ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Անահիտ-Պարսամյան

Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ճանաչված բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանչուհի Անահիտ Պարսամյանը:
Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1969-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1970-79-ին աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1979-81-ին սովորել և ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները: 1982-ից եղել է «Գրական թերթի» թարգմանության և ինֆորմացիայի, այնուհետև հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ: ՀԳՄ անդամ է 1975 թվականից: 1973 թ. լույս տեսած առաջին «Փյունիկ» բանաստեղծությունների ժողովածուն լայն արձագանք գտավ ինչպես ընթերցողների, այնպես էլ քննադատության կողմից: Նրա հետագա ժողովածուները ` «Խոստովանանք» (1977 թ.), «Օրվա հեքիաթներ» (1982 թ.), «Ժամ հարության» (2004 թ.), «Կրակ և մոխիր» (2014 թ.) և այլն, եկան հաստատելու, որ հանձին Պարսամյանի, հայ գրականություն է եկել ինքնատիպ ևս մի բանաստեղծուհի: Անահիտ Պարսամյանը ստեղծագործել է նաև երեխաների համար: «Արքայադուստրը» (1975 թ.), «Երկնագույն ափսեն» (1980 թ.) ժողովածուներում ընդգրկված հեքիաթները, «Ինչ են խոսում կեռասները» (1985 թ.) մանկական բանաստեղծությունները երեխաների ամենասիրված գործերի շարքում են: Գրել է նաև «Աշոտ Երկաթի խաչը» վիպակը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ: Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվե- տաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասի և հնդկական էպոսի «Մահաբարատայի» չափածո հատվածների թարգմանությունները:
Նրա ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, էստոներեն, վրացերեն և այլ լեզուներով:
2004 թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՄԱՆԸ

Անահիտ ջան, քեզ քո վերջին հանգստարան-հանգրվան հուղարկավորելիս, դու անսպասելի ինձ հիշեցրիր, որ մեր ընկերությունը առնվազն վաթսուն տարվա վաղեմություն ունի: Իսկ մինչ այդ ինձ թվացել էր, թե դեռ երեկ էինք մեր գրական խմբակի թերևս ամենատաղանդավոր բանաստեղծի՝ վաղամեռիկ Ռաֆիկ Բազիկյանի հետ, որը խենթի պես սիրահարված էր քեզ ու մինչև կյանքի վերջը սիրահարված մնաց, ձեր փողոցը գալիս, մինչև մթնշաղ թափառում, որպեսզի պատահաբար պատշգամբ դուրս գաս, ու տեսնի դեմքդ: Չգիտեմ, ձեր առանձնատան հանդիպակաց մայթին պահպանվո՞ւմ է այն փայտյա էլեկտրասյունը, որի վրա անձրևոտ մի օր Ռաֆիկն ու ես զմելիով քո անունը փորագրեցինք:
Գրական խմբակի մեր խնկելի ուսուցչուհին՝ Սուսաննա Բաբայանը, մեզ բազում պատվիրաններ ավանդեց, որից էականը հավատարմությունն է նվիրմանը: Հիմա դու արդեն ավարտել ես երկրային կյանքդ, ու ես, վաթսուն տարվա ընկերդ, հպարտությամբ կարող եմ ասել, որ դու քո նվիրմանը՝ գրականությանը, հավատարիմ մնացիր: Ես չգիտեմ, իհարկե, թե հանուն այդ նվիրման, հատկապես անձնական կյանքում, ինչ զոհողությունների դիմեցիր, տառապանքներ կրեցիր, բայց այն, ինչ գրեցիր, անկեղծ է, շիտակ, համարձակ: Քնարական բանաստեղծություններդ՝ հմայիչ ու առինքնող:
Թերևս այդ պատճառով՝ դու բաց ճակատով, խաղաղված դեմքով էիր գնում քո վերջին հանգստարան-հանգրվանը:
Իսկ մնացա՞ծը… մնացածը ժամանակը կորոշի:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Հայկանուշ տատս սրբի պես հեզ էր,
Իսկ Մարի տատս` գոռ արծվամարի,
Նրանց երկուսի մեջտեղում ես եմ,
Արծվի նման սեգ, սրբի պես բարի…

Իմ Հովսեփ պապը աստանդական էր,
Եվ Սարգիս պապս` նույնպես ֆիդայի,
Եվ երկուսին էլ օրոր է ասել
Հետո սևակնած ջուրը Եփրատի:

…Եփրա՜տի ջրեր, առանց ինձ հոսում.
Ո՞ւմ եք վստահում ցավը մեր հայոց,
Հայկանուշ, Մարի տատիկներս զույգ,
Եվ պապերս սեգ` ո՛ղջ են իմ մեջ, ող՛ջ…

***
Այնքան քիչ մնաց ճամփաբաժանին,
Երազի երկրում ի՜նձ են սպասում,
Սակայն ո՞վ էր իմ տեսքին արժանի,
Որ հրաժե՜շտ տամ նրան, ասա` ո՞ւմ…

Հեռու երկնքում առեղծվա՜ծն Աստծու
Աչքերն աստղերի ցավի պես խոսուն,
Սակայն ո՞վ էր իմ խոսքին արժանի,
Որ օրհնե՜մ նրան, օրհնեմ` ասա՛ ո՞ւմ…

Տես, մանկությունս ամպերի խորքից
Նայո՜ւմ է` լացած աչքերով լազուր,
Սակայն ո՞վ էր իմ լացին արժանի,
Որ արցունք թափեմ, կմեկնեմ ես լուռ…

***
Լույս է կաթում վերևից,
Աստծո՜ լուսաբաց,
Ել, ասում եմ ինքս ինձ`
Դուռ-լուսամուտ բաց…

Ել, ասում եմ, ել քնից
Ծնրադրիր լույսին,
Հիմա նա է քեզ հայր, մայր,
Զավակ, ամուսին…

Հիմա նա է ակունքը,
Դժվար այս կյանքի,
Վայելիր այն լիաբուռն.
Մինչ սերդ ցամքի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.