ՓԱՍՏԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՏԵՍԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, հավատարիմ մնալով իր առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությանն ու գործողություններին, ինչն առավելապես ընդգծվում է միջազգային կարևոր հանդիպումներից առաջ: Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակում նախատեսվող արտգործնախարարների հանդիպման հեռանկարով պիտի պայմանավորել շփման գծում իրավիճակի սրումը, մասնավորապես, հակառակորդի կողմից Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի արկակոծումը: Նույն սադրիչ տրամաբանության մեջ են ազերիների ձեռնարկած լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք անցկացվում են սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների խախտումով: Նման պարագայում անհասկանալի է եռանախագահների հերթական հանդիպում կազմակերպելու ջանասիրությունը, երբ ազերիները մշտապես հրաժարվում են ոչ միայն նախկին պայմավորվածություններից, այլև միտումնավոր փորձում են խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը: Այս դեպքում որքանո՞վ է արդյունավետ եռանախագահների ադրբեջանական ժխտողականությունը հնարավորինս կոծկելու հետևողականությունը: Ամերիկացի համանախագահ Ուորլիքը փորձում է համոզել, որ «Ադրբեջանի նախագահը պատրաստ է աշխատել բանակցությունների և առաջարկների վրա, որոնք արդեն իսկ դրված են բանակցությունների սեղանին», թեև ակնհայտ է, որ ալիևյան «պատրաստակամությունն» այն բլեֆն է, իմիտացիան, որով ադրբեջանական կողմը բարձրաձայնում է յուրաքանչյուր հանդիպմանը՝ իրականում հակված լինելով փոշիացնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր գաղափարները: Արդյունքը տասնյակ հանդիպումների ստերջության սանդղակն է, երբ, թեկուզ մասնակի առաջընթացի փոխարեն, հետընթացի բունն է ամրանում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները պատահական չեն: Ըստ Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի. «Ադրբեջանը ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, բայց Ղարաբաղի հետ միասին: Հասկանալով, որ դա հնարավոր չէ, քանի որ ԵՏԱՄ անդամ է նաև Հայաստանը, Ադրբեջանն առաջարկում է ժամանակավորապես Ռուսաստանի վերահսկողությանը հանձնել Ղարաբաղը և սառեցնել զարգացումը, որովհետև լուրեր են շրջանառվում, որ Արևմուտքը մտադիր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը»: Պիտի ենթադրել, որ Բաքուն փորձում է փոխել խաղի կանոնները, և Ղարաբաղը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու մտադրությունը փակուղուց դուրս գալու ալիևյան «հնարամտության» վերջին «թռիչքն» է: Ազերիները երբեք չեն նահանջել իրենց արդեն հայտնի դիրքորոշումից, և Ալիևը կրկին բարձրաձայնել է, որ Ադրբեջանը չի համաձայնի Ղարաբաղին ինքնավարություն տալ, և տարածքային ամբողջականությունը ենթակա չէ քննարկման: Սակայն հետևելով հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքում հայտնված փոփոխություններին՝ Արևմուտքը, ապրիլյան պատերազմից հետո, կարծես հակված է պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրանով իսկ փորձելով զսպել ազերիների՝ սահմաններ չճանաչող ռազմատենչությունն ու այլատյացությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի դիտարկմամբ. «Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումներով: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում Ադրբեջան մուտք գործել»: Ավելի խորքային է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի դիտարկումը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը միակ խելամիտ լուծումն է: Եթե այլ լուծում լիներ, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն` եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես»: Էնգելի կարծիքով. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող համաձայնել երբևէ կրկին շրջապատված լինել Ադրբեջանով: Սա անվտանգության հարց է նրանց համար: Այս իրավիճակում երկխոսելու շատ բան չկա, ինչի՞ մասին պետք է խոսել: Կյանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապես պետք է ընդունել և որոնց հետ պետք է հաշվի նստել»: Թերևս այս հանգամանքն էլ Ալիևին ստիպում է, որպես վերջին հնարավորություն, Մոսկվային դիմել, համոզված, որ, ինչպես միշտ է եղել, Ռուսաստանը ապագայում Ղարաբաղը կրկին իրեն կվերադարձնի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.