Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

* * *
Հոսում են ջրերը, քարերը,
ավազն ու մտքերը
դեպի խորքերը, դեպի գետերը,
չկա վերև, չկա ներքև նույն
հոսքն է միայն,
որ վերադառնում է նույն սկիզբը,
և նույն ավարտը երեկվա ուրախության
արցունքների…
հոսում են քամիներն ու հույսերը,
և ընդհանուր այդ հոսքում ոչինչ
կայուն չէ,
ու չունեն անուն սերն ու ատելությունը,
ջուրը, պտուղը, խունկը
և այդ ամենը աղոթքի պահին
կատարյալ է թվում,
և երկրագունդ կոչված տարագիր սաղմը
լողում է ծննդյան ծովում հասարակած
պորտալարից կախված…
հոսում են ջրերը դեպի երկինքներ
ու կայծակներին հեծած ճեղքում կրծքները պապանձված ժայռերի,
և կլլող այդ հոսքի երախում տեսնում եմ
հաջորդ շրջանի Մուտքը և Ավարտը
պատմության
և վախճանն եմ տեսնում գիտելիքի ու
հաղթանակը բնության,
և հոսքը մաքրված ծիլ ու ծոց նոր
ուրախության…
հոսում են ծառերը, բառերն ու
խաղալիքները
և բերդ-բերդ վեր են հառնում
Մահն ու Կյանքը՝
հոսելով իմ միջով դեպի հավերժի գագաթները Արարչագործության…

* * *
Նա է մնայունը,
Որ ճեղքում է միտքը պատրական
Ու ժամանակից առաջ է անցնում,
Նա, որ ցնորվում է բառաշաղախից
Ու արմատի համն ունի այն,
Որ բանաստեղծն է ծամում
ծխախոտի հետ,
Որ չմեռնի, երբ ցուրտ է,
երբ մոտ է երկնքին,
Որտեղ թվում է ինքն է աղավնին՝
Արարչի ձեռքերից թռած
Ու իր կտուցին է Լույսը,
Լույսը, որ սրտից պոկվել
Ու ժամանակից առաջ էր անցել…

* * *
Կան հիշողության լայնուղեշ դաշտեր, որտեղ ժամանակը կորչում է,
Եվ հին, քաղցր մի անուրջ է հոգին
պարուրում՝
Լույս-մատներով սպեղանի դնելով
վերքերին,
Այստեղ է, որ անցյալը միշտ ներկա է
Եվ հիշողության կայծոռիկներին
միացնող կածանին է,
Որտեղ հոգու ելևէջները թարթիչներից
են կապված,
Որտեղ աչքերն են մրմնջում աղոթքի խոսքերը անընդհանրական…
Եվ այստեղ է, որ ներկապնակը չի
վերջանում վրձնի ծարավից՝
Շարունակ լցվում է…
* * *
Միշտ էլ կարելի է կառչել մտքերից
կարկատուն,
Բռնվել փշերից բառերի
Եվ լեգենդներ հյուսել ավազներից
հույզերի.
Միշտ էլ հնարավոր է,
Բայց ո՞ւմ են պետք ռոմանտիկ
զեղումները հոգու,
Երբ ամեն ժամանակ իր ժամավաճառն
ունի
Եվ պերճախոս պահապանը անկարծելի
դռների,
Երբ ծիածանից գունագեղ ամեն տող
Ջնջելու է ժամանակը պատրանքավոր,
Եվ երազախաբ իրականության
պատուհանը
Ոչ ոք չի կողպելու,
Քանզի ո՞վ գիտի՝ որտե՞ղ է նա
Եվ կա՞ արդյոք հնարավորություն
այն գտնելու,
Թեկուզև ենթագիտակցության երկնքից կառչած… ամենավերջում…

* * *
Մենք մեր ցավից մեծ եղանք,
Երբեք չմնացինք խոնարհված
խաչերից կառչած,
Մենք մահվան մրուրից կյանք
կերտեցինք
Եվ այդպես էլ չիմացանք փոքրության
համը,
Մենք մեզանից մեծ եղանք
Ու ծպտված Աստծուն ճանաչեցինք՝
Անհավատության փառքը այլերին
թողնելով,
Մենք մեզանից մեծ եղանք,
Միշտ երկինք նայեցինք լեռներից,
Բայց պատմությունը մահվան գետերը
տարավ
Մեր տենչն ապրելու ու գենն
արարման…
Եվ մենք ապրեցինք ցավից մեծացած
Ու մենք մեր ցավից մեծ եղանք…

