ` երեկոյան ժամերին, երբ սկսում են խայտալ «երգող» շատրվանները:
Հիմա դեռ առավոտ է, և այգում հատուկենտ մարդ կար. շատրվանների մոտ մի հոգատար տատիկ մանկասայլակով թոռնիկին ման էր տալիս, վերին ծառուղում, ճյուղատարած լորենու տակ դրված նստարանին, երբեմն-երբեմն գողտուկ համբուրվելով, ինչ-որ գիրք էր թերթում նորատի մի զույգ (երևի` ուսանողներ), իսկ քիչ այն կողմ, հաստաբուն նոճու ներքո ամեն օրվա պես իրենց մշտական տեղն են զբաղեցրել մերձակա թաղերի ծերունիները կամ, ինչպես ընդունված է ասել, պատերազմի և աշխատանքի վետերանները: Առայժմ չորսով էին նրանք:
– Մեր դրոշը լավն է, համահունչ է Հայոց եռագույնին,- հայացքը հրապարակում` բարձր ձողերին փողփողացող դրոշներին, ասաց ժպտերես, թումանյանական դիմագծերով ծերունին ու մի փոքր երկմտելով ավելացրեց,- բայց գերբը այն չէ:
– Զինանշա՛նը,- ուղղեց նրա` ֆիդայական, ձյունասպիտակ բեղերով, հասակակիցը, որ կզակը հենել էր ձեռնափայտի գլխին դրած ափերին և աչքի տակով հետևում էր սիզախոտերին վետվետող ոսկեփայլ թիթեռնիկին:
– Հա՛, մեր զինանշանը այն չէ:
– Որ թագը արծվի գլխավերևում է, ոչ թե գլխի՞ն:
– Իհարկե,- իր թավ, կրծքային ձայնով խոսքի մեջ մտավ ծանրամարմին, քթարմատի մոտ միմյանց խառնված ցից-ցից հոնքերով ծերունին:- Դրանով կարծես կասկածում, չենք հավատում մեր անկախությանը:
– Ոչ միայն դա…
– Թեմա են գտել խոսելու,- ինքնիրեն ծույլ-ծույլ քրթմնջաց մյուս` վտիտ, չորչորուկ, փոքր-ինչ թլվատ ծերունին, ով շրթունքները շարժելով «Արցախի կոմունիստ» էր կարդում:
Ժպտադեմ ծերունին չլսելու տալով շարունակեց.
– Պետական խորհրդանիշն իր մեջ պիտի ազգային այնպիսի տարրեր ամփոփի, որոնք և՛ այժմեական լինեն, և՛ պիտանի` տվյալ ժողովրդին ուղեկցելու գալիք դարերում, ինչը չես ասի նաև Հայաստանի օրհներգի իտալուհուն ձոնված տեքստի մասին:
– Ճիշտը այն կլիներ, որ մեր զինանշանին էլ և՛ արծիվ լիներ, և՛ առյուծ, ինչպես Հայաստանինն է,- կտրուկ, ոգեշունչ արտաբերեց թավ ձայն ունեցողը,- նրանց բռնած վահանին էլ` «Այան ու ապան»:
– «Մենք ենք, մեր լեռները»,- ճշտեց Բեղավորը խրախուսիչ շեշտով:
Ժպտադեմը հավանությամբ ճոճեց գլուխը, ապա ձեռքով ժխտող շարժում արեց.
– Բայց ո՛չ այսօրվա արծիվն ու առյուծը:
Թավաձայնը հաստլիկ, մազոտ մատները վեր պարզեց, հասկացնելով, որ ասելիքը չի ավարտել.
– Մենք նույն հայ ժողովուրդն ենք և 1918-20 թվերին մե՛կ գերբ ունեինք…
– Մեկ զինանշա՛ն,- շտկեց Բեղավորը:
Թավաձայնը ակամա ժպիտով գլխով արեց.
– Ունեինք մեկ զինանշան` արծվի և առյուծի պատկերով: Հիմա այդ ժողովրդի մի մասը, մե՜ծ մասը նորից նույն զույգին է խորհրդանիշ ընդունել, մի փոքրիկ մասը` միայն մեկին: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ:- Նա երկմտանքով շարժեց ուսերը:- Իմ կարճ խելքով` հայոց երկրորդ պետության զինանշանին նույնպես պիտի թե՛ առյուծ լինի, թե՛ արծիվ:
– Ճիշտ որ,- հաստատեց Բեղավորը:
Ժպտադեմը նորից ճոճեց գլուխը.
