Բարություն բաժանող բանաստեղծը

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը կրում էր «Բարություն բաժանող բանաստեղծը» խորագիրը: Ն. Աշտարակեցու, Պ. Պռոշյանի և Վ. Պետրոսյանի անվան դպրոցների աշակերտները, ինչպես նաև գրադարանի ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա գրողի ստեղծագործությունների հիման վրա: Էդ. Միլիտոնյանի «Երազ» պատմվածքի բեմական ներկայացմամբ ելույթ ունեցան «Հովիկ» մանկապարտեզի սաները:
Գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանի հավաստմամբ` գրադարանային միջոցառումների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում հանդիպումները գրողների հետ: «Հեղինակ-գրող-ընթերցող շփումը ամենասիրվածն ու ամենասպասվածն է: Դրանք օգնում են ընթերցողին ավելի մոտիկից ծանոթանալ գրողի ստեղծագործություններին, ճանաչել նրան»,- ասաց նա:
«Գրածը նման է թռչունի, գնում է, ետևից չես վազի, ասես, թե` դու իմն ես, ետ արի: Գրողի համար կարևոր է այն, որ իր գրածը հասնի երեխային»,- ասաց հանդիպման հյուրը՝ Էդ. Միլիտոնյանը և խոստովանեց, որ եթե թեկուզ երեքից չորս բանաստեղծություն երեխաները ընկալում ու սիրում են, արդեն մեծ գոհունակություն ու երջանկություն է, քանի որ գրողը հասցեատիրոջ համար է ապրում: Ապա առաջարկեց կարդալ իր այն գրքերը, որոնք խաղերի՝ ֆուտբոլի, շախմատի մասին են: «Շարժումը շատ կարևոր է միտքը թարմ պահելու, առողջ լինելու համար: Շարժման մեջ լինելիս է երեխայի միտքը կարոտում գիրք կարդալուն»,- ընդգծեց նա:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը, ներկայացնելով Էդ. Միլիտոնյանին, նշեց, որ նա բազմաժանր գրող է: Ապա անդրադարձավ նրա մանկական վերջին երեք գրքերին` «Չի լինում, չի լինում», «Ճանապարհորդ գժերը» և «Բարձերով կռիվ»: «Բանաստեղծը խոսում է մանուկներին շատ հասկանալի լեզվով, մանուկների լեզվամտածողությամբ և խաղարկում է տարբեր երևույթներ՝ խորքում դնելով բարությունը»,- ամփոփեց Ա. Ավանեսյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.