ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ռուբեն ՀովսեփյանԿյանքի 77-րդ տարում վախճանվեց անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, 1968-ից ՀԳՄ անդամ Ռուբեն Հովսեփյանը:
Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1975 թ. ավարտել է Մոսկվայի կինոսցենարիստների և կինոբեմադրիչների բարձրագույն դասընթացը: 1975-76 թթ. եղել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1980-81-ին` «Սովետական գրականություն» ամսագրի գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1981-82-ին` «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագիր:1988-89 թթ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: 1989-ից «Նորք» հանդեսի տնօրենն էր, ապա՝ գլխավոր խմբագիրը: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1965 թ. հրատարակել է «Որոնումներ» խորագրով վիպակների և պատմվածքների առաջին ժողովածուն: Այնուհետև հաջորդել են «Երկու վիպակ» (1970), «Ամենատաք երկիրը» (1977), «Երկար, հրաշալի օր» և «Ճայերը» (1980), «Որդան կարմիր» (1984), «Ծիրանի ծառերի տակ» (2006), «Նռներ» (2016) և այլ ժողովածուները: Ռ. Հովսեփյանի սցենարներով «Մոսֆիլմում» և «Հայֆիլմում» նկարահանվել են «Հնձան» (1973), «Ամենատաք երկիրը» (1983), «Ապրիլ» (1985), «Խնձորի այգին» (1985) ֆիլմերը:
Ռուբեն Հովսեփյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Հայ ընթերցողին նրա թարգմանությամբ ներկայացվել են Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները:
Ռուբեն Հովսեփյանի վաստակը բարձր է գնահատվել պետության կողմից և ընթերցողների շրջանում: Արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան (1980), Հրանտ Մաթևոսյանի անվան (2010), ՀՀ նախագահի (2006) մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» (2009) և «Երախտագիտության» (2016) մեդալներով: 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան մասին:
Նրա վիպակները, պատմվածքներն ու թարգմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն Հովսեփյանի` որպես «Նորք» գրական հանդեսի խմբագրի ավանդը հայ գրականության տարածման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակիցներին և ընթերցողներին:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռուբեն Հովսեփյանի կորուստը գրականության, մեր գրողների համար մեծ ցավ է: Շուրջ 50 տարի նա գրական միջավայրում իր ստեղծագործություններով, մարդկային կերպարով, ելույթներով, թարգմանություններով հաստատել է բարձր գոյության կնիքը: Ես չգիտեմ որևէ մեկի, որ նրա հանդեպ լիներ անտարբեր, կամ նրա արձակի մասին խոսեր բացասական երանգով: Միշտ մի հարգանք, մի գնահատանք հնչել է, և կարևորվել է նրա գործը:
Ռուբեն Հովսեփյանը ծնվել էր մայիսի 5-ին: Ասեմ, որ մայիսի ծնունդների մեջ, ինչքան ես եմ ծանոթ, հողի զգացողությունը, հողից ուժ առնելու կապը զգալի է: Նրա ինքնության մեջ հողի ծանրություն կար և հողի մոգականություն: Նրա լուսանկարների միջից հաղորդվում է մի անբացատրելի ուժ, որը ազդում է դիտողի վրա: Հաստատապես Ռուբենը չէր ճգնում ազդելու, ուղղակի իր ներսի ուժն էր թելադրվում:
Եվ այդ մոգականությունը նրա արձակի մեջ կար: Նրա պատմվածքները մեր արձակի հրաշալի կտորներ են` հողից, ոսկե երակից դուրս եկած ոսկե կտորներ են, որ հավերժ կմնան մեր գրապատմության մեջ: Նրա արձակում և նրա մարդկային բնույթի մեջ նկատելի էր եռամեծարություն` ընտանիք, հայրենիք, մարդկություն: Ռուսերենից թարգմանած Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», ապա և «Նահապետի աշունը» հայերենի մի տոնախմբություն էին: Օտար աշխարհի կախարդանքների, հրապույրների, տարօրինակ պատմությունների զանգվածը հայերեն էր հնչում, համոզիչ էր: Կարծես Մարկեսը հայերեն գրած լիներ: Կարծում եմ` Ռուբենը ինչին էլ որ նայեր, քամում էր իր ինքնությանը հարազատ գույնը, երանգը, խոսքը:
Հատկապես ուզում եմ շեշտել Ռուբենի խոսուն լռությունը: Շատ քչերին գիտեմ, որ լռությամբ ասեն այն, ինչ հաճախ խոսքով դժվար է ներկայացնել, բարբառել: Ես կարծում եմ` Ռուբենը այսօր մեզ հետ է, Գրողների միությունում անվերջ զգալու ենք նրա ներկայությունը, քանզի նման անհատները, աշխարհից գնալով, մնում են իրենց մարդկային ազնվական նկարագրով, իրենց գրվածքի խորությամբ և մեզ պարգևում են հիշողության ծանր, բայց նաև շքեղ իրողություն:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԵՍ ՔԵԶ ՀՐԱԺԵՇՏ ՉԵՄ ՏԱԼԻՍ
Դու հիանալի գրող ես, սիրելի՛ Ռուբեն, օրինակելի մարդ, ճշմարիտ ու սկզբունքային մտավորական: Քո պատմվածքներն ու վեպերը աչքի են ընկնում ազգային խոր բովանդակությամբ, բացառիկ գրական ու գեղեցիկ հայերենով, քո լեզուն սիրտ ունի և տրոփում է, պատմում մեր ժողովրդի կյանքն ու ճակատագիրը: Լինելով հայտնի կուսակցություններից մեկի առաջատար անդամ՝ դու երբեք կուսակցականություն չխաղացիր, եղար ու մնում ես գրականության նվիրյալ զինվոր, Ռուբեն Հովսեփյանը դու ես, ուրիշ ոչ ոք: Քո հոգեկերտվածքով դու անփոխարինելի ներկայություն ես մեր գրականության մեջ և շատերիս հետ խռովահույզ նայում ես վաղվա օրվան` ի՛նչ է սպասում մեզ այս դժվար ու խառնակ աշխարհում:
Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ
Մեծ կսկիծով ընդունեցինք մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի մահվան գույժը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հովսեփյան ընտանիքի անդամներին և հարազատներին: Բոլորիդ հետ կիսում ենք մեծ մավորականի անդառնալի կորստի ցավը:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ազնուափայլ Տիկին Օլիա եւ համայն Յովսէփեան ընտանիք.
Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը խոր կսկիծով կը սգայ մեր շատ սիրելի եւ թանկագին ընկեր Ռուբէն Յովսէփեանի մահը եւ իր խորազգաց ցաւակցութիւնները կը կփոխանցէ ձեզի եւ ձեր ընտանեկան պարագաներուն:
Աստուած հոգին լուսաւորէ:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Պէյրութ, 27 հոկտեմբեր 2016

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության նախագահությունը խորապես վշտացած է գրող, թարգմանիչ, հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Հովսեփյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Սրտանց ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին, կիսում ենք նրանց վիշտը:
Ժ. ԹՈՐՈՍՅԱՆ

Մեծ ցավով տեղեկացանք, որ վախճանվել է մեծանուն հայ գրող և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանը:
Ռուբեն Հովսեփյանը լուսավոր կամուրջ էր Վրաստանի և Հայաստանի՝ վրացի ու հայ եղբայր ժողովուրդների միջև: Նրա մահը մեծ կորուստ է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջադեմ հասարակայնության համար:
Վրաստանի գրողների միությունը խորապես ցավակցում է Հայաստանի գրողների միությանն ու Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին:
ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հարգարժան պարոն Էդվարդ Միլիտոնյան
Սրտի խորին ցավով տեղեկացանք մեր ժամանակների մեծ մտավորական, մեծանուն գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ազգային-հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան մասին: Ռուբեն Հովսեփյանի մահը մեծ ու անդառնալի կորուստ է հայ գրականության, հայ մշակույթի համար: Նրա բոլոր ստեղծագործությունները սիրով ու հափշտակությամբ են ընթերցվել, դարձել ընթերցողների սեփականությունն ու այսուհետ էլ իրենց լուսավոր ու մնայուն տեղը կունենան հայ գրականության անդաստանում: Ռուբեն Հովսեփյանը խոսքի Վարպետ էր, Վարպետաց վարպետ: Անհնար էր շփվել նրա հետ, զրուցել նրա հետ ու չզգալ նրա՝ Մեծի մեծությունը՝ որպես գրողի, որպես մեծատառով մարդու, որպես երկրի նվիրյալ քաղաքացու, որպես երկրի ցավով ու խինդով ապրող մարդու: Մեծ է նրա վաստակը նաև թարգմանական գրականության բնագավառում: Մարկեսի հովսեփյանական թարգմանությամբ դեռ քանի՜- քանի սերունդներ պիտի հիանան ու սովորեն: Անզուգական էր և Հովսեփյան-խմբագիրը, Հովսեփյան-կինոդրամատուրգը, Հովսեփյան-մարդասերը: Նրա ստեղծագործությունները, ի թիվս այլ լեզուների, թարգմանվել են նաև վրացերեն, ու վրացի ընթերցողը ևս Հովսեփյանի երկրպագուներից էր: Իսկ «Կամուրջի» ընթացիկ հատորը, որը տեսնել նա չհասցրեց, հենց իր խորհրդով պիտի դառնա երկլեզու: Մարդասեր էր Հովսեփյանը, ու այդ մարդասիրության ծիրում և Վրաստան երկիրն էր ու վրաց ժողովուրդը:
… Մենք լավ էինք ճանաչում նրան, ու նրա մահը մեծ, ծանր ցավ է մեզ համար: Սգում ենք բոլորիդ հետ միասին, կիսում նրա հարազատների ու բոլորիդ ծանր վիշտը: «Կամուրջի» այս հատորում տպվում է նրա «Ես ձեր հիշողությունն եմ» պատմվածքը, որն արդեն թարգմանվում է վրացերեն: Եվ մեր հիշողության մեջ էլ հավերժ կապրի նա՝ Ռուբեն Հովսեփյանը՝ մեր լավագույն բարեկամն ու ընկերը, կապրի որպես ապրող հիշողություն, կապրի որպես դասական: Մեծերը չեն մեռնում, նրանք անմահ են:
Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ
Վան ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ
«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.