– Բայց ո՛չ այսօրվա առյուծն ու արծիվը:
– Ա՞յլ…
– Այլ նրանք, որ Առաջին Հանրապետության զինանշանին էին:
– Տարբերությունը ո՞րն է,- հարցրեց Բեղավորը:
– Նախկինները որձ էին, հիմիկվանը` էգ,- հեգնախառն քմծիծաղեց նա, որ ակնոցն աչքերին` լրագիր էր ընթերցում:
Երկուսով ծուռ-ծուռ նայեցին նրան, իսկ Ժպտադեմը նրբանկատորեն ակնարկեց.
– Այսպես թե այնպես` առյուծը առյուծ է մնում, արծիվը` արծիվ:
– Ուրեմն` ի՞նչ տարբերություն,- Բեղավորը կրկնեց իր հարցը:
Ժպտադեմը ձեռքի արտահայտիչ շարժումով պատասխանեց.
– Նախկին արծիվն ու առյուծը համարձակ էին, վճռական, մարտնչող, անզիջում, անհաշտ` մեծ ու փոքր անօրինությունների հանդեպ, մինչև իսկ պատրաստ ինքնազոհողության` ի պաշտպանություն հայրենի երկրի և մայր ժողովրդի… Մինչդեռ այսօրվանը մի տեսակ խեղճ են, կարծես թե անջիղ, անտարբեր, համակերպվող, հլու-հնազանդ: Մի խոսքով` բերանները փակ, համր ընտանի կենդանիներ:
Ակնոցավոր ծերունին քիթը ծռմռելով վերստին քմծիծաղ տվեց.
– Չլինի՞ գազանանոց եք կամենում բացել:
– Դու մուրճ ու մանգա՞ղ ես ուզում` հնգաթև աստղով,- նրա հանգով ծաղրեց Բեղավորը,- դրոշն էլ` ալ կարմի՞ր:
Նմանակումը զարմանալիորեն այնքան բնական ու անթերի ստացվեց (նույն դիմախաղը, ձայնի նույն հնչերանգը), որ բոլորի հետ ծիծաղեց նաև Ակնոցավորը: Ասես գովել են իրեն:
– Ի՜նչ վատ գույն է,- պարզամիտ պարծանքով ծպպացրեց նա:
– Քո այդ պաշտելի գույնի դրոշներն են քանդել հայի տունը. մեկին` մուրճ ու մանգաղ և աստղ, մյուսին` կիսալուսին և աստղ,- վրդովված արտաբերեց Բեղավորն ու ձեռնափայտը թափով խփեց գետնին:
– Մուրճ-մանգաղի օրոք ինչքա՞ն թոշակ էին տալիս, հիմա` ինչքա՞ն,- լրագիրը ոլորելով վրա տվեց Ակնոցավորը:- Ձրի բնակարան ես ստացել, ձրի բուժօգնություն, երեխաներդ անվճար ուսում են առել: Իսկ հիմա՞… Շարքային բանվորի և մարզկոմի քարտուղարի աշխատավարձերը գրեթե հավասար էին: Մարդիկ գնահատվում էին ըստ իրենց արժանիքների, ոչ թե աչքաչափով, հայեցողաբար…
– Դա միանգամայն ուրիշ թեմա է,- նրան ընդհատեց Ժպտադեմը,- և բացարձակապես կապ չունի մեր այս զրույցի հետ:
– Հիմա կարմիրը չէ, ձեր սիրած գույներն են, բայց էլի փնովում եք, չէ՞,- Ակնոցավորը չարախնդաց:
– Մենք չենք փնովում,- միջամտեց Թավաձայնը,- այլ կամենում ենք, որ մեր խորհրդանշանները անթերի, կատարյալ լինեն, ինչը ամենևին չի նշանակում, թե եղածները չենք ընդունում կամ ակնածանք չենք տածում դրանց նկատմամբ:
– Կյանքը պիտի կատարյալ լինի, կյա՛նքը,- հերսոտ բացականչեց Ակնոցավորը` ազդու հայացքով մեկ-մեկ տնտղելով նրանց:- Ո՞ւր են մեր տղաները: Ինչո՞ւ են իրենց արյան գնով ազատագրած հողը թողած` մի կտոր հացի համար դեգերում օտար ափերում: Հիմա է՞լ է Բաքուն ճնշում,- նա, չգիտես ինչու, մեկեն վեր կացավ և անմիջապես նստեց:- Կապիտալի՜զմ են կառուցում, չիմանալով, որ վաղուց ճորտատիրական հասարակարգում ենք հայտնվել:
Ժպտադեմը վեճը հարթելու միտումով շրջվեց, թեթևակի վարանումով ձեռքը դրեց նրա ուսին և մտերմիկ կշտամբեց.
