Մանկագրությունը՝ բնածին պարգև

Հոկտեմբերի 11-ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Թագավորական հեքիաթ» (հեղինակներ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Խաչատրյան-Ստրալեցկիենե, Սուսաննա Հովհաննիսյան) և մանկագիր Սաթենիկ Ղազարյանի «Արկած + արկած» գրքերի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով չորս հեղինակի մասնակցությամբ ստեղծված գիրքը, նկատեց, որ այսօր էլ կան մանկագիրներ, ովքեր թեև դժվարությամբ, բայց փորձում են գեղեցիկ գործեր ստեղծել երեխաների համար: Այնուհետև իր մտահոգությունները հայտնելով մանկական գրականության մասին՝ նա մասնավորապես նշեց, որ մեր օրերում երեխաների համար գրված լավ ստեղծագործություններ քիչ են հանդիպում: «Սա պայմանավորված է ժանրի բարդությամբ. ամեն մարդ ի վիճակի չէ գրել մանկական գործեր: Դա բնածին պարգև է, որ տրվում է եզակիներին»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Այսօր ունենք մի հոգս՝ պայքարել անճաշակ մանկական գրականություն ստեղծող գրողների դեմ»:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը մանկական գրականությանը նվիրվելու և մանկական գործեր ստեղծելու համար «Ծիծեռնակ» հրատարակչության կողմից պատվոգրեր հանձնեց մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանին, Օլգա Դարյանին, Սուսաննա Հովհաննիսյանին: Ապա գնահատելով այն փաստը, որ դպրոցական դասագրքերում ընդգրկվում են ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները, նա միաժամանակ կարևորեց այդ գրողների հանրաճանաչման խնդիրը, ինչին պետք է նպաստեն հեռուստատեսությունը և ռադիոն, գրական մամուլն ու թատրոնը: Նա անդրադարձավ նաև գրախանութներում վաճառվող վատ բովանդակությամբ, բայց գեղեցիկ նկարազարդումներով մանկական գրքերի հարցին՝ վստահեցնելով, որ երեխաների ճաշակն աղավաղող տարաբնույթ գրքեր կան դրված վաճառքում: «Շատերը կարծում են, թե երեխաների համար մտքներով ինչ անցնի, կարող են գրել և գրում են, տպագրում ու գեղեցիկ ձևավորումներով վաճառում: Սա մեծագույն խնդիր է սերունդների համար»,- նկատեց Ա. Վարդանյանը:
«Գրողը, կարծես, իր մանկությունից դուրս չեկած մեծահասակն է, որ գրում է մանկական ստեղծագործություն, որն ուղղված է աշխարհի մաքրման, բարության վերահաստատման և այլ նպատակներին»,- ասաց գրականագետ Նորայր Ղազարյանը՝ խոստովանելով, որ մանկական գրականությունն իրեն վերադարձնում է իր մանկությունը:
Ելույթ ունեցան նաև մանկագիր Սուրեն Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանը և ուրիշներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.