Ինչո՞ւ են լռում բառերը / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Կոմիտասի կենսագրության մեջ ցավալի փաստեր կան, որ վերընթերցելիս վերապրում ես հայոց ողբերգությունը… Նրա կենդանության օրոք տպագրվել է երեք փոքրիկ ժողովածու՝ Ալեքսանդրիայում, Կոստանդնուպոլսում և Բաքվում, ընդամենը 97 էջ նրա հսկայածավալ ժառանգությունից, որ դարեր պիտի ապրեցնի հայոց սերունդները: Հայաստանում ոչինչ չի տպագրվել: Գերմանիայում ուսանելու ընթացքում նա հանրահռչակեց հայկական երաժշտությունը և նրա մի քանի ձայնագրություններ կատարվել են Փարիզում, որ հիմա հազվագյուտ մասունքներ են:
Նույնը չէ՞ այսօր վերաբերմունքը ապրող մշակույթի նկատմամբ: Ի ցավ սրտի՝ այո: Այլապես ինչո՞ւ են շատերը օտար երկրներ մեկնում, ինչո՞ւ է բարձրակարգ հայկական մշակույթի փոխարեն բարգավաճում ցածրակարգը, կոմիտասյան երաժշտության փոխարեն շատերի համար լսելի՝ ռաբիսը, 100 տարի անց էլ՝ դեռ չիրականացած տերյանական հոգևոր Հայրենիքը:
Սովետական ժամանակում ապրած գրողները պատմում են գրականության և գրողների նկատմամբ հոգածության առասպելների մասին: Մենք այն չենք տեսել՝ ո՛չ պետական, ո՛չ էլ այլ: Ռուսներն իրենց «գուբերնիայի» նկատմամբ ավելի շա՞տ էին հոգատար, քան հայերն իրենց հայրենիքի՞: Նույնիսկ հայ դասականներին էին Մոսկվայում տպագրում ոչ միայն ռուսերեն, այլև այլ լեզուներով: Ուղղակի նրանք լավ էին հասկանում, որ ամեն հասարակարգ իր գաղափարախոսությունն է թելադրում: Հայրենիք ասելով մենք առավել, քան որևէ այլազգի, ավելին ենք հասկանում, քան ժամանակակից երկիրն է՝ փոքր տարածքով և սուղ հնարավորություններով: Այն ցանկացած հայի համար ունի դարերի պատմություն, ծովից – ծով տարածքներ ու հարուստ մշակույթ… Պատճառն այն է, որ մեզ համար հայրենիքը պատկերանում է ավելի շատ հոգևոր ոլորտում, քան նյութական: Ազգերի համար էականը հոգևոր արժեքներն են: Այսօր արաբների ոսկին է՞ կարևոր, թե՞ անգլիացիների, գերմանացիների ու ֆրանսիացիների հարուստ մշակույթը:
Անասելի ցավ ես ապրում, երբ օտարերկրացիները Հայաստանն ավելի շատ Եղեռնով են ճանաչում կամ նրանցից լսում ես «աղքատ երկիր» արտահայտությունը: Ի՞նչն է զարգացել Հայաստանում վերանկախության տարիներին, ի՞նչ է ավելացել: Երևանի փոփոխված դիմագծից է երևում. ավելացածն ու կարևորվածը ռեստորանները, սրճարանները, խաղատներն ու խանութներն են, տարեցտարի կրճատվածը, այսինքն անկարևորը՝ գրադարանները, մշակութային օջախները և գրախանութները:
Մեր երկրում առանձնակի ուշադրություն չկա արվեստի և, մասնավորապես, գրականության նկատմամբ: Վերջերս էլ կարծես ամեն ինչ «բիզնեսի» տեսանկյունից են դիտում: Կարծես բիզնեսի այլ բնագավառ չկա, հոգևոր արժեքներն են առուվաճառք դարձնում: Ի՞նչ մաքուր գրականության լույս կարող է ներթափանցել կլանաբիզնեսային ընկերագրաքննահրատարակչական ոլորտներից դուրս… Այդպե՞ս էին մտածում Եղեռնից «Մշո ճառընտիր» փրկող կանայք, այդպե՞ս էին մտածում մեր նախնիները՝ այն գրիչները, որ տարիներ շարունակ ճրագի լույսի տակ մատյաններ էին ձեռագրում: Այսօր ոսկեզօծ «Նարեկ» տպագրելը օգնո՞ւմ է ճգնակյաց Նարեկացուն, Կոմիտասի 14-հատորյակը բարձրաձայնո՞ւմ է նրա եղեռնաշունչ լռությունը, Չարենցով մեր ապրելը մեղմացնո՞ւմ է նրա կրած տառապանքն ու ուղեղի նաիրյան մորմոքը: Էջմիածնի հավատացյալների համբույրներից սևացած Ավետարանը առանց կարդալու քրիստոնեացնո՞ւմ է ազգը: Ուժեղների լուսավոր ո՞ւժը, թե՞ թույլերի խավարամիտ տկարությունը, որ բարբարոսաբար երկիր է քանդում…