– Այս ամենը ժամանակավոր դժվարություններ են, ի՞նչ ես մատի փաթաթան դարձրել:
Ակնոցավորը գլուխը տենդահար տարուբերելով ընդդիմացավ.
– Ինչո՞ւ բոլորի համար չեն այդ դժվարությունները, ինչպես կռվի տարիներին էր:
Որոշ ժամանակ ծերունիները լուռ էին:
Կողքից նայողին կարող էր թվալ, թե նրանք, մեկ մարդու նման, ուշի ուշով ինչ-որ բան են ունկնդրում, ասենք` իրենց գլխավերևում, նոճու բարձր ճյուղին ճոճվող թռչնակի միավանկ ճտճտոցը կամ ծաղկող լորենիներին վեր ու վար անող մեղուների ախորժալի բզզոցը, իսկ գո՞ւցե գարնանային արևկա երկնքի լազուրը եռուզեռով թրատող ծիծեռնակների թախծախինդ սուլոցը:
– Ըհը՛, Միրուքը եկավ,- ուրախ կանչեց Թավաձայնը:
Բոլորը շրջվեցին դանդաղ, հաստատուն քայլերով մոտեցող բարձրահասակ, տակավին կորովի, մականվանը հակոտնյա` անբեղ-անմորուս ծերունու կողմը, որը հավանորեն ժամանակին աչքի ընկնող մորուք էր ունեցել և, պիտի կարծել, եթե ոչ հեղինակություն, ապա հաստատ համակրանք էր վայելում իր հասակակիցների մոտ:
Նա, չորսին էլ ձեռքով բարևելով, նստեց և հոգոց հանելու պես շունչ քաշելով` ասաց.
– Միլիցիայից եմ գալիս:
– Ոստիկանությունի՛ց,- Բեղավորն ուզում էր ուղղել, սակայն Միրուքի կծկված երեսին նայելով, սեղմեց սմքած շուրթերը:
– Բա՞ն է պատահել,- հարցրեց Ժպտադեմը:
– Հովակիմին բռնել են, նստած է այնտեղ:
– Ինչի՞ համար,- չորսի հայացքը տագնապով սևեռվեց Միրուքին:
– Գիշերը, ավելի ճիշտ` լուսադեմին, մի բ…- նա խիստ անպարկեշտ ածականակերտ գոյական օգտագործեց,- … տղայի խաղատուն, թե՞ գիշերային ակումբ է պայթեցրել:
– Հովակի՞մը:
– Չի՛ կարող պատահել:
– Ինչպե՞ս թե…
– Ինչո՞ւ…- ծեր մարդիկ ապշած-շփոթված` իրար էին անցել:
Միրուքը փոքր-ինչ ուշացրեց պատասխանը:
– Այդ տականքը,- նրա այտամկանը սկսեց թրթռալ,- աչք էր տնկել Հովակիմի հարսին, փորձում էր սիրահետել:
– Արմանի կնո՞ջը:
– Էն խոնարհ գառա՞նը:
– Ազատամարտիկի այրո՞ւն,- բոլորն ընկճված էին խորապես, մտախոհ, դառնացած:
– Հա՛,- Միրուքը հազաց, մաքրեց կոկորդը:- Հովակիմին թոռն է իմաց տվել: Հովակիմն էլ… Ով էլ լիներ նրա տեղ, այդպես կվարվեր:
– Ինչո՞վ է պայթեցրել,- հետաքրքրվեց Ակնոցավորը:
– Հակատանկային նռնակով: Տղայից էր հիշատակ մնացել: Հովակիմը մասունքի պես էր պահում:
– Հո մարդ-մուրդ չի՞ վնասվել,- հարցրեց Ժպտադեմը:
– Չէ՛: Հովակիմը ողջ գիշեր թաքնվել էր դիմացի թփուտներում, երբ բոլորը դուրս են եկել ու պահակը պիտի փակեր դռները, մոտեցել, նռնակը ներս է նետել:
– Լավ է, որ տուժող չի եղել:
– Հա՛, լավ է, որ ոչ ոք չի տուժել, այլապես Հովակիմի գործը կբարդանար: Վատ է, որ այդ շան ծիծ կերածը ողջ է մնացել:- Ատամների արանքից նետեց Միրուքը:- Առնետների նման այսուայնտեղ թաքնվել, կռվից գլուխ են պրծացրել, հիմա եկել, մեր գլխին տեր են դարձել այդ…- նա դարձյալ անասելի կոպիտ (այս անգամ` օտար) բառ արտասանեց ու զայրույթից բռունցքով խփեց ծնկանը:
