Լույս է տեսել ՀԳՄ «Արտասահմանյան գրականություն» թարգմանական գրական հանդեսի անցյալ տարվա 4-րդ համարը

Լույս է տեսել ՀԳՄ թարգմանական գրական հանդեսի անցյալ տարվա 4-րդ համարը, որը շվեյցարական PRO HELVETIA հիմնադրամի աջակցությամբ, ամբողջովին նվիրված է շվեյցարացի ֆրանսագիր բանաստեղծ և թարգմանիչ Վահե Գոդելի 85-ամյակին: Գոդելի նամակը, հոդվածերը, արձակ և չափածո ստեղծագործությունները ներկայացված են Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ: Ինչպես նշված է հանդեսի խմբագրականում. «Անգհահատելի է Գոդելի ավանդը հայ դասական և ժամանակակից գրականությունը ֆրանսերեն թարգմանելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու գործում»: Ավելի քան չորս տասնյակ թարգմանական ժողովածուներ, որոնցում գերակշռում են Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը, ինչպես նաև հայ գրականության ծաղկաքաղ` 5-րդ դարից մինչև մեր օրերը: Համարում ներկայացված է նաև Ժան Ստարոբինսկու Վահե Գոդելի «Ինչ-որ բան, ինչ-որ մեկը» գրքի առաջաբանը: Հանդեսի նախաձեռնությունը թույլ է տալիս հաղորդակցվել Գոդելի ներաշխարհին, որոշակիորեն ծանոթանալ հեղինակի ստեղծագործական նկարագրին: Գոդելը, հանդեսին հղած իր բաց նամակում գրում է. «Եվ այսօր, այն պատիվներից, որ մատուցում եք ինձ` հյուրընկալելով ձեր գեղեցիկ հանդեսում, զգացված եմ և հուզված, մանավանդ Ժնևում, որտեղ ծնվել և բնակվում եմ վաղուց ի վեր… իմ տարելիցն անցավ բացարձակապես աննկատ: Դա նշանակում է, որ այսօր, առավել քան երբեք, Հայաստանը համարում եմ հարազատ ու բանաստեղծական մի հայրենիք»:
Խմբագիր` Վահե Արսեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.