Ինչո՞ւ պիտի ժամանակին ճշմարիտը չարժևորվի, առաջնայինն առաջնորդող չընկալվի, ինչո՞ւ պիտի մշակույթը առաջնայինը չլինի և նրան առնչվող հարցերն այսօր քննարկվեն այնպիսի մի խորհրդարանում, որի մի մասը կիսագրագետ է, ում խոսքն անգամ խորշանք է առաջացնում, մյուս մասն էլ հարց է՝ ընդհանրապես գիրք կարդու՞մ է, թե՞ ոչ: Ակնհայտ է՝ ինչպիսի գրականություն պիտի պատշաճի նրանց ճաշակին: Միևնույն է, լեցուն սեղանների շուրջ էլ նրանք մնալու են քաղցած: Ու իրենց նյութի քաղցով են երկիրը լցնելու:
Մի ազգային գոռոզամտություն կա, որ ինքնին անկումների պատճառ է: Սիրում են ասել՝ մենք ամենահին ազգն ենք, մարդկությունը մեզանից է սկիզբ առնում, Երևանը Հռոմից հին է 29 տարով: Դա ավելի շատ ամոթալի է, քան հպարտանալու: Հռոմի մի ակնթարթն անգամ բավական է դարերի միջով ճամփորդելու և բազմադարյա հարուստ մշակույթը զգալու համար, ո՞ւր է այդքան դարերի մեր արդյունքը, ժամանակի միջով սրբազնորեն ձգվողը: Կառուցա՞ծն է շատ, թե՞ ավերվածը:
Գրողը, նկարիչը, արվեստագետը, մշակույթն, ընդհանրապես, հոգածության կարիք ունեն: Առաջադիմում են այն երկրները, որտեղ դա լավ են հասկանում ու կազմակերպում: Գերմանիայում գրողները մեծամասամբ ազատ ստեղծագործողներ են: Գրական ընթերցումներ են կազմակերպվում, ու գրողը ցանկալի հյուր է համալսարաններում, դպրոցներում, գրադարաններում: Նրանց լավագույն ստեղծագործություններով կրթվում է հասարակությունը: Նրանց աշխատանքը ստեղծագործելն է. տպագրության և տարածման համար գործակալություններ կան: Առաջնորդողը երկրում ճշմարիտ կարգն է. առաջինն առաջին է, վերջինը՝ վերջին: Ու ակնհայտ է արդյունքը. Գերմանիան Եվրոպայի ամենազարգացած երկրներից է:
Մեր գրքերը տարիներ շարունակ մնում են անտիպ, այնքան, որ մեր գիրը մեզ համար է միայն ու գրականության, ոչ՝ ընթերցողի կամ օրեցօր ապականությամբ օտարացող հասարակության: Բայց մենք երկու ջրհեղեղների միջև ենք աճում, սառույցներից… Եթե մեր գիրը պիտի հարատևի, այն մեր երկնային էջերից էլ մեր ու այլ լեզուներով հոգով մաքուրների համար կհնչի:
Երբ Ամերիկյան համալսարանի Հայ մատենագրության թվանշային գրադարանի կայքն էր ներկայացվում, որ հայ գրականության ու մշակույթի գանձարան է, հարց հնչեց. օժանդակում է արդյո՞ք պետությունը, գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը պատասխանեց՝ «Ես եմ պետությունը»:
«Ողբ», «Վերք Հայաստանի», «Հացի խնդիր», «Հիվանդանոց»… մեր հասարակության պատկերը չե՞ն դարեր շարունակ… մինչև Սասնա ծռերի ու ազգի համար Հաց բերող Արթուրի մահ: Դարեր շարունակ հայոց աշխարհում հացի խնդիրը չի՞ կարելի լուծել և սոցիալականից այլ բանական ոլորտների մշակույթի անցնել:
Այսպիսի մի առակ կա. «Մի մարդ հանդիպում է Աստծուն ու խնդրում ցույց տալ դրախտն ու դժոխքը: Աստված մարդուն մոտեցնում է երկու դռների: Առաջին դռան ետևում բացվում է մի սենյակ, ուր մի կլոր սեղան կար, կենտրոնում՝ կերակուրով լի վիթխարի կաթսա: Սեղանի շուրջ նստած մարդիկ հյուծված ու հիվանդ տեսք ունեին: Բոլորի ձեռքին երկար կոթով գդալներ կային: Գդալները հասնում էին կաթսային ու վերցնում կերակուրը, բայց քանի որ չափազանց երկար էին, մարդիկ չէին կարողանում հասցնել դրանք բերաններին: Մարդը ցնցվեց այդ դժբախտ տեսարանից:
– Ահա դժոխքը,- ասաց Աստված:
Մոտեցան երկրորդ դռանը: Սենյակում նույն սեղանն ու նույն կերակուրով լցված կաթսան էր: Սեղանի շուրջ նստած մարդիկ ունեին նույն երկար կոթով գդալները: Բայց բոլոր մարդիկ գոհ էին, կուշտ և երջանիկ տեսք ունեին:
– Չեմ հասկանում,- ասաց մարդը:
Ամեն ինչ շատ պարզ է,- ասաց Աստված,- այստեղ մարդիկ սովորել են կերակրել միմյանց, իսկ նախորդները մտածում էին միայն իրենց մասին»:
Այս է հասարակությունների, ազգերի ու երկրների տարբերությունը. տարածքը բոլոր ազգերին համանման է տրված. հոգևոր արժեքներն են երկիրը դրախտ կամ դժոխք դարձնում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.