* * *
Թե իմ լռությամբ
Լսելի դառնար ահեղազարհուր
հևքը ընդերքի,
Ես կլռեի…

Թե իմ լռությամբ
Լսելի դառնար սիրահարների
շիկնանքը անխոս,
Ես կլռեի…

Թե իմ լռությամբ
Լսելի դառնար երկիր-անիվի
ճռինչը ունայն,
Ես կլռեի…

Թե իմ լռությամբ
Սուտը կչքվեր
Ու Բանը սկզբից խոսքով կսկսվեր,

Ես կլռեի,
Որ բանաստեղծեր ինքը՝ Աստվածը…

Պատմություն
Ցավը ծլեց սերմիս հետ…
Երկունքի ժամին ես չզգացի
ներկայությունը նրա,
Ու հասակ առան երկուսն իրար հետ,
Ծառս բար տվեց,
Ցավս անբլթակ լոկ ծաղիկ ցնկնեց
Եվ նույնը մնաց
Հարազատ-օտար իմ մաշկին կառչած
Մհերից ի վեր, անեծքով անմեռ…

Պանդխտության աղը
Երբ տեսնում եմ մայրերի տառապանքը,
Նրանց հայացքը վհատ,
Տող ու տրամաբանություն փուչ են
դառնում…
Նրանց ցավի ամեն կաթիլը
Կարող է փոխել զավակների
երջանկության համը…
Ես ձեր փոխարեն կարկամում եմ,
տղերք,
Եվ չգիտեմ ինչպես սփոփեմ ձեր
մայրերի
Թաց կարոտը, թաց աղոթքը, թաց
սպասումը…

* * *
Քանդում են հին տները…
Չգիտեմ ուրախանա՞մ,
Թե՞ տխրեմ կառուցվող նորի
Ու աղբանոց թափվող մանկության
համար…
Ինչ-որ անբացատրելի թախիծ կա այդ
եռուզեռում,
Եվ անեծքի քրքիջ անճոռնի երկաթե
հրեշի շարժումներում,
Նաև խորը, անվերադարձ ափսոսանք՝
փոշով ծածկվող,
Մոռացված ուրախության այդ հին,
շնչող քարերում,
Որտեղ մեր անցյալն է թաղվում
ապագայի անորոշ հիմքերում…

Ժամացույց
Պտտվում ես,
Երբ լարում եմ քեզ խաղալիքի պես
Եվ կամ լիցքավորում սիրտդ
էլեկտրական,
Որ հարվածես մուրճովդ ունկերիս,
Քո միալար երգով օրորոցային…
Դու գալարվում ես,
Սևեռակում սին հաճույքը,
Որ ճիշտը կորցնեմ
Եվ անքուն զարմանամ,
Ոնց ես լույս քամում մթից
Մի աքլորականչով,
Հեռանալով տարիներս ուսած…
Ես անզոր եմ կանգառ պահանջել,
Ես գերին եմ ճաղազարդ գնացքիդ,
ուղևորը,
Որն անվերջից եկել ու անսահմանություն է գնում առանց
ուղետոմս…

* * *
Հիմա ես լի եմ լույսով…
Հիմա անհունը հնչյուն է զնգուն,
Որ արցունքի պես ճկում է կոպս,
Ու ես տեսնում եմ հրճվանքը հոգու,
Որ սպասում էր…
Հիմա իմ տունը էլ կտուր չունի՜…