– Երկու օրից մայիսի 9-ն է: Մեծ հայրենականի վետերանը Հաղթանակի տոնը մեկուսարանո՞ւմ պիտի դիմավորի,- սրտմտությամբ բողոքեց Թավաձայնը:
– Խնդրեցի, ասացին` չենք կարող բաց թողնել, վերևներում տեղյակ են:- Միրուքը նստելու դիրքը փոխելով ու ձայնն իջեցնելով ավելացրեց,- Սեփոն` մեր թաղայինը (Արմանի մոտիկ ընկերն է) ասում է` ասել եմ, Հովակիմ քեռի, չկարողացա՞ր թաքուն, առանց վկաների այդ բանն անել: Հովակիմն ի՞նչ պատասխանած լիներ, որ լավ լինի: Ասել է` ուզում էի տեսնող լիներ, ես հո գող չեմ…
– Նրան պարզապես դրդել, մղել են այդ քայլին,- եզրակացրեց Ժպտադեմը:
– Ուրեմն, դա չի կարելի մահափորձ որակել,- կարծիք հայտնեց Ակնոցավորը:
– Ուղղակի կամեցել է վախեցնել,- արձագանքեց Բեղավորը:
– Եվ զգուշացնել,- հարեց Թավաձայնը:
– …բոլոր նրա՛նց, ովքեր կհանդգնեն քիթը հոնքից վեր դասել,- լրացրեց Միրուքը հատու ձայնով:
– Գուցե վերևների մոտ գնանք,- փոքր անց, մատներն իրար ագուցելով, նրան դարձավ Ժպտադեմը,- խնդրենք, որ…
– Ոստիկանապետի՞:
– Չէ, հենց նախագահի և` հիմա՛: Չե՞ն ասում` երկաթը տաք-տաք կծեծեն:
– Նախագահի՞:- Միրուքն արագ թարթեց աչքերը, միտք արեց:- Կընդունի՞ մեզ:
– Ինչո՞ւ չէ:
– Լենինը մուժիկին հո ընդունել է,- մեջ ընկավ Ակնոցավորը:- Փորձը փորձանք չէ:
Միրուքը դեմքը կնճռոտեց ու մի թթված ժպիտ պարգևեց նրան, իսկ Բեղավորը ձեռնափայտը ցցած` պոռթկաց կոկորդով մեկ,
– Մուժիկ-բան չի եղել, Չարենցն է հորինել, միամտաբար հավատալով աշխարհի ամենահայտնի` Լենին հորջորջվող արկածախնդիր-խաբեբային, ինչպես մենք էինք կուրորեն թուրքի բիճ Գորբաչովին հավատ ընծայում:
Լորենու տակ նստած աղջիկն ու տղան հանկարծակի կիսաբարձրանալով զարմացած նայեցին ձայնի ուղղությամբ` ի՞նչ պատահեց այս բիձաներին… Մանկասայլակով տատիկն էլ անորոշ աչք ածեց աջ ու ձախ:
– Ամենավստահելին ու հուսալին նախագահն է: Կարծում եմ, նա ըմբռնումով կմոտենա կատարվածին, կհասկանա մարդու հոգեվիճակը,- իր միտքն առաջ տարավ Ժպտադեմը:- Չէ՞ որ ինքն էլ է կռվել: Հայրն էլ, գիտեք, մեր մարտական ընկերներից էր:
Կես ժամ շարունակ նրանք խորհրդածում, ծանրութեթև էին անում խնդրո հարցը: Ապա Միրուքը կկոցեց աչքերը, քննախույզ նայեց ու.
– Գնա՞նք,- հարցրեց:
– Գնա՛նք,- միաբերան պատասխանեցին չորսով:
Եվ «ծերակույտը» առաջ շարժվեց` վստահ, որ Հովակիմն անմեղ է, որ նա սոսկ իր տան, իր ընտանիքի արժանապատվությունն է պաշտպանել, ուստիև` կներվի նրա արարքը:
– Միգուցե նախագահի մոտ զինանշանի մասին էլ խոսք բացենք,- Բեղավորը կամացուկ դիմեց Ժպտադեմին:
– Բանը բան ցույց կտա,- եղավ պատասխանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.