Սփյուռքահայությունը` մեծ ուժ

Հոկտեմբերի 31-ին Գրողների միության Կլոր սրահում ՀԳՄ արձակի և հրապարակախոսության մասնաճյուղի հրավերով հավաքվել էին սիրիահայ հայրենադարձ մտավորականներ, գրողներ՝ քննարկելու սիրիահայ համայնքին առնչվող հրատապ հիմնահարցեր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկա սիրիահայերին առաջարկեց նկարագրել Սիրիայի և հատկապես հալեպահայության այսօրվա վիճակը և մտածել, թե ինչով կարելի է օգնել՝ այս դժվարին օրերը հաղթահարելու համար: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, նշելով, որ մեր պետությունը, Սփյուռքի նախարարությունը ջանքեր է գործադրում՝ օգնելու անապահովության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, դիմեց ներկա գտնվող սիրիահայերին՝ պարզելու, թե որքանով է պետական աջակցությունը արդյունավետ աշխատում այս ուղղությամբ և ինչ է արվում, որպեսզի հայրենադարձվողներն իրենց այստեղ լավ զգան:
Հակոբ Միքայելյանը ներկայացրեց Սիրիայի այսօրվա վիճակը և ամփոփելով խոսքը` ասաց. «Ես ինչ-որ չափով ուրախ եմ, որ որոշ հալեպահայեր մնում են այնտեղ և փորձում են պահպանել հայկական համայնքը»: «Իմ կարծիքով, Հայաստանն այնքան էլ փոքր երկիր չէ և կարող է պատսպարել ամբողջ հայությանը: Սակայն գիտեմ, որ սա չափազանց բարդ խնդիր է: Լավագույն տարբերակը ամեն մի հայի համար այն է, որ գա և շենացնի իր երկիրը»,- իր խոսքում նշեց Ալիս Հովհաննիսյանը:
Պերճուհի Ավետյանը անդրադարձավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի երկու հիմնական խնդրին՝ աշխատանքին և կեցության պայմաններին: «Ես՝ որպես զինվոր, կողմ եմ, որ սիրիահայը մնա և զենքով պաշտպանվի: Բայց հայրենիք եկող սիրիահայերին պիտի կարողանանք այստեղ պահել»,- ասաց Հովիկ Վարդումյանը:
Նանեն առաջարկեց ՀԳՄ-ի անունից ուղերձ հղել համապատասխան մարմիններին՝ սիրիահայերի հետ կատարվող աշխատանքների հարցով:
Իրենց մտահոգությունները հայտնեցին նաև Գրիգոր Ջանիկյանը, Թորոս Թորանյանը, Մանուկ Մանուկյանը, Գոհար Գալստյանը:
Հանդիպման ավարտին որոշվեց այս հանդիպումը համարել սիրիահայերի խնդիրների քննարկման մի փորձ և պարբերաբար հանդիպել հետագա անելիքները որոշելու համար, ու տեղ գտած առաջարկները քննարկել ՀԳՄ վարչության և նախագահության նիստերում:
Հանդիպումը վարում էր Գրիգոր Ջանիկյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.