* * *
Ես մոռացել էի հուշերս ծածկել,
Ու ձյունը իջավ…

Ես մոռացել էի շիվերս կապել,
Ու փոթորիկը լավերին տարավ…

Ես ծաղկել էի ուշացած, անփուշ,
Ու ձյուն էր իջնում…

Աշուն
Արեգնաբիբ կեսօրվա նման ջերմ է
սկիզբդ,
Ինչ-որ ամառվա հուշ կա ու թրթիռ քո
գիշերներում,
Լռության ընվզում կա այգաբացիդ
թաց աչքերում,
Ու այնքան բանաստեղծություն
ցողաշուրթ առավոտներում,
Տես, աղջկա նման գեղեցկացել է իմ
խնձորենին,
Թշերը կարմրել, ստինքների պես
կլոր ու համեղ
Մրգեր է կախել բարակ թևերին…
Բայց քամին գլորում է ժամերը,
Տանում է տերևների գույները ապրող
Եվ մոտենում է բազմաթույր
տերևաթափը
Ու առաջին ցրտերի սեթևեթները անկոչ,
Եվ այնքան մոտ եմ զգում մերկանդամ
փշաքաղվելդ մաշկիս՝
Իմ հեռացող, իմ տաք աշուն,
Ես գիտեմ մենության ահաշշուկ այգում
Կկարոտեմ քեզ՝ մատներով փորփրելով
խաշամը,
Ու ականջիս մոտեցնելով կամացուկ
կփշրեմ խնկատերևները
Անձրևներին տալով սպասումներն
անմարմին,
Սպասումները հեղեղուն, սպասումները
գարուններ թռչող…

Requiescat in pace
Երկնակախ փեշերիդ թացից լցվել եմ`
Արցունքիս խառնած տխրությունդ…
Կաթ-կաթ օծիր բառերս,
Ես հրաշքի եմ սպասում գտնված աշնան
անորոշությամբ,
Գորշ ու պաղ մեգով,
Առանց քամու, անհոգ տերևաթափով,
Ա՜խ ձյունն արդեն գագաթներն է
նախշում,
Եվ մոտ է, այնքան սրտամոտ է հեքիաթը
ճերմակ թագավորության…

* * *
Մաշվել են թելերը կյանք-իլիկի,
Վերելքի համար անուժ են ծնկներս,
Շուրթս է բառի պես ճկվել,
Ամեն ինչ ճիշտ է,
Միայն ունայնության այսքան
գիտակցված
Դատարկությունն է ճնշում ինքնասպանի արդարացման պես…
Հիմա տարբեր են աշխարհները մեր,
Դու փորձում ես թելերն իրար կապել
խոնավ մատներով,
Իսկ ես գիտեմ համբերանքի գինը,
(Ա՜խ, որքան եմ նրանից կառչել),
Եվ անխոս հայացքի խորությունը,
Որտեղ գինին է հնանում սիրո
Ուրիշ, ուրիշ պատմության համար…

* * *
Հիմա իջնում ես, ձյուն
Ծածկում ամենը
Եվ հուշում լռել…
Հիմա դու ես տերը ճկված ճյուղերի,
ձյուն,
Ու դու չգիտես սարսուռը նրանց,
Իսկ ես ուզում եմ խոսել ծառերի
փոխարեն
Այն ուրախության մասին,
Որ ծաղկունք էր կոչվում,
Այն քաղցրության, որ ծիրանը գիտի
Ու մանուկները կարկաչուն…
Հիմա իջնում ես, ձյուն,
Փռելով սավանը ծնունդի
Ու մատներով պաղ զարդարում ես
եզրերը նրա
Փաթիլներով քո հյուսած հեքիաթների…
Եվ ես սկսում եմ հավատալ հուշիս
ծաղկելուն, իմ ձյուն…

Աշնանային
Սիրում եմ արշալույսն այս հաղթական
Եվ աշունը շարմաղուն,
Ժամանակն իմ կարճ,
Բայց խոկումներով լեցուն,
Այս կյանքը գրչով իմաստավորված
Եվ այն ամենը, որ հիմա է…
Ես սիրում եմ այս այգը զնգուն
Եվ աշունը՝ շաղաշուրթ, շարմաղ…

Հրաժեշտի երաժշտություն
Քամին ծառերի մատներին…
Մրջյունը աղբագունդը շալակին…
Թաց այգը կտուրների հայելուն…
Սարերն առաջին ձյունից զարմացած…
Հանդերը՝ աներգ, անթռիչք՝
Խորախոր Լռությանը ձուլված …
Օ՜, մահվան պես վեհ
Ու բեղմնավորման պես սրբասուրբ
վայրկյան.
Աշնան արշալույս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.